Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15.1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«2016 թվականի հունվարի 1-ից սկսած` հաշվարկային փաստաթղթերը (բացառությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների եւ ապրանքների արտահանման դեպքում դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի) դուրս են գրվում բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 2. Օրենքի 16.1-ին հոդվածի 3-րդ մասից հանել «եւ նվազագույն հարկերը» բառերը:
Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածում՝
1) 1-ին, 5-րդ եւ 6-րդ մասերից «կամ առաքվող կամ տեղափոխվող ապրանքն ուղեկցող փաստաթուղթը սահմանված կարգով չգրանցելու» եւ «կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների» բառերը հանել.
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Սույն հոդվածի կիրառման իմաստով օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման շրջանակներում կատարված գործարքը կամ գործողությունը համարվում է խախտման հիմք, եթե հարկային մարմինների կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արձանագրվել է, որ գործարքը կամ գործողությունը կատարվում է առանց սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող «Հավելված 4»-ով սահմանված վավերապայմանները բավարարող ուղեկցող փաստաթղթերի:».
3) վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Անփաստաթուղթ ապրանքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքը`
1) ձեռք բերող հարկ վճարողի նկատմամբ չի կիրառվում, եթե օրենքով սահմանված կարգով խախտումն արձանագրվելու ժամանակ հիմնավորվում է ապրանքն այլ հարկ վճարողից ձեռք բերվելու եւ այդ հարկ վճարողի կողմից ուղեկցող փաստաթուղթ չտրամադրվելու հանգամանքը: Սույն կետում նշված դեպքերում տուգանքը կիրառվում է անփաստաթուղթ ապրանք վաճառող հարկ վճարողի նկատմամբ.
2) ձեռք բերող հարկ վճարողի եւ ապրանքն առաքող կամ տեղափոխող հարկ վճարողի նկատմամբ չի կիրառվում, եթե կապի կամ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման` հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման պատճառով`
ա. 2015 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում հնարավոր չի եղել դուրս գրել հարկային հաշիվ համարվող ուղեկցող փաստաթուղթ (հարկային հաշիվ համարվող ուղեկցող փաստաթուղթ դուրս գրելու պարտավորության դեպքում)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով դուրս գրված այլ ուղեկցող փաստաթղթի առկայության պարագայում,
բ. 2016 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում հնարավոր չի եղել դուրս գրել այլ հաշվարկային փաստաթուղթ համարվող ուղեկցող փաստաթուղթ (այլ հաշվարկային փաստաթուղթ համարվող ուղեկցող փաստաթուղթ դուրս գրելու պարտավորության դեպքում)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով դուրս գրված այլ ուղեկցող փաստաթղթի առկայության պարագայում:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է`
1) կապի խափանման դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը կապ տրամադրող կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին տրամադրելու եւ այդ տեղեկատվությունը լիազոր մարմնի կողմից հարկային մարմնին տրամադրելու կարգը.
2) հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման` հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնի կողմից հրապարակելու կարգը.
3) կապի կամ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման` հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման դեպքերում այլ ուղեկցող փաստաթղթերի եւ կապի խափանումը վերացնելուց հետո նախկինում դուրս չգրված ուղեկցող փաստաթղթերի դուրսգրման կարգը:»:
Հոդված 4. Օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, ինչպես նաեւ օրենքով սահմանված` հարկի նվազագույն չափի» բառերը:
Հոդված 5. Օրենքի 1-ին հավելվածում՝
1) 1.4-րդ կետի «է» ենթակետից հանել «եւ նվազագույն շահութահարկի կամ եկամտային հարկի» բառերը.
2) 2.1-ին կետի տասնհինգերորդ պարբերությունից հանել «, նվազագույն գումարների» բառերը:
Հոդված 6. Օրենքի 4-րդ հավելվածում՝
1) վերնագրից հանել «եւ գրանցման (հաշվառման)» բառերը.
2) 1-ին կետից հանել «եւ ուղեկցող փաստաթղթերի գրանցման (հաշվառման)» բառերը եւ վերջին նախադասությունը.
3) 4-րդ կետի 8-րդ ենթակետը, 6-16-րդ կետերը եւ ձեւը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտում 2016 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի, 3-րդ հոդվածի 3-րդ կետի, 4-րդ եւ 5-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2015 թվականի հունվարի 1-ից: