Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-628-06.10.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածում՝

1. առաջին մասի 5)-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

2. առաջին մասի 7)-րդ կետի բ. ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«բ. իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի պետական գրանցման պահին պետական գրանցման վկայականի հետ տրվող եւ իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառված էլեկտրոնային փոստը: Գրանցամատյանում պետք է նշվեն էլեկտրոնային փոստի տվյալ հասցեի վավերապայմաններին տիրապետող անձի տվյալները,»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝

1. առաջին մասում «տեքստը» բառից հետո լրացնել «էլեկտրոնային եղանակով եւ» բառերով:

2. երրորդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Հրապարակային ծանուցումը պետք է առաքվի էլեկտրոնային նամակով սույն օրենքի երկրորդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետի բ. ենթակետով սահմանված էլեկտրոնային հասցեից: Կայքը վարողը նամակը ստանալու պահից 72 ժամվա ընթացքում էլեկտրոնային եղանակով հավաստում է նամակի ստացումը:

Եթե նամակի ստացումը սույն մասով սահմանված ժամկետում չի հավաստվել կամ կայքը վարողը նամակը չի ստացել, ապա հաշվետվությունը մեկշաբաթյա ժամկետում առձեռն՝ թղթային եղանակով եւ էլեկտրոնային կրիչի վրա, ներկայացվում է կայքը վարողին:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Հաշվետվությունների տեղադրումը կայքում կատարվում է անվճար:»:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 6. Սույն օրենքը՝ բացառությամբ 2-րդ հոդվածի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում անհատական էլեկտրոնային փոստի համակարգի ներդրմանը հաջորդող ամսվա 1-ից: 
  
    

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

2012թ. Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց եւ սկսեց կիրառվել որոշ իրավաբանական անձանց, մասնավորապես՝ հիմնադրամների, կուսակցությունների, ԶԼՄ-ների, բաց բաժնետիրական ընկերությունների կողմից իրենց տարեկան հաշվետվությունները http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու ինստիտուտը, ինչը էապես բարելավեց իրավաբանական անձանց գործունեության հրապարակայնության, թափանցիկության եւ հանրային հաշվետվողականության վիճակը:

Սակայն այդ գործընթացի իրականացման տեխնիկական կողմը շարունակում է մնալ խնդրահարույց: Առկա են մի շարք թերություններ՝ մասնավորապես, թեեւ ինստիտուտը, որպես այդպիսին, ունի էլեկտրոնային ձեւաչափ, սակայն հաշվետվությունները կայքը վարողին ներկայացվում են առձեռն, իսկ դրանց տեղադրումը կայքում ժամանակատար գործընթաց է: Պրակտիկ գնահատմամբ, մեկ հաճախորդի սպասարկումը տեւում է շուրջ 25 րոպե: Այդ ժամանակահատվածի մի զգալի մասը նվիրվում է տպագրական նիշերի հաշվարկմանը եւ բանկում կամ տերմինալում վճարումներ կատարելուն, ինչը ոչ միայն հաճախորդներից ու կայքը վարողից խլում է ահռելի ժամանակ, այլեւ հանդիսանում ֆինանսական խոչընդոտ:

Առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով նախատեսվում է.

1) սահմանել, որ հաշվետվությունների ներկայացումը պետք է իրականացվի էլեկտրոնային եղանակով,

2) կանոնակարգել պաշտոնական էլեկտրոնային փոստի տրամադրումը իրավաբանական անձանց համար՝ սահմանելով, որ յուրաքանչյուր իրավաբանական անձ պետք է ունենա իր էլեկտրոնային հասցեն՝ իր վավերապայմաններով եւ անհատականացման միջոցներով,

3)  վերացնել հրապարակման վճարովի լինելը,

4) ընդլայնել հաշվետվություն հրապարակող սուբյեկտների շրջանակը՝ ընդգրկելով նաեւ հեռուստաընկերությունները, ռադիոընկերությունները եւ փակ բաժնետիրական ընկերությունները, ինչը մեծապես կբարձրացնի թափանցիկության եւ հանրային հաշվետվողականության վիճակը,

5) կայքի վարողների աշխատանքների դյուրացման նպատակով տարբեր սուբյեկտների համար սահմանել հաշվետվությունների հրապարակման տարբեր ժամկետներ: