Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի (այսուհետ` Օրենք) 29.1-ին հոդվածում`
1) երկրորդ պարբերության առաջին նախադասությունը «դրվել» բառից հետո լրացնել «կամ սահմանափակում կիրառվել» բառերով.
2) երկրորդ պարբերության երկրորդ նախադասության «դնում է» բառերը փոխարինել «կամ սահմանափակումը կիրառում է» բառերով.
3) երկրորդ պարբերության երկրորդ նախադասության «30.2 հոդվածով» բառերը փոխարինել «30.2 եւ 30.3 հոդվածներով» բառերով:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 30.3-րդ հոդվածով.
«Հոդված 30.3. Գույքի նկատմամբ սահմանափակում կիրառելը հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հարկ վճարողի գույքից հարկ վճարողի այլ պարտատերերի հանդեպ նախապատվության իրավունք ձեռք բերելուն ուղղված հարկային մարմնի կողմից իրականացվող գործողություն է: Սահմանափակումը կիրառվում է հարկ վճարողի շարժական գույքի նկատմամբ հարկային պարտավորությունների չափով:
Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված պարտավորության չափը հինգ հարյուր հազար կամ ավելի դրամ կազմելու դեպքում, եթե հարկային մարմնի կողմից իրականացված վարչական վարույթի ընթացքում արդեն իսկ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ հարկ վճարողը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել վարչական ակտի կատարման համար անհրաժեշտ շարժական գույքը, ապա հարկային մարմնի ղեկավարն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի հարկ վճարողի շարժական գույքի վրա սահմանափակում կիրառելու մասին հանձնարարագիր հրապարակելու:
Հարկային մարմնի կողմից գույքի սահմանափակումը կարող է կիրառվել միայն հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով: Սահմանափակումը կիրառվում է միայն այն շարժական գույքի նկատմամբ, որն անհրաժեշտ է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու համար` հարկային պարտավորությունների չափով: Սահմանափակումը կիրառվում է հարկ վճարողի գույքի վրա` անկախ այն հանգամանքից, թե ում մոտ է այն գտնվում: Սահմանափակումը չի կարող կիրառվել այն գույքի նկատմամբ, որի վրա օրենքով բռնագանձում չի կարող տարածվել:
Գույքի վրա սահմանափակում կիրառելու մասին հարկային մարմնի ղեկավարը հանձնարարագիր է հրապարակում: Հանձնարարագրում նշվում են հանձնարարագիր հրապարակող պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը, հանձնարարագրի տրման տարին, ամիսը, ամսաթիվը, սահմանափակում կիրառող մարմնի անվանումը, գույքի սահմանափակումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, հարկ վճարողի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, չկատարված պարտավորության չափը եւ սահմանափակում դնելու իրավական հիմքերը: Սահմանափակում կիրառելու հանձնարարագրի պատճենը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է հարկ վճարողին:
Հարկ վճարողի գույքի սահմանափակում իրականացնող պաշտոնատար անձը գույքի վրա սահմանափակում կիրառելու մասին հանձնարարագրի հիման վրա դրա հրապարակումից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողի գույքի վրա սահմանափակում կիրառելու մասին ընդունում է որոշում, որտեղ նշվում են որոշումն ընդունելու ամիսը, ամսաթիվը, վայրը, որոշումն ընդունած անձի պաշտոնը, անունը, ազգանունը, քննվող հարցը, չկատարված պարտավորության չափը, ընդունված որոշման հիմքերը այն օրենքների կամ այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, որոնցով որոշում ընդունող անձը ղեկավարվել է այն ընդունելիս, քննվող հարցի վերաբերյալ եզրահանգումը, եւ իրականացնում է սահմանափակման ծանուցման գրանցում՝ «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հարկ վճարողի սահմանափակում կիրառված գույքի հաշվին հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության հետ կապված եւ հարկ վճարողի այլ պարտատերերի պահանջների բավարարման հերթականությունը եւ առաջնահերթությունը որոշվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 14.1 գլխով սահմանված կարգով:
Գույքի բացակայության կամ հարկ վճարողի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում սահմանափակում իրականացնող պաշտոնատար անձը կազմում է համապատասխան արձանագրություն: Արձանագրության օրինակելի ձեւը սահմանում է հարկային մարմնի ղեկավարը:
Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության դադարման, հարկային մարմնի կողմից պարտավորությունը բռնագանձելու վերաբերյալ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն չներկայացնելու դեպքերում գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումը համարվում է ուժը կորցրած:
Գույքի նկատմամբ սահմանափակում կիրառելու մասին որոշումը կարող է բողոքարկվել գումարը գանձելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար սահմանված ժամկետում: Սահմանափակում կիրառելու մասին որոշումը դառնում է անբողոքարկելի հարկ վճարողից գումարը գանձելու վերաբերյալ որոշումն անբողոքարկելի դառնալու հետ միաժամանակ: Գույքի նկատմամբ սահմանափակում կիրառելու մասին որոշման վարչական կարգով բողոքարկումը չի կասեցնում որոշման կատարումը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հոկտեմբերի 1-ից: