Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6212-03.10.2014-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀO-118 oրենքի (այսուհետ` Օրենք) 6.1-ին հոդվածում`

1) 1-ին մասից հանել «200 մլն դրամը գերազանցող» բառերը եւ մասը վերջին պարբերությունից առաջ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն մասին համապատասխան հետաձգված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վճարման պետական բյուջե մինչեւ ժամկետի լրանալու օրը:»,

2) 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Մինչեւ սույն հոդվածի առաջին մասով սահմանված հետաձգման ժամկետի լրանալը սույն հոդվածի առաջին մասում նշված ապրանքների մասով մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի հետաձգումը դադարեցվում է (ԱԱՀ-ի վճարման պարտավորությունն առաջանում է) մաքսային մարմիններին ներկայացված` հարկ վճարողի գրավոր հայտարարությամբ` հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող օրը, եւ հայտարարությունում նշված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վճարման պետական բյուջե ժամկետի հետաձգումը դադարեցնելու օրվանից 10-օրյա ժամկետում:

3. Սույն հոդվածի առաջին մասում նշված ապրանքների մասով մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարները կարող են մարվել ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով օրենքի համաձայն հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվին` վերադարձի գումարի վերաձեւակերպման միջոցով:

Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված ժամկետում ԱԱՀ-ի գումարները չվճարվելու դեպքում օրենքով սահմանված տույժերի հաշվարկումը եւ այդ գումարների նկատմամբ հսկողությունն իրականացնում է մաքսային մարմինը: Մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարները եւ սահմանված ժամկետում չվճարված գումարների նկատմամբ հաշվարկված տույժերը վճարվում են որպես մաքսային մարմինների կողմից պետական բյուջե հավաքագրվող գումարներ:»:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի`

1) չորրորդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել,

2) հինգերորդ պարբերության առաջին նախադասությունից հանել «թղթային կամ» բառերը, իսկ երկրորդ նախադասությունում «Էլեկտրոնային հարկային հաշիվը» բառերը փոխարինել «Հարկային հաշիվը» բառերով,

3) յոթերորդ պարբերությունից հանել վերջին նախադասությունը,

4) վերջին պարբերությունից հանել առաջին նախադասությունը:

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 20. Հարկային հաշվում պարտադիր նշվում են`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջներով նախատեսված տվյալները.

2) ԱԱՀ-ի դրույքաչափն ու գումարը` առանձին տողով.

3) հարկային հաշվի սերիան ու համարը.

4) ԱԱՀ վճարողի հաշվառման համարը.

5) ապրանքի մատակարարման կամ ծառայության մատուցման ամսաթիվը, ամիսը եւ տարեթիվը:

Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարման դեպքում հարկային հաշվում առանձնացվում է նաեւ ակցիզային հարկի գումարը:

Հարկային հաշիվները դուրս են գրվում բացառապես էլեկտրոնային եղանակով:

Սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարող համարվող անձինք`

1) յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո` մինչեւ դրան հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ), Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմին են ներկայացնում տեղեկատվություն իրենց կողմից առանց ինտերնետային կապի դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ,

2) էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնում են հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների եւ ստացված ծառայությունների գծով մատակարարների եւ ծառայություն մատուցողների կողմից դուրս գրված հարկային հաշիվները:

Սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետում նշված դեպքերում հարկային պարտավորություն կրելիս ավելացված արժեքի հարկ վճարող անձինք Հայաստանի Հանրապետությունում չգրանցված օտարերկրյա անձի անունից կարող են օրենքով սահմանված կարգով դուրս գրել հարկային հաշիվներ, որոնցում որպես ապրանք առաքող կամ ծառայություն մատուցող անձի ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համար եւ հարկ վճարողի հաշվառման համար նշում են իրենց համապատասխան հաշվառման համարները: Նշված կարգով դուրս գրված հարկային հաշիվները համարվում են մատակարարի կողմից դուրս գրված:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է ԱԱՀ վճարողների հաշվառման, հարկային հաշիվների դուրսգրման եւ հարկային հաշվի սերիայի ու համարի գեներացման կարգերը:»:

Հոդված 4. Օրենքի 20.1-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 20.1. Սխալներով լրացված եւ դուրս գրված հարկային հաշիվները չեղյալ են ճանաչվում հարկային հաշիվ դուրս գրող անձի կողմից:

Ավելացված արժեքի հարկով հարկման նպատակով հարկային հաշիվների չեղյալ ճանաչման հետ կապված ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառության եւ հարկի գումարի նվազեցումներ չեն կատարվում, եթե չի պահպանվել հարկային հաշիվների չեղյալ ճանաչման կարգը:

Գործարքը հարկային հաշվում նշված պայմաններով չկատարվելու, հարկային հաշվում նշված պայմանները օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով փոփոխվելու դեպքերում հարկային հաշիվ դուրս գրող եւ (կամ) ստացող անձը դուրս է գրում ճշգրտող հարկային հաշիվ:

Ճշգրտող հարկային հաշիվները դուրս են գրվում բացառապես էլեկտրոնային եղանակով:

Հարկային հաշիվների չեղյալ ճանաչման եւ ճշգրտող հարկային հաշիվների դուրս գրման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 5 . Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի`

1) երրորդ պարբերությունում «կատարվել է վճարումը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասով սահմանված դեպքերի» բառերը,

2) երրորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.

«ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու համար սույն օրենքով սահմանված մնացած բոլոր պայմանները բավարարված համարվելու դեպքերում, ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների գծով հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները կարող են հաշվանցել նաեւ առանց մատակարարներին կամ ծառայություն մատուցողներին վճարում կատարելու`

ա. 2015 թվականի հունվարի 1-ից` այն անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում իրականացված` սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ (կամ) 3-րդ կետերով սահմանված գործարքների հարկվող շրջանառությունը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 100 միլիոն դրամը,

բ. 2016 թվականի հունվարի 1-ից` այն անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում իրականացված` սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ (կամ) 3-րդ կետերով սահմանված գործարքների հարկվող շրջանառությունը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 500 միլիոն դրամը,

գ. 2017 թվականի հունվարի 1-ից` բոլոր ԱԱՀ վճարողները:

Մինչեւ սույն մասի չորրորդ պարբերությամբ սահմանված համապատասխան ժամկետները, ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու առումով ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների դիմաց վճարում կատարված լինելը համարվում է բավարարված նաեւ այն դեպքում, երբ սույն հոդվածի համաձայն վճարումը կատարվել է այն անձին, որին պահանջի իրավունքի զիջման (ներառյալ ֆակտորինգի) պայմանագրով փոխանցվել է ապրանքներ մատակարարած կամ ծառայություններ մատուցած անձի պահանջի իրավունքը:»:

Հոդված 6. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետում «որոնց մասով սույն օրենքի 20 հոդվածին համապատասխան տեղեկություններ չեն ներկայացվել» բառերը փոխարինել «որոնք մինչեւ տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) էլեկտրոնային ստորագրությամբ չեն վավերացվել» բառերով:

Հոդված 7. Օրենքի 33-րդ հոդվածի երկրորդ պարբերությունից հանել «եւ (կամ) սույն օրենքի 20 հոդվածով սահմանված տեղեկությունների ճշգրտումներ (ճշգրտված տեղեկություններ)» եւ «եւ (կամ) տեղեկությունները» բառերը:

Հոդված 8. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 43-րդ հոդվածի վերջին պարբերությունը:

Հոդված 9 . Օրենքի 43.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 43.1. Հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների եւ ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված այն հարկային հաշիվներում (այդ թվում` հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո դուրս գրված, սակայն այդ հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող) առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնք մինչեւ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) էլեկտրոնային ստորագրությամբ չեն վավերացվել, տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկով հաշվանցման ենթակա չեն եւ կարող են հաշվանցվել այդ հարկային հաշիվներն էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու օրն ընդգրկող հետագա հաշվետու ժամանակաշրջանի (ժամանակաշրջանների) համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկով (հաշվարկներով):»:

Հոդված 10. Օրենքի 43.2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 43.2. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի խախտմամբ հարկային հաշիվ (այդ թվում` ճշգրտող հարկային հաշիվ) դուրս գրելու դեպքում հարկային հաշիվ կամ ճշգրտող հարկային հաշիվ դուրս գրողը վճարում է տուգանք` հարկային հաշվի կամ ճշգրտող հարկային հաշվի լրիվ արժեքով հատուցման գումարի (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը) կրկնակիի չափով, բայց ոչ պակաս 5 միլիոն դրամից:»:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսված փոփոխությունները տարածվում են նաեւ մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը ներմուծված ապրանքների վրա, որոնք մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը չեն օտարվել եւ օգտագործման իրավունքով չեն հանձնվել այլ անձանց:

Անձինք առանց ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների դիմաց վճարում կատարելու ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կարող են կատարել միայն սույն օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ կետով սահմանված համապատասխան ժամկետներից հետո կատարվող ձեռքբերումների մասով, իսկ մինչեւ համապատասխան ժամկետները կատարված ձեռքբերումների մասով ԱԱՀ-ի գծով հաշվանցումները կատարվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով:

Անձինք սույն օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ կետով Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող վերջին պարբերությամբ սահմանված կանոններով ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կարող են կատարել 2015 թվականի հունվարի 1-ից հետո կատարվող գործարքների մասով:

Մինչեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ճշգրտող հարկային հաշիվների դուրս գրման կարգի ուժի մեջ մտնելը դուրս գրված հարկային հաշիվների անվավեր ճանաչման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` հարկային հաշիվների անվավեր ճանաչման կարգով:

Մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը ավարտված հաշվետու ժամանակաշրջաններում կատարված գործարքների համար դուրս գրված թղթային հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգով: