Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-668-02.12.2014-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ, ՀԽՍՀ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԻ ՇԱՐՔ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների եւ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-199 օրենքի հոդված 3-ի 32-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«32) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահի գործունեության եւ անվտանգության պետական ապահովման ու սպասարկման մասին» թիվ Ն-00427-I որոշումը: Սույն կետը չունի հետադարձ ուժ եւ չի տարածվում մինչեւ 2006 թվականի դեկտեմբերի 16-ը նշված պաշտոններում պաշտոնավարած անձանց վրա:»

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ, ՀԽՍՀ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԻ ՇԱՐՔ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների եւ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-199 օրենքի հոդված 3-ի 32-րդ կետը հակասահմանադրական է եւ կրում է իր մեջ կոռուպցիոն ռիսկեր:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահի գործունեության եւ անվտանգության պետական ապահովման ու սպասարկման մասին» թիվ Ն-00427-I որոշումը 2006 թվականին ուժը կորցրած ճանաչելը ճիշտ չէ:

Փոփոխվող օրենքի 3-րդ հոդվածի 32-րդ կետը հետադարձ ուժ ունենալ չի կարող: Անձը դարձել է վարչապետ, Ազգային ժողովի նախագահ նկատի ունենալով, որ այդ ապահովվածությունը ունի, նկատի ունենալով, որ կենսաթոշակի անցնելուց «կորած չի», եւ ազնվորեն ծառայել է հանրապետությանը: Ստացվում է, որ այս օրենքով նա զրկվում է այդ հնարավորությունից: Իսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 42-ում հստակ նշվում է, որ.

«Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտեր հետադարձ ուժ չունեն»:

Այսպիսով, սույն օրենքի նախագծի ընդունումը եւ նշված հոդվածում լրացում կատարելը ոչ այլ ինչ է, քան սահմանադրության պահանջ: