Armenian ARMSCII Armenian
Կ-650-27.10.2014-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-240-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հասկացությունով. «չմասնատվող բեռ` ավտոմոբիլային ճանապարհներով փոխադրվող բեռ, որն առանց վնասելու հնարավոր չէ բաժանել երկու կամ ավելի մասերի»:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 6-րդ մասի «է» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«է) սույն մասի «թ» կետով սահմանված կշռային ցուցանիշները չգերազանցող ծանրաքաշ եւ (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթեւեկությունը առանց ճանապարհը տնօրինողի թույլտվության, իսկ սույն մասի «թ» կետով սահմանված կշռային ցուցանիշները գերազանցող չմասնատվող բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների երթեւեկությունն առանց հատուկ թույլտվության.».

2) 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «թ» կետով.

«թ) այն ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը Հայաստանի Հանրապետության տարածքում, որոնց առավելագույն ընդհանուր զանգվածը գերազանցում է 44 տոննան, իսկ տրանսպորտային միջոցի մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը՝ 11.5 տոննան:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1- 6.6-րդ մասերով.

«6.1. Սույն հոդվածի 6-րդ մասի «թ» կետում նշված ցուցանիշները գերազանցող  չմասնատվող բեռներ փոխադրող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը  իրականացվում է  փոխադրումների իրականացման հատուկ թույլտվության առկայությամբ, որի տրամադրման համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ  չափով:

6.2. Չմասնատվող բեռներ փոխադրող ծանրաքաշ տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման հատուկ թույլտվության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6.3. Հատուկ թույլտվության տրամադրումը մերժվում է, եթե՝

ա) փոխադրողի կողմից ներկայացված փաստաթղթերը թերի են եւ  մատնանշված թերությունները երեք աշխատանքային օրվա ընթացքում չեն վերացվել.

բ) փոխադրվող բեռը  հնարավոր է մասնատել.

գ) փոխադրվող բեռի զանգվածը գերազանցում է արտադրողի կողմից տվյալ տրանսպորտային միջոցի  համար սահմանված բեռնատարողությունը.

դ) հայտատուն չի վճարել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքը.

ե) հայտատուն չի վճարել «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ճանապարհային վճարը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ դեպքերի).

զ) ավտոճանապարհների, արհեստական կառույցների եւ հաղորդակցության ուղիների տեխնիկական վիճակը հնարավորություն չեն տալիս իրականացնելու նման փոխադրում:

6.4.Հատուկ թույլտվության հայտը մերժելու վերաբերյալ որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:

6.5. Հատուկ թույլտվության հայտի մերժման դեպքում հայտատուն իրավունք ունի հատուկ թույլտվություն ստանալու նպատակով ընդհանուր հիմունքներով ներկայացնելու նոր հայտ:

6.6. Սույն հոդվածի 6-րդ մասի «թ» կետով սահմանված կշռային ցուցանիշները գերազանցող՝ մասնատվող բեռներ փոխադրող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրվում է միայն դրանց ավել բեռի բեռնաթափումից հետո:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: