Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 05-ի վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
1. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2014 թվականի հունիսի 10-ի թիվ ՀՕ-48-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում (այսուհետ՝ քրեական դատավարության օրենսգիրք) սահմանվել են վճռաբեկ դատարանի որոշումներն ուժի մեջ մտնելը կարգավորող 2 հոդված՝ 423-րդ եւ 424-րդ հոդվածները: Մինչ հիշյալ փոփոխությունները գործող խմբագրությամբ 423-րդ հոդվածը կարգավորում էր վճռաբեկ դատարանի կողմից որոշումներ կայացնելու կարգը, մինչդեռ, փոփոխություններով այդ կարգը նախատեսող նոր նորմ չսահմանելու պայմաններում դրա խմբագրությունը բովանդակային առումով ամբողջովին փոփոխվել է՝ ստեղծելով իրավական անորոշություն: Մասնավորապես, գործող կարգավորման պայմաններում քրեական դատավարության օրենսգրքով վճռաբեկ դատարանի կողմից որոշում կայացնելու կարգ նախատեսված չէ:
2. Նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց նոր վարչական դատավարության օրենսգիրք, որը բազմաթիվ դրական փոփոխություններով հանդերձ, չէր կարող զուրկ լինել թերություններից: Խոսքը մասնավորապես վերաբերում է 154-րդ հոդվածի 4-րդ մասին, ըստ որի՝ ֆիզիկական ու իրավաբանական անձինք վճռաբեկ բողոք կարող են բերել միայն փաստաբանի միջոցով։ Ընթացիկ տարվա հունիսից նույնական կարգավորում է գործում նաեւ քրեական դատավարությունում (քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մաս):
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) 18-րդ հոդվածի ուժով՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների դատական, ինչպես նաեւ պետական այլ մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի դատական պաշտպանության իրավունքն իրականացնելու ինչպես իր ներկայացուցչի կամ պաշտպանի միջոցով, այնպես էլ անձամբ։ Այս դրույթը կոչված է ապահովելու Հայաստանի Հանրապետության կողմից միջազգայնորեն ստանձնված պարտավորությունը. մասնավորապես` «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով՝ քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք, ի թիվս այլնի, իրավունք ունի պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով կամ, եթե նա բավարար միջոցներ չունի դատապաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար, ունենալու անվճար նշանակված դատապաշտպան, երբ դա պահանջում են արդարադատության շահերը:
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ վարչական դատավարության օրենսգիրք) 154-րդ հոդվածի 4-րդ մասը եւ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասը հակասության մեջ են գտնվում Սահմանադրության 18-20-րդ հոդվածների եւ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետի հետ, քանի որ բացառում են քրեական ու վարչական գործերով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից իրենց անունից անձամբ վճռաբեկ բողոք բերելու հնարավորությունը: Ընդ որում, եթե քրեական գործերով անձամբ (անգլ.՝ in person) քրեական մեղադրանքից պաշտպանվելու հնարավորությունը բառացի է նշվում Կոնվենցիայում, ապա վարչական գործերի մասով անհրաժեշտ է բացահայտել նախադեպային իրավունքը:
Վարչական դատավարության կարգով քննվող` անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերի մի ստվար զանգված համապատասխանում են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի «քրեական մեղադրանք» հասկացությանը: «Պայքար եւ Հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի 2007թ. դեկտեմբերի 20-ի վճռում Մարդու իրավունքների եվրոպական Դատարանը (այսուհետ՝ Եվրոպական Դատարան) մեկ անգամ եւս նշել է, որ «քրեական մեղադրանք» հասկացությունը 6-րդ հոդվածի իմաստով ինքնավար բնույթ ունի: Որոշելիս, թե արդյոք հանցանքը որակվում է «քրեական», պետք է կիրառվեն երեք չափանիշ` հանցանքի իրավական դասակարգումը ներպետական օրենսդրությունում, հանցանքի բնույթը եւ հնարավոր պատժի խստության աստիճանը (Էնգելն ու այլոք ընդդեմ Նիդեռլանդների (Engel and others v. the Netherlands), 1976թ. հունիսի 08-ի վճիռը, Սերիա Ա, թիվ 22, էջեր 34-35, « 82, Օզթյուրքն ընդդեմ Գերմանիայի (ՃztՖrk v. Germany), 1984թ. փետրվարի 21-ի վճիռը, Սերիա Ա, թիվ 73, էջ 18, « 50, Էզեհն ու Քոնորզն ընդդեմ Միացյալ Թագավորության (Ezeh and Connors v. the Սnited Kingdom) [GC], թիվ 39665/98 եւ 40086/98, « 82, ECHR 2003-X): Նշված երեք չափանիշներից վերջին երկուսն այլընտրանքային են, ոչ թե գումարային, ինչի մասին Եվրոպական Դատարանը կրկին հիշեցրել է «Պայքար եւ Հաղթանակ» ՍՊԸ-ի գործով վճռում. մասնավորապես՝ երկրորդ եւ երրորդ չափանիշներն այլընտրանքային են եւ ոչ անհրաժեշտաբար միասնական. «քրեական մեղադրանք» բառերի միջոցով 6-րդ հոդվածը կիրառելու համար բավարար է, որ տվյալ հանցանքն իր բնույթով լինի «քրեական» Կոնվենցիայի իմաստով կամ համապատասխան անձը դատապարտված լինի պատժի, որն իր բնույթով եւ խստության աստիճանով, ընդհանուր առմամբ, պատկանում է քրեական ոլորտին (Յանոշեվիչն ընդդեմ Շվեդիայի (Janosevic v. Sweden), « 67): Հարկային վեճերի կամ այլ դեպքերում պատժի ցածր աստիճանը որոշիչ չէ քրեական բնույթ ունեցող հանցանքը 6-րդ հոդվածի շրջանակից դուրս բերելու համար (Յուսիլան ընդդեմ Ֆինլանդիայի (Jussila v. Finland), « 35, որտեղ Եվրոպական Դատարանը գտել է, որ 6-րդ հոդվածը կիրառելի է նույնիսկ այն դեպքում, երբ նշանակված տույժը հավասար է եղել հարկային պարտավորության միայն 10 տոկոսին):
«Պայքար եւ Հաղթանակ» ՍՊԸ-ի գործով վճռում Եվրոպական Դատարանն անդրադառնալով երկրորդ չափանիշին, նշել է հետեւյալը. «35. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան դրույթները կիրառելի են բոլոր անձանց նկատմամբ` եւ ՛ֆիզիկական, եւ ՛իրավաբանական, որոնք պարտավոր են հարկ վճարել եւ ուղղված չեն որոշակի խմբին: Բացի այդ, տույժերի ու տուգանքների նպատակը հարկատուի վարքագծի արդյունքում հնարավոր առաջացած ծախսերի նյութական հատուցումը չէ: Այս միջոցառումների նպատակը հարկատուների նկատմամբ ճնշում գործադրելն է, որպեսզի վերջիններս կատարեն իրենց իրավական պարտավորությունները եւ այդ պարտավորությունները խախտելու համար նրանց պատժելը: Այսպիսով` պատժամիջոցները եւ ՛կանխարգելիչ են, եւ ՛պատժիչ:
36. Դատարանը գտնում է, որ վերը նշվածը բավարար է իրավախախտման քրեական բնույթը հաստատելու համար: Այնուամենայնիվ պետք է նաեւ նշել, որ տվյալ դեպքում դիմումատու ընկերության նկատմամբ նշանակվել էին բավական զգալի պատժամիջոցներ` տուգանքներ 10-50 տոկոսի սահմաններում եւ տույժեր վճարման ուշացման ժամանակահատվածի համար ընդհանուր իրար հետ մոտավորապես հարկային պարտավորության գումարի 5-43 տոկոսի չափով:
37. Վերոգրյալի լույսի ներքո Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուի մասնակցությամբ դատավարությունը կարող է դասակարգվել որպես «քրեական» Կոնվենցիայի իմաստով: Հետեւաբար 6-րդ հոդվածը կիրառելի է»:
Ուստի` վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերը բազմաթիվ դեպքերում համապատասխանում են «քրեական մեղադրանք» հասկացությանը, եւ Հայաստանը պարտավորվել է նման պատասխանատվության ռիսկի ենթակա անձանց Սահմանադրությամբ եւ Կոնվենցիայով երաշխավորել ու ապահովել դատական պաշտպանության իրավունքն անձամբ իրականացնելու իրավունքը:
3. Դեռեւս 2008թ. հոկտեմբերի 08-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն (այսուհետ՝ Սահմանադրական դատարան) իր ՍԴՈ-765 թվակիր որոշմամբ նշել է հետեւյալը. «16. Սահմանադրական դատարանը՝ հաշվի առնելով, որ հավատարմագրված փաստաբանների եւ մյուս փաստաբանների միջեւ մասնագիտական պատրաստվածության եւ փորձառության հարցում չկա որեւէ տարբերություն, որ օրենսդրությունը վճռաբեկ դատարան դիմելիս հստակորեն չի երաշխավորում անվճար իրավաբանական օգնությունից օգտվելու հնարավորությունը, որ նույնիսկ հավատարմագրված փաստաբանների կողմից կազմված բողոքների գերակշիռ մեծամասնությունը քննության չի ընդունվում վճռաբեկ դատարանում, ինչպես նաեւ նկատի ունենալով հավատարմագրված փաստաբանների սեղմ թվաքանակն ու նրանց գործունեության ձեռնարկատիրական բնույթով պայմանավորված՝ վճռաբեկ բողոք կազմելուց հրաժարվելու ազատությունը, գտնում է, որ արդարացի հավասարակշռությունը ՀՀ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների միջոցով վճռաբեկ դատարան ներկայացնելու պահանջի եւ դրանով հետապնդվող նպատակի միջեւ, այն է՝ ապահովել որակյալ վճռաբեկ բողոքների կազմումը, խախտված է այնքան, որ խաթարվել է վճռաբեկ դատարանի մատչելիության իրավունքի էությունը:
Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանի միջոցով վճռաբեկ դատարան դիմելու պարտադիր պահանջով վճռաբեկ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը համաչափ չէ իր նպատակին, քանի որ նման սահմանափակումը թույլ չի տալիս արդյունավետորեն եւ անարգել իրացնել անձի արդար դատաքննության իրավունքը»:
Նույն որոշման մեջ հավատարմագրված փաստաբանի միջոցով վճռաբեկ դատարան դիմելու պարտադիր պահանջի ազդեցությունը վճռաբեկ դատարանի մատչելիության իրավունքի վրա գնահատելիս` կարեւորվել է նաեւ այն խնդիրը, թե արդյոք գործող օրենսդրությունն ապահովում է վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների կողմից անվճար հիմունքներով իրավաբանական օգնության տրամադրման իրավական հնարավորությունը: Այնուհետեւ արձանագրել է հետեւյալը. « ո՛չ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը, ո՛չ էլ ՀՀ քրեական եւ քաղաքացիական դատավարության օրենսգրքերը չեն նախատեսում վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների կողմից անվճար հիմունքներով իրավաբանական օգնության տրամադրում, այն է՝ վճռաբեկ բողոք կազմելու իրավական հնարավորություն»:
Ելնելով վերոհիշյալից` Սահմանադրական դատարանը գտել է, որ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների կողմից անվճար հիմունքներով իրավաբանական օգնության տրամադրման կարգ եւ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների կողմից անվճար հիմունքներով երաշխավորված իրավաբանական օգնության տրամադրման որեւէ մեխանիզմ չնախատեսելու պայմաններում՝ հավատարմագրված փաստաբանների գոյությունն անհամաչափորեն սահմանափակում է վճռաբեկ դատարանի մատչելիության իրավունքը՝ այդ դատարանում իրավունքների պաշտպանությունից օգտվելու դատավարության մասնակցի հնարավորությունը գործնականում պայմանավորելով նրա ֆինանսական հնարավորություններով:
Սահմանադրական դատարանը հարկ է համարել նաեւ ընդգծել հետեւյալը. « ՀՀ Սահմանադրության 20 հոդվածի 1-ին մասի ընկալմամբ՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը ներառում է, նախ՝ որակյալ իրավաբանական ծառայություն ստանալու հնարավորությունը, երկրորդ՝ պետության պարտավորությունը՝ որակյալ իրավաբանական օգնություն ստանալու հնարավորություն ապահովելու բոլոր նրանց համար, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն ստանալ այդպիսի օգնություն: Պետության նշված պարտավորությունը ենթադրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ անհրաժեշտ է փաստաբանի պարտադիր ներկայացուցչություն կամ այն բխում է դատավարության շահերից, յուրաքանչյուր կարիքավոր պետք է իրավունք ունենա ստանալու իրավաբանական որակյալ օգնություն: Դա բխում է արդարադատության իրականացման բնագավառում իրավաբանական ծառայության մատուցման եվրոպական փորձից, ինչպես նաեւ իրավաբանների եւ իրավաբանական ծառայության մատչելիության վերաբերյալ ՄԱԿ-ի շրջանակներում ընդունված սկզբունքներից»:
Փաստ է, որ օրենսդրությունը վարչական գործերով փաստաբանի ծառայությունից օգտվելու հնարավորություն՝ անկախ ֆինանսական հնարավորություններից, չի երաշխավորում:
Խնդրո առարկա հոդվածում, իհարկե, ձեւակերպումն այլ է, սակայն փաստացի, վերադարձ ենք կատարում նախկին հակասահմանադրական ճանաչված վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանի միջոցով վճռաբեկ դատարան դիմելու ինստիտուտին:
4. Վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը չի համապատասխանում նաեւ Սահմանադրության 14.1-րդ եւ Կոնվենցիայի 14-րդ հոդվածներին, քանի որ վարչական մարմիններին հնարավորություն է ընձեռում վճռաբեկ բողոք բերել` առանց այն սահմանափակման, ինչ նախատեսված է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար:
Եթե ենթադրենք, որ խնդրո առարկա հոդվածով վարչական մարմինների եւ մասնավոր անձանց միջեւ վճռաբեկ բողոք բերելու մասով խտրականության սահմանման նպատակը դատարան ներկայացվող դիմումի որակի բարձր լինելն է, ապա առկա իրավակարգավորումը կարող է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ վարչական մարմնի անունից վճռաբեկ բողոքը հեղինակի (բերի)` անգամ իրավաբանական կրթություն չունեցող անձը եւ Վճռաբեկ դատարանի կողմից դա չի դիտվի անընդունելի, սակայն անձանց անունից ներկայացված վճռաբեկ բողոքը, որ հեղինակել է իրավաբանական գիտությունների դոկտորը կամ պաշտոնաթող դատավորը կամ փաստաբանների դպրոցի դասախոսը` գնահատվի որպես «սխալ», միայն այն պատճառով, որ բողոքի հեղինակը Փաստաբանների պալատի անդամ չէ եւ չունի փաստաբանական գործունեության արտոնագիր:
Օրենսգրքում նման խտրական մոտեցման դրդապատճառները, օբյեկտիվության եւ ողջամտության հիմքերը, միջոցի եւ հետապնդվող նպատակի միջեւ ողջամիտ հարաբերակցությունը բացակայում են:
«93. Ինչպես հիմնավորապես սահմանված է Դատարանի նախադեպային իրավունքում, վերաբերմունքի տարբերությունը խտրականություն է համարվում 14-րդ հոդվածի նպատակների համար, եթե այն չունի որեւէ օբյեկտիվ եւ ողջամիտ արդարացում, այն է՝ եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, կամ եթե կիրառվող միջոցների եւ հետապնդվող նպատակի միջեւ չկա համամասնության ողջամիտ հարաբերակցություն (Սահինն ընդդեմ Գերմանիայի (Sahin v. Germany), 2003թ. հուլիսի 08-ի վճիռը)»:
Ավելին՝ ներկայիս սոցիալական պայմաններում քաղաքացիների մի ստվար զանգված փաստաբան վարձելու հնարավորություն չունի իր շահերը դատարանում պատշաճ ներկայացնելու համար, ինչը նշանակում է, որ շատերը զրկված են վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունքից ու հնարավորությունից: Եթե փաստաբանների միջոցով բողոք ներկայացնելու օրենսդրական պահանջի միջոցով հետապնդվող նպատակը` որակյալ բողոքների կազմումն է, ապա փաստաբանների միջոցով բողոք ներկայացնելու պահանջի եւ դրանով հետապնդվող նպատակի միջեւ արդարացի հավասարակշռությունը խնդրո առարկա նորմով խախտված է այնքան, որ խաթարում է դատարանի մատչելիության իրավունքի էությունը:
Դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի իրական եւ ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները եւ ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա. տվյալ դեպքում վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված սահմանափակումը ողջամիտ չէ եւ անձի` դատարանի դիմելու իրավունքը դարձնում է տեսական, ձեւական, վերացական ու պատրանքային:
Ներկայացված նախագծով վերոնշյալ օրենսդրական բացերը շտկվում են:
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ու «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ու «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: