Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-618-02.10.2014-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի օրենքի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 98-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում «արժեթղթերի սեփականատերերի ռեեստրում» բառերը փոխարինել «արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրում» բառերով եւ 6-րդ կետում «բաժնետոմսերի սեփականատերերի վերաբերյալ» բառերը փոխարինել «բաժնետոմսերի սեփականատերերի (անվանատերերի) վերաբերյալ» բառերով:

Հոդված 2. Oրենքի 197-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ.`

«Հոդված 197. Սեփականատերերի (անվանատերերի) ցուցակի տրամադրումը

1. Թողարկողն իրավունք ունի ցանկացած ժամանակ Կենտրոնական դեպոզիտարիայից պահանջելու թողարկողի կողմից թողարկված արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ցուցակը` այդ մասին համապատասխան հարցում ներկայացնելով Կենտրոնական դեպոզիտարիային: Այն դեպքում, երբ անվանատերը լիազորված է հանդես գալու արժեթղթի սեփականատիրոջ անունից (այսուհետ` սույն հոդվածում` իրավասու անվանատեր), ապա  արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ցուցակը կարող է սեփականատիրոջ անվան (անվանման) փոխարեն ներառել իրավասու անվանատիրոջ անունը (անվանումը):

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցումը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական դեպոզիտարիան հարցում է ուղարկում իր մոտ տվյալ թողարկողի արժեթղթերի հաշիվներ ունեցող պահառուներին (անվանատերերին)` պահանջելով տրամադրել տվյալ թողարկողի արժեթղթերի սեփականատերերի, ինչպես նաեւ` իրավասու անվանատերերի վերաբերյալ տեղեկություններ:

3. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող պահառուները (անվանատերերը) (այսուհետ սույն հոդվածում` «Հայաստանյան անվանատեր») եւ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող պահառուները (անվանատերերը) (այսուհետ սույն հոդվածում` «Օտարերկրյա անվանատեր»)  պարտավոր են Կենտրոնական դեպոզիտարիայի հարցումը ստանալու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական դեպոզիտարիային տրամադրել տվյալ թողարկողի արժեթղթերի իրավասու  անվանատերերի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաեւ՝ բացառությամբ սույն հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերում նշված դեպքերի` տվյալ թողարկողի արժեթղթերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ:

4. Հայաստանյան եւ Օտարերկրյա անվանատերերը պարտավոր են սույն հոդվածի 3-րդ մասում նշված պարտականությունների կատարման նպատակով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ եւ ողջամիտ գործողություններն տվյալ թողարկողի արժեթղթերի սեփականատերերի եւ իրավասու  անվանատերերի վերաբերյալ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից պահանջվող տեղեկությունները բացահայտելու, հավաքագրելու եւ սույն մասում նշված ժամկետում Կենտրոնական դեպոզիտարիային տրամադրելու համար:

5. Բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասում նշված դեպքի, Հայաստանյան անվանատերերն  իրավունք ունեն Կենտրոնական դեպոզիտարիային չտրամադրել վերջինիս կողմից պահանջվող` տվյալ թողարկողի արժեթղթերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ, եթե միաժամանակ առկա են ստորեւ նշված բոլոր պայմանները.

1) տվյալ թողարկողի արժեթղթերը կամ դրանց մի մասը հաշվառվում են տվյալ Հայաստանյան անվանատիրոջ մոտ Օտարերկրյա անվանատիրոջ հաշվում, եւ

2) Հայաստանյան անվանատերը հարցում է ուղարկել Օտարերկրյա անվանատիրոջը` պահանջելով տրամադրել տվյալ թողարկողի արժեթղթերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ, եւ

3) Օտարերկրյա անվանատերը ձեռնարկելով սույն հոդվածի 4-րդ մասում նշված գործողությունները, սույն հոդվածի 6-րդ մասում նշված հիմքերով հրաժարվել է Հայաստանյան անվանատիրոջը տրամադրել տվյալ թողարկողի արժեթղթերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ:

6. Բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասում նշված դեպքի, Օտարերկրյա  անվանատերերն  իրավունք ունեն Կենտրոնական դեպոզիտարիային չտրամադրել տվյալ թողարկողի արժեթղթերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ, եթե`

1) դա արգելված է օտարերկրյա օրենսդրությամբ կամ նախատեսված է տվյալ օտարերկրյա անվանատիրոջ եւ իր հաճախորդի միջեւ կնքված պայմանագրով, կամ

2) տվյալ օտարերկրյա անվանատիրոջ հաճախորդը հրաժարվում է տրամադրել պահանջվող տեղեկությունները, կամ

3) պահանջվող տեղեկատվության տրամադրումը տվյալ օտարերկրյա անվանատիրոջ համար առաջացնում է էական ծախսեր:

7. Հայաստանյան անվանատերերը կամ Օտարերկրյա անվանատերերն իրավունք չունեն սույն հոդվածի համապատասխանաբար 5-րդ եւ 6-րդ մասերում նշված հիմքերով    հրաժարվել թողարկողի արժեթղթերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելուց, եթե նման պահանջ ներկայացվել է Հայաստանի Հանրապետության պետական մարմնի կողմից՝ իրենց իրավասությունների շրջանակներում:

8. Օտարերկրյա անվանատիրոջ կողմից Կենտրոնական դեպոզիտարիայի կամ Հայաստանյան անվանատիրոջ` սույն հոդվածի 2-րդ կամ 5-րդ մասում նշված հարցման մեջ նշված` տվյալ թողարկողի արժեթղթերի սեփականատերերի մասին տվյալները սույն հոդվածի 5-րդ կամ 6-րդ մասերում թվարկված հիմքերով չտրամադրելու դեպքում Օտարերկրյա անվանատերը տվյալ թողարկողի արժեթղթերի սեփականատերերի առջեւ պատասխանատվություն է կրում դրա հետեւանքով պատճառված վնասների համար:

9. Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է տվյալ թողարկողի արժեթղթերի սեփականատերերի (իրավասու անվանատերերի) ցուցակը տրամադրել թողարկողին` սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցումը ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում:

10. Այն դեպքում, երբ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ուղարկված` սույն հոդվածի 2-րդ մասում նշված հարցման մեջ նշված տվյալները պահառուները (անվանատերերը) Կենտրոնական դեպոզիտարիային ուղարկում են սույն հոդվածում նշված ժամկետների ուշացմամբ կամ ուղարկում են  ճշգրտված կամ լրացուցիչ տվյալներ, ապա Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է ուշացումով ստացված եւ (կամ)  ճշգրտված եւ (կամ)   լրացուցիչ տվյալներն ուղարկել սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցումը ներկայացրած թողարկողին` այդ տվյալները ստանալու պահից 1 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն մասին համապատասխան Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից թողարկողին ուղարկված տվյալների ստացման փաստը այդ թողարկողի համար իրավական հետեւանքներ է առաջացնում միայն սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված դեպքում:

11. Սույն հոդվածի կիրառման նպատակով պահառուների (անվանատերերի) ռեզիդենտությունն ու ոչ ռեզիդենտությունը որոշվում է «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

12. Արժեթղթերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման սույն հոդվածով սահմանված պահանջը չի կիրառվում այն դեպքերի նկատմամբ, երբ անվանատերը ներդրումային ֆոնդի պահառու կամ կառավարիչ է` պայմանագրային ներդրումային ֆոնդի ակտիվներում ներառված արժեթղթերի մասով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:   

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման անհրաժեշտության

Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

««Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների (այսուհետ՝ Օրենքներ) ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության 2014թ. փետրվարի 14-ին ԱՄՀ-ին ներկայացված Մտադրությունների մասին նամակի (Letter of Intent) 26-րդ մասով ստանձնված պարտավորությամբ, համաձայն որի Հայաստանը պարտավորվել է մինչեւ 2014 թվականի սեպտեմբեր Ազգային Ժողով ներկայացնել արժեթղթերի ոլորտը կարգավորող օրենքի փոփոխություններ՝ օտարերկրյա մասնակիցների մուտքը ՀՀ արժեթղթերի շուկա մատչելի դարձնելու նպատակով:  Նշված պարտավորությունը հանդիսանում է ԱՄՀ կառուցվածքային հենանիշ (IMF structural benchmark):

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում օրենսդրորեն լիարժեք կարգավորված չեն արժեթղթերի սեփականատերերի անունից հանդես եկող անվանատերերի (պահառուների) իրավունքները եւ պարտականությունները, թողարկող ընկերությունների,  Կենտրոնական դեպոզիտարայի (այսուհետ՝ ՀԿԴ) եւ նշված անվանատերերի փոխհարաբերությունները: Ավելին, հաշվի չեն առնվել անվանատերերի եւ հատկապես՝ օտարերկրյա անվանատերերի (պահառուների) գործունեության առանձնահատկությունները: Նշվածը, ի թիվս այլ խնդիրների դժվարեցնում է անվանատերերի ինստիտուտի կիրառումը եւ խոչընդոտում է օտարերկյա մասնագիտացված մասնակիցների եւ ներդրողների ազատ մուտքը Հայաստանի արժեթղթերի շուկա:

Նշված խնդիրները լուծելու նպատակով Նախագծերով մասնավորապես սահմանվել են եւ (կամ) լրամշակվել են հետեւյալ կարգավորումները.

- Թողարկողն իրավունք ունի ցանկացած ժամանակ ՀԿԴ-ից պահանջելու ոչ միայն իր կողմից թողարկված արժեթղթերի սեփականատերերի այլ նաեւ անվանատերերի ցուցակը: Այն դեպքում, երբ անվանատերը լիազորված է հանդես գալու արժեթղթի սեփականատիրոջ անունից, արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ցուցակը կարող է սեփականատիրոջ անվան (անվանման) փոխարեն ներառել իրավասու անվանատիրոջ անունը (անվանումը):

- Թողարկողի հարցումը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում ՀԿԴ-ն հարցում է ուղարկում իր մոտ տվյալ թողարկողի արժեթղթերի հաշիվներ ունեցող պահառուներին (անվանատերերին)` պահանջելով տրամադրել տվյալ թողարկողի արժեթղթերի սեփականատերերի, ինչպես նաեւ` իրավասու անվանատերերի վերաբերյալ տեղեկություններ:

- Հայաստանյան եւ Օտարերկրյա անվանատերերը պարտավոր են ՀԿԴ-ի հարցումը ստանալու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական դեպոզիտարիային տրամադրել տվյալ թողարկողի արժեթղթերի անվանատերերի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաեւ՝ օրենքով նախատեսված դեպքերում՝ արժեթղթերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ:

- Հայաստանյան եւ Օտարերկրյա անվանատերերը պարտավոր ձեռնարկել բոլոր անհրաժեշտ եւ ողջամիտ գործողություններն թողարկողի արժեթղթերի սեփականատերերի եւ անվանատերերի վերաբերյալ ՀԿԴ-ի կողմից պահանջվող տեղեկությունները բացահայտելու, հավաքագրելու եւ օրենքով սահմանված ժամկետում ՀԿԴ-ին տրամադրելու համար:

- Հայաստանյան անվանատերերն իրավունք ունեն ՀԿԴ-ին չտրամադրել պահանջվող տեղեկություններ, եթե տվյալ թողարկողի արժեթղթերը կամ դրանց մի մասը հաշվառվում են տվյալ Հայաստանյան անվանատիրոջ մոտ Օտարերկրյա անվանատիրոջ հաշվում, եւ Հայաստանյան անվանատերը հարցում է ուղարկել Օտարերկրյա անվանատիրոջը` պահանջելով տրամադրել տվյալ թողարկողի արժեթղթերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ, եւ Օտարերկրյա անվանատերը օրենքով նախատեսված հիմքերով հրաժարվել է տրամադրել նշված տեղեկություններ:

- Օտարերկրյա  անվանատերերն  իրավունք ունեն ՀԿԴ-ին չտրամադրել պահանջվող տեղեկությունները, եթե դա արգելված է օտարերկրյա օրենսդրությամբ կամ նախատեսված է տվյալ օտարերկրյա անվանատիրոջ եւ իր հաճախորդի միջեւ կնքված պայմանագրով, կամ տվյալ օտարերկրյա անվանատիրոջ հաճախորդը հրաժարվում է տրամադրել պահանջվող տեղեկությունները, կամ պահանջվող տեղեկատվության տրամադրումը տվյալ օտարերկրյա անվանատիրոջ համար առաջացնում է էական ծախսեր:

- Հայաստանյան կամ Օտարերկրյա անվանատերերն իրավունք չունեն հրաժարվել տեղեկություններ տրամադրելուց, եթե նման պահանջ ներկայացվել է Հայաստանի Հանրապետության պետական մարմնի կողմից՝ իրենց իրավասությունների շրջանակներում:

- ՀԿԴ-ն պարտավոր է արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ցուցակը տրամադրել թողարկողին` հարցումը ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում:

- Անվանատիրոջ կողմից բաժնետիրոջ (բաժնետերերի) անունից ժողովում մասնակցելու համար լիազորագիր չի պահանջվում եւ անվանատիրոջ լիազորությունները հավաստվում են օրենքին համապատասխան կնքված պայմանագրով:

- Անվանատերը` օրենքի ուժով եւ պայմանագրի հիման վրա` առանց առանձին լիազորագրի ներկայացման լիազորված է իրականացնել իր անունով գրանցված բաժնետոմսերով ամրագրված բոլոր իրավունքները եւ պարտականությունները, եթե անվանատիրոջ եւ բաժնետիրոջ միջեւ կնքված պայմանագրում, այլ բան նախատեսված չէ:

- Եթե ռեեստրավարի կողմից տրված փաստաթղթում անձը նշված է բաժնետոմսերի անվանատեր, ապա ենթադրվում է, որ այդ անվանատերը օրենքով նախատեսված  պայմանագրով լիազորված է իր կողմից ներկայացվող բաժնետիրոջ (բաժնետերերի) անունից իրականացնել նրա լիազորությունները:

- Թողարկողը չի կարող անվանատիրոջից պահանջել ներկայացնելու անվանատիրոջ եւ նրա հաճախորդի միջեւ կնքված պայմանագիրը:

- Բաժնետիրոջ անունից գործողությունները կատարելիս, անվանատերը պարտավոր է գործել ողջամիտ եւ բարեխիղճ` ելնելով բաժնետիրոջ շահերից, բաժնետիրոջ կողմից անվանատիրոջը տրված ցուցումներից եւ ՀՀ իրավական ակտերի պահանջներից:

- Անվանատերը պատասխանատվություն է կրում բաժնետիրոջ առջեւ անվանատիրոջ գործողությունների կամ անգործության հետեւանքով բաժնետիրոջը պատճառված վնասների համար:

- Այն դեպքում երբ բաժնետերերի (անվանատերերի) ռեեստրում նշված է արժեթղթերի անվանատերը, ապա ընկերության կողմից բաժնետիրոջը տրամադրման ենթակա բոլոր տեղեկությունները ընկերությունը տրամադրում է տվյալ բաժնետիրոջը ներկայացնող անվանատիրոջը: Տեղեկությունները անվանատիրոջը փոխանցելու պահից ընկերությունը համարվում է նշված տեղեկությունները բաժնետիրոջը փոխանցելու իր պարտականությունը կատարած:

- Ընկերության կողմից այն բաժնետերերին, որոնց անունից հանդես է գալիս օտարերկրյա անվանատերը, վճարման ենթակա գումարները ընկերությունը՝ բաժնետիրոջը փոխանցելու նպատակով, վճարվում է տվյալ բաժնետիրոջը ներկայացնող օտարերկրյա անվանատիրոջ կողմից նշված բանկային հաշվին` իրականացնելով հարկային գործակալի պարտականությունները:

- Օտարերկրյա անվանատերը պարտավոր է ընկերության կողմից բաժնետիրոջ անունով վճարված գումարները փոխանցել բաժնետիրոջը՝ այդ օտարերկրյա անվանատիրոջ եւ բաժնետիրոջ միջեւ կնքված պայմանագրով սահմանված կարգով:

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Վերոնշյալ նախագծերի ընդունումը հնարավորություն կտա Հայաստանի արժեթղթերի շուկայում հստակորեն նախատեսել արժեթղթերի անվանատերերի կարգավիճակի, իրավունքների ու պարտականությունների, պատասխանատվության, ինչպես նաեւ թողարկողի եւ շուկայի մյուս մասնակիցների հետ փոխհարաբերությունների օրենսդրական կարգավորումներ:

Նախագծերով առաջարկվող փոփոխությունների արդյունքում անվանատերերը (պահառուները), այդ թվում՝ օտարերկրյա պահառուները հնարավորություն կունենան ըստ պատշաճի ներկայացնել իրենց հաճախորդ ներդրողների շահերը Հայաստանի Հանրապետությունում՝ պահպանելով ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա պահառուի գրանցման երկրի օրենսդրության պահանջները:

Ազդեցության գնահատման եզրակացություններ