Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-638-15.10.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-128-Ն օրենքի 10-րդ հոդվածի վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Օրենքի 12-րդ հոդվածով սահմանված` ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը չի տարածվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ 2015 թվականի փետրվարի 1-ը ընկած ժամանակահատվածում որեւէ օրվա դրությամբ առկա ապրանքային մնացորդի վրա, որի մասին հարկ վճարողները մինչեւ 2015 թվականի փետրվարի 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձեւի տեղեկանք:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը եւ տարածվում է 2014 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա:

Հիմնավորում

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը. Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է ս.թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված` «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-128-Ն օրենքի կիրառության անցումային դրույթների գործողության ժամկետը երկարացնելու նպատակադրումից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. Ս.թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված` «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-128-Ն օրենքի 10-րդ հոդվածի վերջին պարբերության համաձայն, օրենքի 12-րդ հոդվածով սահմանված` ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը չի տարածվում մինչեւ 2014 թվականի հոկտեմբերի 1-ը ձեռք բերված եւ 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ առկա ապրանքային մնացորդի վրա, որի մասին հարկ վճարողները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձեւի տեղեկանք:

Խնդիրը կայանում է նրանում, որ փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում, պարզվել է, որ շրջանառության հարկ վճարողների շրջանում պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք հիմնականում պայմանավորված են մինչեւ պարտադիր փաստաթղթավորման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրումը 10-օրյա ժամկետում ավարտելու օրենսդրական պահանջով: Մասնավորապես, առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող հարկ վճարողները դժվարանում են վերոնշյալ անցումային ժամանակահատվածում հաշվառել իրենց ապրանքային մնացորդները եւ համապատասխան տեղեկատվություն ներկայացնել հարկային մարմիններին, ինչը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների մոտ առկա ապրանքային մնացորդների ծավալներով, ինչպես նաեւ ապրանքային մնացորդների ձեւանմուշի լրացման հմտությունների պակասով:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների համար հարկային բեռի իջեցմանը եւ զուգահեռաբար` տնտեսությունում կատարվող գործարքների փաստաթղթավորման խնդրի լուծմանը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը. Նախագծի կարգավորման նպատակը առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների համար իրենց ապրանքային մնացորդների մասով հարկային մարմնին տեղեկություններ ներկայացնելու առավել երկար ժամկետների սահմանումն է:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների համար իրենց ապրանքային մնացորդների մասով հարկային մարմնին տեղեկություններ ներկայացնելու առավել հարմար պայմաններ ստեղծել: