Armenian ARMSCII Armenian
Կ-620-20.06.2023-ԳԿ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրակրթության մասին» 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 4-րդ մասում «օրինակելի ուսումնական պլանը» բառերը փոխարինել «ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքը եւ ուսումնական պլանի կազմման կանոնները» բառերով:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասում «մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի եւ» բառերը փոխարինել «մանկավարժական կամ գիտամանկավարժական աշխատանքի կամ» բառերով.

2) 18-րդ մասը մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«18. Պետական ուսումնական հաստատության համակարգող կարող է լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն եւ վերջին 5 տարվա ընթացքում «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված հանրային պաշտոններում կամ հանրային ծառայության պաշտոններում կամ ղեկավարման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից) առնվազն 3 տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:»:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«14.3. Հանրակրթական պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունն իր ուսումնական պլանները կազմում է ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքի եւ ուսումնական պլանի կազմման կանոնների հիման վրա, համաձայն որի՝ դպրոցական բաղադրիչով նախատեսված ժամաքանակը ուսումնական հաստատությունը բաշխում է պետական բաղադրիչով սահմանված կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած առարկաներին:»:

Հոդված 4. Օրենքի 17.1 հոդվածը լրացնել նոր՝ 12-րդ եւ 13-րդ մասերով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«12. Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողները կարող են դիմել եւ մասնակցել կամավոր ատեստավորմանը:

«13. Կամավոր ատեստավորման գործընթացում մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ցուցաբերած համապատասխան արդյունքը հիմք է հինգ տարի ժամկետով հավելավճարի սահմանման համար:»:

Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասում «սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի» բառերը փոխարինել «մարզերի» բառով:

Հոդված 6 .Օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասում «պահանջներին համապատասխան» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ մինչեւ տվյալ առարկայի թափուր տեղը մրցութային կարգով համալրվելը» բառերը:

Հոդված 7. Օրենքի 26-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասը լրացնել նոր՝ 3-րդ ենթակետով՝ հետեւալ բովանդակությամբ.

«3) ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության ավարտական կուրսի ուսանողը՝ գյուղական բնակավայրի ուսումնական հաստատությունում աշխատելու նպատակով, որի համար աշխատանքային պայմանագրով նախատեսված ժամանակահատվածը կհաշվարկվի որպես աշխատանքային ստաժ:»:

2) 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Տնօրենը ապահովում է ուսուցչի մասնակցությունը մասնագիտական զարգացման կարիքի հիման վրա իրականացվող վերապատրաստմանը:»:

3) 11-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«11. Յուրաքանչյուր ուսուցիչ, ինչպես նաեւ սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի պահանջները բավարարող յուրաքանչյուր անձ, կարող է դիմել եւ մասնակցել կամավոր ատեստավորման.»:

Հոդված 8. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենքի 29-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 6-րդ կետում «եւ տնօրենի նշանակման կարգը» բառերը փոխարինել «,տնօրենի նշանակման եւ բողոքարկման կարգը» բառերով:

2) 1-ին մասը լրացնել նոր՝ 12.5-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«12.5) հաստատում է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման կարգը եւ կամավոր ատեստավորման արդյունքով տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողներին հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձեւավորման կարգը.».

Հոդված 10. Օրենքի 30-րդ հոդվածի 26-րդ կետի 11-րդ ենթակետում «պետական ուսումնական հաստատություններ» բառերից առաջ լրացնել «մարզերի» բառը:

Հոդված 11. Օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասում «օգոստոսի 20-ը,» բառից եւ թվից հետո լրացնել «բացառությամբ այն դեպքերի, երբ ապահովում են ուսուցչին ներկայացվող պահանջները, կամ մասնակցել են կամավոր ատեստավորմանը եւ կառավարության սահմանած կարգով համարվել ատեստավորված, որը հիմք է շարունակելու մասնագիտական գործունեությունը տվյալ կամ այլ ուսումնական հաստատությունում: Կամավոր ատեստավորմանը հայտ ներկայացրած եւ անկախ պատճառներից՝ չմասնակցած ուսուցիչների մասնագիտական գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով հաստատված 2023 թվականի ժամանակացույցով նախատեսված՝ տվյալ առարկայի կամավոր ատեստավորման օրվան հաջորդող օրվանից:» բառերը:

Հոդված 12. Սույն նախագծի 1-ին եւ 3-րդ հոդվածներով սահմանված դրույթներն ուժի մեջ են մտնում հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման ժամանակացույցի համաձայն:

Հոդված 13. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտի ընդունման ժամկետը սահմանել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 5 ամսվա ընթացքում:

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքում ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի համար սահմանված պահանջում ստորակետը եւ «կամ»-ը տվյալ պաշտոնի հավակնորդի համար որոշակի խնդիրներ են առաջացրել այն առումով, որ սահմանված բոլոր՝ «կրթության ոլորտի բարձրագույն կրթություն եւ վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի եւ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ» պահանջները միաժամանակ բավարարող անձանց շրջանակը նեղանում է, եւ տնօրենի թափուր տեղի համալրման ժամանակ մրցակցություն ապահովելը քիչ հավանական է դառնում:

Համակարգողի պաշտոնի հավակնորդի համար օրենքով սահմանված կարգավորումը ստեղծել է մի իրավիճակ, որ արատավոր երեւույթները կանխելու նպատակով դպրոցի կառավարումը տարանջատվեց, սակայն գործող կարգավորմամբ համակարգողի պաշտոնի համար դիմում են փոխկապակցված անձինք՝ հաստատության նախկին կամ գործող աշխատակիցներ, ինչպես նաեւ առհասարակ հաստատության հետ առնչություն չունեցած անձինք:

Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ ենթակետով սահմանված կարգավորումը այլեւս կիրառելի չէ, քանի որ տարակարգի շնորհումն ինչպես նախկինում, այնպես էլ գործող ընթացակարգով «որակավորման» չի կարող հանդիսանալ, այն մասնագիտական զարգացման արձանագրումն է՝ աշխատավարձի բարձրացման պայմանով: Իսկ ուսուցչի ատեստավորմանը վերաբերող դրույթները սահմանված են 26-րդ հոդվածում:

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի ընդունումը պայմանավորված է «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի պահանջներին համապատասխանող եւ ուսուցիչ չաշխատող անձանց եւս ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն տալու անհրաժեշտությունից:

Միաժամանակ, «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգավորումը կարող է չտարածվել այն անձանց վրա, որոնք կմասնակցեն կամավոր ատեստավորմանը եւ բավարար արդյունքի դեպքում կունենան դրույքաչափի փոփոխություն, որով նաեւ հնարավորինս կմեղմվի հաստատություններում թափուր տեղեր առաջանալու ռիսկը: Սահմանված կարգով ատեստավորմանը հայտ ներկայացրած եւ որեւէ պատճառով չմասնակցած ուսուցիչների մասնագիտական գործունեությունը կդադարեցվի Հայաստանի ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի հրամանով հաստատված ժամանակացույցով նախատեսված՝ տվյալ առարկայի կամավոր ատեստավորման օրվան հաջորդող օրվանից: Սույն կարգավորումը նպատակաուղղված է 2-րդ անգամ կամավոր ատեստավորմանը տարբեր հիմնավորումներով պարտադիր մասնակցելուց խուսափելու ռիսկի նվազեցմանը:

Մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար եւս սահմանվել է գործընթացի կարգավորման լիազորող նորմ՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2023 թ. մարտի 16-ի 351-Լ որոշման «Հանրակրթական հաստատություններում որակյալ ներառական կրթության ապահովման մեխանիզմների ներդրում» բաժնի 2.2.5 միջոցառման կատարման անհրաժեշտությունը:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

25-րդ հոդվածի 5-րդ մասում վարչական աշխատողների դասավանդման մասով տրվել կարգավորում՝ թափուր տեղը համալրվելու պայմանով, որովհետեւ այն դպրոցներում, որոնցում տվյալ առարկայի այլ մասնագետ չկա, դասաժամերը կարող են տեւական ժամանակ չպարապվել (եթե երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքում թափուր տեղը չհամալրվի), որի արդյունքում կարձանագրվի առարկայական ծրագրի չկատարում:

«Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի պահանջներին համապատասխանող եւ ուսուցիչ չաշխատող անձանց կողմից բազմիցս ստացվել են առաջարկներ՝ կամավոր ատեստավորմանը մասնակցելու պատրաստակամության վերաբերյալ, ինչը սույն նախագծով կարգավորվում է՝ մասնագետներին շահադրդելու, հաստատություն մուտք գործելը խթանելու տեսանկյունից:

ՀՀ գյուղական բնակավայրի ուսումնական հաստատություններում դեռեւս ուսուցչի թափուր տեղը համալրելը խնդրահարույց է, ինչը Կառավարության եւ Նախարարության ուշադրության ներքո է, եւ ձեռնարկված համալիր միջոցառումների շարքում նախագծով առաջարկվում է դրույթ ավելացնել՝ ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության ավարտական կուրսի ուսանողին հնարավորություն ընձեռելով աշխատելու գյուղական բնակավայրի ուսումնական հաստատությունում:

Գործող «օրինակելի ուսումնական պլան» հասկացությունը տարիներ շարունակ կաղապարներ է ստեղծել՝ բացառելով հաստատություններում գործընթացը ազատ պլանավերելու հարցը՝ հաշվի չառնելով սովորողի նախասիրությունը, կրթական կարիքը, հաստատության առանձնահատկությունը, ուսուցչի ստեղծագործ մոտեցման հնարավորությունը:

Հանրակրթության ոլորտում առկա խնդիրներից է հաստատություններում գրեթե բոլոր ուղղություններով ուսուցիչների պակասը լրացնելու հարցը, առավել եւս՝ որակյալ մասնագետներով: Բացի այդ, օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով՝ միջին մասնագիտական կրթություն ունեցող մասնագետները շարունակելու են պաշտոնավարել մինչեւ 2023 թվականի օգոստոսի 20-ը, ինչը ենթադրում է, որ շուրջ 9 տարի ժամկետում օրենքի 26-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված պահանջներին բավարարելու քայլեր չձեռնարկած ուսուցիչները այլեւս չեն կարող շարունակել դասավանդել:

Մյուս կողմից խնդրահարույց է դառնում թափուր տեղերը համալրելու հարցի հետագա կարգավորումը՝ հաշվի առնելով, որ որոշ ուղղություններով մասնագետներ կա՛մ պարզապես

չկան, կա՛մ լինելու դեպքում արդեն հաստատությունում տարիների փորձառություն ունեցող մասնագետներից որակյալ լինելու երաշխիք չկա: Հետեւաբար, կարեւոր լուծում է կամավոր ատեստավորման արդյունքում բավարար արդյունք ցուցաբերելու պարագայում հաստատություննից դուրս մնալու խնդրի առջեւ կանգնած մասնագետների համար պաշտոնավարումը շարունակելու հնարարավորություն ընձեռելը:

Ակնկալվող արդյունքը

Օրենքում տնօրենի պաշտոնի հավակնորդի համար սահմանված պահանջում ստորակետն ու «եւ»-ը «կամ»-ով փոխարինելու դեպքում հաստիքի թափուր տեղի համալրման հնարավորությունն ընդլայնվում է, սակայն այնքանով, որ հաստատության տնօրենի պարտականությունների կատարման համար կարող է բավարար լինել:

Համակարգողի պաշտոնին հաստատությունից կարող է հավակնել միայն տօրենը կամ փոխտնօրենը, սակայն հաշվապահը կամ մանկավարժական այլ աշխատող, ինչպես նաեւ ղեկավարման փորձ չունեցող անձը չի կարող դիմել: Փոխարենը նվազեցվել են աշխատանքային ստաժի ժամկետները՝ հավակնորդների շրջանակը ընդլայնելու հնարավորություն ընձեռելով:

Առաջարկվող փոփոխություններով ակնկալվում է, որ ուսուցչի պաշտոնին համապատասխանող եւ ուսուցիչ չաշխատող անձանց կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն տալով՝ կստեղծվի մասնագետների բազա, որոնք անհրաժեշտ արդյունք ցուցաբերելու դեպքում նախ կհիմնավորեն որակյալ մասնագետ լինելու փաստը եւ հետագայում կձգտեն մտել հաստատություններ՝ հաշվի առնելով վարձատրության բարելավման հնարավորությունը:

Ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության ավարտական կուրսի ուսանողին գյուղական բնակավայրի ուսումնական հաստատությունում աշխատելու հնարավոություն ընձեռելով կկրճատվի ուսուցչի թափուր տեղերի թիվը՝ նպաստելով սովորողի սահմանադրկան իրավունքի իրացմանը:

Օրենքում «օրինակելի ուսումնական պլան» կապակցությունը փոխարինվում է «ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածք եւ ուսումնական պլանի կազմման կանոններ» հասկացությամբ՝ հիմք ընդունելով հանրակրթության պետական նոր չափորոշչի տրամաբանությունը, համաձայն որի՝ նոր չափորոշչի ներդրմանը զուգահեռ համապատասխան դասարանների համար հաստատությունն ինքնուրույն է կազմելու իր ուսումնական պլանը՝ չափորոշչի եւ ուսումնական պլանի ընդհանրական կանոնների եւ ուղեցույցի հիման վրա՝ հաշվի առնելով սովորողների նախասիրություններն ու նրա կողմից ուսումնասիրվող առարկաների եւ մասնագիտության ընտրությունը, իսկ դեռեւս նոր չափորոշչին չանցած դասարանների համար կհաստատվի օրինակելի ուսումնական պլան, որի համար լիազորող նորմ պետք է հանդիսանա 14-րդ հոդվածի 3-րդ մասը:

Ուսուցիչների գործուղման կարգի լիազորող նորմում ավելացվել է «մարզերի» բառը՝ հստակություն մտցնելով ոչ միայն գործընթացի ֆինանսավորման համար, այլեւ կարգավորելով ուսուցչի բնակության վայրից կոնկրետ ՀՀ մարզեր գործուղվելու հարցը (ոչ թե, օրինակ, մարզերից դեպի Երեւան):

Միջին մասնագիտական կրթություն ունեցող մասնագետները կամավոր ատեստավորման անհրաժեշտ արդյունք ցուցաբերելու դեպքում իրավունք կստանան շարունակելու մասնագիտական գործունեությունը ինչպես տվյալ հաստատությունում, այնպես էլ այլ հաստատություն դիմելիս:

Ակնկալվում է նաեւ, որ ուսուցիչների մասնագիտական կատարելագործմանը զուգահեռ,

մասնակիորեն կնվազի ուսումնական հաստատություններից դուրս մնացող ուսուցիչների մասնաբաժինը:

Կարգավորումը կխթանի որակյալ մասնագետների մուտքը հաստատություններ:

Ավարտական կուրսի ուսանողին դպրոցում աշխատելու հնարավորություն ընձեռելը հնարավորինս կնվազեցնի տարիներով չհամալրվող թափուր տեղերի թիվը:

Մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողները, կամավոր ատեստավորմանը մասնակցելով, մասնագիտական զարգացման եւ վարձատրության բարձրացման հնարավորություն կունենան:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Միջոցառման անհրաժեշտությունը բխում է «2050 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ծրագրի «ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ՄԵԳԱՆՊԱՏԱԿՆԵՐԻ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «1. ԿԻՐԹ ԵՎ ԿԱՐՈՂՈՒՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻ, ԺՈՂՈՎՈՒՐԴ» համար 1 մեգանպատակի թիրախային արդյունքի ցուցանիշի ապահովման պահանջից:

Միջոցառման անհրաժեշտությունը բխում է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» հավելվածի 2-րդ՝ «Կրթության առկա վիճակը եւ հիմնախնդիրները» գլխի 43-րդ եւ 45-րդ կետերով սահմանված, 3-րդ՝ «Կրթության մինչեւ 2023 թվականը զարգացման տեսլականը, նպատակը եւ ուղղությունները» գլխի 72-րդ, 73-րդ կետերով, 76-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված թիրախային արդյունքների ցուցանիշի ապահովման պահանջից:

Միջոցառման անհրաժեշտությունը բխում է նաեւ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի 1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կատավարության 2021-2026 թվականների Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բաժնի 7.2 կետով սահմանված միջոցառման իրականացման անհրաժեշտությունից:

Միջոցառման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի 1-ին, 3-րդ պարբերությունից, 3-րդ պարբերության 4-րդ կետից:

Միջոցառման անհրաժեշտությունը բխում է նաեւ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 Թ. ՄԱՐՏԻ 16-Ի N 351-Լ. Ո Ր Ո Շ Ո Ւ Մ. 1.2.1, 2.2.5 միջոցառումների կատարման պահանջից:

ՀՀ կառավարության 2023 թ. մարտի 16-ի 351-Լ որոշման «Հանրակրթական հաստատություններում որակյալ ներառական կրթության ապահովման մեխանիզմների ներդրում» բաժնի 2.2.5 միջոցառում

Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն