Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1014-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը «ապահովագրողին» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերը.
2) 3-րդ մասը «եթե» բառից հետո լրացնել «օրենքով կամ» բառերը.
3) 10-րդ մասը «ուժով,» բառից հետո լրացնել ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում,» բառերը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտության
Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
«Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ապահովագրության ոլորտում սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված համապատասխան իրավական դաշտի ապահովման անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի կողմից տրված առաջարկություններով եւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերլուծության հիման վրա տրված միջազգային փորձագիտական եզրակացությամբ: Ներկայումս ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չեն ապահովագրության ոլորտում սպառողների շահերի պաշտպանության հստակ մեխանիզմներ, որոնք թույլ կտային առավել բարձրացնել ապահովագրական ընկերությունների միջեւ մրցակցությունը, ապահովել սպառողների շահերի պաշտպանությունը եւ ծառայությունների բարձր որակը:
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Գործող օրենսդրության պայմաններում բացակայում է որեւէ պահանջ կապված ապահովագրության ոլորտում հաճախորդների հետ կնքվող պայմանագրերի, սպառողներին տրամադրվող տեղեկությունների, ինչպես նաեւ սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված մի շարք այլ հարցերի հետ:
Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը
Ապահովագրության ոլորտում սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված օրենսդրական կարգավորումը հնարավորություն կտա ստեղծել սպառողների պաշտպանության ռեալ մեխանիզմներ, բարձրացնել ապահովագրական ընկերությունների միջեւ մրցակցությունը եւ իրանց կողմից մատուցվող ծառայությունների որակը: