Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-600-17.09.2014,05.11.2014-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 04-ի ՀՕ-272 օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6-րդ մասով.

«6. Պարտադիր զինվորական ծառայության ժամանակ կրտսեր հրամանատարական պաշտոն զբաղեցրած, այնուհետեւ պահեստազորում ընդգրկված եւ հաշվառված, բարձրագույն կրթություն ունեցող անձանց պարտադիր զինվորական ծառայության այդ ժամանակահատվածը համարվում է պետական կառավարման  ոլորտի ստաժ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է նաեւ մինչ դրա ուժի մեջ մտնելը ծագած իրավահարաբերությունների վրա:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է պարտադիր զինվորական ծառայության ժամանակ կրտսեր հրամանատարական պաշտոն զբաղեցրած, բարձրագույն կրթություն ունեցող անձանց որոշակի արտոնություն տրամադրելու անհրաժեշտության հետ:

Ներկայումս քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթներին մասնակցելու համար քաղաքացիները դիմում են հիմնականում աշխատանքային ստաժի օրենքով սահմանված չափանիշներին բավարարելու դեպքում՝ նկատի ունենալով, որ օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից: Տվյալ լրացումը յուրատեսակ խթան կհանդիսանա պարտադիր զինվորական ծառայությունից չխուսափելու, ինչպես նաեւ ծառայության ժամանակ համապատասխան վարքագծով ավելի բարձր կոչման ձգտելու եւ արժանանալու համար, որպեսզի հետագայում ծառայության այդ ժամանակահատվածը հաշվառվի որպես նրանց պետական կառավարման ոլորտի ստաժ: