Հոդված 1. «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-304 օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ Հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 3. Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունքը
1. Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող անձինք:»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ Հոդվածի 8-րդ մասում «օրենքով սահմանված կարգով բողոքարկվել դատարանում» բառերը փոխարինել «բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում» բառերով:
Հոդված 3. Օրենքի 9-րդ Հոդվածում՝
1) 2-րդ մասի երկրորդ նախադասությունը հանել.
2) 4-րդ մասի «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ա) կենտրոնական հանձնաժողովի սահմանած վիճակահանության կարգով՝ որոշում է ստուգման ենթակա ստորագրությունների համարները.».
3) 7-րդ մասի «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ա) քվեարկության օրը տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեցող անձանց ստորագրությունները, ինչպես նաեւ կեղծ տեղեկություններով ստորագրությունները.»:
Հոդված 4. Օրենքի 11-րդ Հոդվածում՝
1) 2-րդ մասի «հանրաքվեի դրվող տեղական ինքնակառավարման մարմնի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի անվանումը» բառերը փոխարինել «ինչպես նաեւ հանրաքվեի դրվող հարցը» բառերով.
2) 3-րդ մասի «45 օր առաջ» բառերը փոխարինել «50 օր առաջ» բառերով.
3) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությամբ.
«Սույն օրենքի 7-րդ Հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքում հրապարակվում է միայն տեղական հանրաքվե նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ:».
4) 4-րդ մասի երրորդ նախադասությունում «45» թիվը փոխել «50» թվով, իսկ «65» թիվը «70» թվով:
Հոդված 5. Օրենքի 12-րդ եւ 13-րդ Հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 12. Տեղական հանրաքվեի հանձնաժողովների համակարգը
Տեղական հանրաքվեն կազմակերպում եւ անցկացնում են՝
1) կենտրոնական ընտրական հանձնաժողովը.
2) տեղական հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովները (այսուհետ` ընտրատարածքային հանձնաժողովներ).
3) տեղական հանրաքվեի տեղամասային հանձնաժողովները (այսուհետ` տեղամասային հանձնաժողովներ):
Հոդված 13. Տեղական հանրաքվեի հանձնաժողովների կազմավորումը
1. Կենտրոնական եւ ընտրատարածքային հանձնաժողովներն են ընտրական օրենսգրքով սահմանված կարգով կազմավորված համապատասխան ընտրական հանձնաժողովները:
Եթե նույն հարցով հանրաքվեն վերաբերում է մեկից ավելի համայնքների, որոնք ընդգրկված են տարբեր ընտրատարածքների կազմում, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 47 օր առաջ որոշում է այն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, որին վերապահվում է լիազորություն կազմակերպելու եւ անցկացնելու տեղական հանրաքվեն:
Եթե տեղական հանրաքվեն անցկացվում է այնպիսի համայնքում, որն ընդգրկված է մեկից ավելի ընտրատարածքների կազմում, ապա նշված համայնքում տեղական հանրաքվեն կազմակերպում եւ անցկացնում է տվյալ համայնքում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ կազմակերպող եւ անցկացնող ընտրական հանձնաժողովը:
2. Տեղական հանրաքվեի տեղամասային հանձնաժողովները կազմավորվում են ընտրական օրենսգրքով` տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման համար սահմանված կարգով:»:
Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13.1-րդ Հոդվածով՝
«Հոդված 13.1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղական հանրաքվեն կազմակերպող եւ դրա անցկացման օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմին է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը`
1) տեղական հանրաքվեի կազմակերպման եւ անցկացման ընթացքում վերահսկողություն է իրականացնում օրինականության պահպանման նկատմամբ եւ ապահովում է սույն օրենքի միատեսակ կիրառումը.
2) քննարկում է հանրաքվեի հանձնաժողովների որոշումների, գործողությունների եւ անգործության վերաբերյալ ստացված դիմումներն ու բողոքները` ընտրական օրենսգրքով սահմանված կարգով.
3) վերացնում, ուժը կորցրած, անվավեր կամ չեղյալ է ճանաչում հանձնաժողովների` սույն օրենքին եւ ընտրական օրենսգրքին հակասող որոշումները.
4) ընդունում է սույն օրենքով նախատեսված որոշումներ, տեղական հանրաքվեի քվեարկության գործընթացները կանոնակարգելու նպատակով ընդունում է սույն օրենքին չհակասող որոշումներ.
5) վերահսկողություն է իրականացնում տեղական հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման համար հատկացված պետական բյուջեի միջոցների օգտագործման նկատմամբ.
6) սահմանում է քվեաթերթիկների, արձանագրությունների եւ տեղական հանրաքվեի այլ փաստաթղթերի ձեւերը, նմուշները, հանրաքվեի հանձնաժողովներին ապահովում է անհրաժեշտ փաստաթղթերով.
7) կազմակերպում է տեղական հանրաքվեի հանձնաժողովների անդամների ուսուցումը.
8) իրականացնում է սույն օրենքով եւ ընտրական օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:»:
Հոդված 7. Օրենքի 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ եւ 19-րդ Հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 14. Ընտրատարածքային հանձնաժողովների լիազորությունները
Ընտրատարածքային հանձնաժողովը`
1) վերահսկողություն է իրականացնում ընտրատարածքում օրինականության ապահովման, սույն օրենքի միատեսակ կիրառման նկատմամբ.
2) սահմանում է տեղական հանրաքվեի տեղամասերի հերթական համարները` ընտրական օրենսգրքով սահմանած կարգին համապատասխան, եւ այդ տվյալները երկօրյա ժամկետում ներկայացնում կենտրոնական հանձնաժողով.
3) իր եւ տեղամասային հանձնաժողովների գործունեության վերաբերյալ տեղեկություններ է հաղորդում կենտրոնական հանձնաժողով.
4) քննարկում է տեղամասային հանձնաժողովների որոշումների եւ գործողությունների վերաբերյալ ստացված դիմումները (բողոքները), վերանայում կամ վերացնում է տեղամասային հանձնաժողովների` սույն օրենքին հակասող որոշումները.
5) ըստ հանրաքվեի տեղամասերի` տեղամասային հանձնաժողովների արձանագրությունների տվյալների հիման վրա հրապարակում է քվեարկության նախնական արդյունքները.
6) հետեւում է տեղական հանրաքվեի մասնակիցների ցուցակները կազմելուն եւ համընդհանուր ծանոթացման համար դրանք տեղամասերում ներկայացնելուն.
7) վերահսկում է տեղամասային կենտրոնների` ընտրական օրենսգրքի եւ սույն օրենքի պահանջներին համապատասխան կահավորումը.
8) վերահսկողություն է իրականացնում տեղամասային հանձնաժողովների կողմից սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ.
9) անվավեր է ճանաչում տեղամասում քվեարկության արդյունքները.
10) իրականացնում է սույն օրենքով եւ ընտրական օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:
Հոդված 15. Տեղամասային հանձնաժողովների լիազորությունները
1. Տեղամասային հանձնաժողովը`
1) կազմակերպում է քվեարկությունը, ամփոփում քվեարկության արդյունքները տեղամասում.
2) կազմում է տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրություն, արձանագրության օրինակը փակցնում է տեղամասային կենտրոնում.
3) հանձնաժողովի կնիքը, գրանցամատյանը, քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության 2 օրինակները, տեղական հանրաքվեի փաստաթղթերի պարկը եւ քվեատուփը ներկայացնում է ընտրատարածքային հանձնաժողով.
4) իրականացնում է սույն օրենքով եւ ընտրական օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:
Հոդված 16. Հրապարակայնությունը տեղական հանրաքվեի հանձնաժողովների աշխատանքներում
1. Տեղական հանրաքվեն նախապատրաստվում եւ անցկացվում է հրապարակայնորեն:
2. Կենտրոնական հանձնաժողովի որոշումները հրապարակվում են «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:
3. Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձիք ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեկացվում են հանրաքվեի հանձնաժողովների կազմի, գտնվելու վայրերի, աշխատաժամերի, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակներում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, քվեարկության օրվա, քվեարկության եւ տեղական հանրաքվեի արդյունքների մասին:
4. Քվեարկության օրը տեղամասային հանձնաժողովները պարտավոր են մինչեւ ժամը 11.30-ը, 14.30-ը, 17.30-ը եւ 20.30-ը ընտրատարածքային հանձնաժողով հաղորդել համապատասխանաբար մինչեւ ժամը 11.00-ն, 14.00-ն, 17.00-ն եւ 20.00-ն տվյալ տեղամասում քվեարկությանը մասնակցած անձանց թիվը: Ընտրատարածքային հանձնաժողովները այդ տվյալները նույն պարբերականությամբ ամփոփում, հրապարակում եւ հաղորդում են կենտրոնական հանձնաժողով:
5. Տեղական հանրաքվեի հանձնաժողովների նիստերին, ինչպես նաեւ քվեարկության ամբողջ ընթացքում տեղամասային կենտրոնում իրավունք ունեն ներկա լինելու դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, ինչպես նաեւ վերադաս հանձնաժողովի անդամները` վերադաս հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ: Տեղական հանրաքվեի հանձնաժողովների նիստերը, ինչպես նաեւ քվեարկության ընթացքը դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են լուսանկարահանել, տեսանկարահանել` չխախտելով քվեարկության գաղտնիության իրավունքը:
6. Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի նիստերի եւ քվեարկության ընթացքում, սույն օրենքով եւ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար ապահովում է աշխատանքային անհրաժեշտ ու հավասար պայմաններ:
Հոդված 17. Տեղական հանրաքվեի հանձնաժողովների աշխատանքների կազմակերպումը
1. Տեղական հանրաքվեի հանձնաժողովների աշխատանքների կազմակերպումն իրականացվում է տեղական ինքնակառավարման ընտրությունների համար ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:
Հոդված 18. Հանձնաժողովում վարչական վարույթի առանձնահատկությունները: Հանձնաժողովների որոշումները, գործողությունները եւ անգործությունը բողոքարկելը, տեղական հանրաքվեի տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու, վերահաշվարկի մասին դիմում ներկայացնելը: Դիմումներին եւ բողոքներին ներկայացվող պահանջները: Հանձնաժողովներում դրանց քննարկման կարգը
1. Տեղական հանրաքվեի հանձնաժողովներում վարչական վարույթն իրականացվում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ընտրական օրենսգրքով եւ սույն օրենքով սահմանված առանձնահատկություններով եւ ժամկետներում:
2. Տեղական հանրաքվեի հանձնաժողովների որոշումների, գործողությունների եւ անգործության բողոքարկումը, տեղական հանրաքվեի տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելը, ընտրատարածքային հանձնաժողովում քվեարկության արդյունքների վերահաշվարկը, ինչպես նաեւ դիմումներին եւ բողոքներին ներկայացվող պահանջները, հանձնաժողովներում դրանց քննարկումն իրականացվում է ընտրական օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում:
3. Դիմումներն իրավասու սուբյեկտների կողմից կարող են ներկայացվել ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում եւ կարգով:
Հոդված 19. Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները կազմելու կարգը
1. Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները (այսուհետ` ցուցակներ) կազմելու եւ վարելու, անձանց ցուցակներում ընդգրկելու, ցուցակներին առաջադրվող պահանջները, ցուցակների մատչելիությունը, ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելու եւ ցուցակները ճշտելու կարգը, հանձնաժողովներին ցուցակներ տրամադրելը սահմանվում են ընտրական օրենսգրքի՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակների կազմելուն, վարելուն, անձանց ընտրողների ցուցակներում ընդգրկելուն, ընտրողների ցուցակներին առաջադրվող պահանջներին, ցուցակների մատչելիությանը, ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելուն, ցուցակները ճշտելուն եւ հանձնաժողովներին ցուցակները տրամադրելուն վերաբերող դրույթներով սահմանված կարգով:»:
Հոդված 8. Օրենքի 21-րդ Հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 21. Տեղական հանրաքվեի ֆինանսավորումը
1. Տեղական հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման (ներառյալ` ցուցակների կազմման) ծախսերը կատարվում են տեղական բյուջեի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշանակված տեղական հանրաքվեի կազմակերպման եւ անցկացման (ներառյալ` ցուցակները կազմելը, հանրաքվեի հանձնաժողովների անդամների ուսուցում կազմակերպելը), ինչպես նաեւ հանձնաժողովների գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին՝ ընտրական օրենսգրքով ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ֆինանսավորման կարգին համապատասխան:»:
Հոդված 9. Օրենքի 22-րդ Հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Քարոզչությունն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում տեղական հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ օրենքով չարգելված ձեւերով եւ միջոցներով իրականացվում է քարոզչություն:»
2) 3-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ խմբագրությամբ. «Քվեարկության եւ դրան նախորդող օրը քարոզչությունն արգելվում է:».
3) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Արգելվում է քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել`
1) պետական եւ համայնքային պաշտոններ զբաղեցնողներին, բացառությամբ քաղաքական եւ հայեցողական պաշտոններ զբաղեցնողների, ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս.
2) սահմանադրական դատարանի անդամներին, դատավորներին, դատախազներին, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողներին, ոստիկանությունում, ազգային անվտանգությունում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողներին, զինծառայողներին.
3) բարեգործական եւ կրոնական կազմակերպություններին.
4) հանրաքվեի հանձնաժողովի անդամներին:»:
4) 9-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Արգելվում է քվեարկության նախորդ օրը, ինչպես նաեւ քվեարկության օրը` մինչեւ ժամը 20.00-ն, վերգետնյա հեռուստաընկերություններով, տպագիր մամուլով տեղական հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքերը, քվեարկողների հարցման արդյունքները հրապարակելը:»:
Հոդված 10. Օրենքի 25-րդ Հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Տեղական հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու կարգն ու պայմանները, դիտորդների հավատարմագրումը, դիտորդների եւ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների իրավունքները, պարտականությունները եւ գործունեության երաշխիքները սահմանվում են ընտրական օրենսգրքով:»:
Հոդված 11. Օրենքի 27-րդ, 28-րդ, 29-րդ, 30-րդ եւ 31-րդ Հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 27. Հանրաքվեի քվեաթերթիկը, քվեարկության ծրարը
1. Կենտրոնական հանձնաժողովը սահմանում է քվեաթերթիկի եւ քվեարկության ծրարի նմուշները:
2. Քվեաթերթիկի հատման գիծը պետք է լինի դակված (պերֆորացված): Քվեաթերթիկը պետք է ներառի տպագրատան անվանումը եւ ծանուցում` քվեաթերթիկի լրացման կարգի մասին: Քվեաթերթիկները պատրաստվում են անթափանց թղթից:
3. Քվեաթերթիկի հատման գծից վերեւ` ելունդի վրա, նշվում է քվեաթերթիկի հերթական համարը: Քվեաթերթիկի վրա հատման գծից ներքեւ նշվում է քվեարկության դրվող հարցը, ինչպես նաեւ "ԱՅՈ" եւ "ՈՉ" բառերը` յուրաքանչյուրի դիմաց աջ կողմում` նախատեսվում են դատարկ քառանկյուններ` քվեարկողի կողմից նշում կատարելու համար:
4. Քվեաթերթիկների տպագրումն ապահովում է կենտրոնական հանձնաժողովը:
5. Քվեաթերթիկները տպագրվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 10, եւ ոչ ուշ, քան 3 օր առաջ` լիազոր մարմնի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց թվի վերաբերյալ քվեարկության օրվանից 10 օր առաջ տրամադրած տեղեկատվության հիման վրա:
6. Քվեաթերթիկները տեղամասային հանձնաժողովներին հատկացվում են քվեարկության նախորդ օրը հանրաքվեի տեղամասում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց թվի մինչեւ 3 տոկոս ավելի քանակով, բայց ոչ պակաս, քան հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց թվից 2 քվեաթերթիկ ավելին:
7. Քվեարկության ծրարների պատրաստումն ապահովում է կենտրոնական հանձնաժողովը: Քվեարկության ծրարները ընտրատարածքային հանձնաժողովը հատկացնում է տեղամասային հանձնաժողովին՝ քվեարկության նախորդ օրը:
Հոդված 28. Քվեաթերթիկը լրացնելու կարգը
1. Քվեարկության մասնակիցը, եթե համաձայն է ընդունել հանրաքվեի դրված հարցը, քվեաթերթիկում՝ կենտրոնական հանձնաժողովի սահմանած ձեւով միատեսակ նշում է կատարում "ԱՅՈ" բառի դիմացի դատարկ քառանկյունում, իսկ եթե համաձայն չէ` "ՈՉ" բառի դիմացի դատարկ քառանկյունում:
2. Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քվեարկության մասնակիցն իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի հանձնաժողովի անդամ: Անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ անձի: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է։ Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող մասնակցին օգնող անձի տվյալները գրառվում են տեղամասային հանձնաժողովի գրանցամատյանում:
3. Եթե հանձնաժողովի անդամը գտնում է, որ քվեարկության ընթացքում տեղի է ունեցել սույն օրենքով կամ ընտրական օրենսգրքով նախատեսված քվեարկության կարգի խախտում, ապա իրավունք ունի պահանջելու, որ իր գնահատականը արձանագրվի գրանցամատյանում։
Հոդված 29. Քվեաթերթիկների վավերականությունը
1. Սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե`
1) միաժամանակ «ԱՅՈ» եւ «ՈՉ» բառերի դիմաց նշումներ է ներառում.
2) որեւէ նշում չի ներառում.
3) բացի քվեարկության համար կենտրոնական հանձնաժողովի սահմանած կամ դրան նմանվող նշանից ներառում է այլ` քվեարկողի ինքնությունը բացահայտող նշում.
4) ընտրական հանձնաժողովի անդամի կողմից ստորագրված կամ սեփական դրոշմով դրոշմված կամ անհատական կնիքով կնքված չէ.
5) ակնհայտ խախտված է քվեաթերթիկում նշում կատարելու սահմանված ձեւը: Սահմանված ձեւի ոչ էական խախտումը չի կարող համարվել քվեաթերթիկի անվավերության հիմք, եթե քվեարկությանը մասնակցողի մտադրությունը հստակ է եւ աներկբա:
2. Քվեաթերթիկը վավեր է, եթե այն անվավեր չէ:
Հոդված 30. Չսահմանված նմուշի քվեաթերթիկները
1. Չսահմանված նմուշի է սահմանված նմուշից տարբերվող քվեաթերթիկը, ինչպես նաեւ՝
1) քվեարկության չսահմանված նմուշի ծրարում գտնվող քվեաթերթիկը.
2) ծրարում գտնվող քվեաթերթիկները, եթե դրանց թիվը մեկից ավելի է.
3) քվեատուփում գտնվող՝ առանց քվեարկության ծրարի քվեաթերթիկները:
Հոդված 31. Քվեարկության չսահմանված նմուշի ծրարները
1. Քվեարկության չսահմանված նմուշի ծրար է սահմանված նմուշից ակնհայտ տարբերվող կամ չկնքված կամ այլ կնիքով կնքված քվեարկության ծրարը, ինչպես նաեւ՝
1) քվեաթերթիկ չպարունակող քվեարկության ծրարը.
2) մեկից ավելի քվեաթերթիկ պարունակող քվեարկության ծրարը.
3) չսահմանված նմուշի քվեաթերթիկ պարունակող քվեարկության ծրարը.
4) քվեարկությանը մասնակցողի ինքնությունը բացահայտող նշումներ ներառող քվեարկության ծրարը:»:
Հոդված 12. Օրենքի 32-րդ, 33-րդ, 34-րդ եւ 35-րդ Հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 32. Տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելու կարգը
1. Տեղամասում տեղական հանրաքվեի արդյունքներն ամփոփվում են ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:
Հոդված 33. Տեղամասային հանձնաժողովի՝ քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը
1. Տեղամասային հանձնաժողովը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների հաշվարկները, կազմում է հանրաքվեի տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրություն, դրանում նշելով`
1) տեղամասում տեղական հանրաքվեի մասնակիցների հիմնական ցուցակում ընդգրկված անձանց թիվը, ինչպես նաեւ քվեարկության օրը հանրաքվեի տեղամասում կազմված լրացուցիչ ցուցակում ընդգրկված անձանց թվերը` առանձին-առանձին.
2) հանրաքվեի տեղամասում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թիվը, որը հավասար է հիմնական ցուցակում եւ լրացուցիչ ցուցակում ընդգրկված անձանց թվերի գումարին.
3) յուրաքանչյուր ցուցակի քվեարկության մասնակիցների թիվը՝ առանձին-առանձին (լրացվում է ըստ յուրաքանչյուր ցուցակի գրանցված եւ քվեաթերթիկներ ստացած անձանց ստորագրությունների թիվը).
4) հանրաքվեի տեղամասում քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը, որը հավասար է հիմնական ցուցակում եւ լրացուցիչ ցուցակում գրանցված եւ քվեաթերթիկներ ստացած անձանց ստորագրությունների թվերի գումարին.
5) տեղամասային հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը եւ ելունդների համարները (լրացնում է ընտրատարածքային հանձնաժողովը).
6) մարված քվեաթերթիկների (չօգտագործված եւ քվեարկությանը մասնակցած անձանց կողմից ոչ ճիշտ լրացված կամ վնասված եւ հետ տված քվեաթերթիկներ) ընդհանուր թիվը.
7) անվավեր քվեաթերթիկների թիվը.
8) «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների թիվը.
9) «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների թիվը.
10) քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը:
2. Արձանագրության կազմումը եւ ստորագրումը, տեղամասում դրա հրապարակումը, տեղական հանրաքվեի փաստաթղթերը փաթեթավորելը եւ ընտրատարածքային հանձնաժողովին ներկայացնելն իրականացվում է ընտրական օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում:
Հոդված 34. Ընտրատարածքային հանձնաժողովում տեղական հանրաքվեի արդյունքների ամփոփման կարգը
1. Ընտրատարածքային հանձնաժողովը տեղամասային հանձնաժողովներից ստացված՝ հանրաքվեի տեղամասերում քվեարկությունների արդյունքների հիման վրա քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում, սույն Հոդվածի պահանջներին համապատասխան, ըստ համայնքների ամփոփում է տեղական հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները եւ արձանագրություններով վավերացնում դրանք:
2. Ընտրատարածքային հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 5-րդ օրը, հիմք ընդունելով հանրաքվեի տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, ըստ համայնքների կազմում է արձանագրություններ` քվեարկության արդյունքների վերաբերյալ:
3. Քվեարկության արդյունքների մասին արձանագրությունում նշվում են`
1) հանրաքվեի մասնակիցների հիմնական ցուցակներում ընդգրկված անձանց թիվը, լրացուցիչ ցուցակում ընդգրկված անձանց թիվը` առանձին-առանձին.
2) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թիվը, որը հավասար է հիմնական ցուցակում եւ լրացուցիչ ցուցակում ընդգրկված անձանց թվերի գումարին.
3) քվեարկության մասնակիցների թիվը՝ ըստ յուրաքանչյուր ցուցակի առանձին-առանձին.
4) քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը, որը հավասար է հիմնական ցուցակում եւ լրացուցիչ ցուցակում գրանցված եւ քվեաթերթիկներ ստացած անձանց ստորագրությունների թվերի գումարին.
5) տեղամասային հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը եւ ելունդների համարները.
6) տեղամասային հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.
7) անվավեր քվեաթերթիկների ընդհանուր թիվը.
8) «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.
9) «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.
10) քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների ընդհանուր թիվը.
11) անճշտությունների գումարային չափը:
4. Տեղական հանրաքվեի դեպքում անճշտությունների գումարային չափը հավասար է համայնքում կազմավորված բոլոր տեղական հանրաքվեի տեղամասերի անճշտությունների գումարային չափերի գումարին:
5. Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի անդամները, այն կնքում է հանձնաժողովի նախագահը:
6. Ընտրատարածքային hանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է քվեարկության արդյունքների արձանագրության պատճենը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:
7. Ընտրատարածքային հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 5-րդ օրը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ որոշումը, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները ամփոփում է համայնքում տեղական հանրաքվեի արդյունքները եւ ըստ համայնքների առանձին-առանձին ընդունում որոշում տեղական հանրաքվեի արդյունքների վերաբերյալ:
Հոդված 35. Տեղական հանրաքվեի արդյունքների ամփոփումը
1. Ընտրատարածքային հանձնաժողովը, սույն օրենքի 34-րդ Հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետում ամփոփում է տեղական հանրաքվեի արդյունքները եւ ընդունում հետեւյալ որոշումներից մեկը.
1) տեղական հանրաքվեի դրված հարցի ընդունման մասին.
2) տեղական հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.
3) տեղական հանրաքվեի դրված հարցի չընդունման մասին.
4) տեղական հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու եւ նոր քվեարկություն նշանակելու մասին:
2. Տեղական հանրաքվեի դրված հարցը կամ որոշման նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ցուցակներում ընդգրկված անձանց մեկ երրորդը:
3. Տեղական հանրաքվեի դրված հարցը կամ որոշման նախագիծը համարվում է չընդունված, եթե ապահովված չեն սույն Հոդվածի 2-րդ մասի պահանջները:
4. Ընտրատարածքային հանձնաժողովը, սույն օրենքի 34-րդ Հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետում ամփոփում է սույն օրենքի 7-րդ Հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նշանակված տեղական հանրաքվի արդյունքները եւ ըստ համայնքների ընդունում հետեւյալ որոշումներից մեկը.
1) համայնքում հանրաքվեի արդյունքները հաստատելու մասին.
2) համայնքի տեղական հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.
3) համայնքում տեղական հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու եւ նոր քվեարկություն նշանակելու մասին:
5. Եթե քվեարկության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենքի եւ ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել համապատասխան համայնքում տեղական հանրաքվեի արդյունքների վրա, ապա ընտրատարածքային հանձնաժողովը որոշում է ընդունում տեղական հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումների հետեւանքները: Տեղական հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկությունը նշանակվում է որոշման կայացման օրվանից հետո 9-րդ օրը:
6. Եթե տեղական հանրաքվեի նախապատրաստման ընթացքում կամ տեղական հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի են ունեցել սույն օրենքի եւ ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել համայնքում տեղական հանրաքվեի արդյունքների վրա, ապա ընտրատարածքային հանձնաժողովը որոշում է ընդունում տեղական հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին եւ համայնքում նշանակում է նոր քվեարկություն:
7. Տեղական հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերով դիմում վարչական դատարան կարող է ներկայացվել տեղական հանրաքվեի արդյունքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո` 5-րդ օրը, մինչեւ ժամը 18.00-ն:
8. Նոր քվեարկությունն անցկացվում է տեղական հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 10, եւ ոչ ուշ, քան 30 օր հետո սույն օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 13. Օրենքի 37-րդ Հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 14. Օրենքի 9-րդ գլուխը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: