Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-327-16.06.2004-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (1985 թ. դեկտեմբերի 6) 37-րդ հոդվածի 1-ին մասում «երկու ամսվա ընթացքում» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 37-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով՝ վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ քան իրավախախտումը կատարվելու օրվանից մեկ տարվա ընթացքում»:

Հոդված 3. Օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասում «84-99 հոդվածներով» բառերը փոխարինել «189-204 հոդվածներով» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:


ՏԵՂԵԿԱՆՔ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


Օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ մաքսային օրենսգրքի եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի միջեւ առկա հակասություններով, ինչպես նաեւ մաքսային կանոնների խախտման դեպքերով՝ վարչական պա-տասխանատվության միջոցների կիրառման ժամկետների կարգավորման անհրաժեշտությամբ:

Մասնավորապես

1.«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի որոշ դրույթներ որոնք վերաբերում են ՀՀ մաքսային օրենսգրքով կարգավորվող հարաբերություններին բխում են 1993թ. հուլիսի 19-ի ՀՀ մաքսային օրենսգրքի դրույթներից (ուժը կորցրած է ճանաչվել 2000թ. հուլիսի 6-ին ընդունված ՀՕ-83 ՀՀ մաքսային օրենսգրքով):

2. 2003թ. մայիսի 31-ի ՀՀ մաքսային օրենսգրքում արված լրացմամբ մաքսային մարմիններին տրվել է՝ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների բացթողումից հետո 3 տարվա ընթացքում հետբացթողումային հսկողություն իրականացնելու հնարավորություն, սակայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածով արված ժամկետային սահմանափակումը, խախտումներ հայտնաբերելիս՝ հաճախ, խախտման դեպքերով տույժ կիրառելու հնարավորություն չի տալիս: