Հոդված 1. Աշխատանքային օրենսգրքի /այսուհետ օրենսգիրք/ 38-րդ հոդվածի `
1) 1-ին մասում «դատարանը» բառից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն «կամ գործատուի եւ արհեստակցական կազմակերպության կողմից հավասար թվով ներկայացուցիչներից ստեղծված աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովը »:
2) 3-րդ մասի 5-րդ կետի «դատարանի» բառից հետո լրացնել «կամ աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովի» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետում «գործատուների հանրապետական միությունը» բառերից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասությունները.
« , որոնք գործում են հանրապետական եռակողմ պայմանագրի հիման վրա: Պայմանագրի գործողության ընթացքում գործընկերության կողմերը ստեղծում են Հանրապետական եռակողմ հանձնաժողով՝ յուրաքանչյուր կողմից հավասար քանակով իրավահավասար անդամներով: Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստերը ռոտացիոն կարգով նախագահում են սոցիալական գործընկերության կողմերը: Եռակողմ հանձնաժողովի հավանությանն արժանացած նորմատիվ իրավական ակտերի նախագծերն առանց հետագա փոփոխությունների ներկայացվում են դրանք ընդունող մարմնին»:
Հոդված 3. Օրենսգրքի 45-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 2-րդ նախադասության մեջ «կառավարության» բառից հետո ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասություն՝
«կամ Հայաստանի գործատուների հանրապետական միության կամ Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի »:
2) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ `
«Կողմերը պարտավոր են ոչ ուշ, քան տասնհինգօրյա ժամկետում ապահովել կոլեկտիվ բանակցությունների վարումը արհեստակցական միության հետ»:
3) 5- րդ մասում «տասնհինգ» բառը փոխարինել «տասը» բառով:
Հոդված 4. Օրենսգրքի 113-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ՝
4. Գ ործատուն կարող է աշխատողին կարգապահական տույժի ենթարկել, ընդհուպ մինչեւ աշխատանքային պայմանագիրը լուծելը՝ ի գիտություն ընդունելով արհեստակցական միության գրավոր դիրքորոշումը:
Հոդված 5. Օրենսգրքի 119-րդ հոդվածում՝
1) 1-ին եւ 2-րդ մասերի «աշխատանքի պետական տեսուչ» բառերը փոխարինել «լիազոր մարմին» բառերով,
2) 2-րդ մասի առաջին նախադասության «լիազոր մարմնին» բառից հետո ավելացնել «եւ արհեստակցական միության համապատասխան ղեկավար մարմնին» բառերը,
3) 2-րդ մասի վերջին նախադասությունը ուժը կորցրած ճանաչել,
4) 3-րդ մասի վերջին նախադասությունը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասում «ներկայացուցիչը» բառից հետո լրացնել «համաձայնեցնելով աշխատողների ներկայացուցչական մարմնի հետ» բառերը:
Հոդված 7. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 263-րդ հոդվածում.
1) վերնագրում «աշխատանքային» բառից առաջ լրացնել «Անհատական» բառը
2) 263-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝
«Անհատական աշխատանքային վեճը աշխատողի եւ գործատուի միջեւ տարաձայնությունն է` կապված աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող օրենքների եւ այլ իրավական ակտերի, կոլեկտիվ պայմանագրերի, աշխատանքային պայմանագրի (այդ թվում անհատական աշխատանքային պայմանների փոփոխման կամ սահմանման) հետ, ինչի մասին դիմում է ներկայացվել վեճեր քննող մարմիններին»:
Հոդված 8. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 264-րդ հոդվածում.
1) վերնագրի «աշխատանքային» բառից առաջ ավելացնել «անհատական» բառը, իսկ «մարմին» բառը փոխարինել «մարմիններ» բառով:
2) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ՝
«Անհատական աշխատանքային վեճերը քննում են անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովները` սույն օրենսգրքով սահմանված կարգով, եւ դատարանները` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով»:
Հոդված 9. ՀՀ աշխատանքային օրենսգիրքը լրացնել նոր՝ 267-րդ հովածով հետեւյալ բովանդակությամբ.
Հոդված 267. Անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովի իրավասությունը
1. Անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովը կազմակերպություններում առաջացած անհատական աշխատանքային վեճեր քննող սկզբնական մարմինն է, բացառությամբ այն վեճերի, որոնց քննարկման վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ այլ կարգ է սահմանված:
2. Անհատական աշխատանքային վեճը քննարկվում է անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովի կողմից, եթե աշխատողը կամ գործատուն անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով անմիջական բանակցություններով չեն կարողացել կարգավորել առաջացած տարաձայնությունները:
Հոդված 10. ՀՀ աշխատանքային օրենսգիրքը լրացնել նոր՝ 268-րդ հովածով հետեւյալ բովանդակությամբ.
Հոդված 268. Անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովի ձեւավորումը
1. Անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովը ձեւավորվում է կազմակերպության աշխատողների (աշխատողների ներկայացուցչական մարմնի) նախաձեռնությամբ եւ (կամ) գործատուի նախաձեռնությամբ կողմերի հավասար թվով ներկայացուցիչներից: Գործատուն կամ աշխատողների ներկայացուցչական մարմինը անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկություն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում իր ներկայացուցիչներին առաջարկում է վեճեր քննող հանձնաժողովում:
2. Գործատուի ներկայացուցիչներն անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովում նշանակվում են կազմակերպության ղեկավարի անհատական իրավական ակտով:
3. Անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովում աշխատողների ներկայացուցիչները ընտրվում են ընդհանուր ժողովի կամ ներկայացուցչական մարմնի կողմից:
4. Գործատուն ապահովում է կազմակերպության անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովի կազմակերպա-տեխնիկական գործունեության կազմակերպումը:
5. Հանձնաժողովը յուրաքանչյուր նիստում իր կազմից ընտրում է նախագահ եւ քարտուղար: Յուրաքանչյուր նիստում նախագահի եւ քարտուղարի պարտականությունները կողմերն իրականացնում են ռոտացիոն կարգով:
Հոդված 11. ՀՀ աշխատանքային օրենսգիրքը լրացնել նոր՝ 269-րդ հովածով հետեւյալ բովանդակությամբ.
Հոդված 269. Անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովին դիմելու ժամկետը
Անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովին կարող են դիմել եւ աշխատողը եւ գործատուն` աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերի, կանոնների, կանոնադրությունների եւ հրահանգների պահանջները խախտելու մասին իմանալու օրվանից հաշված մեկ ամսվա ընթացքում: Այդ ժամկետը հարգելի պատճառով բաց թողնելու դեպքում հանձնաժողովը այն կարող է վերականգնել:
Հոդված 12. ՀՀ աշխատանքային օրենսգիրքը լրացնել նոր՝ 270-րդ հովածով հետեւյալ բովանդակությամբ.
Հոդված 270. Անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովի կողմից անհատական աշխատանքային վեճի քննարկման կարգը
1. Անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովին ներկայացված դիմումը գրանցվում է հանձնաժողովի կողմից:
2. Անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովը անհատական աշխատանքային վեճը քննարկում է դիմումը ստանալու օրվանից տասն օրացուցային օրվա ընթացքում:
3. Վեճը քննարկվում է դիմումը ներկայացրած կողմի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ: Կողմի կամ նրա ներկայացուցչի բացակայությամբ դիմումը քննարկվում է միայն դիմողի գրավոր համաձայնության դեպքում:
4. Կողմի կամ նրա ներկայացուցչի նիստին չներկայանալու դեպքում նիստը հետաձգվում է: Երկրորդ անգամ անհարգելի պատճառով չներկայանալու դեպքում հանձնաժողովը որոշում է կայացնում հարցը քննարկումից հանելու մասին, ինչը կողմին չի զրկում սույն օրենսգրքի 269-րդ հոդվածով սահմանված ժամկետում նորից դիմում ներկայացնել աշխատանքային վեճի քննարկման համար:
5. Անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովի կողմերը նիստին կարող են հրավիրել վկաներ եւ մասնագետներ:
6. Անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովի կողմի պահանջով գործատուն կամ նրա ներկաացուցիչը հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում պարտավոր է տրամադրել համապատասխան փաստաթղթեր:
7. Անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովի նիստը իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի կազմում առաջադրված յուրաքանչյուր կողմի ներկայացուցիչների ոչ պակաս, քան կեսը:
8. Անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովի նիստը արձանագրվում է: Արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի կողմից, իսկ նրանց բացակայության դեպքում նիստին ներկա գտնվող հանձնաժողովի անդամների կողմից:
9. Նախագահի եւ քարտուղարի պարտականությունները անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովի յուրաքանչյուր նիստում ռոտացիոն կարգով կատարում են աշխատողների եւ գործատուի ներկայացուցիչները, ընդ որում նախագահի եւ քարտուղարի պարտականությունները միեւնույն նիստում չեն կարող կատարել միեւնույն կողմի ներկայացուցիչները:
Հոդված 13. ՀՀ աշխատանքային օրենսգիրքը լրացնել նոր՝ 271-րդ հովածով հետեւյալ բովանդակությամբ.
Հոդված 271. Անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովի որոշում կայացնելու կարգը
Անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովը քննարկվող հարցի վերաբերյալ գաղտնի քվեարկությամբ որոշում է կայացնում նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է:
Հոդված 14. ՀՀ աշխատանքային օրենսգիրքը լրացնել նոր՝ 272-րդ հովածով հետեւյալ բովանդակությամբ.
Հոդված 272. Անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովի որոշման բովանդակությունը
1. Անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովի որոշման մեջ նշվում է.
ա. կազմակերպության անվանումը, կամ գործատուի անունը, ազգանունը, հայրանունը,
բ. հանձնաժողովին դիմելու եւ քննարկելու ժամկետները,
գ. նիստին ներկա անդամների անունը, ազգանունը, հայրանունը,
դ. առկա վեճը եւ դրա հիմնավորումը (օրենքի եւ այլ իրավական ակտերի հղումով),
ե. քվեարկության արդյունքները:
2. Որոշումը կայացնելուց հետո, երեք օրվա ընթացքում կողմերին հանձնվում է հանձնաժողովի որոշումը:
Հոդված 15. ՀՀ աշխատանքային օրենսգիրքը լրացնել նոր՝ 273-րդ հովածով հետեւյալ բովանդակությամբ.
Հոդված 273. Անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովի որոշման կատարումը
1. Անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովի որոշումը գործողության մեջ է մտնում բողոքարկման համար նախատեսված տասնօրյա ժամկետը լրանալուց հետո: Սահմանված ժամկետում հանձնաժողովի որոշումը չկատարելու դեպքում, հանձնաժողովը աշխատողի դիմումի հիման վրա տալիս է կատարողական թերթիկի ուժ ունեցող վկայական:
2. Վկայական ստանալու համար աշխատողը կարող է դիմել հանձնաժողովին մեկ ամսվա ընթացքում անհատական աշխատանքային վեճերի հանձնաժողովի որոշումը գործողության մեջ մտնելու օրվանից հաշված: Վկայականի ձեւը հաստատում է ՀՀ կառավարությունը:
3. Հարգելի պատճառով աշխատողի կողմից նշված ժամկետը բաց թողնելու դեպքում հանձնաժողովը կարող է վերականգնել այդ ժամկետը:
4. Վկայական չի տրվում, եթե կողմերից մեկը սահմանված ժամկետում աշխատանքային վեճը քննելու համար դիմում է ներկայացրել դատարան:
5. Հանձնաժողովի կողմից տրված վկայականի ստացման օրվանից սկսած երեք ամսվա ընթացքում վկայականը դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը ներկայացնելու դեպքում հանձնաժողովի որոշումը հարկադիր կարգով ի կատար է ածվում:
Հոդված 16. ՀՀ աշխատանքային օրենսգիրքը լրացնել նոր՝ 274-րդ հովածով հետեւյալ բովանդակությամբ.
Հոդված 274. Անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովի որոշման բողոքարկումը դատական կարգով
Անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովի որոշումը դատական կարգով կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
Հոդված 17. ՀՀ աշխատանքային օրենսգիրքը լրացնել նոր՝ 275-րդ հովածով հետեւյալ բովանդակությամբ.
Հոդված 275. Անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովի կողմից քննարկվող հարցերը
Անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովը քննում է այն վեճերը, որոնք վերաբերում են`
1. այլ աշխատանքի փոխադրելուն եւ փոխադրման դեպքում աշխատանքի վարձատրությանը,
2. աշխատանքային պայմանագրի դադարեցմանը` բացառությամբ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքերի.
3. աշխատանքի վարձատրությանը` արտադրանքի նորմերը չկատարելու, պարապուրդի եւ խոտանի դեպքերում,
4. արտաժամյա եւ գիշերային աշխատանքների վարձատրությանը, հանգստյան եւ տոնական օրերին կատարած աշխատանքի փոխհատուցմանը.
5. աշխատանքի վարձատրությանը` տարբեր որակավորման աշխատանքներ կատարելու, աշխատանքի ծավալների մեծացման դեպքերում.
6. փոխհատուցումների վճարմանը` գործուղումների, այլ աշխատանքի փոխադրման, ընդունման եւ այլ վայր աշխատանքի ուղարկելու դեպքերում,
7. արձակման նպաստի վճարմանը,
8. աշխատավարձի վճարմանը հարկադիր պարապուրդի դեպքում,
9. դրամական այն միջոցների վերադարձմանը, որոնք աշխատավարձից պահվել են ի կատարումն կազմակերպությանը (գործատուին) պատճառած վնասի,
10. աշխատողին հասանելիք այն դրամական պարգեւը ստանալու իրավունքին եւ չափին, որը նախատեսված է աշխատանքի վարձատրության համակարգով.
11. սահմանված կարգով ամենամյա արձակուրդ տրամադրելուն, արձակուրդի վարձատրությանը եւ աշխատանքից ազատելու դեպքում չօգտագործված արձակուրդի դիմաց դրամական փոխհատուցման վճարմանը.
12. կարգապահական տույժերի նշանակմանը,
13. արտահագուստ, անհատական պաշտպանության միջոցներ հատկացնելուն եւ օգտագործելուն,
14. անհատական աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովները քննարկում են նաեւ այլ աշխատանքային վեճեր, որոնք կապված են կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերի, կանոնների, կանոնադրությունների եւ հրահանգների կիրառության հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող երրորդ ամսից: