Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6823-11.12.2014-ԳԲ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետում «բուսասանիտարական սերտիֆիկատ» բառերը փոխարինել «բուսասանիտարական հավաստագիր» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ, 7-րդ եւ 8-րդ եւ 9-րդ մասերով.

«6. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված անասնաբուժական հսկման ենթակա ապրանքների ցանկում ընդգրկված` Եվրասիական տնտեսական միության  տարածք երրորդ երկրի տարածքից ներմուծվող կենդանիների եւ կենդանական ծագման արտադրանքի արտադրությամբ, վերամշակմամբ, փոխադրմամբ եւ/կամ պահպանմամբ, անասնաբուժական պետական վերահսկողության ենթակա ապրանքների արտադրությամբ, վերամշակմամբ, փոխադրմամբ եւ/կամ պահպանմամբ զբաղվող անձանց եւ կազմակերպությունների մոտ իրականացվում են համատեղ ստուգումներ՝ համաձայն N 1 հավելվածի:

7. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին եւ Հայաստանի Հանրապետության տարածքում անասնաբուժական պետական վերահսկողությունն իրականացվում է  համաձայն N 2 հավելվածի:

8. Եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրներից կամ Հայաստանի Հանրապետությունից դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրներ՝ բուսասանիտարական կարանտին հսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի եւ այլ կարգավորվող առարկաների ներմուծման կամ արտահանման գործընթացների նկատմամբ իրականացվում է բուսասանիտարական կարանտին հսկողություն (վերահսկողություն)՝ համաձայն N 3 հավելվածի:

9. Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներից կամ Հայաստանի Հանրապետությունից դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ՝ բուսասանիտարական կարանտին հսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի եւ այլ կարգավորվող առարկաների ներմուծման կամ արտահանման գործընթացների նկատմամբ իրականացվում է բուսասանիտարական կարանտին հսկողություն (վերահսկողություն)՝ համաձայն N 4 հավելվածի:»:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասում «1-ին մասով» բառերը փոխարինել

«6-րդ մասով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, պեստիցիդների եւ ագրոքիմիկատների ներմուծմանը, արտահանմանը, վերաարտահանմանը եւ տարանցիկ փոխադրմանը ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7-րդ կետով.

«7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ դեպքերում պարտադիր նախնական եւ պարբերական բժշկական զննություն չանցնելու կամ այդ անձանց սանիտարական (բժշկական) գրքույկի բացակայության կամ սահմանված կարգով լրացված չլինելու դեպքում լիազոր մարմինը որոշում է ընդունում տվյալ անձանց աշխատանքի չթույլատրելու մասին ` մինչեւ խախտումը վերացնելը:»:

Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ NN 1, 2, 3 եւ 4 հավելվածներով .

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: