Armenian ARMSCII Armenian
Կ-3221-09.06.2004-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 հունիսի 1998 թվականի, ՀՕ-230, այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասը «օրենքով» բառից առաջ լրացնել «քրեական» բառով:

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում «կառավարությունը» բառը փոխարինել «վճռաբեկ դատարանի նախագահը» բառերով:

Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 4-րդ կետի «չորս ամիս» բառերը փոխարինել «մեկ տարի» բառերով.

2) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) նրա նկատմամբ մեկ տարվա ընթացքում երեք կամ ավելի անգամ կիրառվել է կարգապահական տույժ.».

3) 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7) նա թույլ է տվել «Դատավորի վարքագծի կանոնագրքի» կանոնների այնպիսի խախտում, որն անհամատեղելի է դատավորի կոչման հետ.»:

Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերն են`

1) արդարադատություն իրականացնելիս օրենքի խախտում թույլ տալը.

2) արդարադատություն չիրականացնելը.

3) օրենքով նախատեսված դեպքերում ինքնաբացարկ չհայտնելը կամ անհիմն ինքնաբացարկ, բացարկ ընդունելը.

4) դատավորների խորհրդակցության եւ քվեարկության գաղտնիքը կամ օրենքով պաշտպանվող գաղտնիքը հրապարակելը.

5) այլ դատավորի կողմից արդարադատության իրականացմանը միջամտելը.

6) ցանկացած այլ հրապարակային վարքագիծ, որը վարկաբեկում է դատական իշխանության հեղինակությունը.

7) դատարանում քննվող գործով կողմերին իրավաբանական բնույթի խորհրդատվություն տալը.

8) անհարգելի պատճառով երեք եւ ավելի օր անընդմեջ աշխատանքի չներկայանալը.

9) պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս մարդկանց նկատմամբ բարեկիրթ չլինելը:»:

Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը քննելիս արդարադատության խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել հետեւյալ կարգապահական տույժերը.

1) դիտողություն.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: