Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-617-02.10.2014-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության (2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-142-Ն) օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ մասերում, 8-րդ հոդվածի 3-րդ մասում բոլոր «գրավոր» բառերից հետո լրացնել «կամ  էլեկտրոնային եղանակով ներկայացվող» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում.

1. 4-րդ մասում «ներառյալ՝» բառից հետո լրացնել «ավանդատուի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով պահանջի ներկայացման կարգը» բառերը:

2. 5-րդ մասում «պահանջի» բառից հետո «եւ» բառը փոխարինել «, իսկ ավանդատուի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված պահանջի եւ Հիմնադրամի տրամադրած ավանդատուների ցուցակի միջեւ տեղեկությունների անհամապատասխանության դեպքում» բառերով:

3. 10-րդ մասում 2-րդ նախադասությունում «5-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 6. Երաշխավորված ավանդների հատուցման կազմակերպումը

1. Կենտրոնական բանկը հատուցման դեպքն առաջանալու մասին նույն օրը տեղեկացնում է Հիմնադրամին:

2. Կենտրոնական բանկը Հիմնադրամի հետ կնքած համագործակցության հուշագրով սահմանված ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մինչեւ սույն Օրենքով սահմանված լրացուցիչ հայտարարություն հրապարակելը, ապահովում է հատուցման դեպքի օրվա դրությամբ անվճարունակ բանկի՝ ավանդների եւ ավանդատուների ցուցակների, ինչպես նաեւ ավանդատուի՝ անվճարունակ բանկի նկատմամբ ունեցած խնդրահարույց պարտավորությունների, դրանց չափի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների տրամադրումը Հիմնադրամին: Հիմնադրամն իրավունք ունի անվճարունակ բանկից պահանջելու ավանդների եւ ավանդատուների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ: Անվճարունակ բանկը պարտավոր է երեք աշխատանքային օրվա ընթացքում Հիմնադրամին տրամադրել պահանջվող լրացուցիչ տեղեկությունները:

Ավանդների եւ ավանդատուների ցուցակները պետք է ներառեն ավանդատուի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, անվճարունակ բանկում ներդրված բոլոր ավանդների գումարների չափերը, հատուցման դեպքի oրվա դրությամբ հավելագրված տոկոսները, հատուցման ենթակա երաշխավորված ավանդի չափը, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ: Անվճարունակ բանկը պատասխանատու է ավանդների եւ ավանդատուների ցուցակներում ներառված տեղեկությունների ճշտության համար:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունների պահպանման եւ տրամադրման նպատակով բանկերը պարտավոր են ունենալ ավանդների եւ ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգ: Ավանդների եւ ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման, տվյալների պահպանման եւ դրանց տրամադրման պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

4. Հիմնադրամը հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ առնվազն հանրային մեկ լրատվամիջոցով հայտարարություն է հրապարակում հատուցման դեպքի մասին՝ նշելով երաշխավորված ավանդն ստանալու կարգը, ներառյալ` ավանդատուի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով պահանջի ներկայացման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկը, պայմանները, եղանակները, ժամկետները: Հիմնադրամն այդ հայտարարությունը կարող է միաժամանակ հրապարակել նաեւ զանգվածային լրատվության այլ միջոցներում կամ oգտագործել ավանդատուներին տեղեկացնելու այլ եղանակ:

5. Հիմնադրամը երաշխավորված ավանդների հատուցումն իրականացնում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված ավանդների եւ ավանդատուների ցուցակների, ավանդատուի ներկայացրած՝ իր երաշխավորված ավանդի հատուցումն ստանալու վերաբերյալ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված պահանջի, իսկ ավանդատուի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված պահանջի եւ Հիմնադրամի տրամադրած ավանդատուների ցուցակի միջեւ տեղեկությունների անհամապատասխանության դեպքում, նաեւ այդ պահանջը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա:

6. Ավանդատուների գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված պահանջների ընդունումն իրականացնում է անվճարունակ բանկը, քանի դեռ Հիմնադրամը սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված լրացուցիչ հայտարարությամբ այլ բան չի հայտարարել: Գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված պահանջն ստանալու օրվանից հետո` առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, անվճարունակ բանկը պարտավոր է այդ պահանջը փոխանցել Հիմնադրամին:

7. Ավանդատուն կարող է գրավոր կամ էլեկտրոնային եղանակով պահանջ ներկայացնել ոչ ուշ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք տարվա ժամկետում: Սույն մասում նշված ժամկետում ավանդատուի կողմից գրավոր կամ էլեկտրոնային եղանակով պահանջը չներկայացնելու դեպքում Հիմնադրամը տվյալ ավանդատուի երաշխավորված ավանդների հատուցում չի իրականացնում: Ավանդները վերադարձնում է անվճարունակ բանկը՝ պարտավորությունների մարման օրենքով սահմանված կարգի համաձայն:

8. Հիմնադրամն Օրենքի 29-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված 20-րդ աշխատանքային օրվանից, 11-րդ մասով սահմանված 15-րդ աշխատանքային օրվանից, 12-րդ մասով սահմանված 10-րդ աշխատանքային օրվանից եւ 13-րդ մասով սահմանված 7-րդ աշխատանքային օրվանից առնվազն մեկ օր առաջ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է լրացուցիչ հայտարարություն, որտեղ նշվում են`

ա) երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկի եւ դրա մասնաճյուղերի անվանումները եւ հասցեները.

բ) ավանդատուի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված պահանջի եւ Հիմնադրամի տրամադրած ավանդատուների ցուցակի միջեւ տեղեկությունների անհամապատասխանության դեպքում` երաշխավորված ավանդի հատուցումն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Կենտրոնական բանկի եւ Հիմնադրամի միջեւ կնքված համագործակցության հուշագրով կարող է սահմանվել լրացուցիչ հայտարարության հրապարակման այլ ժամկետ:

9. Ավանդատուներն անվճարունակ բանկում իրենց ավանդների վերաբերյալ փաստաթղթերին ծանոթանալու եւ սխալ հայտնաբերելու դեպքում պարզաբանումներ ստանալու համար կարող են դիմել անվճարունակ բանկ: Անվճարունակ բանկը պարտավոր է 3 աշխատանքային oրվա ընթացքում գրավոր պատասխանել ավանդատուին:»

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Երաշխավորված ավանդի հատուցումը կարող է իրականացվել ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ՝ ավանդատուի նշած հաշվին փոխանցման միջոցով:»

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

բ) 3-րդ մասում «պարտավորություն» եւ «պարտավորության» բառերից առաջ լրացնել «խնդրահարույց» բառով.

գ) 3-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.

«Խնդրահարույց պարտավորությունների տեսակները, հատուցման ենթակա ավանդի հաշվարկման կարգը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:».

դ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Բանկի կամ մի քանի բանկերի՝ մեկ այլ բանկի հետ միանալու դեպքում, միացման պայմանագիրը օրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կողմից հաստատելու եւ գրանցելու պահից միացող յուրաքանչյուր բանկում առկա միեւնույն ավանդատուին պատկանող ժամկետային ավանդները երաշխավորվում են որպես առանձին բանկային ավանդներ մինչեւ ավանդի պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը: Բանկի կամ մի քանի բանկերի՝ մեկ այլ բանկի հետ միանալու դեպքում, միացման պայմանագիրը օրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կողմից հաստատելու եւ գրանցելու պահից մեկ տարվա ընթացքում միացող յուրաքանչյուր բանկում առկա միեւնույն ավանդատուին պատկանող ցպահանջ կամ ավանդի ժամկետի վերաբերյալ այլ պայմանով ավանդները երաշխավորվում են որպես առանձին բանկային ավանդներ: Սույն մասով սահմանված մեկ տարին կամ ավանդի պայմանագրով սահմանված ժամկետը լրանալու պահից այդ ավանդները երաշխավորվում են որպես մեկ ավանդ:»:

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունում «հինգերորդ» բառից հետո լրացնել «աշխատանքային» բառով:

Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ նախադասությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-14-րդ մասերով.

«9. 2016 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը:

10. 2016 թվականի հունվարի մեկից մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը Հիմնադրամը պարտավոր է իրականացնել ավանդատուների պահանջով հատուցումները հատուցման դեպքի օրվան հաջորդող 20-րդ աշխատանքային օրվանից սկսած՝ ավանդատուի պահանջը ներկայացնելուց հետո առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված դեպքերի: Հիմնադրամի միջնորդության հիման վրա Կենտրոնական բանկի խորհուրդը սույն մասում նշված 20 աշխատանքային օրյա ժամկետը կարող է երկարաձգել եւս 10 աշխատանքային օրով: Ավանդատուն կարող է պահանջը ներկայացնել ոչ շուտ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող 20-րդ աշխատանքային օրվանից սկսած:

11. 2018 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը Հիմնադրամը պարտավոր է իրականացնել ավանդատուների պահանջով հատուցումները հատուցման դեպքի օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրվանից սկսած՝ ավանդատուի պահանջը ներկայացնելուց հետո առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված դեպքերի: Հիմնադրամի միջնորդության հիման վրա Կենտրոնական բանկի խորհուրդը սույն մասում նշված 15 աշխատանքային օրյա ժամկետը կարող է երկարաձգել եւս 7 աշխատանքային օրով: Ավանդատուն կարող է պահանջը ներկայացնել ոչ շուտ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրվանից սկսած:

12. 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը Հիմնադրամը պարտավոր է իրականացնել ավանդատուների պահանջով հատուցումները հատուցման դեպքի օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրվանից սկսած՝ ավանդատուի պահանջը ներկայացնելուց հետո առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված դեպքերի:  Հիմնադրամի միջնորդության հիման վրա Կենտրոնական բանկի խորհուրդը սույն մասում նշված 10 աշխատանքային օրյա ժամկետը կարող է երկարաձգել եւս 5 աշխատանքային օրով: Ավանդատուն կարող է պահանջը ներկայացնել ոչ շուտ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրվանից սկսած:

13. 2023 թվականից հունվարի 1-ից Հիմնադրամը պարտավոր է իրականացնել ավանդատուների պահանջով հատուցումները հատուցման դեպքի օրվան հաջորդող 7-րդ աշխատանքային օրվանից սկսած՝ ավանդատուի պահանջը ներկայացնելուց հետո առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված դեպքերի: Հիմնադրամի միջնորդության հիման վրա Կենտրոնական բանկի խորհուրդը սույն մասում նշված 7 աշխատանքային օրյա ժամկետը կարող է երկարաձգել եւս 3 աշխատանքային օրով: Ավանդատուն կարող է պահանջը ներկայացնել ոչ շուտ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող 7-րդ աշխատանքային օրվանից սկսած:

14. Մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը Կենտրոնական բանկը եւ Հիմնադրամը կնքում են սույն Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ եւ 8-րդ մասերով սահմանված համագործակցության հուշագիրը:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն Օրենքի 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից: 
  
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման

Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

 «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության 2014 թվականի փետրվարի 14-ին ԱՄՀ-ին ներկայացված Մտադրությունների մասին նամակով (Letter of Intent) ստանձնած պարտավորություններով, ինչպես նաեւ USAID-ի եւ PFS (Partners for Financial Stability)-ի կողմից համատեղ իրականացված Հայաստանի ավանդների հատուցման համակարգի՝ «Ավանդների երաշխավորման արդյունավետ համակարգի հիմնարար սկզբունքներին»  համապատասխանության գնահատման արդյունքում տրված առաջարկություններով:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

 «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ներկայումս սահմանված հատուցման ողջ գործընթացի տեւողությունը բավականաչափ երկար է (հատուցման գործընթացը՝ սկսած օրենքով սահմանված հատուցման դեպքը տեղի ունենալու պահից մինչեւ բուն հատուցումն իրականացնելը կարող է տեւել մինչեւ մեկ տարի եւ ավելի): Բացի այդ գործող օրենքում առկա են մի շարք կարգավորումներ, որոնք որոշ առումով սահմանափակում են հատուցման համար դիմելու եւ երաշխավորված ավանդը ստանալու ավանդատուների հնարավորությունները: Օրինակ, համաձայն գործող կարգավորման ավանդատուն կարող է իր ավանդի հատուցումը ստանալ կանխիկ եղանակով, կամ հատուցում ստանալու պահանջը ներկայացնել գրավոր, ինչը ներկայիս զարգացող ֆինանսական շուկաների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների պարագայում կարող է նվազեցնել հատուցման գործընթացի արդյունավետությունը:

Այսպիսով, նման իրավիճակը խոչընդոտում է Հայաստանի Հանրապետությունում ավանդների երաշխավորման համակարգի արդյունավետությանը եւ, որ ամենակարեւորն է, համակարգի նկատմամբ ավանդատուների վստահության պահպանմանը:

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում՝

 Ավանդատուն հնարավորություն կունենա հատուցում ստանալու պահանջը ներկայացնել ինչպես գրավոր, այնպես էլ էլեկտրոնային եղանակով: Ընդ որում, ավանդատուն հնարավորություն կունենա հատուցումը ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ՝ իր կողմից նշված հաշվին փոխանցման միջոցով: Սա կնվազեցնի ավանդատուի կողմից մի քանի անգամ բանկ այցելելու անհրաժեշտությունը եւ արդյունքում կբարձրանա ավանդների հատուցման գործընթացի արդյունավետությունը եւ նախագծով սահմանված ժամկետներում գործընթացն ավարտելու հնարավորությունը:

Համաձայն նախագծի՝ 2016 թվականից սկսած հետզհետե կրճատվելու է ավանդների հատուցման գործընթացի տեւողությունը: Մասնավորապես, 2016-2018 թթ. հատուցման դեպքը տեղի ունենալու պահից 20-րդ աշխատանքային օրը ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը պետք է պատրաստ լինի կատարել հատուցումները: Հատւցումն իրականացվելու է ավանդատուի կողմից հատուցման պահանջը ներկայացնելու պահից առավելագույնը երեք աշխատանքային օրվա ժամկետում: 2018 թվականից հետո վերոնշյալ ժամկետը համապատասխանաբար նվազելու է մինչեւ 15 աշխատանքային օր, այնուհետեւ 10 աշխատանքային օր, իսկ 2023 թվականից՝ 7 աշխատանքային օր: Համաձայն նախագծի՝ հատուցման գործընթացի ժամկետը կարող է Կենտրոնական բանկի որոշմամբ երկարաձգվել: Նախագծով սահմանված ժամկետները հիմնված են միջազգային փորձի վրա եւ էականորեն կրճատում են հատուցման գործընթացի տեւողությունը: Իսկ վերոնշյալ անցումային ժամանակով մեխանիզմ կիրառելու նպատակը կայանում է նրանում, որ այս ժամանակահատվածում Կենտրոնական բանկը Հիմնադրամի հետ համատեղ կաշխատեն ավանդատուների բազաները կատարելագործելու ուղղությամբ, որպեսզի նախագծով սահմանված ժամկետներում առանց խոչընդոտների իրականացվեն հատուցումները:

 Ելնելով ավանդատուի շահերի պաշտպանության եւ հատուցման համակարգն առավել հասանելի դարձնելու անհրաժեշտությունից՝ երկարաձգվել է այն առավելագույն ժամանակահատվածը, որի ընթացքում ավանդատուն կարող է հատուցման պահանջ ներկայացնել: Մասնավորապես, ներկայիս գործող 1 տարին երկարաձգվել է՝ սահմանվելով 3 տարի:

Օրենքի նախագծով ավանդատուի միեւնույն բանկում ունեցած ավանդի եւ պարտավորության հաշվանցի հնարավորությունը սահմանվել է միայն խնդրահարույց պարտավորությունների համար: Մինչդեռ, գործող կարգավորման համաձայն ավանդատուի ավանդից նվազեցվում է բանկի նկատմամբ ունեցած պարտավորությունն ամբողջությամբ: Այս դրույթի թերությունը կայանում է նրանում, որ եթե ավանդատուն բանկից վերցրել է վարկ, ապա բանկի անվճարունակության/սնանկացման դեպքում ավանդատուն ստիպված է ժամկետից շուտ մարել վարկը իր խնայողությունների հաշվին, ինչը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել ավանդատուի ընթացիկ կենսագործունեության տեսանկյունից:

Անհրաժեշտ է նշել, որ նախագծով առաջարկվող մոտեցումը ավելի մեղմացնում է ներկայիս օրենքով սահմանված պահանջը, եւ արդարացի մոտեցում է թե բանկի, եւ թե ավանդատուի տեսանկյունից: Բացի այդ, հաշվի առնելով, որ ներկայումս ՀՀ բանկերի կողմից ձեւավորվող ավանդատուների բազաները ներառում են ավանդատուի պարտավորությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, ապա ժամկետանց պարտավորությունների զտումը տեխնիկապես հնարավոր է եւ լրացուցիչ խնդիրներ չի առաջացնի:

Օրենքի նախագծով կարգավորվել է բանկերի միացման դեպքում միաժամանակ 2 բանկում էլ ավանդներ ունեցող ավանդատուների երաշխավորման ենթակա գումարների հարցը: Մասնավորապես, սահմանվել է առավելագույն ժամանակահատված, որի ընթացքում միացող բանկերից յուրաքանչյուրում ներդրված ավանդը պետք է դիտել որպես առանձին ավանդ:

Կատարվող փոփոխությունները նպատակ են հետապնդում մեխանիզմներ ստեղծել ավանդատուների շահերի լիարժեք պաշտպանության եւ համակարգի նկատմամբ վստահության բարձրացման համար, եւ բարձրացնել հատուցման ողջ գործընթացի արդյունավետությունը՝ կրճատելով հատուցման տեւողությունը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներ եւ անձինք

Նախագծի մշակման աշխատանքներին մասնակցել է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը:

 Ազդեցության գնահատման եզրակացություններ