Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-573-01.08.2014,29.09.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի  դեկտեմբերի 5-ի  վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 97-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Գործի վարույթը կարճելու մասին դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման կանոններով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետից հանել «կամ գործի վարույթը կարճելու մասին» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասը «գործն ըստ էության լուծող դատական ակտերիե բառերից հետո լրացնել »գործի վարույթը կարճելու մասին» բառերով:

Հոդված 4.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել օրենքում առկա բացը, որը լուրջ խնդիրներ է առաջացրել պրակտիկայում:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների դատական, ինչպես նաեւ  պետական այլ մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաեւ իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Դատական պաշտպանության իրավունքի իրականացումը հիմնված է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի վրա, որն անձի` օրենքով տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական ու դատավարական իրավունքները եւ դրանց պաշտպանության եղանակները, այսինքն` անձն ինքն է որոշում իր իրավունքների, ազատությունների եւ օրինական շահերի պաշտպանության համար դիմել, թե չդիմել դատարան, իրականացնել, թե չիրականացնել իր դատական պաշտպանության իրավունքը, ինքնուրույն որոշել հարուցված հայցով իր պահանջների առարկան՝ ծավալը եւ հիմքը եւ այլն:

Անձն իր դատական պաշտպանության հիմնարար իրավունքն իրացնելիս, ինչպես նաեւ դատարաններն արդարադատություն իրականացնելիս պետք է առաջնորդվեն տվյալ դատական պաշտպանության ձեւի համար օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաuտանի Հանրապետության վարչական դատարանում, Հայաuտանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանում եւ Հայաuտանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատում պետական եւ  տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց վարչական եւ նորմատիվ ակտերի, գործողությունների կամ անգործության դեմ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը, ինչպեu նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեմ վարչական մարմինների եւ պաշտոնատար անձանց հայցադիմումների քննության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք)։

Օրենսգրքի 131-րդ հոդվածում սպառիչ կերպով թվարկված են այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման: Նշված ակտերի ցանկում բացակայում է գործի վարույթը կարճելու մասին որոշումը:

Օրենսգրքի 125-րդ հոդվածով սահմանված են Վարչական դատարանի` գործն ըuտ էության լուծող դատական ակտերի տեսակները, որոնց թվում չի նշված գործի վարույթը կարճելու մաuին որոշումը:

Օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտները կարող են վերաքննիչ բողոք բերել վարչական դատարանի` գործն ըuտ էության լուծող դատական ակտերի, ինչպեu նաեւ այդ oրենuգրքի 131-րդ հոդվածով նախատեuված միջանկյալ դատական ակտերի դեմ: Վերաքննիչ բողոք բերելու այլ իրավունք սահմանված չէ:

Նշված կարգավորումից ակնհայտ չէ, թե ինչպիսի ակտ է հանդիսանում ՀՀ վարչական դատարանի՝ գործի վարույթը կարճելու մասին որոշումը, հետեւաբար այն նաեւ ենթակա չէ բողոքարկման:

Նշված կարգավորման արդյունքում խախտվում է անձի արդար դատաքննության իրավունքը, ինչն անթույլատրելի է, քանի որ անձը զրկված է լինում իրեն վերաբերող դատական ակտը բողոքարկելու հնարավորությունից:

Մինչդեռ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, իր հերթին, մեծապես կարեւորելով վարչական ակտերին կատմամբ արդյունավետ դատական վերահսկողությունը՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության էական տարր, 2004 թ. դեկտեմբերի 15-ին ընդունել է Վարչական ակտերի դատական վերահսկողության վերաբերյալ (2004) 20 հանձնարարականը: Վերջինս իր 4-րդ (i) կետում ամրագրում է. »Վարչական ակտը վերանայող դատարանի որոշումը պետք է, գոնե կարեւոր գործերում, ենթակա լինի բողոքարկման վերադաս ատյան, բացառությամբ այն դեպքերի, երբ գործը, ներպետական օրենսդրությանը համապատասխան, ուղղակիորեն տրվում է վերադաս ատյանին»: Հանձնարարականը նաեւ ամրագրում է.

- Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները պետք է ապահովեն, որպեսզի իրենց երկրի դատարանակազմությունը եւ դատական ընթացակարգերը համապատասխանեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներին, որպեսզի երաշխավորվի վարչական ակտերի նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը,

- դատական ակտը բողոքարկելու իրավունքը պետք է ճանաչվի յուրաքանչյուր անդամ պետությունում:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում անձանց հնարավորություն կտրվի իրացնել Սահմանադրությամբ եւ Կոնվենցիայով ամրագրված իրենց իրավունքը: