ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.Օրենքի նպատակը
Սույն օրենքի նպատակն է սահմանել էկոլոգիական տեղեկատվության տրամադրման ու տարածման իրավական, կազմակերպական, սոցիալ-տնտեսական հիմքերը Հայաստանի Հանրապետությունում, ապահովել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց` ամբողջական մատչելի, եւ ժամանակին էկոլոգիական տեղեկատվություն ստանալու իրավունքի իրականացումը, նպաստել հասարակության արդյունավետ ներգրավմանն իրենց առողջությունն ու շրջակա միջավայրը պահպանելուն, շրջակա միջավայրի առնչությամբ որոշումների կայացման գործընթացին, ինչպես նաեւ ապահովել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համահունչ քննարկվող ոլորտի` թափանցիկության եւ հրապարակայնության առավել բարենպաստ պայմաններ:
Հոդված 2. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է`
1) պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպությունների եւ դրանց պաշտոնատար անձանց տնօրինության ներքո գտնվող էկոլոգիական տեղեկատվության հավաքման, պահպանման, համակարգման, տրամադրման եւ տարածման կարգն ու պայմանները, էկոլոգիական տեղեկատվության տրամադրման սամանափակումներն ու մերժման հիմքերը
2) hարաբերությունները էկոլոգիական տեղեկատվության իրավունքի սուբյեկտների իրավունքների պաշտպանության բնագավառում:
Հոդված 3. Օրենքի գործողության ոլորտը
Սույն օրենքի գործողությունը տարածվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպությունների եւ դրանց պաշտոնատար անձանց վրա:
Հոդված 4. Էկոլոգիական տեղեկատվության մասին օրենսդրությունը
1.Էկոլոգիական տեղեկատվության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, սույն օրենքից, այլ նորմատիվ իրավական ակտերից:
2.«Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները էկոլոգիական տեղեկատվության կառավարման (հավաքման, տարածման եւ տրամադրման) հարաբերությունների նկատմամբ տարածվում են այնքանով, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով:
3.Հեղինակային եւ հարակից իրավունքների, պետական եւ օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով:
Հոդված 5. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործված են հետեւյալ հիմնական հասկացությունները.
Էկոլոգիական տեղեկատվություն` գրավոր, տեսաձայնային, էլեկտրոնային կամ նյութական այլ կրիչի վրա ցանկացած տեղեկատվություն, որը վերաբերում է`
ա) շրջակա միջավայրի բաղադրիչներին` հողերին, ջրային ռեսուրսներին, ընդերքին, մթնոլորտային օդին, անտառներին, բուսական աշխարհին, կենդանական աշխարհին, բնության հատուկ պահպանվող տարածքներին, գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներին , էկոհամակարգերին, հիդրոօդերեւութաբանական տվյալներին, նյութական բարիքներին եւ բնության մշակութային ժառանգությանը, ինչպես նաեւ այդ տարրերի փոխազդեցությանը.
բ) այնպիսի գործոնների, ինչպիսիք են նյութերը, էներգիան, աղմուկը, թրթռումը, ճառագայթումը, արտանետումները, թափոնները, ինչպես նաեւ գործունեությունը կամ միջոցները, որոնք կարող են ազդել շրջակա միջավայրի, մարդկանց առողջության, անվտանգության, կենսապայմանների, բնության մշակութային օբյեկտների, շենքերի եւ շինությունների վրա.
գ) վարչական ակտերին, շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների օգտագործման ոլորտի օրենսդրությանը, քաղաքականություններին, ռազմավարություններին, պլաններին, ծրագրերին, քաղաքաշինական փաստաթղթերին, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություններըին, սոցիալ-տնտեսական վերլուծություններին, հաշվարկներին ինչպես նաեւ դրանց նախագծերին, որոնք ազդում կամ կարող են ազդել շրջակա միջավայրի կամ դրա առանձին բաղադրիչների, մարդկանց առողջության եւ անվտանգության, կենսապայմանների, բնության մշակութային օբյեկտների եւ շենքերի ու շինությունների վրա.
դ) շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների օգտագործման ոլորտի օրենսդրության իրականացման վերաբերյալ հաշվետվություններին.
ե) մարդկանց առողջությանը եւ անվտանգությանը, այդ թվում սննդի շղթայի/ցանցի խախտմանը, կենսապայմաններին, մշակութային օբյեկտներին եւ շինություններին այնքանով, որքանով դրանք կրում կամ կարող են կրել շրջակա միջավայրի բաղադրիչների վիճակի կամ դրանցով պայմանավորված գործոնների եւ գործունեության կամ միջոցների ազդեցությունը, ներառյալ մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության կանխարգելման միջոցառումներն ու գործողությունները:
էկոլոգիական տեղեկատվության տրամադրում`
ա) բանավոր, գրավոր կամ օրենքով նախատեսված այլ կարգով էկոլոգիական տեղեկատվության փոխանցում էկոլոգիական տեղեկատվության սուբյեկտին,
բ) տեղում փաստաթղթերին ծանոթանալու եւ դրանց պատճեններն ստանալու հնարավորության ընձեռում,
գ) արդեն իսկ հրապարակված նյութերի հղումների տրամադրում,
էկոլոգիական տեղեկատվության տարածում` էկոլոգիական տեղեկատվություն տնօրինողի գործողությունները, որոնք ուղղված են այդ տեղեկատվությունը պետական եւ ոչ պետական կառույցներին, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հասցնելուն տպագիր մամուլի, զանգվածային լրատվության միջոցների, իրենց պաշտոնական կայքերի, համացանցի կամ հանրամատչելի այլ եղանակների միջոցով,
էկոլոգիական տեղեկատվության ձեւավորման աղբյուրները` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, նրանց պատվերով իրականացվող ուսումնասիրությունների, ինչպես նաեւ գիտահետազոտական եւ այլ մասնագիտացված կազմակերպությունների լիազորությունների իրականացման շրջանակներում ստացվող տեղեկատվությունը, որոնց գործառույթների շրջանակը ներառում է շրջակա միջավայրի պահպանությունը, պաշտպանությունը, մոնիթորինգը, հաշվառումը, շրջակա միջավայրի վիճակի նկատմամբ վերահսկողությունը, բնակչության առողջության պահպանությունը, բնական ռեսուրսների օգագործումը, ինչպես նաեւ որոշումների ընդունումը, որոնց իրագործումը ազդում կամ կարող է ազդել շրջակա միջավայրի վիճակի վրա` բացառությամբ օրենսդիր եւ դատական իշխանության մարմինների
ընդհանուր էկոլոգիական տեղեկատվություն` ընդհանուր օգտագործման համար հասանելի, մատչելի էկոլոգիական տեղեկատվություն, որը մշակվել, հավաքվել, պահպանվել, համակարգվել է սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության նորմատիվ այլ իրավական ակտերով նախատեսված պետական համապատասխան մարմինների պարտականությունների շրջանակում եւ, որը առանց սահմանափակման կարող է օգտագործվել եւ տարածվել:
հատուկ էկոլոգիական տեղեկատվություն` ազգային անվտանգության, պաշտպանության, եւ այլ ոլորտի հատուկ նշանակության էկոլոգիական տեղեկատվություն, որի տրամադրումը արգելվում է սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված հիմքերով,
ամբողջական էկոլոգիական տեղեկատվություն` ավարտուն, հարցման պատասխանը լիարժեք պատկերացնելու հնարավորություն ընձեռող բովանդակությամբ եւ ծավալով տեղեկատվություն,
մատչելի էկոլոգիական տեղեկատվություն` հանրության մեծամասնության կամ բոլոր անդամների համար հեշտությամբ հասկացվող, պարզ տեղեկատվություն,
հասանելի էկոլոգիական տեղեկատվություն` հասարակության բոլոր անդամների համար հավասար տեխնիկական եւ այլ պայմանների պահպանամբ տրամադրված կամ տարածված էկոլոգիական տեղեկատվություն,
համադրելի էկոլոգիական տեղեկատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համանման մեթոդոլոգիայով ստացված, մշակման, վերլուծության, ստուգման գործընթացում նախնական եւ ընթացիկ համեմատելի ցուցանիշների հիման վրա ստացված կամ ստանդարտացված տեղեկատվություն:
Գլուխ 2.
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 6. Էկոլոգիական տեղեկատվություն ստանալու իրավունքը
1.Յուրաքանչյուր ոք ունի ժամանակին ամբողջական, մատչելի, համադրելի էկոլոգիական տեղեկատվություն ստանալու իրավունք` առանց իր շահագրգռվածությունը հիմնավորելու:
2. Արգելվում է որեւէ խտրականություն կիրառել էկոլոգիական տեղեկատվություն ստանալու իրավունքի իրականացման գործընթացում:
3.Էկոլոգիական տեղեկատվության մատչելիությունը կարող է սահմանափակվել միայն ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված հիմքերով:
Հոդված 7. Էկոլոգիական տեղեկատվության որակի չափորոշիչները
1.Էկոլոգիական տեղեկատվությունը պետք է լինի`
1) հասանելի,
2) մատչելի,
3) ամբողջական,
4) համադրելի,
5) պարբերաբար թարմացվող
2. Էկոլոգիական տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է հետեւել զարգացման եւ նորարարական ընդհանուր միտումներին եւ գործել` դրանք առավելագույնս կիրառելու ուղղությամբ:
Հոդված 8. Էկոլոգիական տեղեկատվության հարցումը
1.Էկոլոգիական տեղեկատվությունը տրամադրվում է անձի գրավոր, բանավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված հարցման հիման վրա:
2.Գրավոր հարցումը պետք է ներառի`
1) հստակ եւ տարըկալումը բացառող հարցադրում/ներ,
2) հարցվող տեղեկատվության ստացման նախընտրելի եղանակ,
3) հարցում ներկայացնողի անուն, ազգանուն, բնակության վայր, քաղաքացիություն,ստորագրություն (իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը),
4) էկոլոգիական տեղեկատվության հարցումը ներկայացնելու ամսաթիվը:
3.Գրավոր հարցումը պետք է ստորագրված լինի:
Հոդված 9. Էկոլոգիական տեղեկատվության տրամադրման կարգն ու պայմանները
1.Էկոլոգիական տեղեկատվությունը տրամադրվում է հարցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
2.Եթե հարցվող էկոլոգիական տեղեկատվության տրամադրման համար պահանջվում է կատարել լրամշակում, լայնածավալ տվյալների ու հաշվարկների վերլուծություններ, ինչը կարող է նվազեցնել տվյալ մարմնի աշխատողների այլ պարտականությունների իրականացման հնարավորությունը, ապա այդպիսի հարցման պատասխանը կարող է երկարաձգվել ոչ ավել, քան մեկ ամիս, հարցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղյակ պահելով հարցումը ներկայացրած անձին:
3.Եթե էկոլոգիական տեղեկատվության հարցում ստացած մարմինը չի տիրապետում հարցվող տեղեկատվությանը, ապա հարցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմում է այն պետական մարմնին, որը տիրապետում է տվյալ էկոլոգիական տեղեկատվությունը, նույն ժամկետում այդ մասին տեղյակ պահում հարցումը ներկայացնողին` միաժամանակ տեղեկացնելով, որ հարցվող էկոլոգիական տեղեկատվությունն էկոլոգիական տեղեկատվությունը տնօրինողի կողմից կտրամադրվի առավելագույնը 1 ամսյա ժամկետում:
4.Եթե հարցումն ստացած մարմինը չի տիրապետում հարցվող ողջ տեղեկատվությունը, ապա հարցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է առկա տեղեկատվությունը` միաժամանակ նշելով, որ բացակայող տեղեկատվության ստացման համար դիմել է համապատասխան մարմնին եւ այդ մասով էկոլոգիական տեղեկատվությունն էկոլոգիական տեղեկատվությունը տնօրինողի կողմից կտրամադրվի առավելագույնը 1 ամսվա ժամկետում:
5.Եթե հարցումը ներկայացված է խիստ ընդհանուր ձեւով, պետական մարմինը պարտավոր է 5 աշխատանքային օրվա ընթացքում լրացուցիչ գրավոր տեղեկություններ պահանջել հարցման մասին: Անձի կողմից լրացուցիչ տեղեկություններ ներկայացնելուց հրաժարվելը հիմք է հանդիսանում էկոլոգիական տեղեկատվության հարցումը մերժելու համար:
6.Եթե էկոլոգիական տեղեկատվության հարցումն առնչվում է այնպիսի նյութերի, որոնք դեռեւս գտնվում են մշակման փուլում, ապա հարցումն ստացած մարմինը հարցումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հարցումն ուղարկողին տեղեկացնում է այդ մասին եւ նշում տեղեկատվության մշակումն ավարտելու հնարավոր վերջնաժամկետը:
7.Եթե նորմատիվ այլ իրավական ակտերով էկոլոգիական տեղեկատվության տրամադրման համար սահմանված են ավելի կարճ ժամկետներ, քան սույն օրենքով, գործում են ավելի կարճ ժամկետները: Էկոլոգիական տեղեկատվության առաջնային աղբյուր է հանդիսանում է ոլորտի լիազոր մարմնի կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվությունը:
Հոդված 10. էկոլոգիական տեղեկատվության լեզուն
Էկոլոգիական տեղեկատվության հարցումը պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության պետական լեզվով: Սույն օրենքով սահմանված կարգով հարցվող էկոլոգիական տեղեկատվությունը, տրամադրվում է Հայաստանի Հանրապեության պետական լեզվով: Եթե տնօրինողի մոտ առկա էկոլոգիական տեղեկատվությունը օտարալեզու է, ապա այն տրամադրվում է համապատասխան օտար լեզվով:
Հոդված 11. Էկոլոգիական տեղեկատվության տարածումը
1.Օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում մշակվող, հավաքվող, համակարգվող էկոլոգիական տեղեկատվությունը պետք է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվություն տնօրինողների կողմից պարբերաբար թարմացվի եւ տարածվի գլխավորապես պաշտոնական կայքերի, համացանցի, զանգվածային լրատվության միջոցների եւ հանրային հաղորդակցման այլ եղանակներով:
2.Շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը, տեղեկատվություն տնօրինողների հետ համատեղ պարտավոր է ապահովել հանրության համար հասանելի միասնական էլեկտրոնային բազայում էկոլոգիական տեղեկատվության առկայությունը:
3.Տարածման ենթակա էկոլոգիական տեղեկատվությունը պետք է պարբերաբար թարմացվի եւ ներառի`
1) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի վերաբերյալ միջազգային պայմանագրերի տեքստերը, էկոլոգիական օրենսդրությունը, ներառյալ իրավական ակտերի նախագծերը.
2) սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունները.
3) շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունները.
4) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ էկոլոգիական փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթղթերի նախագծերը, շրջակա միջավայրի վրա ազդող կամ հնարավոր բացասական ազդեցություն թողնող գործունեության մոնիթորինգի տվյալները կամ այդ տվյալների ամփոփագրերը
5) շրջակա միջավայրի վրա էական ազդեցություն ունեցող բնական ռեսուրսների օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերը թույլտվությունները.
6) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունները եւ էկոլոգիական փորձաքննական եզրակացությունները.
7) 4.Շրջակա միջավայրի ոլորտի պետական լիազոր մարմինը պարտավոր է յուրաքանչյուր 4 տարին չգերազանցող ժամկետում հրապարակել շրջակա միջավայրի վիճակի մասին զեկույց:
5. Տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է երեք տարին չգերազանցող պարբերականությամբ հրապարակել գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասին զեկույցներ, ներառյալ դրանց` շրջակա միջավայրի եւ մարդկանց կյանքի եւ առողջության վրա ունեցած ազդեցության եւ մոնիթորինգի արդյունքները:
6. Մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի համար անխուսափելի վտանգի առկայության դեպքում տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է անհապաղ տարածել իր տնօրինության տակ գտնվող էկոլոգիական տեղեկատվությունը, ինչը անձանց հնարավորություն կտա միջոցներ ձեռնարկել կանխարգելելու կամ նվազեցնելու վտանգի հետեւանքները:
Հոդված 12. Էկոլոգիական տեղեկատվության տրամադրման վճարը
1. Էկոլոգիական տեղեկատվությունը տրամադրվում է անվճար, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. Էկոլոգիական տեղեկատվության տրամադրման վճարը չի կարող գերազանցել տրամադրման համար կատարված փաստացի եւ ողջամիտ ծախսերը: Էկոլոգիական տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է տեղեկացնել հարցումը ներկայացրած անձին վճարի դրույքաչափերի, ինչպես նաեւ նախնական գանձման պայմանի մասին, եթե այդպիսին գործում է:
ԳԼՈՒԽ 3.
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ
Հոդված 13. Էկոլոգիական տեղեկատվության մերժման հիմքերը եւ կարգը
1. Տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժել էկոլոգիական տեղեկատվության տրամադրումը, սույն օրենքով եւ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով:
2. Տեղեկատվություն տնօրինողը մերժում է էկոլոգիական տեղեկատվության տրամադրումը, եթե այդպիսի հրապարակումը բացասաբար կանդրադառնա`
1) միջազգային հարաբերությունների, ազգային անվտանգության եւ պաշտպանության վրա.
2) արդարադատության իրականացման, այդ թվում անձանց` արդար դատաքննության իրավունքի իրականացման, պետական մարմինների կողմից քրեական, վարչական կամ կարգապահական վարույթի գործերով նախաքննության գաղտնիության վրա, կամ պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ.
3) շրջակա միջավայրի վրա, կարող է վտանգել կամ վնասել շրջակա միջավայրը հատկապես անհետացման եզրին գտնվող բույսերի կամ կենդանիների բազմացման վայրերի մասին.
4) երրորդ կողմի շահերի վրա, եթե վերջինս պարտավոր չէ տրամադրել կամ չի տվել իր համաձայնությունը տեղեկատվությունը հրապարակելու համար.
5) եթե հարցումը վերաբերում է համապատասխան մարմնի կամ կազմակերպության ներքին փաստաթղթաշրջանառությանը.
6) օրենքով նախատեսված այլ դեպքերում.
Օրենքով նախատեսված վերոհիշյալ հիմքերը ենթակա են սահմանափակ մեկնաբանման` որպես գերակայություն ճանաչելով այդպիսի տեղեկատվության հրապարակման կամ չհրապարակման դեպքում հանրային շահը:
3. Էկոլոգիական տեղեկատվության տրամադրումը մերժվում է` այդ մասին հարցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ժամկետում գրավոր տեղեկացնելով հարցումը ներկայացնողին` նշելով մերժման հիմքը եւ այն բողոքարկելու կարգն ու ժամկետները:
Հոդված 14. Պարտադիր տրամադրման ենթակա էկոլոգիական տեղեկատվություն
1. Էկոլոգիական տեղեկատվության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա`
1) վերաբերում է շրջակա միջավայր արտանետումներին,
2) վերաբերում է աղտոտմանը, որը վնասում կամ կարող է բացասական ազդեցություն ունենալ մարդու առողջության, շրջակա միջավայրի վրա, ներառյալ դրանք կանխելու կամ նվազեցնելու միջոցառումների մասին տեղեկատվությունը,
3) վերաբերում է ԳՁՕ-ներին, դրանց հետ կապված ռիսկերին եւ այդ ռիսկերի կառավարման միջոցներին այնքանով, որքանով դրանք ազդում կամ կարող են ազդել շրջակա միջավայրի, մարդու կյանքի եւ առողջության վրա,
4) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Գլուխ 4.
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 15. Էկոլոգիական տեղեկատվություն տրամադրողի գործողությունների կամ անգործության բողոքարկումը արտադատական կարգով
1. Էկոլոգիական տեղեկատվություն ստանալու հարցում ներկայացրած յուրաքանչյուր անձ, ով գտնում է, որ իր հարցումը չի քննարկվել, կամ քննարկվել է օրենքով նախատեսված կարգի խախտմամբ, կամ մասամբ կամ ամբողջությամբ մերժվել է օրենքով չնախատեսված հիմքով, կարող է դիմել տեղեկատվությունը տնօրինողին կամ նրա վերադաս մարմնին` պահանջելով վերանայել տվյալ գործողությունը կամ անգործությունը:
2. Սույն հոդվածում նախատեսված դիմումը համապատասխան մարմնի կողմից քննարկվում եւ պատասխանը տրվում է օրենքով սահմանված կարգով:
Հոդված 16. Էկոլոգիական տեղեկատվություն տրամադրողի գործողությունների կամ անգործության բողոքարկումը դատական կարգով
1. Էկոլոգիական տեղեկատվություն ստանալու հարցում ներկայացրած յուրաքանչյուր անձ, ով գտնում է, որ իր հարցումը չի քննարկվել, կամ քննարկվել է օրենքով նախատեսված կարգի խախտմամբ, կամ մասամբ կամ ամբողջությամբ մերժվել է օրենքով չնախատեսված հիմքով, իրավունք ունի դիմել դատարան:
Գլուխ 5.
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 17. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում
1. Սույն օրենքով կարգավորման ենթակա իրավահարաբերությունների կողմ հանդիսացող սուբյեկտները սույն օրենքով սահմանված իրենց պարտականությունները չկատարելու կամ իրավասությունները գերազանցելու կամ դրանք ոչ պատշաճ կատարելու կամ սույն օրենքի այլ պահանջները խախտելու դեպքում կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գլուխ 6.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 18. Եզրափակիչ դրույթ
1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
«ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Շրջակա միջավայրի որակի ապահովման համատեքստում ամենաազդեցիկ եւ զգայուն ոլորտներից մեկը մարդու էկոլոգիական իրավունքների երաշխավորումն է, որտեղ իր հիմնարար դերն ու նշանակությունն ունի էկոլոգիական տեղեկատվություն ստանալու իրավունքը: Ավելին, երկրի տեղեկատվական կապիտալի եւ այն տնօրինելու համատեքստում մարդու այս իրավունքը կոչված է ապահովելու անհատի եւ պետության տեղեկատվական դաշտի սահմանները` հաշվի առնելով թե անհատի կանոնավոր կենսագործունեության, թե պետության ներքին եւ արտաքին գործառույթների պատշաճ իրականացման գործընթացները:
Հայաստանը դեռեւս 2001թ-ին վավերացրել է «Էկոլոգիական տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացմանը հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիան (այսուհետ` Կոնվենցիա), որի կենտրոնական մոտեցումներից մեկը հանգում է նրան, որ պետական մարմինները տնօրինում են էկոլոգիական տեղեկատվությունը ի շահ հասարակության: Այս կոնվենցիան նախատեսում է էկոլոգիական տեղեկատվության, այն ստանալու համար հարցումներով դիմելու, էկոլոգիական տեղեկատվության տարածման եւ մի շարք այլ հիմնախնդիրների իրավակարգավորումների շրջանակ` սահմանելով, որ յուրաքանչյուր Կողմ ընդունի անհրաժեշտ օրենսդրական, կանոնակարգող եւ այլյ միջոցներ` ուղղված տեղեկատվության մատչելիության դրույթների իրականացումը կարգավորող նորմերի համատեղելիությանը` առավել հստակ, թափանցիկ ու համաձայնեցված հարթություն ապահովելու համար: Ավելին, վերոհիշյալ կոնվենցիայի դրույթները չեն սահմանափակում Կողմի իրավունքը իրագործելու կամ ձեռնարկելու էկոլոգիական տեղեկատվության ավելի լայն մատչելիություն ապահովող միջոցներ, քան դրանք նախատեսված են քննարկվող կոնվենցիայով:
2003թ-ի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետությունում ընդունվել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, որը իրավակարգավորումներ է նախատեսում տեղեկատվության բոլոր տեսակների համար` անկախ այդ տեղեկատվության ոլորտից:
Վերոհիշյալ եւ մի շարք այլ նախադրյալներից ելնելով` «էկոլոգիական տեղեկատվության մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժետշությունը խիստ արդիական է, մասնավորապես`
1. ներառելով մարդու կյանքի եւ առողջությանն անմիջականորեն առնչվող, շրջակա բնական միջավայրի բաղադրիչների մասին, պետությունների եւ միջազգային հանրության համար առաջնային լուծման ենթակա էկոլոգիական խնդիրների մասին տեղեկատվությունը, էկոլոգիական տեղեկատվությունն իր բնույթով եւ բովանդակությամբ ունի հույժ կարեւոր դեր ու նշանակություն յուրաքանչյուր անհատի եւ պետության կյանքում, ինչը պահանջում է այդ տեղեկատվության հետ կապված հասարակական հարաբերությունների համապարփակ եւ լիարժեք կարգավորումներ,
2. 2001 թ-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Էկոլոգիական տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացմանը հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիան, որը իրավակարգավորման ենթակա որոշակի շրջանակի հարցեր թողնում է անդամ-պետությունների օրենսդրական կարգավորման հայեցողությանը,
3. գործող օրենսդրությամբ բացակայում են էկոլոգիական տեղեկատվության ապահովման ինստիտուտի մի շարք հասկացություններ, որոնք կենտրոնական դեր ու նշանակություն ունեն էկոլոգիական տեղեկատվության մշակման, հավաքման, տրամադրման եւ տարածման բնագավառում, այդ թվում «էկոլոգիական տեղեկատվություն» հասկացությունը
4. համապատասխան խախտումներից եւ չարաշահումներից հնարավորինս խուսափելու եւ դրանք կանխարգելելու նպատակով, միեւնույն ժամանակ հանրային շահը գերակա ընդունելու հանգամանքը հաշվի առնելով, հստակ սահմանել էկոլոգիական տեղեկատվության տրամադրման մերժման հիմքերը,
5. ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ Կոնվենցիոն դրույթների առավել արդյունավետ կիրարկումը ներպետական մակարդակում ապահովելու համար:
Նկատի ունենալով բարձրացված խնդիրների լուծման հույժ կարեւորությունը եւ «Էկոլոգիական տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացմանը հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայի սկզբունքներին համահունչ, էկոլոգիական տեղեկատվություն ստանալու իրավունքի իրականացման հետ կապված հասարակական հարաբերությունների կարգավորումը ներկայացված է «Էկոլոգիական տեղեկատվության մասին» ՀՀ օրենքի նախագծով:
Նման իրավական ակտ ունենալու պահանջն ամրագրված է նաեւ Հայաստանի Հանրապետության եվ Եվրոպական միության եվ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ կնքված համապարփակ եվ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզում (հաստատված 2019 հունիսի 1-ին ՀՀ վարչապետի կողմից), ինչպես նաեւ «Ջրային ռեսուրսների մասնակցային, թափանցիկ, հաշվետու կառավարման օրենսդրության կատարելագործման ռազմավարության» ճանապարհային քարտեզում, որը մշակվել է Ջրային ռեսուրսների արդյունավետ եւ մասնակցային կառավարում ծրագրի շրջանակներում:
«Էկոլոգիական տեղեկատվության մասին» օրենքի նախագծով`
- սահմանվել է «էկոլոգիական տեղեկատվություն» հասկացությունը, որն առավել լայն շրջանակի տեղեկատվություն է ներառում, քան նախատեսված է Կոնվենցիայով,
- սահմանվել են էկոլոգիական տեղեկատվության չափորոշիչների հասկացություններն ու ցանկը
- վերանայվել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով նախատեսված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկը եւ ընդլայնվել` էկոլոգիական տեղեկատվության համատեքստում
- այն մարմնի համար, ով չի տիրապետում հարցվող էկոլոգիական տեղեկատվությունը, սույն նախագիծը պարտավորություն է սահմանել տեղեկատվությունը տնօրինողին դիմելու միջոցով ստանալ եւ հարցվողին ապահովել անհրաժեշտ տեղեկատվությամբ,
- խիստ ընդհանուր հարցում ստանալու դեպքերի համար սույն նախագիծը պարտավորություն է սահմանել 5 աշխատանքային օրվա ընթացքում լրացուցիչ գրավոր տեղեկություններ պահանջել եւ ոչ թե մերժել տրամադրումը,
-մշակման փուլում գտնվող էկոլոգիական տեղեկատվություն ստանալու հարցում ստանալու դեպքում տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է տեղեկացնել մշակումն ավարտելու հնարավոր վերջնաժամկետի մասին:
Ակնկալվող արդյունքը
Օրենքի նախագծի ընդունման դեպքում,
-էկոլոգիական տեղեկատվության առանձնահատկությունները, դերն ու նշանակությունը հաշվի առնելով, էկոլոգիական տեղեկատվության ամբողջական եւ համակարգված կառավարման համատեքստում կապահովվի անձի էկոլոգիական տեղեկատվություն ստանալու իրավունքի իրականացման բարելավումը,
-այն էականորեն կնպաստի հասարակության տեղեկացվածության, իրազեկման մակարդակի բարձրացմանը, ինչն իր հերթին կարեւոր քայլ է հասարակության իրավագիտակցության բարձրացման համար,
- կապահովվի որոշումների կայացմանը հասարակության մասնակցության առավել գիտակից եւ կայուն հարթակ,
- կընդգծվի էկոլոգիական տեղեկատվություն ստանալու իրավունքի իրականացման համատեքստում պաշտոնական կայքերի, համացանցի, զանգվածային լրատվության եւ այլ նորարարական միջոցների օգտագործման կարեւորությունը,
-առավել կերաշխավորվի շրջակա բնական միջավայրի պահպանության եւ մարդու էկոլոգիական իրավունքների համահունչ առաջընթացը
-կներդրվեն էկոլոգիական տեղեկատվություն ստանալու իրավունքի իրականացման առավել գործուն մեխանիզմներ:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
«Էկոլոգիական տեղեկատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի, ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի, Միավորված ազգերի զարգացման ծրագրի ներկայացուցիչների, ազգային փորձագետների համատեղ հանձնաժողովի կողմից: Նախագծի մշակմանն օժանդակել են Միացյալ ազգերի կազմակերպության զարգացան ծրագիրը` «Գլոբալ էկոլոգիական օգուտների ստեղծում` շահագրգիռ կողմերի շրջակա միջավայրի վերաբերյալ կրթության եւ իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը` «Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ կառավարում» ծրագրի շրջանակներում:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ
ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում «Էկոլոգիական տեղեկատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, « Տեղեկատվության ազատության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են`
ա) նախագիծը (հիմնական զեկուցող` Մերի Գալստյան),
բ) նախագծի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:
Խնդրում եմ սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:
Կանխավ շնորհակալ եմ:
Հարգանքով` Մերի Գալստյան