Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6661-18.11.2014-ԱՄ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը  (այսուհետ` օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 158.1 եւ 158.2 հոդվածներով.

«ՀՈԴՎԱԾ 158.1 ԲԱՐՁՐ եւ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԸ ՉՀԱՐՍՏԱՑՆԵԼԸ, ԿԱՄ ԱԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

1. Բարձր եւ առաջին կարգի ցորենի ալյուրը չհարստացնելը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի, առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրաապատիկից մինչեւ երկուհազարապատիկի չափով,

2.Ցորենի ալյուրի հարստացմանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներկայացվող պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից  մինչեւ հազարապատիկի չափով:

ՀՈԴՎԱԾ 158.2 ՀԱՐՍՏԱՑՎԱԾ ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ, ՀԱՐՍՏԱՑՎԱԾ ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆԸ եւ ՄԱԿՆՇՄԱՆԸ (ՊԻՏԱԿԱՎՈՐՈՒՄ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

Հարստացված ցորենի ալյուրի, հարստացված ցորենի ալյուրից ստացված արտադրանքի իրացումը` դրանց փաթեթավորմանը եւ մակնշմանը (պիտակավորում) օրենքով ներկայացվող պահանջների խախտմամբ, առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնաապատիկից  մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 182.4 հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 182.4 ԱԼՅՈՒՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՀՈՍՔԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՐՏԱԴՐՎԱԾ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՎԱԾ ԿԱՄ ՉՀԱՐՍՏԱՑՎԱԾ ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՐԱՎՈՐ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

Ալյուրի արտադրություններում տեղակայված հոսքային գծերի հզորությունների, արտադրված եւ հարստացված կամ չհարստացված ալյուրի ծավալների վերաբերյալ գրավոր հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից  մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի  238.2-րդ հոդվածում «քսանութերորդ մասերով,» բառերից հետո լրացնել «158.1, 158.2» թվերը , «182.2» թվից հետո «182.4» թիվը:

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 12 ամիս հետո:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Օրենքի ընդունումը պայմանավորված է ՀՀ բնակչության մոտ արձանագրված մի շարք միկրոտարրերի եւ վիտամինների անբավարարության պատճառով աճող հիվանդությունների, արատների, առողջական խնդիրների (անեմիա, երկաթի անբավարարություն, նյարդային խողովակի զարգացման բնածին արատ, սրտի կաթված) կանխարգելման, հիվանդացության նվազեցման եւ առողջության բարելավմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությամբ, որն ամրագրված է ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի նիստի N 6 արձանագրային որոշման N 2 հավելվածով ընդունված` Հայաստանի Հանրապետությունում միկրոտարրերով եւ վիտամիններով ցորենի ալյուրի հարստացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկում, ինչպես նաեւ նախատեսված է կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության  2013 թվականի հուլիսի 18-ի թիվ 800-Ն որոշման հավելված 1-ի 47-րդ կետի պահանջներով:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Միկրոտարրերի եւ վիտամինների (ինչպիսիք են, օրինակ, երկաթը, ֆոլաթթուն, յոդը, վիտամին A-ն եւ այլն) անբավարարությունն աշխարհում հանրային առողջապահական ամենալուրջ հիմնախնդիրներից է: Ամբողջ աշխարհում շուրջ երկու միլիարդ մարդ իրենց ընդունած օրական սննդից բավարար քանակով երկաթ չի ստանում, ինչի հետեւանքով նախադպրոցական տարիքի երեխաների 47%-ը եւ հղի կանանց 42%-ը տառապում են սակավարյունության այս կամ այն աստիճանով:

Համաձայն 2005 թվականի Հայաստանի ժողովրդագրական եւ առողջապահության հարցերի հետազոտության տվյալների` նախադպրոցական տարիքի երեխաների եւ վերարտադրողական տարիքի կանանց շրջանում առկա է սակավարյունության բարձր տարածվածություն, համապատասխանաբար` 37% եւ 25% (ըստ ԱՀԿ-ի` սակավարյունության 90%-ը պայմանավորված է երկաթի անբավարարությամբ): Համաձայն «Մարչ օֆ դայմս» կազմակերպության 2000 թվականի գլոբալ զեկույցի` Հայաստանում 1000 երեխայից 2-ը ծնվում է ցմահ հաշմանդամություն առաջացնող բնածին արատով (նյարդային խողովակի դեֆեկտ), ինչը չորս անգամ բարձր է միջին պոպուլյացիոն ցուցանիշից: Մեծահասակների շրջանում համեմատաբար բարձր է նաեւ սրտի կաթվածի տարածվածությունը, որի պատճառագիտության մեջ ներկայումս բավականին կարեւորվում է ֆոլաթթվի դերը:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ԱՀԿ) եւ Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի (այսուհետ` ՅՈՒՆԻՍԵՖ) տվյալների` աշխարհում ավելի քան 40 միլիոն նախադպրոցական տարիքի երեխա տառապում է սուր եւ ավելի քան 120 միլիոն երեխա` խրոնիկական թերսնուցումից: Այս կարեւոր վիտամինների եւ միկրոտարրերի համապատասխան քանակների ապահովումը, հատկապես լայն սպառման սննդի հարստացման ճանապարհով, հավասար պաշտպանություն է ապահովում ամբողջ բնակչության համար եւ կանխարգելում է հիվանդությունների ու անցանկալի հետեւանքների առաջացումը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Ցորենի ալյուրի միկրոտարրերով հարստացումը հանրային առողջապահական միջոցառում է, որը նպատակ ունի կանխարգելել որոշ միկրոտարրերի եւ (կամ) վիտամինների անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունները եւ բարելավելու բնակչության առողջությունը հանրային առողջապահական մակարդակով: Միկրոտարրերի եւ վիտամինների անբավարարությունը կանխարգելելու ամենաօպտիմալ, ծախս-արդյունավետ եւ էժան միջոցը ցորենի ալյուրի հարստացումն է, քանի որ այն սնունդ է, որը հասանելի է բնակչության բոլոր խավերին:  Հարստացնելու վերաբերյալ օրենսդրություն ունեն  80  երկրներ http://www.ffinetwork.org/global_progress/index.php, որոնք ներդնելով այդ համակարգը էական առաջխաղացում են արձանագրել բնակչության առողջությունը բնութագրող մի շարք ցուցանիշներում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եւ Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպությունը ալյուրի հարստացումը համարում են ծախս-արդյունավետ միջոց ոչ միայն բնակչության առողջության եւ սնուցման կարգավիճակի բարելավման, այլ նաեւ տնտեսության զարգացման համար:

Այսպես օրինակ, 1995 թվականին, մինչեւ ցորենի ալյուրի հարստացումը Կոստա Ռիկայի գլխավոր մանկական հիվանդանոցում մեկ տարվա ընթացքում 105 երեխա է  բուժվել նյարդային խողովակի զարգացման արատներից, 1998-ից ներդրվել է ցորենի պարտադիր հարստացման ծրագիրը, իսկ  2001 թվականին երեխաների թիվը նույն հիվանդանոցում նվազել է, դառնալով 26, Չիլիում նյարդային խողովակի արատների դեպքերը յուրաքանչյուր 10000 ծնունդին կազմում էին 17.1 դեպք մինչեւ ալյուրի հարստացումը, 2001 թվանից հետո, երբ երկրում ներդրվեց ալյուրի հարստացման ծրագիրը այդ ցուցանիշը նվազեց 8.6 դեպքի յուրաքանչյուր 10000 ծննդի հաշվով:Նման ցուցանիշներ արձանագրվել են ալյուրի հարստացման համակարգ ունեցող բազմաթիվ այլ երկրներում (նյարդային խողովակի բնածին արատներ- Իրան 1000 ծննդի հաշվով 21 տոկոս նվազում, Օման 70 տոկոս նվազում, ԱՄՆ 30 տոկոս նվազում, Սաուդյան Արաբիա 60 տոկոս նվազում եւ այլն): Հարստացումը արդյունավետ համակարգ է նաեւ առողջապահական ծախսերի կրճատման տեսանկյունից: Այսպես,  Չիլիում ալյուրի հարստացման վրա կատարվող ծախսերի եւ նյարդային խողովակի արատների դեպքում իրականացվող բուժման, ներառյալ վիրահատական եւ վերականգնողական ծախսերի փոխհարաբերությունը 1:12 է, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում 1:30, ԱՄն-ում 1.48 է:Ցորենի ալյուրի հարստացման ծրագրեր են իրականացնում Հայաստանի հարեւան բոլոր երկրները, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունում այն նաեւ պարտադիր է:

 Ցորենի ալյուրի հարստացումը գործնականում էժան միջոց է կարեւորագույն առողջապահական խնդիրներ լուծելու եւ միաժամանակ առողջապահական ծախսերը էականորեն նվազեցնելու, եւ ինչը ամենակարեւորն է հանրային առողջության ցուցանիշները առաձին հիվանդությունների գծով էականորեն բարելավելու գործում: Օրենքի նախագծի ընդունման նպատակը հացամթերքների արտադրության մեջ օգտագործվող բարձր եւ առաջին կարգի ցորենի ալյուրի միկրոտարրերով եւ վիտամիններով հարստացման իրականացումն է: Հայտնի է, որ ցորենի մեջ գտնվող երկաթը եւ վիտամիններն աղալու ժամանակ կորչում են եւ որքան ցորենն ավելի մանր է աղացվում, այնքան ավելի մեծ է սննդարար տարրերի կորուստը: Այսպիսով, ալյուրի հարստացումը կարելի է համարել նաեւ «վերականգնման» գործընթաց, որի ժամանակ կորած սննդարար տարրերը նորից ավելացվում են մշակվող ալյուրին: Ըստ էության ալյուրի հարստացումը, դա ցորենի աղալու ընթացքում միկրոսնուցող/հանքային նյութերի եւ վիտամինների կորուստների վերադարձն է ալյուրի մեջ:

2. Կարգավորման առարկան

Նախագծով սահմանվում են հացամթերքների արտադրության մեջ օգտագործվող ալյուրի հարստացման հետ կապված հարաբերությունները, ներառյալ միկրոտարրերի եւ վիտամինների անբավարարության կանխարգելման ոլորտում պետական կարգավորման հիմնական ուղղությունները, ՀՀ կառավարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ ԳԱ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լիազորությունները, ցորենի ալյուրի հարստացման անվտանգության ապահովմանը ներկայացվող պահանջները եւ այդ ոլորտում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց պարտականությունները ցորենի ալյուրի հարստացված ցորենի ալյուրից ստացված արտադրանքի փաթեթավորման եւ պիտակավորմանը ներկայացվող պահանջները եւ այլն:

Նախագծով սահմանվել է ցորենի ալյուրի հարստացման պահանջ օրական 30 եւ ավելի տոննա հզորությամբ ալրաղացներում,ինչը սահմանվել է այն նկատառումից ելնելով, որ պահանջը տարածվի միայն գործող խոշոր ալրաղացների վրա, որոնց կողմից արտադրված ալյուրը կազմում է շուկայում իրացվող ալյուրի 80-85%-ը: Այսինքն օրենքը չի տարածվելու հիմնականում գյուղական վայրերում գործող փոքր հզորությամբ ալրաղացների վրա, քանի որ հակառակ դեպքում, դրանց ճշգրիտ ցանկի եւ գործունեության վերաբերյալ տեղեկատվության բացակայությամբ պայմանավորված, մի շարք խնդիրներ կառաջանան ծրագրի գործարկման հետ կապված ծախսերի, այլ միջոցառումների եւ մոնիթորինգի իրականացման հարցերում: Բացի այդ փոքր ալրաղացների կողմից արտադրվող շուրջ 15-20% ալյուրը կարող է այլընտրանք համարվել բնակչության այն հատվածի համար, որոնք գերադասում են չհարստացված ալյուրի օգտագործումը:

Նկատի ունենալով, որ ցորենի ալյուրի հարստացման ծրագրի իրականացումը նաեւ կապված է ֆինանսական որոշակի ներդրումների հետ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նախատեսվում է տրամադրել տեխնիկական աջակցություն` ծրագրի կայացման նպատակով: Այսպես` ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՀՀ առողջապահության ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքներով ծրագրում ընդգրկվելու են 7 ալրաղացներ, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է օրական 1395 տոննա ալյուր: Նշված ալրաղացներում տեղակայված են 13 հոսքային գծեր եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ձեռք են բերվել այդ հոսքային գծերի հզորություններին համապատասխան հզորությամբ հարստացնող սարքավորումներ` դրանցից 6-ը նախատեսված են 30-75, իսկ 7-ը` 100-265 տոննա հզորությամբ հոսքագծերի համար: Սարքավորումների գործարկումից եւ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից որոշակի ժամանակահատվածում կտրամադրվեն նաեւ պրեմիքսներ` ալյուրի հարստացման գործընթացի բարեհաջող մեկնարկը ապահովելու նպատակով:

Ըստ  նախնական հաշվարկների` ծրագիրը ներդրման  դեպքում հարստացված մեկ տոննա ալյուրի գինը կարող է բարձրանալ ընդամենը 0,2%-ով (1.5-2 ԱՄՆ դոլար` 1տոննայի ալյուրի համար), ինչն, համապատասխան վերահսկողության  դեպքում, չի ազդի հացամթերքի գնի վրա:

Միաժամանակ նախագծով սահմանված պահանջները ապահովելու, ինչպես նաեւ  սահմանված պահանջները չկատարելու համար ներգործության միջոցներ կիրառելու նպատակով,  առաջարկվում է ընդունել նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է տուգանքների ձեւով վարչական պատասխանատվություն սահմանել բարձր եւ առաջին կարգի ցորենի ալյուրը չհարստացնելու, հարստացված ցորենի ալյուրի, հարստացված ցորենի ալյուրից ստացված արտադրանքի փաթեթավորմանը եւ մակնշմանը (պիտակավորում) օրենքով ներկայացվող պահանջները խախտելու, ինչպես նաեւ ալյուր արտադրողների կողմից օրենքի նախագծով սահմանված հաշվետվությունները չներկայացնելու համար: Հիշյալ խախտումների գործերով վարչական իրավախախտումների գործերը քննելու եւ որոշում կայացնելու իրավասությունը առաջարկվում է վերապահել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:

3.Իրավական ակտի մշակման մեջ ներգարավված ինստիտուտները եւ անձինք

Նախագծերի մշակմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական վարչության, մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության, առողջապահական պետական տեսչության աշխատակիցները:

4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունմամբ բարձր եւ առաջին կարգի ցորենի ալյուրը 30 եւ ավելի տոննա հզորություն ունեցող ալրաղացներում կենթարկվի հարստացման, որի արդյունքում կբարելավվեն երեխաների, վերարտադրողական տարիքի կանանց, ինչպես նաեւ չափահասների առողջության ցուցանիշները` պայմանավորված երկաթի եւ ֆոլաթթվի անբավարարության հետեւանքով  առաջացող հիվանդությունների նվազման հետ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 I «Ցորենի ալյուրի հարստացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

1. Նախագծի կարգավորման արդյունքները.

առաջարկվող նախագծի ընդունման դեպքում կարգավորման արդյունքները կլինեն հետեւյալը.

1) Նախագծի ընդունման եւ կիրարկման վերջնական արդյունքում ենթադրվում է հանրային առողջության բարելավում կապված միկրոտարրերի եւ վիտամինների (երկաթ եւ ֆոլաթթու) անբավարարությամբ, այն է`

ա. երկաթի անբավարարությամբ պայմանավորված սակավարյունության մակարդակի իջեցում, հատկապես նախադպրոցական տարիքի երեխաների եւ վերարտադրողական տարիքի կանանց, այդ թվում հղիների շրջանում, որը կբերի նաեւ մայրական եւ մանկական մահացության իջեցման,

բ. երեխաների մոտ ֆոլաթթվի անբավարարության հետեւանքով պայմանավորված նյարդային խողովակի զարգացման բնածին արատների կրճատման, դրանցով պայմանավորված մանկական մահացության իջեցման.

գ. չափահասների մոտ սիրտ-անոթային հիվանդությունների նվազմանան: Ալյուրի հարստացման արդյունքում  Հայաստանի բնակչության 85 %-ի համար հասանելի կլինի միկրոտարրերով եւ վիտամիններով  հարստացված ալյուրը, ինչը ենթադրում է, որ 3 մլն ազգաբնակչությունից մոտավորապես 300 հազար երեխա եւ չափահաս կխուսափեն դրանց անբավարարության բացասական հետեւանքներից:

2. Նախագիծը չընդունելու դեպքում առողջապահության բնագավառի վրա ազդեցության գնահատման արդյունքները.

նախագիծը չընդունելու դեպքում երկաթի եւ ֆոլաթթվի անբավարարությամբ պայմանավորված վերոնշյալ հիվանդություններից հիվանդացության եւ մահացության իջեցում, ինչպես նաեւ զարգացման արատների կրճատում, չափահասների մոտ սիրտ-անոթային հիվանդությունների նվազեցում չի լինի եւ հետեւաբար հանրային առողջության բարելավում տեղի չի ունենա:

3. Առողջապահության բնագավառում վարվող քաղաքականության, ինչպես նաեւ համեմատական վիճակագրական տվյալները.

իրականացվող քաղաքականությունը հենվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Կայուն զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 1207-Ն որոշման 12.1.5 բաժնի 625-րդ կետով մոր եւ մանկան առողջության պահպանման համար նախատեսված միջոցառումների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 10-ի «Երեխաների եւ դեռահասների առողջության ու զարգացման ազգային ռազմավարությանը եւ դրա ներդրման գործողությունների ծրագրի հավանություն տալու մասին» N 37 արձանագրային որոշման եւ ՀՀ կառավարության 17 փետրվարի 2011 թվականի  N 6 արձանագրային որոշմամաբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում միկրոտարրերով եւ վիտամիններով ցորենի ալյուրի հարստացման հայեցակարգի» վրա:

Հայաստանի Հանրապետությունում համաձայն 2005 թվականի Հայաստանի ժողովրդագրական եւ առողջապահության հարցերի հետազոտության տվյալների, առկա է սակավարյունության բարձր տարածվածություն նախադպրոցական տարիքի երեխաների եւ վերարտադրողական տարիքի կանանց շրջանում, համապատասխանաբար` 37% եւ 25%, հղիների մոտ` 39%: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սակավարյունությունների 90%-ը պայմանավորված է երկաթի անբավարարությամբ:

Ըստ «Մարչ օֆ դայմս» կազմակերպության 2000 թվականի գլոբալ զեկույցի, Հայաստանի Հանրապետությունում ֆոլաթթվի անբավարարության հետեւանքով 1000 երեխայից 2-ը ծնվում է ցմահ հաշմանդամություն առաջացնող բնածին արատով (նյարդային խողովակի դեֆեկտ` առավելապես` Spina bifida /ողնուղեղային ճողվածք/, hidrocefalia/ուղեղի ջրգողություն/), ինչը չորս անգամ  բարձր է միջին պոպուլյացիոն ցուցանիշից:

Մեծահասկաների շրջանում համեմատաբար բարձր է նաեւ սրտի կաթվածի տարածվածությունը, որի պատճառագիտության մեջ բավականին կարեւորվում է ֆոլաթթվի դերը:

4. Նախագծի կիրարկման արդյունքում կանխատեսող հետեւանքները գնահատելու ժամանակացույցը.

 նախագծի կիրարկման արդյունքում կանխատեսվող հետեւանքները հնարավոր կլինի գնահատել  օրենքի կիրարկումից հետո 5-6 տարի անց:

5. Նախագծի կարգավորման վերաբերյալ առաջարկվող տարբերակ.

«Ցորենի ալյուրի հարստացման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ընդունելի է ներկայացված տարբերակով:

II «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ  կատարելու  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ  կատարելու  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Ցորենի ալյուրի հարստացման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների  նախագծերի

«Ցորենի ալյուրի հարստացման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների լրամշակված նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Ցորենի ալյուրի հարստացման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների  նախագծերի

«Ցորենի ալյուրի հարստացման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ  կատարելու  մասին»  ՀՀ օրենքների  նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունը կազմվել է` հիմք ընդունելով    «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 271 եւ 28-րդ հոդվածների պահանջները: Նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի             «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման եւ ՀՀ  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի «Սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտների բնութագրիչները հաստատելու մասին» N 34-Ա/1 հրամանի համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Ցորենի ալյուրի հարստացման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների  նախագծերի

«Ցորենի ալյուրի հարստացման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ  կատարելու  մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` կարգավորվում են ցորենի ալյուրի հարստացման եւ հարստացված ալյուրի ու դրանից պատրաստված արտադրանքի շրջանառության հետ կապված հարաբերությունները:

Նախագծերի մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է, որ Նախագծերով կարգավորվող շրջանակները առնչվում են ցորենի ալյուրի շուկայի հետ, սակայն Նախագծերի ընդունմամբ նշված շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով վերոգրյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Ցորենի ալյուրի հարստացման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների  նախագծերի

«Ցորենի ալյուրի հարստացման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով ամրագրվում են ցորենի ալյուրի հարստացման իրավական հիմքերը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ  ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Ցորենի ալյուրի հարստացման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների  նախագծերի

1. «Ցորենի ալյուրի հարստացման մասին» եւ «Վարչական իրավախախտումների Հայաստանի Հանրապետության վերաբերյալ օրենսգրքում լրացումներ  կատարելու  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին առնչվում են մասնակիորեն, սակայն այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ  ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Ցորենի ալյուրի հարստացման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների  նախագծերի

1. «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծի թե՛ ընդունումը, թե՛ չընդունումը ՀՀ պետական եւ համայնքային բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:

2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացման, որի չափը հնարավոր չէ գնահատել` ելնելով տվյալ եկամտատեսակի բնույթից, իսկ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: