Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ին:
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը
Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ժամանակավոր անաշխատունակության նպաստների բնագավառում իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներով:
2.Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքով կարգավորում է ժամանակավոր անաշխատունակության նպաստների տրամադրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է ժամանակավոր անաշխատունակության նպաստի հասկացությունը, տեսակները, դրա հաշվարկման, նշանակման եւ վճարման պայմաններն ու կարգը:
Օրենքի համաձայն՝ սահմանված է հետեւյալ տեսակի նպաստները.
1) հիվանդության.
2) պրոթեզավորման.
3) առողջարանային բուժման.
4) հղիության ու ծննդաբերության.
5) ընտանիքի հիվանդ անդամի խնամքի:
Նպաստը տրվում է, եթե դրա ստանալու իրավունքն առաջացել է աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ նոտարի պաշտոնավարման ժամանակահատվածում:
Նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձից:
Գործող իրավակարգավորումների արդյունքում էապես նվազում է ժամանակավոր անաշխատունակության նպաստների ուղղությամբ կատարվող ծախսերի հասցեականությունը:
Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ այս պարագայում ֆորմալ իմաստով օրենք չի խախտվում:
Խնդրո առարկա է նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ գործող օրենսդրությամբ չաշխատող մայրերի համար հղիության եւ ծննդաբերության ժամանակահատվածի համար որեւէ դրամական վճար սահմանված չէ: Այսինքն, պետությունը չաշխատող կնոջը հղիության ընթացքում ուղղակի ֆինանսական աջակցություն չի ցուցաբերում:
3. Առկա խնդիրներին առաջադրվող լուծումները
Հաշվի առնելով ժամանակավոր անաշխատունակության նպաստների ոլորտում առկա խնդիրները, առաջարկվում է.
1. Նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի մեծությունը փոխկապակցել աշխատանքային ստաժի տեւողությանը, մասնավորապես, սահմանել, որ հիվանդության, ընտանիքի անդամի խնամքի, առողջարանային բուժման, պրոթեզավորման պատճառով առաջացած ժամանակով անաշխատունակության դեպքում, նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի.
1) 40 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տեւողությունը 1 տարուց պակաս է,
2) 60 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տեւողությունը 1-3 տարի է,
3) 80 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տեւողությունը 3 տարուց ավելի է:
2. Սահմանել նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն չափ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 5-ապատիկի չափով (բացառությամբ՝ հղիության եւ ծննդաբերության կամ մայրության նպաստի):
3. Հղիության եւ ծննդաբերության նպաստը վերանվանել մայրության նպաստի եւ սահմանել, որ 2016 թվականից սկսած, այն վճարվում է նաեւ չաշխատող կնոջը՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի (140 օր) համար:
4. Չաշխատող կնոջը տրվող նպաստը հաշվարկել նվազագույն ամսական աշխատավարձից, վերանայելով նպաստը հաշվարկելու կարգը (նպաստ հաշվարկելու համար՝ հիմք ընդունվող միջին ամսական եկամուտը բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) եւ բազմապատկվում հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով):
5. Սահմանել աշխատող մոր հղիության եւ ծննդաբերության (մայրության) նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն չափ՝
1) առաջին եւ երկրորդ երեխայի դեպքում՝ նվազագույն ամսական աշխատավարձի 7-ապատիկի չափով (նպաստի առավելագույն չափը՝ շուրջ 2 600 000 դրամ),
2) երրորդ եւ հաջորդ երեխայի դեպքում՝ նվազագույն ամսական աշխատավարձի 10-ապատիկի չափով (նպաստի առավելագույն չափը՝ շուրջ 3 600 000 դրամ):
«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխություններին համապատասխան խմբագրական փոփոխություններ են առաջարկվում կատարել նաեւ`
1) «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում (մայրության նպաստը ներառվում է պետական նպաստների կազմում).
2) «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում (հստակեցված է «ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքին կատարված հղումներում հստակեցված է օրենքի` նախագծով առաջարկվող անվանումը):
4. Ակնկալվող արդյունքը
Ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունքը կհամապատասխանեցվի նպաստի էությանը: