Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-324-10.06.2004-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 2. Այլընտրանքային ծառայության հասկացությունը եւ տեսակները

1. Սույն օրենքի իմաստով այլընտրանքային է համարվում ժամկետային պարտադիր զինվորական ծառայությանը փոխարինող ծառայությունը, որը կապված չէ զենք կրելու, պահելու, պահպանելու եւ օգտագործելու հետ ու իրականացվում է ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական հիմնարկներում:

2. Այլընտրանքային ծառայությունը բաղկացած է երկու տեսակից՝

ա) այլընտրանքային զինվորական՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում իրականացվող մարտական հերթապահության, զենք կրելու, պահելու, պահպանելու եւ օգտագործելու հետ չկապված զինվորական ծառայություն,

բ) այլընտրանքային աշխատանքային՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերից դուրս իրականացվող աշխատանքային ծառայություն:

3. Այլընտրանքային ծառայության նպատակը հայրենիքի եւ հասարակության առջեւ քաղաքացիական պարտքի կատարման ապահովումն է եւ չունի պատժի, անձի պատվի եւ արժանապատվության նվաստացման բնույթ:»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 3. Այլընտրանքային ծառայություն անցնելու հիմքը

1. Այլընտրանքային ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ում կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ռազմական տորաբաժանումներում զինվորական ծառայություն անցնելը, ինչպես նաեւ զենք կրելը, պահելը, պահպանելը եւ օգտագործելը:

2. Պարտադիր զինվորական ծառայություն անցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող հրաժարվել իր ծառայությունից եւ ընտրել այլընտրանքային ծառայությունը:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«Այլընտրանքային ծառայության զորակոչի անցկացման հարցերով զբաղվում են «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստեղծված տեղական զորակոչային հանձնաժողովը եւ այլընտրանքային ծառայություն անցնելու մասին դիմումները քննարկող հանրապետական հանձնաժողովը (այսուհետ` հանրապետական հանձնաժողով), որի ստեղծման, գործունեության կարգը եւ անդամների կազմը սահմանում է կառավարությունը:»:

Հոդված 4. Օրենքի 7-րդ, 8-րդ եւ 11-րդ հոդվածները շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 7. Պարտադիր զինվորական ծառայությունն  այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին դիմումը

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացին այլընտրանքային ծառայություն ընտրելիս, սույն օրենքի 4-րդ հոդվածում սահմանված ժամկետում, գրավոր դիմում է ներկայացնում իր բնակության վայրի զինվորական կոմիսարիատ՝ նշելով իր նախընտրած այլընտրանքային ծառայության տեսակը եւ շարադրելով պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու նպատակները:

Քաղաքացու դիմումը տարածքային զինվորական կոմիսարիատում գրանցելուց հետո այն 10 օրվա ընթացքում, քաղաքացու անձնական գործի հետ միասին, ներկայացվում է տեղական զորակոչային հանձնաժողովին:

Հոդված 8. Այլընտրանքային ծառայության մասին դիմումը քննարկելը

Տեղական զորակոչային հանձնաժողովը նախապատրաստում եւ հանրապետական հանձնաժողովին է ներկայացնում այլընտրանքային ծառայություն անցնելու մասին դիմած քաղաքացու վերաբերյալ փաստաթղթերը:

Հանրապետական հանձնաժողովն այլընտրանքային ծառայություն անցնելու մասին դիմումը քննարկում է առանձին նիստում: Դիմողը հանձնաժողովի նիստի ժամանակի եւ վայրի մասին նախապես տեղեկացվում է: Հանրապետական հանձնաժողովը յուրաքանչյուր դիմումի համար ընդունում է որոշում:

Հոդված 11. Այլընտրանքային ծառայության զորակոչելու կապակցությամբ վեճեր լուծելը

Եթե հանրապետական հանձնաժողովը մերժում է քաղաքացու` պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին դիմումը, ապա զորակոչիկն իրավունք ունի, որոշումն ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում, այն բողոքարկել դատարան` օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 5. Օրենքի 9-րդ եւ 10-րդ հոդվածներում «Տեղական զորակոչային» բառերը փոխարինել «Հանրապետական» բառով:

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածում «կցագրման թերթիկ» բառերը փոխարինել «ծանուցագիր» բառով»:

Հոդված 7. Օրենքի 16-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ եւ 21-րդ հոդվածները շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 16. Այլընտրանքային զինվորականծառայություն անցնելու կարգը

1. Այլընտրանքային զինվորական ծառայության զորակոչված քաղաքացին սահմանված կարգով ուղարկվում է այլընտրանքային զինվորական ծառայություն անցնելու վայրի զորամաս եւ ընդգրկվում զորամասի անձնակազմի ցուցակներում:

2. Այլընտրանքային զինվորական ծառայողը Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջեւ տալիս է երդում եւ ստանձնում համապատասխան պարտավորություններ:

3. Այլընտրանքային զինվորական ծառայողը ծառայության է անցնում զորամասի հրամանատարի հաստատած կարգացուցակի համաձայն: Նրա վրա տարածվում են զինված ուժերի կանոնագրքերի (կանոնադրությունների) դրույթները` բացառությամբ մարտական հերթապահության, զենք կրելու, պահելու, պահպանելու եւ օգտագործելու հետ կապված պահանջների:

4. Այլընտրանքային զինվորական ծառայողը կրում է համազգեստ, որի ձեւը եւ կրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Այլընտրանքային զինվորական ծառայողների հագուստի, սննդի, հանգստի եւ քնելու պայմանների ապահովումն իրականացվում է շարքային կազմի պարտադիր զինծառայողների համար սահմանված կարգով: Այլընտրանքային զինվորական ծառայողների հանգստի եւ քնելու համար նախատեսված տարածքներն առանձնացվում են պարտադիր զինծառայողների հանգստի ու քնելու վայրերից:

6. Այլընտրանքային զինվորական ծառայողը չի կարող նշանակվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի պարտադիր կամ պայմանագրային զինծառայողների համար նախատեսված պաշտոնների:

7. Այլընտրանքային զինվորական ծառայողներին արգելվում է ծառայության ընդգրկել մարտական ստորաբաժանումներում, նրանց տալ մարտական բնույթի հրամաններ, ինչպես նաեւ զենք եւ զինամթերք կրելու, պահելու, պահպանելու եւ օգտագործելու հետ կապված հանձնարարություններ:

8. Այլընտրանքային զինվորական ծառայողները ծառայությունից պահեստ արձակվում եւ պահեստազորում հաշվառվում են օրենքով սահմանված կարգով:

Հոդված 17. Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու կարգը

1. Այլընտրանքային աշխատանքային ծառայության զորակոչված քաղաքացին սահմանված կարգով ուղարկվում է այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրի կազմակերպություն:

2. Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրի կազմակերպության ղեկավարն այլընտրանքային աշխատանքային ծառայողին ընդգրկում է կազմակերպության հաստիքացուցակում, որոշում է նրա աշխատանքի տեսակը, կարգն ու պայմանները` ապահովելով լրիվ զբաղվածություն եւ, եռօրյա ժամկետում, այդ մասին գրավոր տեղեկացնում է կազմակերպության գտնվելու վայրի զինվորական կոմիսարիատին:

3. Այլընտրանքային աշխատանքային ծառայողը կարող է փոխադրվել այլ կազմակերպություն կամ այլ վայր ծառայության` պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի համաձայնությամբ կամ նախաձեռնությամբ:

4. Այլընտրանքային աշխատանքային ծառայողը ծառայության վայրում գտնվում է շուրջօրյա: Ծառայության վայր է համարվում կազմակերպությանը տնօրինման, տիրապետման եւ օգտագործման իրավունքով պատկանող տարածքը:

5. Այլընտրանքային աշխատանքային ծառայողը չի կարող ծառայության ընթացքում նշանակվել ղեկավար պաշտոնի, ինչպես նաեւ զբաղվել այլ գործունեությամբ:

6. Այլընտրանքային աշխատանքային ծառայողները ծառայությունից պահեստ արձակվում եւ պահեստազորում հաշվառվում են օրենքով սահմանված կարգով:

Հոդված 18. Այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպության ղեկավարի պարտականությունները

1. Այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպության ղեկավարն այլընտրանքային աշխատանքային ծառայողին ապահովում է սննդով, սահմանված ձեւի արտահագուստով, ներքնաշորերով, քնելատեղով, անկողնային եւ անձնական հիգիենայի պարագաներով, ծանոթացնում է կազմակերպության աշխատանքային ներքին կարգապահական կանոններին ու կատարվող աշխատանքների առանձնահատկություններին:

2. Կազմակերպության ղեկավարը պարտավոր է ապահովել այլընտրանքային աշխատանքային ծառայողի անվտանգությունը ծառայության վայրում, հետեւել ծառայության կատարման ընթացքին, ստեղծել անհրաժեշտ պայմաններ նրա հանգստի կազմակերպման եւ ընտանիքի անդամների տեսակցությունների համար, որն իրականացվում է «Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Կազմակերպության ղեկավարը պատասխանատու է կազմակերպությունում այլընտրանքային աշխատանքային ծառայության կազմակերպման եւ իրականացման համար:

Հոդված 19. Այլընտրանքային ծառայողների իրավունքները եւ պարտականությունները

1. Այլընտրանքային ծառայողին տրվում է ամսական դրամական բավարարում` պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի համար սահմանված չափով: Դրամական բավարարումը վճարվում է ծառայության վայրում:

2. Այլընտրանքային ծառայողին ծառայության ընթացքում, որպես խրախուսանք, կարող է տրվել 15 օրացուցային օր տեւողությամբ միանվագ արձակուրդ: Այլընտրանքային ծառայողի երեխայի ծնվելու, ընտանիքի անդամի ամուսնության կամ մահվան դեպքերում նրան կարող է տրվել լրացուցիչ արձակուրդ` մինչեւ 5 օրացուցային օր տեւողությամբ:

Այլընտրանքային ծառայողն արձակուրդից կարող է հետ կանչվել ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, ինչպես նաեւ ռազմական դրություն հայտարարվելու կամ արտակարգ իրավիճակների դեպքերում` համապատասխան ղեկավարի (հրամանատարի) հրամանով` արձակուրդի չօգտագործված օրերը հետագայում օգտագործելու պայմանով:

3. Այլընտրանքային ծառայողների խրախուսումն իրականացվում է համապատասխան օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Այլընտրանքային ծառայողները պարտավոր են ծառայության ընթացքում պահպանել ծառայության ներքին կարգապահության կանոնները, կատարել իրենց հանձնարարված պարտականությունները եւ համապատասխան ղեկավարի (հրամանատարի) հրամաններն ու հանձնարարականները, կրել սահմանված նմուշի արտահագուստ, ինքնակամ չլքել ծառայության վայրը:

5. Այլընտրանքային զինվորական ծառայողների աշխատաժամանակը կարգավորվում է ներքին ծառայության կանոններով:

Այլընտրանքային աշխատանքային ծառայողի համար սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ: Այլընտրանքային աշխատանքային ծառայողի աշխատաժամանակի տեւողությունը չի կարող ավելի կամ պակաս լինել օրական 8 ժամից, բացառությամբ արտաժամյա ծառայության ներգրավվման դեպքերի, որոնք կարող են իրականացվել ծառայության վայրում տարերային կամ տեխնածին աղետի, հրդեհի, վթարի կանխման կամ դրանց հետեւանքների վերացման, ինչպես նաեւ այնպիսի ծառայողական առաջադրանքների կատարման համար, որոնք, իրենց առանձնահատկություններով պայմանավորված, չեն կարող կասեցվել կամ դադարեցվել:

Հոդված 20. Այլընտրանքային ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովությունը

1. Այլընտրանքային զինվորական ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. Այլընտրանքային աշխատանքային ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովությունը, այդ թվում` աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետեւանքով հաշմանդամ ճանաչվելու կամ մահանալու դեպքում, իրականացվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Այլընտրանքային ծառայության ժամկետը ներառվում է քաղաքացու ընդհանուր աշխատանքային եւ ապահովագրական ստաժում:

Հոդված 21. Այլընտրանքային ծառայողների պատասխանատվությունը

1. Այլընտրանքային զինվորական ծառայողներն իրենց կատարած իրավախախտումների եւ հանցագործությունների, այդ թվում` զորամասն ինքնակամ լքելու, ինչպես նաեւ պետությանը հասցրած գույքային վնասի համար պատասխանատվություն են կրում պարտադիր զինվորական ծառայության զինծառայողներին հավասարապես` օրենքով սահմանված կարգով:

2. Այլընտրանքային աշխատանքային ծառայողներն իրենց կատարած իրավախախտումների եւ հանցագործությունների, ինչպես նաեւ պետությանը հասցրած գույքային վնասի համար պատասխանատվություն են կրում ընդհանուր հիմունքներով` օրենսդրությամբ սահմանված կարգով:

Այլընտրանքային աշխատանքային ծառայողները ծառայության վայրն ինքնակամ լքելու համար պատասխանատվություն են կրում պարտադիր զինվորական ծառայության զինծառայողներին հավասարապես` օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ

«Հոդված 24. Սույն օրենքից բխող իրավական ակտեր ընդունելը

1. Սույն օրենքի 14-րդ եւ 16-րդ հոդվածներից բխող որոշումները կառավարությունն ընդունում է մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը:

2. Սույն օրենքի 6-րդ հոդվածից բխող որոշումը կառավարությունն ընդունում է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում:»:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: