Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերության «նիստերն» բառը փոխարինել «նիստերը, հանձնաժողովների դռնբաց նիստերը, ինչպես նաեւ խորհրդարանական լսումներն» բառերով:
Հոդված 2. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Մինչեւ 2017 թվականի հունվարի 1-ը Ազգային ժողովի հանձնաժողովների դռնբաց նիստերը, ինչպես նաեւ խորհրդարդանական լսումներն Ազգային ժողովի ինտերնետային կայքում ուղիղ եթերով առցանց հեռարձակելու տեխնիկական անհնարինության դեպքում՝ Ազգային ժողովի աշխատակազմն իրականացնում է հանձնաժողովների դռնբաց նիստերի, ինչպես նաեւ խորհրդարանական լսումների տեսագրությունները, որոնք տեսագրման օրվան հաջորդող օրը տեղադրվում են Ազգային ժողովի ինտերնետային կայքում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Առաջարկվող օրենքի նախագիծը կնպաստի ՀՀ Ազգային ժողովի մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովների գործունեության առավել հրապարակային լուսաբանմանը, որն էլ իր հերթին կհանգեցնի մշտական հանձնաժողովների գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ ՀՀ ԱԺ աշխատանքները դարձնելով առավել թափանցիկ:
Օրենքի նախագծի շնորհիվ ՀՀ քաղաքացիները հնարավորություն կստանան ինչպես հետեւել ՀՀ ԱԺ հանձնաժողովների աշխատանքային գործունեությանը, այնպես էլ՝ պարբերաբար տեղեկանալ հանձնաժողովների գործունեության հետ առնչվող պետական կառավարման համապատասխան մարմինների ՀՀ Ազգային ժողովում, որպես կառավարության ներկայացուցիչ հանդես եկող պետական պաշտոնյաների իրենց ոլորտին առնչվող օրենսդրական նախաձեռնությունների ներկայացմանը, ավելի մանրամասն իրազեկ լինել նրանց կողմից ՀՀ կառավարության համապատասխան օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ ներկայացվող փաստարկներին, հիմնավորումներին:
Հանձնաժողովների նիստերի առցանց հեռարձակումն օգտակար է նաեւ տվյալ հանձնաժողովի անդամ չհանդիսացող մյուս պատգամավորների համար եւս, ովքեր հնարավորություն կստանան ՀՀ ԱԺ չորսօրյա նիստերի գումարումից առաջ օնլայն հետեւել օրենսդրական նախաձեռնությունների քննարկումներին, որն էլ իր հերթին կօգնի ավելի հեշտ կկողմնորոշվել այս կամ այն օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ դիրքորոշում արտահայտելիս:
Խորհրդարանական լսումների առցանց հեռարձակման շնորհիվ հանրությունը կկարողանա ամբողջությամբ հետեւել ծավալվող քննարկումներին եւ ոչ թե դրանց վերաբերյալ պատկերացում կազմել այս կամ այն լրատվամիջոցների համառոտ եւ երբեմն ոչ ամբողջական հաղորդումներից:
Նախագծի բուն նպատակն է. նպաստել հասարակության կողմից ՀՀ ԱԺ հանձնաժողովների աշխատանքների վերաբերյալ հասարակական վստահության մթնոլորտի ձեւավորմանը: Հանձնաժողովների նիստերի առցանց հեռարձակմամբ հնարավորություն է ստեղծվում նաեւ առավել օբյեկտիվ գնահատել ՀՀ ԱԺ հանձնաժողովի անդամ հանդիսացող պատգամավորների գործունեությունը:
Խորհրդարանական հանձնաժողովների դռնբաց նիստերի եւ խորհրդարանական լսումների առցանց հեռարձակումը կնպաստի օրենսդիր եւ գործադիր մարմինների համագործակցության արդյունավետության բարձրացմանը՝ վերջինիս հաղորդելով նոր որակներ: