Հոդված 1. «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության (2001 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ- 262) օրենքի 31-րդ հոդվածում 2-րդ մասի գ) կետում եւ զ) կետի 2-րդ պարբերությունում «2 միլիոն» բառերը փոխարինել «չորս միլիոն» բառերով, իսկ «1 միլիոն» բառերը փոխարինել «երկու միլիոն» բառերով:
Հոդված 2
. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման
Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության 2014 թվականի փետրվարի 14-ին ԱՄՀ-ին ներկայացված Մտադրությունների մասին նամակով (Letter of Intent) ստանձնած պարտավորություններով, ինչպես նաեւ USAID-ի եւ PFS (Partners for Financial Stability)-ի կողմից համատեղ իրականացված Հայաստանի ավանդների հատուցման համակարգի՝ «Ավանդների երաշխավորման արդյունավետ համակարգի հիմնարար սկզբունքներին» համապատասխանության գնահատման արդյունքում տրված առաջարկություններով:
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ներկայումս սահմանված հատուցման ողջ գործընթացի տեւողությունը բավականաչափ երկար է (հատուցման գործընթացը՝ սկսած օրենքով սահմանված հատուցման դեպքը տեղի ունենալու պահից մինչեւ բուն հատուցումն իրականացնելը կարող է տեւել մինչեւ մեկ տարի եւ ավելի): Բացի այդ գործող օրենքում առկա են մի շարք կարգավորումներ, որոնք որոշ առումով սահմանափակում են հատուցման համար դիմելու եւ երաշխավորված ավանդը ստանալու ավանդատուների հնարավորությունները: Օրինակ, համաձայն գործող կարգավորման ավանդատուն կարող է իր ավանդի հատուցումը ստանալ կանխիկ եղանակով, կամ հատուցում ստանալու պահանջը ներկայացնել գրավոր, ինչը ներկայիս զարգացող ֆինանսական շուկաների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների պարագայում կարող է նվազեցնել հատուցման գործընթացի արդյունավետությունը:
Այսպիսով, նման իրավիճակը խոչընդոտում է Հայաստանի Հանրապետությունում ավանդների երաշխավորման համակարգի արդյունավետությանը եւ, որ ամենակարեւորն է, համակարգի նկատմամբ ավանդատուների վստահության պահպանմանը:
Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունման արդյունքում՝
Ավանդատուն հնարավորություն կունենա հատուցում ստանալու պահանջը ներկայացնել ինչպես գրավոր, այնպես էլ էլեկտրոնային եղանակով: Ընդ որում, ավանդատուն հնարավորություն կունենա հատուցումը ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ՝ իր կողմից նշված հաշվին փոխանցման միջոցով: Սա կնվազեցնի ավանդատուի կողմից մի քանի անգամ բանկ այցելելու անհրաժեշտությունը եւ արդյունքում կբարձրանա ավանդների հատուցման գործընթացի արդյունավետությունը եւ նախագծով սահմանված ժամկետներում գործընթացն ավարտելու հնարավորությունը:
Համաձայն նախագծի՝ 2016 թվականից սկսած հետզհետե կրճատվելու է ավանդների հատուցման գործընթացի տեւողությունը: Մասնավորապես, 2016-2018 թթ. հատուցման դեպքը տեղի ունենալու պահից 20-րդ աշխատանքային օրը ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը պետք է պատրաստ լինի կատարել հատուցումները: Հատւցումն իրականացվելու է ավանդատուի կողմից հատուցման պահանջը ներկայացնելու պահից առավելագույնը երեք աշխատանքային օրվա ժամկետում: 2018 թվականից հետո վերոնշյալ ժամկետը համապատասխանաբար նվազելու է մինչեւ 15 աշխատանքային օր, այնուհետեւ 10 աշխատանքային օր, իսկ 2023 թվականից՝ 7 աշխատանքային օր: Համաձայն նախագծի՝ հատուցման գործընթացի ժամկետը կարող է Կենտրոնական բանկի որոշմամբ երկարաձգվել: Նախագծով սահմանված ժամկետները հիմնված են միջազգային փորձի վրա եւ էականորեն կրճատում են հատուցման գործընթացի տեւողությունը: Իսկ վերոնշյալ անցումային ժամանակով մեխանիզմ կիրառելու նպատակը կայանում է նրանում, որ այս ժամանակահատվածում Կենտրոնական բանկը Հիմնադրամի հետ համատեղ կաշխատեն ավանդատուների բազաները կատարելագործելու ուղղությամբ, որպեսզի նախագծով սահմանված ժամկետներում առանց խոչընդոտների իրականացվեն հատուցումները:
Ելնելով ավանդատուի շահերի պաշտպանության եւ հատուցման համակարգն առավել հասանելի դարձնելու անհրաժեշտությունից՝ երկարաձգվել է այն առավելագույն ժամանակահատվածը, որի ընթացքում ավանդատուն կարող է հատուցման պահանջ ներկայացնել: Մասնավորապես, ներկայիս գործող 1 տարին երկարաձգվել է՝ սահմանվելով 3 տարի:
Օրենքի նախագծով ավանդատուի միեւնույն բանկում ունեցած ավանդի եւ պարտավորության հաշվանցի հնարավորությունը սահմանվել է միայն խնդրահարույց պարտավորությունների համար: Մինչդեռ, գործող կարգավորման համաձայն ավանդատուի ավանդից նվազեցվում է բանկի նկատմամբ ունեցած պարտավորությունն ամբողջությամբ: Այս դրույթի թերությունը կայանում է նրանում, որ եթե ավանդատուն բանկից վերցրել է վարկ, ապա բանկի անվճարունակության/սնանկացման դեպքում ավանդատուն ստիպված է ժամկետից շուտ մարել վարկը իր խնայողությունների հաշվին, ինչը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել ավանդատուի ընթացիկ կենսագործունեության տեսանկյունից:
Անհրաժեշտ է նշել, որ նախագծով առաջարկվող մոտեցումը ավելի մեղմացնում է ներկայիս օրենքով սահմանված պահանջը, եւ արդարացի մոտեցում է թե բանկի, եւ թե ավանդատուի տեսանկյունից: Բացի այդ, հաշվի առնելով, որ ներկայումս ՀՀ բանկերի կողմից ձեւավորվող ավանդատուների բազաները ներառում են ավանդատուի պարտավորությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, ապա ժամկետանց պարտավորությունների զտումը տեխնիկապես հնարավոր է եւ լրացուցիչ խնդիրներ չի առաջացնի:
Օրենքի նախագծով կարգավորվել է բանկերի միացման դեպքում միաժամանակ 2 բանկում էլ ավանդներ ունեցող ավանդատուների երաշխավորման ենթակա գումարների հարցը: Մասնավորապես, սահմանվել է առավելագույն ժամանակահատված, որի ընթացքում միացող բանկերից յուրաքանչյուրում ներդրված ավանդը պետք է դիտել որպես առանձին ավանդ:
Կատարվող փոփոխությունները նպատակ են հետապնդում մեխանիզմներ ստեղծել ավանդատուների շահերի լիարժեք պաշտպանության եւ համակարգի նկատմամբ վստահության բարձրացման համար, եւ բարձրացնել հատուցման ողջ գործընթացի արդյունավետությունը՝ կրճատելով հատուցման տեւողությունը:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներ եւ անձինք
Նախագծի մշակման աշխատանքներին մասնակցել է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը: