Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-657-13.11.2014-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ԿԱՊԻՏԱԼՈՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը սահմանում է անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների (այսուհետ՝ Հիմնադրամ) իրավական վիճակի առանձնահատկությունները, ինչպես նաեւ կարգավորում է  անձեռնմխելի կապիտալի ձեւավորման, համալրման, կառավարման եւ անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամուտների օգտագործման հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Հիմնադրամի մասին օրենսդրությունը

1. Հիմնադրամի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, սույն օրենքից եւ իրավական այլ ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են այդ նորմերը:

3. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները տարածվում են Հիմնադրամի վրա, եթե սույն օրենքով առանձին իրավահարաբերությունների կարգավորման առանձնահատկություններ սահմանված չեն:

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) անձեռնմխելի կապիտալ՝ Հիմնադրամի ակտիվների համախումբ, որը ձեւավորվում եւ համալրվում է նվիրատուների տրամադրած միջոցներից եւ չի կարող ծախսվել կամ որեւէ կերպ օտարվել՝ հանգեցնելով դրա անվանական արժեքի նվազմանը.

2) նվիրատու՝ անձեռնմխելի կապիտալի ձեւավորման կամ համալրման նպատակով՝ նվիրատվությամբ կամ կտակային հանձնարարությամբ չծանրաբեռնված կտակով Հիմնադրամին անհատույց դրամական (այդ թվում՝ արտարժութային) միջոցներ եւ (կամ) պետական պարտատոմսեր (այսուհետ՝ նաեւ դրամական միջոցներ) տրամադրած անձ.

3) շահառու՝ անձ կամ անձանց խումբ, որի օգտին, անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրին համապատասխան, կատարվում է որոշակի վճարում, մատուցվում է ծառայություն կամ փոխանցվում է որոշակի գույք.

4) պետական պարտատոմս՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկվող Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսեր, Հայաստանի Հանրապետության միջին ժամկետայնության եւ երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր, ինչպես նաեւ պետական այլ պարտատոմսեր.

5) դիլեր՝ պարտատոմսերի շուկայում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիլերի գործառույթների կատարման մասին պայմանագիր կնքած առեւտրային բանկ, վարկային կազմակերպություն, ֆինանսական այլ կազմակերպություն:

Հոդված 4. Հիմնադրամի իրավական կարգավիճակը

1. Հիմնադրամը հիմնադրամի կարգավիճակ ունեցող ոչ առեւտրային կազմակերպություն է, որի իրավական վիճակի եւ այլ առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:

2. Հիմնադրամը չի կարող ստեղծվել որոշակի ժամկետով:

Հոդված 5. Հիմնադրամի գործունեության սահմանափակումները

1. Հիմնադրամը չի կարող՝

1) բացի պետական պարտատոմսերից, անձեռնմխելի կապիտալը ներդնել այլ արժեթղթերում, այդ կապիտալի հաշվին ձեռք բերել գույք, գույքային իրավունքներ կամ նյութական եւ (կամ) ֆինանսական այլ ակտիվներ,

2) զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ,

3) ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել նրանց մասնակից,

4) անդամակցել միջազգային եւ օտարերկրյա ոչ պետական կազմակերպություններին,

5) վերակազմակերպվել:

Հոդված 6. Հիմնադրամի կանոնադրությունը

1. Հիմնադրամի կանոնադրությամբ սահմանվում է նրա՝

1) անվանումը,

2) գտնվելու վայրը,

3) նպատակները,

4) անձեռնմխելի կապիտալի սկզբնական միջոցների, այդ թվում՝ յուրաքանչյուր նվիրատուի տրամադրած դրամական միջոցների, ինչպես նաեւ Հիմնադրամի հիմնադրի (այսուհետ՝ հիմնադիր) տրամադրած կամ նրա կողմից ամրացրած սկզբնական այլ գույքի չափը եւ տեսակները,

5) շահառուները,

6) մարմինների կազմավորման կարգը եւ իրավասությունները, նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը,

7) Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների՝ իրենց պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցման չափն ու վճարման կարգը,

8) Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ դառնալու համար նվիրատուի կողմից տրամադրվելիք դրամական միջոցների նվազագույն չափը (անվանական արժեքը),

9) վերստուգիչի լիազորությունները,

10) լուծարման կարգը,

11) գործունեությանն առնչվող այլ դրույթներ, որոնք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

2. Կանոնադրությունում փոփոխությունները չեն կարող վերաբերել սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ եւ 8-րդ կետերին:

3. Կանոնադրությունում կատարված փոփոխությունները 5-օրյա ժամկետում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am/), իսկ անհրաժեշտության դեպքում տրամադրվում են նաեւ նվիրատուներին (կտակի դեպքում՝ նաեւ կտակարարի ժառանգներին եւ կտակակատարներին, վերակազմակերպված իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրավահաջորդին):

Հոդված 7.  Հիմնադրամի կառավարման մարմինները

1. Հիմնադրամի կառավարման մարմիններն են`

1) Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը.

2) Հիմնադրամի տնօրենը:

2. Հիմնադրամն ունի վերստուգիչ:

3. Սույն օրենքին եւ Հիմնադրամի կանոնադրությանը համապատասխան` Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը`

1)  հաստատում է Հիմնադրամի դրամական միջոցների տեղաբաշխման ձեւերը, ուղղությունները եւ սահմանաչափերը.

2)  կատարում  է դիլերի եւ անկախ աուդիտորի ընտրությունը.

3)  հաստատում է անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագիրը եւ դրա լրացումները եւ (կամ) փոփոխությունները.

4)  սահմանում է Հիմնադրամի տնօրենի վարձատրության չափը.

5)  իրականացնում է օրենքով եւ Հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

4. Հիմնադրամի տնօրենը՝

1)  իրականացնում է անձեռնմխելի կապիտալի կառավարումը, պարտատոմսերի ձեռք բերման եւ սպասարկման նպատակով դիլերների եւ (կամ) գանձապետական պահառուի հետ կնքում է ծառայությունների մատուցման պայմանագրեր եւ վերահսկում դրանց կատարումը.

2)  Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագիրը եւ դրա լրացումները եւ (կամ) փոփոխությունները.

3)  իրականացնում է օրենքով եւ Հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

5. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ կարող է դառնալ եւ խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել՝ խորհրդի կանոնադրությամբ սահմանված չափաքանակով դրամական միջոցներ տրամադրած նվիրատուն (իրավաբանական անձի դեպքում՝ նրա ներկայացուցիչը, իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում՝ նրա իրավահաջորդի ներկայացուցիչը, կտակի դեպքում՝ կտակարարի ժառանգը կամ կտակակատարը):

Հոդված 8.   Հիմնադրամի գույքը

1. Հիմնադրամի գույք կարող են լինել՝

1) անձեռնմխելի կապիտալը.

2) անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամուտները.

3) անձեռնմխելի կապիտալից առանձնացված եւ այդ կապիտալի կառավարման ու Հիմնադրամի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ այլ միջոցները:

2. Անձեռնմխելի կապիտալի ձեւավորումը, համալրումը եւ կառավարումն իրականացվում է սույն օրենքի 9-րդ եւ 10-րդ հոդվածներով, ինչպես նաեւ Հիմնադրամի կանոնադրությամբ եւ անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրով սահմանված կարգով, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված միջոցները տնօրինվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

3. Անձեռնմխելի կապիտալից առանձնացված եւ այդ կապիտալի կառավարման ու Հիմնադրամի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ այլ միջոցների ձեւավորման աղբյուր կարող են լինել՝

1) հիմնադրի կողմից Հիմնադրամին ամրացված գույքը.

2) անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված տարեկան եկամտի մինչեւ 10 տոկոսը:

6.   Հիմնադրամն անձեռնմխելի կապիտալի եւ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված դրամական միջոցների եւ գույքի համար վարում է առանձնացված հաշվառում՝ դրանց վերաբերյալ տեղեկությունները ներառելով օրենքով նախատեսված եւ իր կողմից ներկայացվող հաշվետվություններում:

7. Անձեռնմխելի կապիտալի ձեւավորման կամ համալրման նպատակով սույն հոդվածով սահմանված կարգով գույք տրամադրած անձինք, ինչպես նաեւ Հիմնադրամներն օգտվում են օրենքով սահմանված հարկային եւ այլ արտոնություններից:

Հոդված 9. Անձեռնմխելի կապիտալի ձեւավորումը եւ համալրումը

1. Անձեռնմխելի կապիտալը համարվում է ձեւավորված դրա համար առանձնացված` Հիմնադրամի բանկային հաշվին դրամական միջոցների փոխանցման եւ (կամ) Հիմնադրամին պետական պարտատոմսերի փոխանցման պահից, եթե այդ գույքը սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով չի վերադարձվում նվիրատուին կամ չի փոխանցվում պետական բյուջե:

2. Անձեռնմխելի կապիտալի համալրումն անձեռնմխելի կապիտալը կազմող սկզբնական դրամական միջոցների ավելացումն է: Անձեռնմխելի կապիտալի համալրված մասն անձեռնմխելի կապիտալի բաղկացուցիչ մասն է:

3. Անձեռնմխելի կապիտալի կազմում կարող են ընդգրկվել միայն դրամական միջոցներ եւ (կամ) պետական պարտատոմսեր:

4. Անձեռնմխելի կապիտալի ձեւավորման եւ համալրման աղբյուրներն են՝

1) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նվիրատվությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները.

2) կտակային հանձնարարությամբ չծանրաբեռնված կտակները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների:

5. Անձեռնմխելի կապիտալի ձեւավորման աղբյուր կարող է լինել նաեւ Հիմնադրամի ստեղծման պահին հիմնադրի ներդրումը:

6. Անձեռնմխելի կապիտալը կարող է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ համալրվել նաեւ անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող այն եկամուտների հաշվին, որոնք չեն ծախսվել տվյալ ֆինանսական տարվա ընթացքում:

7. Եթե ստացված գույքը բավարարում է սույն հոդվածի 3-րդ մասի պահանջները եւ տրամադրված է սույն հոդվածի 4-րդ, 5-րդ կամ 6-րդ մասով նախատեսված աղբյուրից, ապա այն համարվում է Հիմնադրամին հանձնված՝ 10 բանկային օրվա ընթացքում նվիրատուին չվերադարձվելու կամ դրա անհնարինության դեպքում՝ պետական բյուջե չփոխանցվելու դեպքում:

8. Եթե ստացված գույքը կամ դրա մի մասը չի բավարարում սույն հոդվածի 3-րդ մասի պահանջներին կամ, եթե գույքը ստացվել է սույն հոդվածի 4-րդ,  5-րդ կամ 6-րդ մասով չնախատեսված աղբյուրից, ապա Հիմնադրամը պարտավոր է գույքը ստանալուց հետո՝ 10 բանկային օրվա ընթացքում գույքն ամբողջությամբ կամ գույքի այն մասը, որը չի բավարարում սույն օրենքի պահանջները վերադարձնել նվիրատուին, իսկ դրա անհնարինության դեպքում՝ այն փոխանցել պետական բյուջե:

Հոդված 10.   Անձեռնմխելի կապիտալի կառավարումը

1. Անձեռնմխելի կապիտալը կարող է կառավարվել բացառապես պետական պարտատոմսերում ներդրումներ կատարելու, դրանց տոկոսավճարներից եւ մարումից  եկամուտներ ստանալու եւ ստացված եկամուտները սույն օրենքով սահմանված կարգով բաշխելու միջոցով:

2. Անձեռնմխելի կապիտալը չի կարող ծախսվել կամ որեւէ կերպ օտարվել՝ հանգեցնելով դրա անվանական արժեքի նվազմանը:

3. Անձեռնմխելի կապիտալի դրամական, այդ թվում՝ պետական պարտատոմսերի ցանկացած մարումից (հետգնումից) ստացվող միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդրվում են՝

1) Հայաստանի Հանրապետության պետական կարճաժամկետ պարտատոմսերում՝ դիլերի կամ գանձապետական պահառուի միջոցով.

2) Հայաստանի Հանրապետության պետական միջին ժամկետայնության եւ երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերում, ինչպես նաեւ պետական այլ պարտատոմսերում՝ դիլերի միջոցով:

4. Պետական պարտատոմսերում ներդրումներ կատարելու նպատակով Հիմնադրամի տնօրենը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գանձապետական պահառուի կամ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից ընտրված դիլերի հետ կնքում է պայմանագիր:

5. Դիլերը գործում է իր անունից՝ Հիմնադրամի հաշվին` Հիմնադրամի տնօրենի հանձնարարությամբ: Հիմնադրամի հաշվին եւ հանձնարարությամբ ներդրումներ կատարելու դեպքում դիլերի կողմից ձեռք են բերվում պետական այնպիսի պարտատոմսեր, որոնք ձեռք բերման պահի դրությամբ ապահովում են առավել բարձր եկամտաբերություն:

6. Հիմնադրամի կողմից արտարժութային միջոցների հաշվին պետական պարտատոմսեր ձեռք բերելու դեպքում ներդրվող արտարժույթը Հիմնադրամի կողմից նախապես փոխանակվում է հայկական դրամի՝ փոխանակման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակած՝ տվյալ արտարժույթի միջին փոխարժեքից ոչ ցածր փոխարժեքով:

7. Պետական պարտատոմսեր ձեռք բերելուց հետո առկա դրամական միջոցների այն մնացորդը, որի հաշվին հնարավոր չէ ձեռք բերել պետական պարտատոմս, մնում է Հիմնադրամի բանկային ցպահանջ հաշվում եւ առաջին իսկ հնարավորության դեպքում ներդրվում է պետական պարտատոմսերում:

8. Հիմնադրամն անձեռնմխելի կապիտալի համար բացում է առանձին բանկային հաշիվ, ընդ որում՝ հիմնադրի եւ յուրաքանչյուր նվիրատուի տրամադրած միջոցների համար բացում է առանձին ենթահաշիվներ եւ այդ ենթահաշիվների շարժի գծով վարում է առանձնացված հաշվառում՝ դրանց վերաբերյալ տեղեկություններն արտացոլելով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին եւ օրենքով սահմանված դեպքերում ներկայացվող մյուս հաշվետվություններում: Անձեռնմխելի կապիտալի ենթահաշիվները կարող են միավորվել միայն այն դեպքում, երբ նվիրատուն նույն անձն է:

Հոդված 11. Անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամտի տնօրինումը

1. Անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամուտն անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրին համապատասխան տրամադրվում է շահառուներին, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված՝ անձեռնմխելի կապիտալից ստացվող եկամտի այն մասի, որը ծրագրով նախատեսվել է օգտագործվել Հիմնադրամի վարչակառավարչական ծախսերի ֆինանսավորման նպատակով:

Հոդված 12. Հիմնադրամին ամրացված գույքը

1. Հիմնադիրը կարող է Հիմնադրամին անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ցանկացած գույք:

2. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնել իր կողմից Հիմնադրամին ամրացված գույքը:

3. Հիմնադրամն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարել, գրավ դնել, հանձնել անհատույց օգտագործման, ինչպես նաեւ հանձնել վարձակալության կամ այլ կերպ օգտագործել եկամուտ (օգուտ) ստանալու նպատակով:

4. Հիմնադրամին ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

5. Հիմնադրի կողմից գույքը Հիմնադրամին ամրացնելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ հիմնադրի իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար: Հիմնադիրը չի կարող Հիմնադրամին ամրացնել գույք, որի նկատմամբ երրորդ անձինք ունեն իրավունքներ կամ պարտականություններ:

6. Հիմնադրի կողմից Հիմնադրամին ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ Հիմնադրամի օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:

Հոդված 13. Հիմնադրամի վարչակառավարչական ծախսերը

1. Հիմնադրամի վարչակառավարչական ծախսերն են՝ շենքերի, շինությունների կամ տարածքների վարձակալության, հիմնական միջոցների ձեռքբերման, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից իրենց պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցման, սույն օրենքով նախատեսված դեպքում աուդիտի անցկացման, Հիմնադրամի աշխատակիցների աշխատանքի վարձատրության եւ Հիմնադրամի կամ նրա առանձին կառուցվածքային ստորաբաժանումների կառավարման հետ կապված ծախսերը:

Հոդված 14. Անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագիրը

1. Անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագիրը ներառում է՝

1) տվյալ տարվա ընթացքում իրականացվող՝ Հիմնադրամի կանոնադրական նպատակները,

2) կանխատեսվող եկամուտները եւ ծախսերը,

3) նախատեսվող միջոցառումները,

4) շահառունները,

5) շահառուների միջեւ անձեռնմխելի կապիտալից ստացված եկամուտների բաշխման կարգը եւ համամասնությունները,

6) վարչակառավարչական տարեկան ծախսերի ֆինանսավորման չափը,

7) ծրագրի իրականացման համար անհրաժեշտ այլ դրույթներ:

2. Անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագիրը հաստատում, ինչպես նաեւ դրանում լրացումներ կամ փոփոխություններ կատարում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը՝ Հիմնադրամի տնօրենի առաջարկությամբ:

3. Անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագիրը, ինչպես նաեւ դրանում կատարված լրացումները եւ փոփոխությունները Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից ընդունվելուց հետո՝ 5-օրյա ժամկետում ներկայացվում է իրավաբանական անձանց գրանցող մարմնին՝ Հիմնադրամի արխիվային գործում պահպանման համար, ինչպես նաեւ սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հրապարակվում եւ տրամադրվում է նվիրատուներին (կտակի դեպքում՝ նաեւ կտակարարի ժառանգներին եւ կտակակատարներին, վերակազմակերպված իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրավահաջորդին):

Հոդված 15. Հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունների աուդիտը

1.   Եթե Հիմնադրամի տարեկան շրջանառությունը հաշվետու տարում գերազանցում է 10 միլիոն դրամը, ապա օրենքով սահմանված կարգով պետական մարմիններին ներկայացված նրա տարեկան ֆինանսական հաշվետվությունները, ոչ ուշ, քան հաջորդող տարվա մայիսի 15-ը, ենթակա են պարտադիր աուդիտի՝ անկախ աուդիտորի կողմից, որին ընտրում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը:

2.   Անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը եւ ստուգված տարեկան ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են հիմնադրին, ինչպես նաեւ ըստ պահանջի՝ նվիրատուներին (կտակի դեպքում՝ նաեւ կտակարարի ժառանգներին եւ կտակակատարներին, իսկ վերակազմակերպված իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրավահաջորդին):

Հոդված 16. Հիմնադրամի գործունեության հրապարակայնությունը

1. Յուրաքանչյուր տարի, հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ, Հիմնադրամը  Հայաuտանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am) պարտավոր է հրապարակել`

1) տարեկան հաշվետվություն իր գործունեության մաuին, որը պետք է պարունակի տեղեկություններ Հիմնադրամին հատկացված դրամական միջոցների,  ֆինանuական տարում oգտագործված միջոցների ընդհանուր չափի մասին, անձեռնմխելի կապիտալի ծրագրի իրականացման մասին տեղեկություններ, այդ թվում՝ ֆինանuական տարում Հիմնադրամից ստացված եւ ծախսված դրամական միջոցների ընդհանուր չափը, շահառուներին կատարված վճարումների չափը, մատուցված ծառայությունները եւ (կամ) նրանց փոխանցված գույքի ծավալը:

2) իր ֆինանuական գործունեության աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը (աուդիտի ենթարկվելու դեպքում):

2. Տարեկան հաշվետվությունն անհարժեշտության դեպքում ուղարկվում է նվիրատուներին (կտակի դեպքում՝ նաեւ կտակարարի ժառանգներին եւ կտակակատարներին, վերակազմակերպված իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրավահաջորդին):

3. Տարեկան հաշվետվության ձեւը, հրապարակման եւ ներկայացման կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

4. Նվիրատուները (կտակի դեպքում՝ նաեւ կտակարարի ժառանգները եւ կտակակատարները, իսկ վերակազմակերպված իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրավահաջորդը) իրավունք ունեն Հիմնադրամից պահանջելու տեղեկություններ՝ Հիմնադրամի կանոնադրության, անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրի, անձեռնմխելի կապիտալի ձեւավորման, համալրման, անձեռնմխելի կապիտալի ներդրման ուղղությունների, տեսակի, ժամկետայնության, եկամտաբերության, անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եւ բաշխված դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաեւ Հիմնադրամի ֆինանսական գործունեության աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացության պատճենը: Հիմնադրամի մարմինները պարտավոր են պահանջված տեղեկություններն անվճար տրամադրել դիմողին` պահանջի ստացման օրվանից 7-օրյա ժամկետում:

Հոդված 17. Հիմնադրամի գործունեության վերահսկողությունը

1. Սույն օրենքի, ինչպես նաեւ «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նաեւ այլ իրավասու պետական մարմինները՝ իրենց իրավասություններին եւ ստուգումների ու ուսումնասիրությունների՝ օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:

2. Եթե Հիմնադրամն անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամուտն օգտագործել է անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրին անհամապատասխան, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն իրավունք ունի պահանջելու տրամադրված միջոցները 10-օրյա ժամկետում վերադարձնել նվիրատուին, իսկ դրա անհնարինության դեպքում՝ փոխանցել պետական բյուջե:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվել սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքից՝ Հիմնադրամին գրավոր նախազգուշացնելուց եւ իր կողմից նշված ողջամիտ ժամկետում Հիմնադրամի կողմից խախտումները չվերացնելուց հետո:

4. Հիմնադրամը սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվետվությունը հրապարակելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, այդ մասին գրավոր ծանուցում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը։ Սահմանված ժամկետում հաշվետվությունը չհրապարակելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն այդ մասին չծանուցելու կամ հաշվետվությունը թերի հրապարակելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հիմնադրամի տնօրենի նկատմամբ կիրառում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.18-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցներ։

Հոդված 18. Հիմնադրամի լուծարումը

1. Հիմնադրամը կարող է դատարանի որոշմամբ լուծարվել, եթե`

1) Հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, եւ անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.

2) ստեղծման օրվանից երեք տարվա ընթացքում Հիմնադրամը չի կարողանում հասնել անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրով նախատեսված որեւէ նպատակի.

3) իր գործունեությամբ Հիմնադրամը շեղվել է իր կանոնադրությամբ կամ անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրով նախատեսված նպատակներից.

4) Հիմնադրամի գործունեությունը վտանգում է պետական եւ հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները.

5) Հիմնադրամը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ մեկ տարվա ընթացքում առնվազն երկու անգամ իրականացրել է իր կանոնադրությանը հակասող գործունեություն.

6) սույն օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության առավել խիստ միջոցը կիրառելուց հետո` մեկամսյա ժամկետում, հաշվետվության հրապարակման պահանջը չի կատարվել  կամ ոչ պատշաճ է կատարվել.

7) Հիմնադրամն ստեղծելիս հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ: Էական են համարվում այնպիսի խախտումները, որոնք կարող են հիմք հանդիսանալ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի համաձայն Հիմնադրամի գրանցումը մերժելու համար:

2. Օրենքով սահմանված կարգով պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաեւ այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին Հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ՝ Հիմնադրամի գույքը փոխանցվում է նվիրատուներին՝ նրանց կողմից Հիմնադրամին տրամադրած միջոցների չափին համապատասխան, իսկ դրա անհնարինության դեպքում՝ պետական բյուջե:

Հոդված 19.  Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:

2. Մինչեւ uույն oրենքի ուժի մեջ մտնելը uտեղծված այն կազմակերպությունները, որոնց անվանման մեջ պարունակվում են «անձեռնմխելի կապիտալով հիմնադրամ» բառերը, մեկ տարվա ընթացքում պարտավոր են uահմանված կարգով փոփոխել իրենց անվանումը` դրանից հանելով «անձեռնմխելի կապիտալով հիմնադրամ» բառերը: Այդ պահանջը չկատարելու դեպքում Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության դիմումով տվյալ կազմակերպության անվանումը ենթակա է փոփոխման դատական կարգով:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ԿԱՊԻՏԱԼՈՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՍԻՆ»,  «ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները

Միջազգայնորեն ընդունված տերմինաբանությամբ` «Endowment Fund»-երի (այսուհետ՝ Էնդաումենթ) գործունեության համաշխարհային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Էնդաումենթները զգալի դեր ունեն կրթության, գիտության, նորարարության, առողջապահության, մշակույթի, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի, սոցիալական օգնության (աջակցության), բնապահպանության, ինչպես նաեւ այլ հանրօգուտ բնագավառների ոչ առեւտրային կազմակերպություններին անհրաժեշտ ներդրումների, բարեգործությունների, նվիրատվությունների, նվիրաբերությունների եւ անհատույց այլ միջոցների ներգրավման հարցում:

Էնդաումնեթների եւ նմանատիպ այլ ֆոնդերի (հիմնադրամների) միջեւ էական տարբերությունը կայանում է նրանում, որ Էնդաումենթում ներգրավված ակտիվները, որպես կանոն, արգելվում է ծախսել (սպառել), իսկ այդ ակտիվների շրջանառությունից (կառավարումից) ստացված եկամուտները թույլատրվում է օգտագործել հիմնականում Էնդաումենթը ստեղծած ոչ առեւտրային կազմակերպության հանրօգուտ նպատակներով: Այդ առումով Էնդաումենթի ամենահայտնի օրինակներից է Նոբելյան մրցանակը, որը  հիմնադրվել է Ա. Նոբելի (1833–1896 թթ.) կտակով, որտեղ, մասնավորապես, ասվում էր. «...իմ կտակակատարների կողմից ապահովված արժեքի վերածված կապիտալը կկազմի այնպիսի ֆոնդ, որից ստացվող տոկոսները յուրաքանչյուր տարի մրցանակի տեսքով պետք է տրվեն այն մարդկանց, որոնք նախորդ տարվա ընթացքում մարդկությանը մատուցել են ամենամեծ ծառայությունները:»:

Ներկայիս տնտեսական անկայուն ժամանակներում, երբ զարգացած երկրներում նույնպես սոցիալական ծրագրերին տրամադրվող միջոցները սուղ են, Էնդաումենթները զգալիորեն նպաստում են ուսումնական հաստատությունների, թանգարանների, գրադարանների, սպորտային եւ այլն կազմակերպությունների ֆինանսական կայունության ապահովմանը: Օրինակ՝ ԱՄՆ-ում, որտեղ Էնդաումենթներն ամենամեծ տարածումն են գտել բարձրագույն կրթության համակարգում, Հարվարդի համալսարանի Էնդաումենթը 2010 թվականի սեպտեմբերի դրությամբ կազմել է 27.4 մլրդ. դոլար, որը տարեկան միջին հաշվով ապահովում է 15.2% եկամտաբերություն (այն դեպքում, երբ համալսարանական մյուս Էնդաումենթների տարեկան եկամտաբերությունը կազմում է միջին հաշվով 8.9%): Վերջին 10-15 տարիների ընթացքում Յեյլի համալսարանի (ԱՄՆ) էնդաումենթի ակտիվների արժեքը հասել են ավելի, քան 18.0 մլրդ. դոլարի, իսկ դրանից ստացվող տարեկան եկամուտը` ավելի, քան 616 մլն. դոլարի: Միացյալ Թագավորության Քեմբրիջի համալսարանի էնդաումենթը (1.4 մլրդ. ֆունտ ստեռլինգ կապիտալով) 2006 թվականին ապահովել է 890 մլն.ֆունտի տարեկան եկամուտ, Օքսֆորդի համալսարանի էնդաումենթը (628.8 մլն. ֆունտ ստեռլինգ կապիտալով) ապահովել է 28.2 մլն.ֆունտի տարեկան եկամուտ եւ այլն:

Աշխարհի մի շարք երկրներում Էնդաումենթների գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորված են օրենսդրական ակտերով: Մասնավորապես՝ ԱՄՆ-ում այդ հարաբերությունները կարգավորված են 1972 թ. ակտի հիման վրա՝ 2006 թվականին ընդունված Ինստիտուցիոնալ Ֆոնդերի Միասնական Ողջամիտ Կառավարման Ակտով (Uniform Prudent Management of Institutional Funds act կամ UPMIFA), որի հիման վրա համանման ակտեր են ընդունվել ԱՄՆ բոլոր նահանգները (օրինակ, Նյու Յորքում՝ NYPMIFA): Դեռեւս 1890 թ. Հնդկաստանում գործել է Բարեգործական Էնդաումենթների Ակտը (The Charitable Endowments Act), 1909թ. Ավստրալիայում ընդունվել է Հանրային Կրթության Էնդաումենթ Ակտը (Public Education Endowment Act), իսկ 2007թ.՝ Բարձրագույն Կրթության Էնդաումենթ Ֆոնդերի Ակտը (Higher Education Endowment Fund Act) եւ այլն: 2006 թվականի դեկտեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնությունը նույնպես կարգավորեց Էնդաումենթների գործունեության հետ կապված հարաբերությունները՝ ընդունելով «Ոչ առեւտրային կազմակերպությունների նպատակային կապիտալի ձեւավորման եւ օգտագործման մասին» ՌԴ օրենքը: Ռուսաստանը մինչ այդ էլ Էնդաումենթների բնագավառում որոշակի փորձ ուներ, մասնավորապես՝ դեռեւս 1883 թվականին պատվավոր քաղաքացի Ա. Մ. Սիբիրյակովի կողմից նվիրաբերված 10 հազ. ռուբլու հիման վրա ստեղծված ֆոնդը նրա անվամբ մրցանակ էր սահմանել եւ երեք տարին մեկ անգամ շնորհում էր Սիբիրում հրատարակված լավագույն գրական ստեղծագործության համար, իսկ հետագայում այդ ֆոնդը եւ մրցանակի շնորհման իրավունքը փոխանցվեց Տոմսկ քաղաքում բացված համալսարանին: ՌԴ օրենքի ընդունումից հետո առաջին Էնդաումենթը, որը ստեղծվել եւ գրանցվել է, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտինն է, որի կապիտալը 2008թ. կազմել է 375 մլն. ռուբլի:

Թեեւ վերոգրյալը, ինչպես նաեւ Էնդաումենթների գործունեության պրակտիկան վկայում է, որ Էնդաումենթը կենսունակ եւ կարեւոր գործիք է ոչ առեւտրային կազմակերպության արդյունավետ գործունեության ապահովման համար, սակայն պետք է փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում Էնդաումենթների ստեղծումը  եւ գործունեությունը դեռեւս կարգավորված չէ, իսկ գործող օրենսդրության շրջանակներում Էնդաումնեթ ստեղծելու նախաձեռնության դեպքում անխուսափելիորեն առաջանում են մի շարք խնդիրներ, քանի որ ՀՀ օրենսդրությամբ մասնավորապես սահմանված չեն՝

1)   Էնդաումենթի ձեւավորման, համալրման եւ կառավարման կարգը,

2)  Էնդաումենթի կազմակերպա-իրավական տեսակը եւ իրավական վիճակի առանձնահատկություները,

3)  Էնդաումենթից ստացված եկամուտները տնօրինելու կարգը,

4)  Էնդաումնեթին միջոցներ տրամադրող անձինք եւ նրանց իրավասությունները,

5)  Էնդաումենթների գործունեությունը խթանելու նպատակով հարկային արտոնությունների կիրառումը,

6)  Էնդաումենթների գործունեության նկատմամբ վերահսկողությունը:

Առաջարկվող լուծումները

Հայաստանի Հանրապետությունում Էնդաումենթի ստեղծման նախընտրելի տարբերակը հիմնադրամի կարգավիճակով ոչ առեւտրային կազմակերպության՝ անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի (այսուհետ՝ ԱԿՀ) ստեղծում է: Նման մոտեցումը, մասնավորապես, պայմանավորված է հետեւյալով՝

1) հիմնադրամ է համարվում քաղաքացիների եւ (կամ) իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված եւ անդամություն չունեցող կազմակերպությունը, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական կամ այլ հանրօգուտ նպատակներ (տես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մաս), ինչպիսին, ըստ էության, հանդիսանում է Էնդաումենթը,

2) հիմնադրամի շահառու կարող են լինել ինչպես հիմնադրիրը, այնպես էլ այլ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք,

3) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի միջոցով գործուն հնարավորություն է ստեղծվում  վերահսկել հիմնադրամի գործունեությունը, այն դարձնելով թափանցիկ եւ վերահսկելի:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 123-րդ հոդվածի 7-րդ մասը, ինչպես նաեւ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը թույլ են տալիս հիմնադրամների առանձին տեսակների (տվյալ դեպքում՝ ԱԿՀ-ի) առանձնահատկություններն ու իրավական կարգավիճակը սահմանել առանձին օրենքով, ինչը հանրության համար ԱԿՀ-ին վերաբերող դրույթներն առավել մանրամասն եւ մատչելի սահմանելու լիարժեք հնարավորություն է տալիս:

Այդպիսով, «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվում է սահմանել ԱԿՀ իրավական վիճակի առանձնահատկությունները, անձեռնմխելի կապիտալի կառավարման եւ դրանից ստացվող եկամտի տնօրինման կարգն ու պայմանները,  ինչպես նաեւ ԱԿՀ-ի գործուենության կարգավորման համար անհրաժեշտ այլ դրույթներ: Նախագիծը մշակվել է հաշվի առնելով Էնդաումենթների գործունեության միջազգային փորձը, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրության առանձնահատկությունները: Նախագծի հիմքում որեւէ երկրի օրենսդրական ակտ չի դրվել:

Նախագծում ամրագրված են օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների սահմանումները, մասնավորապես՝

1) «անձեռնմխելի կապիտալ» հասկացության սահմանումը, ըստ որի՝ անձեռնմխելի կապիտալը նվիրատուների տրամադրած միջոցներից ձեւավորված անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի ակտիվների համախումբ է, որը չի կարող ծախսվել կամ որեւէ կերպ օտարվել՝ հանգեցնելով դրա արժեքի նվազմանը: Բացի այդ, Նախագծով սահմանված է, որ անձեռնմխելի կապիտալի կառավարման արդյունքում ստացված եկամուտը, անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրին համապատասխան, տրամադրվում է շահառուներին, իսկ դրա սահմանափակ մասն էլ (մինչեւ 10 տոկոսը) կարող է օգտագործվել ԱԿՀ վարչակառավարչական ծախսերի ֆինանսավորման նպատակով: Ըստ այդմ, Նախագծով սահմանվել է անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրի բովանդակությունն ու հաստատման (փոփոխման) կարգը, համաձայն որի՝ անձեռնմխելի կապիտալի ծրագիրը Հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված որոշակի հանրօգուտ նպատակների եւ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների համախումբ է, որը հաստատում եւ փոփոխության է ենթարկում ԱԿՀ հոգաբարձուների խորհուրդը:

2) «նվիրատու» հասկացության սահմանումը, ըստ որի` նվիրատուն անձեռնմխելի կապիտալի ձեւավորման կամ համալրման նպատակով՝ նվիրատվությամբ կամ կտակային հանձնարարությամբ չծանրաբեռնված կտակով ԱԿՀ-ին անհատույց դրամական (այդ թվում՝ արտարժութային) միջոցներ եւ (կամ) պարտատոմսեր տրամադրած անձն է: Այս սահմանմամբ, ինչպես նաեւ Նախագծի այլ դրույթներով ամրագրվում է, որ անձեռնմխելի կապիտալի ձեւավորման աղբյուրներ կարող են լինել միայն նվիրատվությունները եւ կտակային հանձնարարությամբ չծանրաբեռնված կտակները, որոնցով կարող են տրամադրվել միայն դրամական միջոցներ կամ պետական պարտատոմսեր: Ըստ այդմ, անհատույց կարգով տրամադրվող այլ միջոցները՝ նվիրաբերությունները եւ կտակային հանձնարարությամբ ծանրաբեռնված կտակները չեն ներառվել անձեռնմխելի կապիտալի ձեւավորման աղբյուրների շրջանակում, քանի որ ՀՀ օրենսդրությանը համապատասխան դրանք կարող են ունենալ նվիրաբերողի կամ կտակարարի սահմանած տարբեր նպատակներ (նշանակություն), իսկ տվյալ դեպքում անձեռնմխելի կապիտալում կուտակված միջոցների օգտագործման նպատակը մեկն է՝ այդ միջոցներից ստացված եկամուտն օգտագործել ԱԿՀ  կանոնադրությամբ նախատեսված հանրօգուտ նպատակներով եւ շահառուների համար, որոնք փոփոխության ենթակա չեն: Ուստի, երբ նվիրատուն՝ նվիրատվության պայմանագրով կամ կտակարարարը՝ կտակով ԱԿՀ-ին միջոցներ է տրամադրում, այդ միջոցներն օգտագործվում են նրան նախապես հայտնի շահառուների համար եւ անփոփոխ նպատակներով: :

Անձեռնմխելի կապիտալի  ձեւավորմանը, համալրմանը եւ կառավարմանը վերաբերող դրույթներից (ի թիվս վերը նշվածների) հատկանշական են հետեւյալ դրույթները.

1) նվիրատվությունը համարվում է ընդունված, եթե այն ստացման պահից երկու բանկային օրվա ընթացքում չի վերադարձվում նվիրատուին, որը ԱԿՀ-ի համար հնարավորություն է ընձեռում վերադարձնել այն նվիրատվությունները, որոնք, ըստ էության, հակասում են ԱԿՀ-ի ստեղծման գաղափարներին.

2) անձեռնմխելի կապիտալը կարող է համալրվել ոչ միայն նվիրատվություններով եւ կտակներով, այլեւ անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող այն եկամուտներով, որոնք տվյալ ֆինանսական տարվա ընթացքում չեն ծախսվել.

3) անձեռնմխելի կապիտալի դրամական միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդրվում են Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերում, որով պարտադրվում է, որ այդ միջոցները ներդրվեն երաշխավորված եկամուտ ապահովող ակտիվներում, ինչպիսիք են պետական պարտատոմսերը, եւ զերծ լինեն կորստի ռիսկից:

4) պարտատոմսերում ներդրումները կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գանձապետական պահառուի կամ դիլերի հետ կնքված պայմանագրի համաձայն:

5) անձեռնմխելի կապիտալից ստացվող եկամուտը կարող է օգտագործել բացառապես անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրով սահմանված կարգով:

ԱԿՀ-ն վերաբերող դրույթներից (ի թիվս վերը նշվածների) հատկանշական են հետեւյալ դրույթները:

1) ԱԿՀ-ն չի կարող բացի պարտատոմսերից, անձեռնմխելի կապիտալը ներդնել այլ արժեթղթերում, այդ կապիտալի հաշվին ձեռք բերել գույք, գույքային իրավունքներ կամ նյութական եւ (կամ) ֆինանսական այլ ակտիվներ, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել նրանց մասնակից, անդամակցել միջազգային եւ օտարերկրյա ոչ պետական կազմակերպություններին:

2) ԱԿՀ-ի՝ չվերակազմակերպվելու պահանջը կոչված է ապահովելու ԱԿՀ նկատմամբ նվիրատուների վստահությունը, ինչպես նաեւ բացառելու ԱԿՀ-ի կուտակած միջոցներն այլ նպատակներով օգտագործելու եւ այլ չարաշահումների հնարավորությունը:

3) ԱԿՀ-ն կարող է անձեռնմխելի կապիտալից առանձնացված եւ այդ կապիտալի կառավարման ու ԱԿՀ-ի բնականոն գործունեության ապահովման համար օգտագործել միայն հիմնադրի կողմից ԱԿՀ-ին ամրացված գույքը, ինչպես նաեւ անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված տարեկան եկամտի մինչեւ 10 տոկոսը: Նման կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որպեսզի բացառվի անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամտի օգտագործման չարաշահումները եւ այդ եկամուտը հիմնականում օգտագործվի ԱԿՀ կանոնադրական՝ հանրօգուտ նպատակներով:

4) Նախագծով նախատեսված է նաեւ ԱԿՀ գործունեության հաշվետվությունները հրապարակելու ժամկետները եւ կարգը: Բացի այդ, հաշվետվության հրապարակման կարգը խախտելու, ինչպես նաեւ անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամուտը՝ անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրին անհամապատասխան օգտագործելու դեպքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ:

5)     ԱԿՀ-ին միջոցների տրամադրումը խրախուսելու նպատակով Նախագծով սահմանվել է, որ ԱԿՀ-ը եւ անձեռնմխելի կապիտալի ձեւավորման (համալրման) նպատակով գույք տրամադրած անձինք օգտվում են օրենքով սահմանված հարկային եւ այլ արտոնություններից: Այդ արտոնությունները սահմանված են օրենսդրական նախաձեռնության փաթեթում ներառված՝

Նախատեսվող հարկային արտոնությունները էապես կխթանեն ոչ միայն ԱԿՀ-ների ստեղծումը եւ դրանց գործունեությունը, այլեւ հստակ ազդակներ են պարունակում պոտենցիալ այն նվիրատուների համար, որոնք շահագրգռված են ՀՀ-ում իրենց միջոցները հանրօգուտ նպատակների ծառայեցնելու առումով, սակայն օրենսդրական դաշտի անորոշությունների պայմաններում դեռեւս ձեռնպահ են մնում գործնական քայլեր իրականացնելուց:

Բացի վերը նշվածներից, օրենսդրական նախաձեռնության փաթեթում ներառված են նաեւ «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներ մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ մի շարք այլ օրենքներում լրացումներ եւ (կամ) փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր:

Ակնկալվող արդյունքը

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կստեղծվեն օրենսդրական անհրաժեշտ հիմքեր ԱԿՀ-ների տեղծման եւ գործունեության համար, իսկ ԱԿՀ-ներն իրենց հերթին կօժանդակեն՝ ԱԿՀ-ների հիմնադիրների (մասնավորապես՝ հասարակական կազմակերպությունների) գործունեության ընդլայնմանը եւ ֆինանսական կայունության ապահովմանը, քանի որ կկանոնակարգվեն հնարավոր նվիրատվությունների հոսքերը եւ դրանց օգտագործման ուղղություները: Բացի այդ, ԱԿՀ-ի հիմնադիրը ստացված եկամուտները կարող է օգտագործել այնպիսի բնագավառներում հանրօգուտ աշխատանքների կատարման նպատակով, որտեղ պետական (բյուջետային) միջոցները խիստ սահմանափակ ծավալներ են կազմում: Նախագծերի փաթեթի ընդունումը բխում է նաեւ ՀՀ-ում իրականացվող կայուն զարգացման ծրագրի, ինչպես նաեւ ՀՀ կառավարության գործունեության ծրագրի տրամաբանությունից եւ կարող է զգալիորեն նպաստել երկրում աղքատության հաղթահարման գործընթացի արագացմանը եւ սոցիալական մի շարք խնդիրների լուծմանը: ԱԿՀ-ի կողմից պետական պարտատոմսերում կատարվող ներդրումներն իրենց հերթին կնպաստեն պետական պարտատոմսերի շուկայի ակտիվացմանը եւ պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար լրացուցիչ ներքին աղբյուրների ձեւավորմանը (բավական է նշել, որ միայն 2015 թվականին նախատեսվում է պետական պարտատոմսերի հաշվին իրականացնել՝ 40.0 մլրդ.  դրամի չափով պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորում, որի ընդհանուր մեծությունը պետք է կազմի ավելի, քան 114 մլրդ. դրամ):