1) «6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հատուկ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել հաճախորդի պարտավորությունների դիմաց, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.1 հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերի:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման վերաբերյալ
Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում հատուկ բանկային հաշիվների համար համապատասխան իրավական դաշտի ապահովման անհրաժեշտությամբ: Ներկայումս ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, կարգավորելով բանկային հաշվի հետ կապված հարաբերությունները, չի նախատեսում որոշակի առանձնահատկություններ այնպիսի հաշիվների համար, ինչպիսիք են սոցիալական փաթեթի հաշիվները, էսքրոու հաշիվները, անվանատիրոջ հաշիվները, նոտարի դեպոզիտ հաշիվները: Այս հաշիվների բնույթն էականորեն տարբերվում է հասարակ բանկային հաշվի էությունից: Հատուկ հաշիվների հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այդ հաշվում առկա միջոցները պետք է օգտագործվեն եւ տնօրինվեն հաշվին միջոցներ մուտքագրած անձի եւ հաշվետիրոջ կողմից համաձայնեցված կարգով (ուղղություններով, սահմանափակումներով)՝ հաշվին միջոցներ մուտքագրած անձին հնարավորություն ընձեռելով նաեւ տալ վճարման կարգադրություններ եւ հատուկ հաշվում առկա միջոցների նկատմամբ արգելանք (բռնագանձում) տարածելու հնարավորությունը պետք սահմանափակված լինի:
Օրինակ՝ ներկայումս սոցիալական փաթեթների հաշիվները համալրվում են պետական բյուջեի միջոցներով եւ նախատեսված են միայն որոշակի նպատակներով օգտագործման համար: Այսինքն՝ դրանց օգտագործման ուղղությունները որոշում է պետությունը եւ սահմանափակում է այլ նպատակների, այդ թվում՝ հաշվետիրոջ պարտավորությունների կատարման համար դրանց օգտագործումը:
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Գործող օրենսդրության պայմաններում հաշվետիրոջ հաշվին փոխանցված միջոցները հաշվետերը կարող է ազատորեն տնօրինել՝ առանց որեւէ երրորդ անձի համաձայնության: Այսինքն՝ որեւէ առանձնահատկություն հատուկ հաշիվների համար օրենսդրությամբ նախատեսված չէ, մինչդեռ հենց այդ առանձնահատկությունների սահմանումն է, որ հասարակ բանկային հաշիվներից առանձնացնում է հատուկ հաշիվները՝ քաղաքացիաիրավական հարաբերություներում իրավական կարգավիճակ տալով նոր տեսակի գործիքների:
Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը
Հատուկ հաշիվների օրենսդրական կարգավորումը հնարավորություն կտա քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակիցներին առավել լայնորեն, ինչպես նաեւ առավել արդյունավետ եւ ապահով օգտվել հատուկ հաշիվներից՝ հաշվի առնելով, որ իրավական դաշտի ապահովվածությունը կբարձրացնի հասարակության վստահությունը նման գործիքների նկատմամբ: