Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-650-27.10.2014-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2006 թվականի դեկտեմբերի 5-ի, ՀՕ-240-Ն, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի «ճանապարհային ինժեներական շինություններ» հասկացությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հասկացություն` «չմասնատվող բեռ` ավտոմոբիլային ճանապարհներով փոխադրվող բեռ, որը առանց վնասելու հնարավոր չէ բաժանել երկու կամ ավելի մասերի»:

Հոդված 2. օրենքի 10-րդ հոդվածում`

1) 6-րդ մասի «է» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«է) սույն մասի «թ» կետով սահմանված կշռային ցուցանիշները չգերազանցող ծանրաքաշ եւ (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթեւեկությունը առանց ճանապարհը տնօրինողի թույլտվության, իսկ սույն մասի «թ» կետով սահմանված կշռային ցուցանիշները գերազանցող չմասնատվող բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների երթեւեկությունը առանց հատուկ թույլտվության:

2) 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «թ» կետով`

«թ) այն ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը Հայաստանի Հանրապետության տարածքում, որոնց առավելագույն ընդհանուր զանգվածը գերազանցում է` 40 տոննան, իսկ 40 ֆուտանոց ԻՍՕ ստանդարտի բեռնարկղեր փոխադրող տրանսպորտային միջոցների դեպքում` 44 տոննան, իսկ տրանսպորտային միջոցի մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցում է` 11.5 տոննան:»:

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6.1, 6.2 6.3 եւ 6.4մասերով`

«6.1. Սույն հոդվածի 6-րդ մասի «թ» կետում նշված ցուցանիշները գերազանցող  չմասնատվող բեռներ փոխադրող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը  իրականացվում է  փոխադրումների իրականացման հատուկ թույլտվության առկայությամբ, որի տրամադրման համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ  չափով:

6.2. Չմասնատվող բեռներ փոխադրող ծանրաքաշ տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման հատուկ թույլտվության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6.3. Հատուկ թույլատվության տրամադրումը մերժվում է եթե՝

1) փոխադրողի կողմից ներկայացված փաստաթղթերը թերի են եւ  մատնանշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվել.

2) փոխադրվող բեռը  հնարավոր է մասնատել.

3) փոխադրվող բեռի զանգվածը գերազանցում է արտադրողի կողմից տվյալ տրանսպորտային միջոցի  համար սահմանված բեռնատարողությանը.

4) հայտատուն չի վճարել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքը.

5) հայտատուն չի վճարել «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ճանապարհային վճարը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ դեպքերի):

6) ավտոճանապարհների, արհեստական կառույցների եւ հաղորդակցության ուղիների տեխնիկական վիճակը հնարավորություն չեն տալիս իրականացնել նման փոխադրում:

6.4 Սույն հոդվածի 6-րդ մասի «թ» կետով սահմանված կշռային ցուցանիշները գերազանցող, մասնատվող բեռներ փոխադրող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը Հայաստանի Հանրապետության տարածքում` թույլատրվում է միայն դրանց ավել բեռի բեռնաթափումից հետո

Հոդված 3. Սույն օրենքը   ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: