Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6822-11.12.2014-ԳԲ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-140-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետում «պեստիցիդ» բառից հետո լրացնել «բույսերի պաշտպանության միջոց,» բառերը:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 27-րդ կետով.

«27)  բույսերի պաշտպանության միջոցներ՝ բույսերի վնասակար օրգանիզմների կանխարգելման, դրանց դեմ պայքարի եւ վերացման համար կիրառվող քիմիական, կենսաբանական միջոցներ:»:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել «եւ փաստաթղթերի ցանկի ու ձեւի» բառերը:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 6. Պեստիցիդների եւ ագրոքիմիկատների պետական գրանցումը, վերագրանցումը եւ գրանցումից հանելը

1. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող, Հայաստանի Հանրապետությունում արտադրվող եւ շրջանառվող պեստիցիդները եւ ագրոքիմիկատները պարտադիր ենթակա են պետական գրանցման:

2. Պեստիցիդների եւ ագրոքիմիկատների պետական գրանցումն իրականացնում է լիազորված մարմինը՝ պեստիցիդների եւ ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) եզրակացության հիման վրա:

3. Հայաստանի Հանրապետությունում արտադրված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների պետական գրանցումը իրականացվում է, եթե՝

1) դրանք երկու տարի անընդմեջ փորձարկվել են հանրապետության տարբեր բնակլիմայական գոտիներում.

2) առկա է դրանց մասին հանձնաժողովի դրական եզրակացությունը:

4. Օտարերկրյա պետություններում արտադրված ու փորձարկված եւ գործածության մեջ գտնվող պեստիցիդների եւ ագրոքիմիկատների պետական գրանցումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է, եթե առկա է դրանց մասին հանձնաժողովի դրական եզրակացությունը:

5. Պեստիցիդների եւ ագրոքիմիկատների գրանցման մասին եզրակացություն տալու համար պահանջվում են հետեւյալ փաստաթղթերը՝

1) Հայաստանի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետություններում արտադրված եւ փորձարկված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների համար՝

ա. պեստիցիդների կամ ագրոքիմիկատների առեւտրային անվանումը, ազդող նյութը կամ նյութերը, համագործիչ եւ օժանդակ նյութերը, յուրաքանչյուր նյութի տոկոսային հարաբերությունը,  պատրաստուկային ձեւը, արտադրող ֆիրման,

բ. պեստիցիդների ծախսի նորման, օգտագործման ժամկետը, եղանակը եւ առանձնահատկությունները, մշակումների կամ սնուցումների քանակը, սպասման ժամկետը, կիրառման սահմանափակումները, կիրառման անվտանգությանը ներկայացվող պահանջները, մշակվող օբյեկտը, վնասակար օրգանիզմը.

գ. ագրոքիմիկատների սպասման ժամկետը, կիրառման սահմանափակումները, կիրառման անվտանգությանը ներկայացվող պահանջները.

դ. պեստիցիդների կամ ագրոքիմիկատների հիգիենիկ նորմատիվները (մարդու օրգանիզմում օրվա թույլատրելի սահմանային չափաբաժինը, հողում թույլատրելի սահմանային քանակը (միայն պեստիցիդների մասով), ջրամբարների ջրում թույլատրելի սահմանային քանակը, աշխատանքային գոտում օդում թույլատրելի սահմանային քանակը, մթնոլորտային օդում թույլատրելի քանակը եւ թույլատրելի առավելագույն մակարդակը սննդամթերքում),

ե. պեստիցիդների կամ ագրոքիմիկատների քիմիական փորձաքննության, մնացորդային քանակների որոշման մեթոդիկաները, պեստիցիդների՝ ազդող նյութի բյուրեղային տիպօրինակը (ստանդարտը).

զ. թունունակությունը ոչ նպատակային տեսակների համար (ձկներ, թռչուններ, մեղուներ, հողի միկրոօրգանիզմներ եւ այլն).

է. ազդեցությունը վերարտադրողականության վրա.

ը. մուտագեն, ալերգիկ, ուռուցքածին եւ մաշկագրգիռ տերատոգեն, գոնադատոքսիկ, սաղմնաթունային հատկությունները.

թ. սույն օրենքի 8-րդ հոդվածի պահամջներին համապատասխան պեստիցիդի եւ /կամ ագրոքիմիկատի թունաբանահիգիենիկ գնահատումը հավաստող փաստաթուղթը(հաշվետվությունը),

ժ. Սույն օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին համապատասխան  պեստիցիդի եւ /կամ ագրոքիմիկատի պիտակի նկարագիրը:

2) Հայաստանի Հանրապետությունում արտադրված եւ փորձարկված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների գրանցման համար պահանջվում է նաեւ՝

ա. տեղեկանք` Հայաստանի Հանրապետության տարբեր հողակլիմայական պայմաններում դրանց երկու տարվա դաշտային եւ լաբորատոր փորձարկման արդյունքների մասին.

բ. առողջապահության, բնապահպանության, գյուղատնտեսության, գիտության եւ կրթության լիազոր մարմնի մասնագիտական դրական եզրակացությունները.

3) օտարերկրյա պետություններում արտադրված ու փորձարկված եւ գործածության մեջ գտնվող պեստիցիդների եւ ագրոքիմիկատների պետական գրանցման համար պահանջվում է նաեւ՝ գրանցող երկիրը, գրանցման տարեթիվը եւ համարը, ընդգրկվածությունը գործող անվանացանկում:

6. Սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով պահանջվող փաստաթղթերը պետք է տրամադրված լինեն արտադրողի կամ նրա պաշտոնական ներկայացուցչի կամ դիստրիբյուտորի կողմից:

7. Հանձնաժողովի եզրակացության եւ ներկայացվող փաստաթղթերի ձեւերը հաստատում է լիազոր մարմինը:

8. Հայաստանի Հանրապետությունում արտադրված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների փորձարկումն իրականացվում է դրանք գրանցման ներկայացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջոցների հաշվին:

9. Լիազոր մարմինը հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է տվյալ պեստիցիդները կամ ագրոքիմիկատները գրանցելու եւ Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների անվանացանկում ընդգրկելու կամ գրանցումը մերժելու մասին որոշում եւ տեղյակ է պահում հայտատուին:

10. Պեստիցիդները գրանցման ներկայացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից տրամադրված տվյալները պաշտպանված են եւ հրապարակման ենթակա չեն, եթե փաստաթղթային փաթեթի ներկայացման ժամանակ դիմողը պահանջել է ազդող  նյութի, հակաթույնի կամ համագործչի, օժանդակ նյութերի եւ պեստիցիդների վերաբերյալ փորձերի եւ հետազոտությունների արդյունքների մասին տվյալների պաշտպանություն, ինչպես նաեւ հաստատում այն մասին, որ փորձերի եւ հետազոտությունների արդյունքների վերաբերյալ տվյալների պաշտպանության ժամկետ երբեք չի սահմանվել կամ սահմանված որեւէ ժամկետ չի լրացել:

11. Պեստիցիդները եւ ագրոքիմիկատները գրանցվում են հինգ տարի ժամկետով եւ գրանցման ներկայավնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց տրվում է գրանցման վկայական:

12. Պեստիցիդների եւ ագրոքիմիկատներն ենթակա են վերագրանցման եթե.

1) լրացել է գրանցման ժամկետը եւ վերագրանցման մասին հայտի է ներկայացվել.

2) մինչեւ գրանցման ժամկետի լրանալը տեղի է ունեցել պեստիցիդների կամ ագրոքիմիկատների ազդող կամ համագործիչ   կամ օժանդակ նյութերի կամ դրանց տոկոսային հարաբերությունների փոփոխություն:

13. Վերագրանցումը իրականացվում է սույն հոդվածով սահմանված գրանցման դրույթների համապատասխան:

14. Պեստիցիդները եւ ագրոքիմիկատները գրացումից հանվում են, եթե լրացել է գրանցման ժամկետը կամ գրացման վկայական ստացած անձի կողմից ներկայացվել է գրանցումից հանելու հայտ կամ ազդող կամ համագործիչ կամ օժանդակ նյութերից որեւէ մեկը ներառվել է Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի եւ թունաքիմիկատների ցանկում:»

Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում «8-րդ հոդվածի» բառերը փոխարինել «7-րդ հոդվածի» բառերով:

Հոդված 6. Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասում «10 տարի» բառերը փոխարինել «հինգ տարի» բառերով:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: