Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-629-06.10.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 4-րդ մասում հանել վերջակետը:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել նոր բառերով. «եւ չունեն դատվածություն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված հանցագործությունների կատարման համար:»:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել նոր 6.1-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ. «Հայեցողական պաշտոններ կարող են զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն եւ չունեն դատվածություն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված հանցագործությունների կատարման համար:»:

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 11-րդ մասում «որոնք ունեն բարձրագույն կրթություն,» բառերից հետո հանել ստորակետը:

Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածի 11-րդ մասը «որոնք ունեն բարձրագույն կրթություն» բառերից հետո լրացնել նոր բառերով. «եւ չունեն դատվածություն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված հանցագործությունների կատարման համար,»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

Վերոնշյալ փոփոխության նպատակն է բացառել հանրային ծառայության պաշտոններում՝ քաղաքական եւ հայեցողական, դատվածություն ունեցող քաղաքացիների նշանակումը: Պետական պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր ոք պետք է իր գիտելիքներով, վարքով բարձր պահի տվյալ պետական կառույցի պատիվն ու հեղինակությունը՝ այդպիսով նպաստելով այդ կառույցի նկատմամբ հանրային վստահության մակարդակի աճին: Մյուս կողմից գաղտնիք չէ, որ անձը, որն իր կյանքի որոշակի ժամանակահատված անցկացնում է անազատության մեջ իր կատարած հանցանքի դիմաց, կալանավայրում ձեռք է բերում որոշակի նորմեր եւ վարքի ձեւեր, որոնք ընդունելի չեն հասարակական հարաբերությունների տեսանկյունից: Եվ որպեսզի Հայաստանի Հանրապետության պետական մարմինները ունենան հեղինակության եւ հանրային վստահության բարձր մակարդակ հարկ է, որ այդ մարմինները ներկայացնող թե՛ բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող, թե՛ բարձրաստիճան պաշտոնատար անձ չհանդիսացող անձինք ունենան բարձրագույն կրթություն եւ չունենան դատվածություն: Հաշվի առնելով վերոգրյալը՝ ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝

1. 4-րդ հոդվածի 4-րդ մասը, որը վերաբերում է քաղաքական պաշտոններ զբաղեցնելու իրավունք ունեցող քաղաքացիներին ներկայացվող պահանջին, լրացնել եւս մեկ պահանջով, այն է՝ դատվածություն չունենալու պահանջով: Այսինքն՝ առաջարկվում է քաղաքական պաշտոն զբաղեցնելու իրավունք տալ միայն այն քաղաքացիներին, ովքեր չունեն դատվածություն:

2. 4-րդ հոդվածը լրացնել նոր 6.1-րդ մասով, ըստ որի՝ հայեցողական պաշտոններ կարող են զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն եւ չունեն դատվածություն:

4-րդ հոդվածի 11-րդ մասը, որը վերաբերում է քաղաքացիական պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեցող քաղաքացիներին ներկայացվող պահանջին, լրացնել եւս մեկ պահանջով: Այսինքն՝ առաջարկվում է քաղաքացիական պաշտոն զբաղեցնելու իրավունք տալ միայն այն քաղաքացիներին, ովքեր չունեն դատվածություն: