Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի փետրվարի 13-ի ՀՕ-1 օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
8) «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված N 1-ով սահմանված պաշտոններում պաշտոնավարած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում.
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետը համարակալել որպես 10-րդ:
Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել նոր 9-րդ ենթակետով.
9) Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում.
Հոդված 4. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետում եւ 2-րդ կետում «9-րդ»-ը փոխարինել «10-րդ»-ով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի փետրվարի 13-ի ՀՕ-1 օրենքի 2-րդ հոդվածի 8-րդ ենթակետը ձեւակերպված է անհասկանալի: Մասնավորապես` 10 տարի ժամկետը վերաբերվում է նաեւ հավելված N 1-ում սահմանված պաշտոններում պաշտոնավարած անձանց, թե միայն օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարի պաշտոնում պաշտոնավարած անձանց: Եթե դա վերաբերվում է նաեւ հավելված N 1-ում սահմանված պաշտոններում պաշտոնավարած անձանց, որտեղ, ի թիվս այլոց, նշված է վարչապետի, կառավարության անդամի, նախարարի, ԱԺ նախագահի պաշտոնները, ապա այստեղ մենք ունենք իրավական նոնսենս, որովհետեւ, օրինակ, վարչապետը սահմանադրորեն աշխատել է իր սահմանադրական ժամկետը` 5 տարի: Ստացվում է, որ, որպեսզի նա օգտվի այս ծառայությունից, պետք է պաշտոնավարի 10 տարի, ինչը ճիշտ չէ:
Ավելին, նույն օրենքում, ավելի վերեւ, 7-րդ կետում մենք պատգամավորներին ոչ միայն այդ իրավունքը տվել ենք, այլ նաեւ վերադարձել ենք եւ Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցրած անձանց ենք ընձեռնել այդ հնարավորությունը: Իսկ վարչապետը, կամ նախարարը, որը զբաղեցնում է սահմանադրականորեն ավելի կարեւոր պաշտոն, եւ վերընշված հավելված N 1-ով ավելի բարձր է դասված` չունի այդպիսի հնարավորություն:
Չտալով այդ հնարավորությունը` հարց է առաջանում. ինչո՞ւ որեւէ մեկը պիտի գա եւ աշխատի որպես վարչապետ կամ նախարար: Նրանց աշխատանքի միակ մոտիվացիան կոռուպցիան է եւ կաշառակերությունը:
Այսպիսով, գործող օրենքում գոյություն ունի իրավական անհամաչափություն եւ նոնսենս: