Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 34.1-րդ հոդվածի.
1. 1-ին մասի 2-րդ կետում «աշխատանքային կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի)» բառերը փոխարինել «տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ,» բառերով.
2. 1-ին մասի 3-րդ կետում «աշխատանքային կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի)» բառերը փոխարինել «տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ,» բառերով, իսկ «եւ չեն աշխատում» բառերը հանել:
Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածի վերնագրից հանել «եւ կենսաթոշակները վերահաշվարկելը» բառերը:
Հոդված 3. Անցումային դրույթներ
1. 2015 թվականի հունվարի 1-ից, անկախ կենսաթոշակառուի դիմելուց, զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին մինչեւ 2011 թվականի հունվարի 1-ը նշանակված կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի փոխարեն նշանակվում եւ վճարվում է Օրենքի 34.1-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված պարգեւավճար՝ եթե զոհված կամ մահացած զինծառայողի ընտանիքի անդամն ունի նաեւ տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ, կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ ստանալու իրավունք:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքում, եթե պարգեւավճարի չափը ցածր է կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափից, ապա պարգեւավճարը վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափով:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքում` մահացած զինծառայողի ընտանիքի անդամին նշանակված պարգեւավճարի իրավունքը չի վերանայվում, իսկ պարգեւավճար ստանալու իրավունք ունենալու ժամանակահատվածում անձը պահպանում է զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անդամի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երաշխիքներն ու արտոնությունները:
4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքում` եթե զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի պարգեւավճար (կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ) ստանալու իրավունքը դադարեցվել է աշխատելու պատճառով, ապա պարգեւավճար ստանալու իրավունքը վերականգնվում է կենսաթոշակառուի դիմումի հիման վրա՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ին: