Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-646-21.10.2014,27.11.2014-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ի կետի «բ» ենթակետում «հարցումը» բառից հետո լրացնել «, այդ թվում` Բյուջետային գրասենյակի միջոցով ներկայացված,» բառերը:

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 23. Ենթահանձնաժողովի, աշխատանքային խմբի եւ փորձագետների աշխատանքային խմբի (բյուջետային գրասենյակ) ստեղծումն ու գործունեությունը

1. Մշտական հանձնաժողովը կարող է իր կազմից ստեղծել ենթահանձնաժողովներ, ինչպես նաեւ ձեւավորել աշխատանքային խմբեր՝ սահմանելով դրանց խնդիրները, գործունեության ժամկետներն ու կարգը եւ ընտրելով դրանց ղեկավարներին:

2. Մշտական հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խմբի կազմում կարող են ընդգրկվել պատգամավորը, ինչպես նաեւ հանձնաժողովի, խմբակցության, պատգամավորական խմբի փորձագետը (մասնագետը), պատգամավորի օգնականը եւ այլ մասնագետներ:

3. Մշտական հանձնաժողովի կողմից ստեղծված ենթահանձնաժողովի կամ աշխատանքային խմբի ղեկավարը կատարում է մշտական հանձնաժողովի նախագահի հանձնարարականները:

4. Իր գործունեության արդյունքների մասին մշտական հանձնաժողովի կողմից ստեղծված ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը սահմանված ժամկետում զեկուցում է մշտական հանձնաժողովի նիստում:

5. Մշտական հանձնաժողովի կողմից ստեղծված ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը կարող է լուծարվել վաղաժամկետ՝ մշտական հանձնաժողովի որոշմամբ:

6. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 77-րդ հոդվածով Ազգային ժողովին վերապահված վերահսկողական լիազորությունների, ինչպես նաեւ սույն օրենքի 10-րդ, 11-րդ գլուխներով եւ 101-րդ հոդվածով սահմանված դրույթների արդյունավետ իրականացմանը նպաստելու եւ պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին մասնագիտական աջակցություն ու տեղեկատվություն տրամադրելու համար Ազգային ժողովում կազմավորվում է փորձագետների աշխատանքային խումբ (այսուհետ՝ Բյուջետային գրասենյակ):

7. Բյուջետային գրասենյակի գործառույթներն են`

1) պետական բյուջեի նախագծում, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում բյուջետային մուտքերը եւ ելքերը ծրագրային եւ/կամ այլ ձեւաչափով ներկայացված փաստաթղթի վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը.

2) ծրագրային բյուջետավորման ձեւաչափի վերաբերյալ դասընթացների կազմակերպումը.

3) պետական բյուջեի նախագծի ամփոփ նկարագրի պատրաստումը, ինչպես նաեւ ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրերի եւ տեղեկանքների պատրաստումը.

4) պետական բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների ձեւակերպմանն աջակցությունը` անհրաժեշտության դեպքում իրականացնելով հաշվարկներ, ինչպես նաեւ, պետական բյուջեի նախագծում ընդունված առաջարկությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը՝ ըստ ծախսերի բյուջետային դասակարգման համապատասխան հոդվածի եւ պետական բյուջեի նախագծի աղյուսակի համարի.

5) պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը: Այդ նպատակով բյուջետային գրասենյակն իրականացնում է պետական բյուջեի եկամուտների` ըստ հարկերի, տուրքերի, պաշտոնական դրամաշնորհների եւ այլ եկամուտների տեսակների, ինչպես նաեւ պետական բյուջեի ծախսերի եւ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների, պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների եւ պետական բյուջեի պարտքերի առցանց մշտադիտարկում` տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածների մանրամասնությունների մակարդակով.

6) պետական բյուջեի եկամուտների (այդ թվում` արտաբյուջետային միջոցների), ինչպես նաեւ պետական բյուջեով հատկացվող, հատկացված միջոցների (այդ թվում` արտաբյուջետային միջոցների) ծախսման վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը.

7) Հայաստանի Հանրապետության պետական պարտքի վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի, այդ թվում՝ պետական բյուջեի վրա վարկերի սպասարկման ազդեցության եւ Հայաստանի Հանրապետությանն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ այլ անձանց կողմից տրամադրված դրամաշնորհների վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը.

8) պետական բյուջեի կատարման վերաբերյալ հարցերի, հարցումների եւ հարցապնդումների ձեւակերպմանն աջակցությունը.

9) պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ամփոփ նկարագրի, ինչպես նաեւ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրերի եւ տեղեկանքների պատրաստումը.

10) պետական բյուջեի կատարման (եռամսյակային) ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքի ամփոփ նկարագրի պատրաստումը.

11) Վերահսկիչ պալատի տարեկան, ընթացիկ հաշվետվությունների եւ եզրակացությունների վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը.

12) իր կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ եռամսյակային եւ տարեկան հաշվետվությունների ներկայացումն Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովին: Տարեկան հաշվետվությունը տեղադրվում է Բյուջետային գրասենյակի ինտերնետային էջում:

8. Բյուջետային գրասենյակը, իր գործառույթների շրջանակներում, պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին` նրանց գրավոր հարցման հիման վրա, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով, տրամադրում է մասնագիտական աջակցություն եւ տեղեկատվություն:

Բյուջետային գրասենյակը՝ իր գործառույթների իրականացման նպատակով կարող է հարցումներով դիմել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին եւ կազմակերպություններին, որոնք պարտավոր են 20-օրյա ժամկետում քննարկել գրավոր հարցումը եւ գրավոր պատասխանել դիմողին;

9. Բյուջետային գրասենյակի կանոնակարգը, փորձագետներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրության (նշանակման) կարգը, պաշտոնավարման պայմանները, ժամկետը, վարձատրության չափը սահմանվում են սույն օրենքի հավելված 1-ով եւ հավելված 2-ով:

10. Բյուջետային գրասենյակը կազմված է համակարգող փորձագետից եւ 4 այլ փորձագետներից: Փորձագետների` տվյալ ժամանակահատվածի աշխատանքային ստաժը հավասարեցվում է Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության բարձրագույն պաշտոնների 2-րդ ենթախմբում պաշտոն զբաղեցնելու ստաժին:

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ կետում «ներկա գտնվել» բառերից հետո լրացնել «Բյուջետային գրասենյակի փորձագետները,» բառերը:

Հոդված 4. Օրենքի 79-րդ հոդվածի՝

1. 3-րդ կետում «եւ Վերահսկիչ պալատ» բառերը փոխարինել «, Վերահսկիչ պալատ եւ Բյուջետային գրասենյակ» բառերով.

2. 3-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Պետական բյուջեի նախագիծը ստանալուց հետո Բյուջետային գրասենյակը 10-օրյա ժամկետում պատրաստում եւ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովին է ներկայացնում պետական բյուջեի նախագծի ամփոփ նկարագիրը, որը հանձնաժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին:»:

Հոդված 5. Օրենքի 86-րդ հոդվածում`

2-րդ կետում «ներկայացնում» բառից հետո լրացնել «(նաեւ էլեկտրոնային տարբերակով)» բառերը.

2-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1 կետով՝

«2.1. Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովն իր նիստում քննարկում է պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքը: Հանձնաժողովի նիստում քննարկումներն իրականացվում են հետեւյալ ընթացակարգով`

ա) հիմնական զեկուցողի ելույթը.

բ) հարցեր հիմնական զեկուցողին.

գ) հարակից զեկուցողի ելույթը.

դ) հարցեր հարակից զեկուցողին.

ե) մտքերի փոխանակություն;

Քննարկումներն ավարտվում են հարակից եւ հիմնական զեկուցողների եզրափակիչ ելույթներով:»:

Հոդված 6. Օրենքի 87-րդ հոդվածի՝

1. 3-րդ կետում «եւ Վերահսկիչ պալատ» բառերը փոխարինել «, Վերահսկիչ պալատ եւ Բյուջետային գրասենյակ» բառերով.

2. 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«4. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ստանալուց հետո Բյուջետային գրասենյակը 10-օրյա ժամկետում պատրաստում եւ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովին է ներկայացնում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ամփոփ նկարագիրը, որը հանձնաժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին:»:

Հոդված 7. Օրենքի 101-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7-րդ եւ 8-րդ կետերով՝

«7. Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովն ուսումնասիրում է վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվությունները եւ եզրակացությունները, ինչպես նաեւ վերահսկվող օբյեկտի պաշտոնատար անձանց կողմից ընթացիկ հաշվետվություններում եւ եզրակացություններում ամրագրված` հայտնաբերված խախտումները վերացնելու վերաբերյալ տրամադրված գրավոր տեղեկատվությունները: Ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովը, դրանք քննարկելու համար կարող է որոշում կայացնել հրավիրել՝

ա) հանձնաժողովի նիստ,

բ) հանձնաժողովների համատեղ նիստ՝ համապատասխան ոլորտային հանձնաժողովի հետ:

8. Հանձնաժողովի կամ հանձնաժողովների համատեղ նիստերում հարցերի քննարկումը տեղի է ունենում հետեւյալ հաջորդականությամբ՝

ա) վերահսկիչ պալատի ներկայացուցչի ելույթ,

բ) հարցեր վերահսկիչ պալատի ներկայացուցչին եւ նրա պատասխանները,

գ) վերահսկվող օբյեկտի պաշտոնատար անձի ելույթ,

դ) հարցեր վերահսկվող օբյեկտի պաշտոնատար անձին եւ նրա պատասխանները:

Քննարկումներն ավարտվում են մտքերի փոխանակությամբ:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված 1

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
(ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ)

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հավելվածով սահմանվում են փորձագետների աշխատանքային խմբի (Բյուջետային գրասենյակի) «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Ազգային ժողովի կանոնակարգ) 23-րդ հոդվածով սահմանված գործունեության նպատակի եւ գործառույթների իրականացման կազմակերպումը, դրանց կատարման ժամկետները, գործավարությունը եւ պատգամավորների, մշտական հանձնաժողովների, խմբակցությունների, պատգամավորական խմբերի ու Ազգային ժողովի աշխատակազմի հետ փոխգործակցության կարգը եւ պայմանները:

2. Բյուջետային գրասենյակն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ կետով սահմաված գործառույթների շրջանակներում` Ազգային ժողովի կանոնակարգով եւ սույն հավելվածով սահմանված դեպքերում եւ ընթացակարգերով, պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին տրամադրում է մասնագիտական աջակցություն եւ տեղեկատվություն:

3. Բյուջետային գրասենյակն իր գործառույթներն իրականացնելիս օգտվում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերից եւ տեղեկատվությունից:

4. Բյուջետային գրասենյակն օժտված է գործառութային ինքնավարությամբ:

Բյուջետային գրասենյակն իր գործունեությունն իրականացնում է իրեն վերաբերելի իրավական ակտերին համապատասխան:

5. Բյուջետային գրասենյակի գործունեության ընդհանուր համակարգումը եւ մշտադիտարկումը, այդ թվում` ներքին աշխատակարգի սահմանումն իրականացնում է Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովը:

6. Բյուջետային գրասենյակի փորձագետների աշխատանքի անմիջական համակարգումը, կազմակերպումը եւ վերահսկումն իրականացնում է Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետը, որը պատասխանատու է Բյուջետային գրասենյակի գործառույթների պատշաճ իրականացման համար:

7. Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետը եւ մյուս փորձագետներն իրենց աշխատանքային գործունեությունն իրականացնում են Ազգային ժողովի աշխատակազմի եւ իրենց միջեւ կնքված աշխատանքային պայմանագրերի պայմաններին համապատասխան:

8. Սույն հավելվածով սահմանված ժամկետներում պատգամավորների, մշտական հանձնաժողովների, խմբակցությունների, պատգամավորական խմբերի հարցումների հիման վրա տեղեկանքներ, նկարագրեր, տեղեկատվություն կամ աջակցություն անհարգելի պատճառով չտրամադրելը, չցուցաբերելը, ուշացնելը կամ ոչ հավաստի կամ ոչ լրիվ տրամադրելը, հիմք է կարգազանց փորձագետին աշխատանքային կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

9. Բյուջետային գրասենյակի աշխատանքային պայմանները, նյութական, տեխնիկական, գործավարական, կազմակերպական, տեղեկատվական, ծրագրային անհրաժեշտ աջակցությունն ապահովում է Ազգային ժողովի աշխատակազմը:

10. Բյուջետային գրասենյակի պաշտոնական լրիվ անվանումն է` փորձագետների աշխատանքային խումբ, իսկ կրճատ` Բյուջետային գրասենյակ:

11. Բյուջետային գրասենյակն Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում ունի իր ինտերնետային էջը:

12. Բյուջետային գրասենյակի գտնվելու վայրն է` քաղաք Երեւան, Մարշալ Բաղրամյան պողոտա 19:



ԳԼՈՒԽ 2. ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

13. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ի կետի «բ» ենթակետով եւ 23-րդ հոդվածի 8-րդ կետի 2-րդ պարբերությամբ սահմանաված Բյուջետային գրասենյակի լիազորություններն իրականացնում է համակարգող փորձագետը կամ նրան փոխարինող փորձագետը:

14. Բյուջետային գրասենյակն Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովին է ներկայացնում՝

1) պետական բյուջեի նախագծի եւ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ամփոփ նկարագրերը,

2) պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքի ամփոփ նկարագիրը:

15. Բյուջետային գրասենյակը պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին եւ պատգամավորական խմբերին`

1) տրամադրում է՝

ա. տեղեկանքներ պետական բյուջեի նախագծում, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում բյուջետային մուտքերը եւ ելքերը ծրագրային եւ/կամ այլ ձեւաչափով ներկայացված փաստաթղթի վերաբերյալ,

բ. պետական բյուջեի նախագծի ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրեր եւ տեղեկանքներ,

գ. տեղեկանքներ պետական բյուջեի եկամուտների (այդ թվում` արտաբյուջետային միջոցների), ինչպես նաեւ պետական բյուջեով հատկացվող, հատկացված միջոցների (այդ թվում` արտաբյուջետային միջոցների) ծախսման վերաբերյալ,

դ. տեղեկանքներ Հայաստանի Հանրապետության պետական պարտքի, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի, այդ թվում՝ պետական բյուջեի վրա վարկերի սպասարկման ազդեցության եւ Հայաստանի Հանրապետությանն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ այլ անձանց կողմից տրամադրված դրամաշնորհների վերաբերյալ,

ե. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրեր եւ տեղեկանքներ,

զ. տեղեկանքներ Վերահսկիչ պալատի տարեկան, ընթացիկ հաշվետվությունների եւ եզրակացությունների վերաբերյալ,

է. տեղեկատվություն պետական բյուջեի նախագծում ընդունված առաջարկությունների վերաբերյալ՝ ըստ ծախսերի բյուջետային դասակարգման համապատասխան հոդվածի եւ պետական բյուջեի նախագծի աղյուսակի համարի,

ը. այլ տեղեկատվություն պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ.

2) աջակցում է՝

ա. պետական բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների ձեւակերպման գործում` անհրաժեշտության դեպքում իրականացնելով հաշվարկներ

բ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ հարցերի, հարցումների եւ հարցապնդումների ձեւակերպման գործում:

16. Բյուջետային գրասենյակը պատգամավորների եւ մշտական հանձնաժողովների փորձագետների համար կազմակերպում է դասընթացներ` ծրագրային բյուջետավորման ձեւաչափի վերաբերյալ:

17. Բյուջետային գրասենյակն Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովին ներկայացնում է իր կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ եռամսյակային եւ տարեկան հաշվետվություններ: Տարեկան հաշվետվությունը տեղադրվում է Բյուջետային գրասենյակի ինտերնետային էջում:

18. Բյուջետային գրասենյակը, պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով, իրականացնում է պետական բյուջեի եկամուտների` ըստ հարկերի, տուրքերի, պաշտոնական դրամաշնորհների եւ այլ եկամուտների տեսակների, ինչպես նաեւ պետական բյուջեի ծախսերի եւ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների, պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների եւ պետական բյուջեի պարտքերի առցանց մշտադիտարկում` տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածների մանրամասնությունների մակարդակով,:

19. Բյուջետային գրասենյակի փորձագետները կարող են ներկա գտնվել պետական բյուջեի նախագծի, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության եւ պետական բյուջեի կատարման (եռամսյակային) ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքի քննարկումներին` Ազգային Ժողովի մշտական հանձաժողովների կամ նրաց համատեղ նիստերին:

ԳԼՈՒԽ 3. ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ

20. Բյուջետային գրասենյակը սույն հավելվածի 14-րդ կետում նշված գործառույթներն իրականացնում է ինքնաշխատ` հետեւյալ ժամկետներում`

1) սույն հավելվածի 14-րդ կետի 1-ին ենթակետում նշված ամփոփ նկարագրերը պատրաստվում եւ ներկայացվում են պետական բյուջեի նախագիծը եւ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ստանալուց հետո 10 (տաս) աշխատանքային օրվա ժամկետում,

2) սույն հավելվածի 14-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ամփոփ նկարագիրը` պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքը ստանալուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ժամկետում.

21. Բյուջետային գրասենյակը սույն հավելվածի 15-րդ կետում նշված գործառույթներն, իր մոտ առկա տեղեկատվության շրջանակներում, իրականացնում է պատգամավորների, մշտական հանձնաժողովների, խմբակցությունների, պատգամավորական խմբերի գրավոր հարցման առկայության դեպքում` հետեւյալ ժամկետներում`

1) սույն հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է» եւ «ը» պարբերություններում նշված գործառույթներն իրականացվում են համապատասխան հարցման ներկայացմանը հաջորդող 10 (տաս) աշխատանքային օրվա ժամկետում,

2) սույն հավելվածի 15-րդ կետի 2-րդ ենթակետի «ա», «բ» պարբերություններում նշված գործառույթներն իրականացվում են հարցումի ներկայացմանը հաջորդող 3 (երեք) աշխատանքային օրվա ժամկետում,

22. Սույն հավելվածի 16-րդ կետում նշված գործառույթն իրականացվում է առնվազն 10 պատգամավորի կամ մշտական հանձնաժողովների առնվազն 10 փորձագետի գրավոր հայտերի եւ անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում, ըստ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի նախագահի հետ համաձայնեցված ժամանակացույցի,

23. Սույն հավելվածի 17-րդ կետում նշված եռամսյակային հաշվետվությունները ներկայացվում են յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 20 (քսան) աշխատանքային օրվա ընթացքում, իսկ տարեկան հաշվետվությունը` յուրաքանչյուր տարվա ավարտից հետո 20 (քսան) աշխատանքային օրվա ընթացքում: Տարեկան հաշվետվությունն Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովին ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում է Բյուջետային գրասենյակի ինտերնետային էջում:

24. Բյուջետային գրասենյակ պատգամավորների, մշտական հանձնաժողովների, խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի հարցումը (այսուհետ` հարցում) ներկայացվում է գրավոր եւ պետք է պարունակի`

1) հարցումը ներկայացնող մշտական հանձնաժողովի, խմբակցության կամ պատգամավորական խմբի լրիվ անվանումը, պատգամավորի դեպքում` նրա անուն, ազգանունը եւ պատգամավորական մանդատի համարը,

2) պետական կառավարման մարմնի անվանումը, որին Բյուջետային գրասենյակի միջոցով ներկայացվում է հարցումը (եթե այդպիսին ներկայացվում է),

3) հարցման բովանդակությունը (առարկան),

4) հարցումին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են),

5) հարցումը ներկայացնողի (իրավասու անձի) ստորագրությունը,

6) հարցումը հանձնելու տարին, ամիսը եւ ամսաթիվը:

25. Հարցումը պատգամավորը կամ մշտական հանձնաժողովի, խմբակցության կամ պատգամավորական խմբի լիազորված անձը հանձնում է Ազգային ժողովի աշխատակազմի ընդհանուր բաժին, որը նույն օրն այն փոխանցում է Բյուջետային գրասենյակ: Հարցումը պատգամավորը կամ մշտական հանձնաժողովի, խմբակցության կամ պատգամավորական խմբի լիազորված անձը կարող է էլեկտրոնային ստորագրության առկայության պարագայում Բյուջետային գրասենյակ ներկայացնել նաեւ էլեկտրոնային եղանակով:

26. Հարցման պատասխանը տրվում է գրավոր` Ազգային ժողովի աշխատակազմի ընդհանուր բաժնի միջոցով: Հարցումը ներկայացնողի պահանջով հարցման պատասխանը տրամադրվում է նաեւ էլեկտրոնային փոստի միջոցով:

27. Բյուջետային գրասենյակը հարցման պատասխանը կամ մասնագիտական աջակցությունը տրամադրում է ըստ հարցումների ստացման հաջորդականության` պատասխանը կամ մասնագիտական աջակցությունը տրամադրելու պատրաստ լինելուն պես, բայց ոչ ուշ, քան սույն հավելվածի 21-րդ կետի 1-ին եւ 2-րդ ենթակետերում նշված ժամկետների, եթե հարցումը ներկայացնողը մինչեւ իրեն պատասխանը ուղարկելը չի հրաժարվում իր հարցմանը պատասխանելուց կամ մասնագիտական աջակցությունից: Ընդ որում, եթե հարցումները ներկայացվում են միաժամանակ, ապա նախ բավարարվում է ընդիմադիր պատգամավորի, խմբակցության հարցումը:

28. Հարցման պատասխանը տրամադրվում է միայն հարցումը ներկայացնողին: Համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող պատասխանները Բյուջետային գրասենյակը տվյալ հարցումը ներկայացնողի համաձայնությամբ կարող է տեղադրել Բյուջետային գրասենյակի ինտերնետային էջում:

29. Եթե հարցման առարկան չի մտնում Բյուջետային գրասենյակի կամ հարցումում նշված պետական կառավարման մարմնի իրավասության մեջ, ապա Բյուջետային գրասենյակը հարցումը եւ դրան կից փաստաթղթերը, հարցումը ստանալուց հետո` երկօրյա ժամկետում, վերադարձնում է հարցումը ներկայացնողին` նշելով վերադարձնելու պատճառը:

30. Եթե հարցումը կատարելու համար Բյուջետային գրասենյակի տնօրինության տակ առկա տեղեկատվության հիման վրա հնարավոր չէ կամ մասնակի է հնարավոր կատարել եւ/կամ հայցվող տեղեկատվությունը ստանալու նպատակով անհրաժեշտ է դիմել տվյալ տեղեկատվությունը տնօրինող պետական կառավարման մարմին, ապա Բյուջետային գրասենյակը հարցումը ներկայացնողի համաձայնությամբ`

1) հնարավորինս սեղմ ժամկետում հավաքագրում է պակասող տեղեկատվությունն ու տրամադրում է հայցվող տեղեկատվությունն ամբողջ ծավալով, կամ

2) իր մոտ առկա տեղեկատվության հիման վրա սահմանված ժամկետում տրամադրում է հայցվող տեղեկատվության առկա մասը` նշելով տեղեկատվությունն ամբողջությամբ չտրամադրելու պատճառները:

31. Հրատապ անհրաժեշտության դեպքերում հարցումը կարող է ներկայացվել բանավոր: Հրատապ անհրաժեշտության դեպքերն են`

1) մշտական հանձնաժողովների եւ դրանց համատեղ նիստերում պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ընթացքը,

2) Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումների ընթացքը,

3) պետական բյուջեի նախագծի քննարկումն ընդմիջելուց հետո՝ 24 ժամվա ընթացքը,

4) պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ընթացքը,

5) Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումների ընթացքը:

32. Հրատապ հարցում ներկայացրած պատգամավորը կամ մշտական հանձնաժողովի, խմբակցության, պատգամավորական խմբի լիազորված անձը իր նախաձեռնությամբ` կարող է Բյուջետային գրասենյակում ծանոթանալ անհրաժեշտ տեղեկությանը կամ բանավոր կարգով ստանալ մասնագիտական աջակցություն: Բյուջետային գրասենյակում հարցվող տեղեկությանը ծանոթանալու եւ/կամ բանավոր կարգով մասնագիտական աջակցություն ստանալու փաստը գրանցվում է Բյուջետային գրասենյակի համապատասխան մատյանում:

ԳԼՈՒԽ 4. ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

33. Բյուջետային գրասենյակում ներքին գործավարությունը կազմակերպվում եւ իրականացվում է Ազգային ժողովում սահմանված գաղտնի եւ ոչ գաղտնի գործավարության, այդ թվում` էլեկտրոնային, կարգին համապատասխան:

34. Բյուջետային գրասենյակի ներքին գործավարության կազմակերպման պատասխանատուն Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետն է:

35. Բյուջետային գրասենյակի ներքին գործավարումն իրականացվում է Բյուջետային գրասենյակի ներքին աշխատակարգին համաձայն:

36. Բյուջետային գրասենյակում հարցումը ստացված է համարվում Բյուջետային գրասենյակի մտից մատյանում գրանցվելու պահից:

37. Բյուջետային գրասենյակի միջոցով պետական կառավարման մարմիններ ուղարկված կամ հետ վերադարձված հարցումների պատճենները, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ դրանց կից փաստաթղթերի պատճենները հաշվառվում եւ պահվում են Բյուջետային գրասենյակում:

38. Բյուջետային գրասենյակն ունի իր անվանմամբ ձեւաթղթեր եւ անհատականացման այլ միջոցներ:

Հավելված 2

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ԿԱՐԳԻ ՈՒ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետը եւ մյուս փորձագետներն աշխատանքի են ընդունվում սույն հավելվածով սահմանված կարգով՝ որոշակի ժամկետով կնքվող աշխատանքային պայմանագրով՝ մինչեւ տվյալ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը:

2. Բյուջետային գրասենյակի փորձագետների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաեւ աշխատանքային հարաբերությունները կարգավորող նրանց վերաբերելի այլ իրավական ակտերով:

3. Բյուջետային գրասենյակի կատարած աշխատանքների վերաբերյալ եռամսյակային եւ տարեկան հաշվետվություններն Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովում քննարկելու արդյունքներով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված այլ դեպքերում եւ կարգով, հանձնաժողովի որոշման հիման վրա հանձնաժողովի նախագահը միջնորդություն է ներկայացնում Ազգային ժողովի նախագահին` միջնորդությունում նշված Բյուջետային գրասենյակի փորձագետի հետ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը վաղաժամկետ լուծելու կամ նրա նկատմամբ համապատասխան աշխատանքային կարգապահական տույժ կիրառելու մասին: Ազգային ժողովի նախագահը բավարար իրավական հիմքերի առկայության դեպքում` հանձնարարում է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով միակողմանի լուծել աշխատակազմի եւ տվյալ փորձագետի միջեւ կնքված աշխատանքային պայմանագիրը կամ նրա նկատմամբ կիրառել համապատասխան աշխատանքային կարգապահական տույժ:

4. Բյուջետային գրասենյակի փորձագետների հաստիքները ներառվում են Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակում:

5. Բյուջետային գրասենյակի փորձագետի պաշտոնի նկարագիրը Բյուջետային գրասենյակի փորձագետի համար «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, Ազգային ժողովի որոշումներով, Ազգային ժողովի նախագահի որոշումներով եւ կարգադրություններով նախատեսված պաշտոնեական իրավունքները, պարտականությունները նկարագրող, տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ աշխատանքային ստաժի, որակավորման եւ փորձի չափանիշները սահմանող փաստաթուղթ է: Փորձագետի պաշտոնի նկարագիրը հանդիասնում է նրա հետ կնքվելիք աշխատանքային պայմանագրի բաղկացուցիչ մաս:

6. Բյուջետային գրասենյակի փորձագետների պաշտոնների նկարագրերը Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

7. Բյուջետային գրասենյակի փորձագետների աշխատանքային գործունեության ընթացքն արտացոլվում է նրանց անձնական գործերում, որոնք վարում է Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը:

ԳԼՈՒԽ 2. ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

8. Բյուջետային գրասենյակի փորձագետի պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն սույն հավելվածով եւ տվյալ պաշտոնի նկարագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

9. Բյուջետային գրասենյակի փորձագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար համապատասխան պաշտոնի հավակնորդին մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների տիրապետման, աշխատանքային ստաժի եւ փորձի տեսանկյունից, ի թիվս սույն հավելվածի եւ տվյալ պաշտոնի նկարագրի պահանջների, ներկայացվող պահանջներն են`

1) Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ.

ա. Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հանրային ֆինանսների, հաշվապահական հաշվառման, հանրային կառավարման ոլորտում,

բ. 7 (յոթ) եւ ավելի տարվա աշխատանքային փորձ պետական կառավարման մարմիններում եւ/կամ միջազգային կազմակերպություններում` հանրային ֆինանսների կառավարման, հաշվապահության, աուդիտի կամ տնտեսագիտական հետազոտությունների ոլորտում, որից առնվազն 5 (հինգ) տարին պետական բյուջեի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքների բյուջեների նախագծման, կատարման կամ վերահսկողության ոլորտում,

գ. Ծրագրային բյուջետավորման իմացություն,

դ. Առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում:

2) Փորձագետներ.

ա. Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հանրային ֆինանսների, հաշվապահական հաշվառման, հանրային կառավարման ոլորտում,

բ. 5 (հինգ) եւ ավելի տարվա աշխատանքային փորձ պետական կառավարման մարմիններում եւ/կամ միջազգային կազմակերպություններում` հանրային ֆինանսների կառավարման, հաշվապահության, աուդիտի կամ տնտեսագիտական հետազոտությունների ոլորտում, որից առնվազն 3 (երեք) տարին պետական բյուջեի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքների բյուջեների նախագծման, կատարման կամ վերահսկողության ոլորտում,

գ. Ծրագրային բյուջետավորման իմացություն,

դ. Առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում:

10. Բյուջետային գրասենյակի փորձագետի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, ով՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

2) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը բյուջետային գրասենյակում պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը: Այդ հիվանդությունների ցանկը նույնական է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած հանրային ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկին,

3) դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,

4) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն,

5) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից։

ԳԼՈՒԽ 3. ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ԿԱՐԳԸ

11. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 86-րդ հոդվածի առաջին մասի հիմքով Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետի եւ մյուս փորձագետների թափուր պաշտոնները զբաղեցվում են մրցութային կարգով քննություններ հանձնելու արդյունքներով:

12. Բուջետային գրասենյակում թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթը կազմակերպվում եւ անցկացվում է Ազգային ժողովի նախագահի սահմանած կարգով հիմք ընդունելով uույն հավելվածով uահմանված իրավակարգավորումները:

13. Բյուջետային գրասենյակում թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի կազմում, իրենց ցանկությամբ, ընդգրկվում են նաեւ Ազգային ժողովի խմբակցությունների, պատգամավորական խմբերի ներկայացուցիչները: Խմբակցության, պատգամավորական խմբի ներկայացուցիչները մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխանաբար խմբակցության, պատգամավորական խմբի ներկայացմամբ:

14. Բյուջետային գրասենյակի փորձագետի թափուր պաշտոն առաջանալու դեպքում Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի նախագահը եռօրյա ժամկետում գրավոր առաջարկություն է ներկայացնում Ազգային ժողովի նախագահին` թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու վերաբերյալ:

15. Մրցույթի թեստերի եւ հարցազրույցի հարցաշարերը, ներառյալ ենթադրյալ եւ ճիշտ պատասխանները, կազմում է Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի քարտուղարությունը:

ԳԼՈՒԽ 4. ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ

16. Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետը վարձատրվում է տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի յոթապատիկի չափով, իսկ փորձագետը` վեցապատիկի չափով:

Հիմնավորում