Armenian ARMSCII Armenian
Կ-588-17.05.2023-ԱՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-01-Ն օրենքի 7.9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ մասերով.

«4. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների, Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց սպասարկման կարգը, ինչպես նաեւ այդ սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների եւ Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց ցանկը սահմանվում է վարչապետի որոշմամբ:

5. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով կարող են օգտվել նաեւ պաշտոնատար անձանց ընտանիքի անդամները:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2.  Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ նախագծի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ նախագահի 2003թ. օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնատար անձանց եւ պաշտոնական պատվիրակությունների օգտվելու կարգի մասին» ՆԿ-95-Ն կարգադրությունը 2018թ. ապրիլի 9-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի մի շարք կարգադրություններ ուժը կորցրած ճանաչելու եւ մի շարք կարգադրություններում փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՆԿ-48-Ն կարգադրությամբ ուժը կորցրած է ճանաչվել եւ մինչ օրս կարգավորված չէ որեւէ իրավական ակտով: Գործընթացը պատշաճ մակարդակով եւ օպերատիվ կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից պաշտոնատար անձանց եւ պատվիրակությունների օգտվելու կարգի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորել իրավական ակտով, որը սակայն ներկա փուլում հնարավոր չէ իրականացնել՝ օրենքում համապատասխան լիազորող նորմի բացակայությամբ պայմանավորված:

Ելնելով վերը նշվածից, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթն ապահովելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 7.9-րդ հոդվածը լրացնել 4-րդ եւ 5-րդ մասերով՝ սահմանելով, որ Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների եւ պաշտոնական պատվիրակությունների օգտվելու կարգը սահմանվում է վարչապետի որոշմամբ:

Օրենքի 7.9-րդ հոդվածում սահմանված է, որ Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, պաշտոնաթող Հանրապետության նախագահը, ինչպես նաեւ նրանց ուղեկցող ընտանիքի անդամները կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահից: Առանձին դեպքերում հատուկ սրահից կարող են օգտվել նաեւ այլ անձինք՝ վարչապետի որոշմամբ սահմանված կարգով:

Հաշվի առնելով, որ օրենքում առկա իրավակարգավորումները վերաբերում են միայն որոշ պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի անդամների՝ օդանավակայանների առանձնացված հատուկ սրահից օգտվելուն, որը այլ կերպ կոչվում է նախագահական կամ կառավարական սրահ, անհրաժեշտություն է առաջացել օրենքում նախատեսել դրույթներ նաեւ օդանավակայանների մյուս՝ պաշտոնական պատվիրակությունների սրահից օգտվելու կարգի վերաբերյալ՝ սահմանելով լիազորող նորմ, որի հիման վրա վարչապետի որոշմամբ սահմանված կարգով հնարավոր կլինի ապահովել Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների եւ պաշտոնական պատվիրակությունների օգտվելու կարգը:

Վերոգրյալի համատեքստում անհրաժեշտ ենք համարում նշել, որ օդանավակայաններում հատուկ եւ պաշտոնական պատվիրակությունների սրահները 2 տարբեր սրահներ են:

2. Ակնկալվող արդյունքը

Նախագծով ակնկալվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 7.9-րդ հոդվածը լրացնել նոր մասով, որն ուժի մեջ մտնելուց հետո եւ համապատասխան լիազորող նորմի առկայության պայմաններում՝ վարչապետի որոշմամբ կսահմանվի Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնական պատվիրակությունների եւ պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների օգտվելու կարգը:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն