Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-637-15.10.2014-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում «եւ բնապահպանական» բառերը փոխարինել « բնապահպանական եւ սանիտարական» բառերով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 4. Պետական լիազոր մարմինը

1. Պետական լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր մարմին) հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում իրականացնում է հետեւյալ լիազորությունները`

1) մշակում է բնագավառի պետական քաղաքականությունը.

2) անցկացնում է գերեզմանատների տարածքների մշտադիտարկումը.

3) առաջարկություններ է ներկայացնում գերեզմանատների զբաղեցրած հողերի իրավական հատուկ ռեժիմի եւ օգտագործման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ.

4) համակարգում է գերեզմանատների զբաղեցրած հողերի օգտագործման սխեմաների մշակման, դրանց սահմանների փոփոխման, նոր գերեզմանատների կազմակերպման  գործընթացները.

5) վերահսկողություն է իրականացնում հուղարկավորությունների եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ:

2. Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինները իրականացնում են սույն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով վերապահված լիազորություններ»:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասում «համար» բառից հետո լրացնել «անվճար»բառը:

Հոդված 4 . Օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասում ավելացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ. «Դիահերձումը պետության կողմից երաշխավորված անվճար բուժծառայություն է»:

Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ մասով.

«3. Համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող վարձակալությամբ տրամադրված գերեզմանատներում, հուղարկավորության կազմակերպման առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

Հոդված 6. Օրենքը լրացնել նոր 19.1-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

Հոդված 19.1 Վարձակալությամբ տրամադրված  գերեզմանատների կազմակերպման եւ գործունեության սկզբունքները

1.  Վարձակալությամբ տրամադրված  գերեզմանատները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Վարձակալությամբ տրամադրված  գերեզմանատների կազմակերպման համար հողատարածքները տրամադրվում են հողատարածքի վարձակալության պայմանագրի հիման վրա, որը պետք է պարունակի հետեւյալ պարտադիր պայմանները`

1) հողատարածքը վարձակալության հանձնելը 49 տարի ժամկետով.

2) հողատարածքի նպատակային եւ գործառնական նշանակության փոփոխության արգելքը.

3) հողատարածքը ենթավարձակալության հանձնելու, այն գնելու արգելքը.

4) տեղական ինքնակառավարման մարմինների պարտավորությունն ապահովելու գերեզմանատների բարեկարգումը, պահպանումն ու շահագործումը վարձակալության պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում:

4. Վարձակալությամբ տրամադրված  գերեզմանատան տնօրինությունը պարտավոր է վարել գերեզմանատեղերի հաշվառման եւ հուղարկավորությունների գրանցման մատյաններ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով, որոնք արխիվում պահվում են անժամկետ:

Հոդված 7. Օրենքը լրացնել 25.1-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ `

Հոդված 25.1  Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար

Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության մասին

«Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 1996 թվականին: Սույն օրենքը կարգավորում է գերեզմանատների եւ դիակիզարանների շահագործման հետ կապված իրավահարաբերությունները եւ սահմանում հուղարկավորության արարողությունների կազմակերպման պետական կարգավորման հիմնական սկզբունքներն ու պայմանները: Ինչպես նաեւ սահմանվում է դիահերձարաններում մահացածների դիահերձման հետ կապված պետական չափորոշիչները սահմանելով, որ դիահերձումը բնակչության բոլոր շերտերի համար` այսուհետ պետության կողմից երաշխավորված անվճար բուժծառայություն է: Օրենքով սահմանվում է, որ ըստ պատկանելության գերեզմանատները կարող են լինել պետական եւ համայնքային: Մահացածի մարմինը հողին հանձնելու համար տրամադրվում է գերեզմանատեղ` մեկ տեղի հաշվով 2.5 քառ. մետր մակերեսով: Ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար տրամադրվող հողատարածքի առավելագույն չափը սահմանվում է 12 քառ. մետր, որը տրամադրվում է անվճար հիմունքներով, որից ավելի լինելու դեպքում տարածքը տրամադրվում է վճարովի, երկարաժամկետ վարձակալման  հիմունքներով:

Գործող օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նպատակն է ներմուծել  վարձակալվող գերեզմանատների գերեզմանատների ինստիտուտը, ինչն օրինական հիմքերի վրա կդնի վարձակալվող գերեզմանատների գործունեությունը` խթանելով պետական/համայնքային եւ վարձակալման ենթակա գերեզմանատների առողջ մրցակցությունը`  նպաստելով հուղարկավորությունների կազմակերպման ոլորտում մատուցվող ծառայությունների որոկի բարձրացմանը եւ գերեզմանատների կանոնակարգված շահագործմանը:

Վարձակալմամբ եւ մասնավոր ծառայություններ մատուցող գերեզմանատներ գործում են նաեւ մի շարք եվրոպական երկրներում, օրինակ` Մեծ Բրիտանիա, Ավստրալիա եւ այլն:

Հարկ  ենք համարում նշել, որ վերոգրյալ չափանիշների ներդնումը կնպաստի բնակչության առանց այն էլ ծանր սոցիալական բեռի թեթեւացմանը, ինչպես նաեւ այս ոլորտների ընդհանուր քաղաքականության մշակմանը եւ կարգավորմանը: Կնպաստի նաեւ ոլորտում առկա խնդիրների վերհանմանը եւ  կոռուպցիոն ռիսկերի հնարավորինս բացառմանը, միաժամանակ,  նաեւ կսահմանի հստակ չափանիշներ,  պետության կողմից ոլորտի վերահսկողության  ու բնակչությանը հուզող խնդիրների լուծմանը: