Հոդված 1. «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 81-րդ հոդվածը լրացնել 3.1 մասով հետեւյալ բովանդակությամբ.
«3.1. Ապահովագրական ընկերությունները պետք է ունենան իրենց կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված գործարար վարվելակերպի կանոններ: Գործարար վարվելակերպի կանոններով պետք է առնվազն կարգավորվեն`
1) Ապահովագրական ընկերության եւ նրա կողմից առաջարկվող ծառայությունների մասին գովազդը եւ մարկետինգային գործունեությունը,
2) հաճախորդների հետ կնքվող պայմանագրերին ներկայացվող պահանջները,
3) մինչեւ պայմանագրի կնքումը, պայմանագիրը կնքելիս եւ պայմանագրի գործողության ընթացքում հաճախորդներին տրամադրվող տեղեկատվության բովանդակությունը եւ այդ տեղեկատվության տրամադրման ձեւը եւ կարգը, ինչպես նաեւ հաճախորդների հետ հաղորդակցման կարգը,
4) հաճախորդների կողմից ապահովագրական ընկերություններին իրենց ապահովագրության դասերի շրջանակներում նոր ապահովագրական ծառայությունների վերաբերյալ առաջարկ ներկայացնելու ու այդ առաջարկի քննարկման ընթացակարգը,
5) հաճախորդների անձնական տվյալների պահպանման եւ դրանց անվտանգ օգտագործման կարգը,
6) հաճախորդների հետ վարվելակերպի կարգը,
7) հաճախորդներին ապահովագրական հատուցում տրամադրելու կարգը,
8) ապահովագրական ընկերությունների կողմից թույլ տրված՝ սույն մասով նախատեսված պահանջների խախտումները, հաճախորդին բացահայտելու կարգը;
9) հաճախորդների իրավունքների պաշտպանությանը վերաբերվող այլ հարցեր:
Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ապահովագրական ընկերությունների գործարար վարվելակերպի կանոնների կամ դրանց մի մասի բովանդակության նկատմամբ կարող են սահմանվել մանրամասն պահանջներ, այդ թվում` սահմանվել օրինակելի կանոններ:»:
Հոդված 2. Օրենքի 81-րդ հոդվածը լրացնել 5.1 մասով հետեւյալ բովանդակությամբ.
«5.1. Ֆիզիկական անձ հաճախորդն իրավունք ունի առանց որեւէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու ապահովագրության պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում (այսուհետ՝ մտածելու ժամանակ): Այդ դեպքում ապահովագրության պայմանագիրը համարվում է լուծված ֆիզիկական անձ հաճախորդի կողմից ապահովագրության պայմանագիրը լուծելու մասին ապահովագրական ընկերությանը ծանուցելուն հաջորդող օրվանից եւ ապահովագրական ընկերությունը պարտավոր է ֆիզիկական անձ հաճախորդին համամասնական կարգով վճարել պայմանագրի գործողության մնացած ժամկետի համար ապահովագրավճարները: Ապահովագրության պայմանագրի հետ կապված որեւէ այլ վճար հաճախորդից պահանջվել չի կարող, բացառությամբ ապահովագրության պայմանագրի հետ կապված կատարած փաստացի ծախսերից, որոնց սահմանափակումները կարող են սահմանվել Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով: Ընդ որում, հաճախորդը ծանուցման հետ միասին պարտավոր է ապահովագրական ընկերությանը վերադարձնել վկայագրի բնօրինակը, ինչպես նաեւ պայմանագրով նախատեսված ապահովագրական ընկերության կողմից տրամադրված այլ փաստաթղթերը:
Մտածելու ժամանակը չի կիրառվում հետեւյալ դեպքերում.
1) Ապահովագրության պայմանագրի ժամկետը չի գերազանցում մեկ ամիսը եւ(կամ) պայմանագրով նախատեսված ապահովագրությունը գործում է մինչեւ մեկ ամիս ժամկետով,
2) Պարտադիր ապահովագրության դեպքերում,
3) Ապահովագրության պայմանագրի կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում ֆիզիկական անձ հաճախորդը դիմել է ապահովագրական հատուցում ստանալու պահանջով:
Ֆիզիկական անձ հաճախորդը իրավունք չունի պահանջել ապահովագրական հատուցում մտածելու ժամանակի ընթացքում տեղի ունեցած ապահովագրական պատահարի համար, եթե այդ մասին նա չի ծանուցել ապահովագրական ընկերությանը եւ եթե այդ պատահարը տեղի ունենալուց հետո ֆիզիկական անձ հաճախորդը, մինչեւ մտածելու ժամանակի ավարտը, ծանուցել է ապահովագրական ընկերությանը պայմանագիրը լուծելու մասին:
Հոդված 3. Օրենքի 84-րդ հոդվածում լրացնել 11-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.
«11. Ընկերությունների կողմից հրապարակման ենթակա տեղեկատվության եւ տեղեկատվության հրապարակման կարգին վերաբերվող այլ պահանջներ կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:»:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
«Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ապահովագրության ոլորտում սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված համապատասխան իրավական դաշտի ապահովման անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի կողմից տրված առաջարկություններով եւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերլուծության հիման վրա տրված միջազգային փորձագիտական եզրակացությամբ: Ներկայումս ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չեն ապահովագրության ոլորտում սպառողների շահերի պաշտպանության հստակ մեխանիզմներ, որոնք թույլ կտային առավել բարձրացնել ապահովագրական ընկերությունների միջեւ մրցակցությունը, ապահովել սպառողների շահերի պաշտպանությունը եւ ծառայությունների բարձր որակը:
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Գործող օրենսդրության պայմաններում բացակայում է որեւէ պահանջ կապված ապահովագրության ոլորտում հաճախորդների հետ կնքվող պայմանագրերի, սպառողներին տրամադրվող տեղեկությունների, ինչպես նաեւ սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված մի շարք այլ հարցերի հետ:
Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը
Ապահովագրության ոլորտում սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված օրենսդրական կարգավորումը հնարավորություն կտա ստեղծել սպառողների պաշտպանության ռեալ մեխանիզմներ, բարձրացնել ապահովագրական ընկերությունների միջեւ մրցակցությունը եւ իրանց կողմից մատուցվող ծառայությունների որակը: