Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-322-09.06.2004-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (23 հոկտեմբերի 1995 թվականի, ՀՕ-13, այսուհետ` օրենք)6-րդ հոդվածի 3-րդ կետում, 7-րդ հոդվածի 3-րդ կետում եւ 8-րդ հոդվածի 3-րդ կետում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի հինգերորդ մասից եւ 14-րդ հոդվածի չորորդ մասից հետո լրացնել նոր մաս հետեւյալ բովանդակությամբ.

«Արգելվում է թեկնածուների մերժումը նրանց ազգային, ռասայական, սեռական պատկանելիության, դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների, սոցիալական ծագման, գույքային կամ այլ դրության պատճառով»:

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի երկրորդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի առաջին մասում «սույն հոդվածով» բառերը փոխարինել ««Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածով» բառերով:

Նույն հոդվածի երրորդ մասում «Վերաքննիչ, տնտեսական եւ առաջին ատյանի դատարանների դատավորների» բառերը փոխարինել «Դատավորի» բառով:

Նույն հոդվածի երկրորդ, չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ մասերը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

««Արդարադատության խորհրդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթի ընդունման

««Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, սույն օրենքների նախագծերի ընդունմամբ հստակություն կմտցվի դատավորի լիազորությունների դադարման հիմքերի, նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի, կարգապահական տույժերի տեսակների սահմանման հարցում, կլուծվի տարբեր օրենքներում նույն դրույթների կրկնության հարցը:

Նշված օրենքների նախագծերը մշակվել են` հաշվի առնելով «Արդարադատության խորհրդի մասին», «Դատավորի կարգավիճակի մասին» եւ «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի փորձագետներ պրն Պիեր Կորնուի, պրն Հարալդ Էփընիզի եւ պրն Ջիակոմո Օբերտոյի արած փորձաքննությունների արդյունքները, ինչպես նաեւ ՀՀ շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների դիտողություններն ու առաջարկությունները: