Հոդված 1. «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-410-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 22-րդ հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Կուսակցությունը պարտավոր է օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 15-ից ոչ ուշ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած եւ ծախսած միջոցների, ինչպես նաեւ գույքի օգտագործման մասին հաշվետվություն (այսուհետ` հաշվետվություն) եւ օրենքով նախատեսված դեպքերում դրա վերաբերյալ աուդիտորական եզրակացություն:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2012թ. Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց եւ սկսեց կիրառվել որոշ իրավաբանական անձանց, մասնավորապես՝ հիմնադրամների, կուսակցությունների, ԶԼՄ-ների, բաց բաժնետիրական ընկերությունների կողմից իրենց տարեկան հաշվետվությունները http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու ինստիտուտը, ինչը էապես բարելավեց իրավաբանական անձանց գործունեության հրապարակայնության, թափանցիկության եւ հանրային հաշվետվողականության վիճակը:
Սակայն այդ գործընթացի իրականացման տեխնիկական կողմը շարունակում է մնալ խնդրահարույց: Առկա են մի շարք թերություններ՝ մասնավորապես, թեեւ ինստիտուտը, որպես այդպիսին, ունի էլեկտրոնային ձեւաչափ, սակայն հաշվետվությունները կայքը վարողին ներկայացվում են առձեռն, իսկ դրանց տեղադրումը կայքում ժամանակատար գործընթաց է: Պրակտիկ գնահատմամբ, մեկ հաճախորդի սպասարկումը տեւում է շուրջ 25 րոպե: Այդ ժամանակահատվածի մի զգալի մասը նվիրվում է տպագրական նիշերի հաշվարկմանը եւ բանկում կամ տերմինալում վճարումներ կատարելուն, ինչը ոչ միայն հաճախորդներից ու կայքը վարողից խլում է ահռելի ժամանակ, այլեւ հանդիսանում ֆինանսական խոչընդոտ:
Առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով նախատեսվում է.
1) սահմանել, որ հաշվետվությունների ներկայացումը պետք է իրականացվի էլեկտրոնային եղանակով,
2) կանոնակարգել պաշտոնական էլեկտրոնային փոստի տրամադրումը իրավաբանական անձանց համար՝ սահմանելով, որ յուրաքանչյուր իրավաբանական անձ պետք է ունենա իր էլեկտրոնային հասցեն՝ իր վավերապայմաններով եւ անհատականացման միջոցներով,
3) վերացնել հրապարակման վճարովի լինելը,
4) ընդլայնել հաշվետվություն հրապարակող սուբյեկտների շրջանակը՝ ընդգրկելով նաեւ հեռուստաընկերությունները, ռադիոընկերությունները եւ փակ բաժնետիրական ընկերությունները, ինչը մեծապես կբարձրացնի թափանցիկության եւ հանրային հաշվետվողականության վիճակը,
5) կայքի վարողների աշխատանքների դյուրացման նպատակով տարբեր սուբյեկտների համար սահմանել հաշվետվությունների հրապարակման տարբեր ժամկետներ: