Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6642-15.11.2014-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-246-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 34-րդ կետով.

«34. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկ վճարողների կողմից հավաստագրի գործողության ժամկետում տեղեկատվական տեխնոլոգիաների իրացումից ստացվող եկամուտները:»:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածը`

1)   1-ին մասի 1-ին կետում «հետեւյալ դրույքաչափերով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի 1.1-ին կետով նախատեսված դեպքի» բառերը,

2)   1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1 «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկային գործակալը հավաստագրի գործողության ժամկետում աշխատողներին վճարվող աշխատավարձից եւ դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 10 տոկոս դրույքաչափով:»:

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասում «կատարած ներդրումները» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկ վճարողների կողմից հավաստագրի գործողության ժամկետում տեղեկատվական տեխնոլոգիաների իրացումից ստացվող եկամուտների ստացման հետ կապված ծախսերը:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: