Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-6871-12.12.2014-ՏՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ գործողության շրջանակը

1. Սույն օրենքով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵՏՄ) անդամ պետություններ ապրանքների արտահանման, այդ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) անձանց կողմից ԵՏՄ տարածքում այլ՝ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) անձանց (կամ հակառակը) ծառայությունների մատուցման դեպքերում անուղղակի հարկերի (ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի) հաշվարկման եւ վճարման կարգի առանձնահատկությունները՝ որպես 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի անբաժանելի մաս համարվող՝ «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման եւ դրանց վճարման նկատմամբ վերահսկողության կարգի մասին» թիվ 18 հավելվածով ներկայացված արձանագրությամբ (այսուհետ՝ «Անուղղակի հարկերի մասին» արձանագրություն) ամրագրված կարգավորումների բացառություններ:

2.  Սույն օրենքի գործողությունը, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորման առարկայի եւ գործողության շրջանակի մասով, տարածվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, ԱԱՀ վճարող համարվող եւ ԱԱՀ-ի վճարման պարտավորություն կրող անձանց, ԱԱՀ-ին փոխարինող՝ շրջանառության հարկ, հաստատագրված վճար եւ (կամ) արտոնագրային վճար վճարող համարվողների, ինչպես նաեւ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների վրա:

ԳԼՈՒԽ 2. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱԱՀ-Ի ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 2. Ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի

հարկման բազաները (հարկվող շրջանառությունները)

1. Արտահանվող ապրանքների համար՝

1) ԱԱՀ-ով հարկման բազա (հարկվող շրջանառություն) է համարվում «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված մաքսային արժեքը,

2) ակցիզային հարկով հարկման բազա են համարվում «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված մաքսային արժեքը եւ (կամ) «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ չափման բնաիրային միավորները:

Հոդված 3. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը եւ (կամ) ակցիզային հարկից ազատումը հիմնավորող փաստաթղթերը

1. «Անուղղակի հարկերի մասին» արձանագրության 3-րդ եւ 4-րդ կետերի կիրառության իմաստով, Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքների օտարման գործարքների նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը եւ (կամ) ակցիզային հարկից ազատումը հիմնավորելու համար արտահանողն իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում միայն հետեւյալ փաստաթղթերը.

1) արտահանողի կողմից լրացված՝ արտահանման հարկային հայտարարագիրը,

2) ներմուծողի հաշվառման վայրի հարկային մարմնի կողմից հաստատված՝ ապրանքների ներմուծման եւ անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի կողմից լրացված հայտարարությունը կամ մեկից ավելի արտահանումների դեպքում՝ հայտարարությունների ցանկը, իսկ եթե ապրանքները ներմուծման պետությունում ձեւակերպվում են «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով, ապա հայտարարության (հայտարարությունների ցանկի) փոխարեն արտահանողն իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում ներմուծման պետության մաքսային մարմնի կողմից վավերացված մաքսային հայտարարագրի պատճենը, որի համաձայն, ներմուծված ապրանքները ձեւակերպվել են «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով:

Հոդված 4. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը եւ (կամ) ակցիզային հարկից ազատումը հիմնավորող փաստաթղթերի ներկայացման ժամկետները

1. «Անուղղակի հարկերի մասին» արձանագրության 5-րդ եւ 6-րդ կետերի կիրառության իմաստով, արտահանվող ապրանքների բեռնառաքման (փոխանցման) օր է համարվում ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից փաստացի արտահանելու (Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու) օրը:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը արտահանողն իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից փաստացի արտահանելու (Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու) օրվան հաջորդող 180 օրերի ընթացքում:

3. Արտահանվող ապրանքների մասով ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը եւ (կամ) ակցիզային հարկից ազատումը հարկային մարմնի կողմից համարվում է ընդունված սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված բոլոր փաստաթղթերը միաժամանակ հարկային մարմին փաստացի ներկայացնելու օրը:

4. Եթե արտահանողն իր հաշվառման վայրի հարկային մարմին չի ներկայացնում սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված փաստաթուղթը (փաստաթղթերը), ապա հարկային մարմինը արտահանողի կողմից ներկայացված դիմումի հիման վրա որոշում է ընդունում արտահանման գործարքի գծով ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը եւ (կամ) ակցիզային հարկից ազատումը հիմնավոր համարելու մասին, եթե հարկային մարմնում առկա է ներմուծման պետության հարկային մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով տրված հավաստումն այն մասին, որ ներմուծման գործարքի գծով անուղղակի հարկերն ամբողջությամբ վճարված են կամ ներմուծման գործարքն ազատված է անուղղակի հարկերից: Սույն մասով նախատեսված որոշումը հարկային մարմինն ընդունում է այն օրվա դրությամբ, որ օրը միաժամանակ առկա են արտահանողի դիմումը եւ ներմուծման պետության հարկային մարմնի հավաստումը:

Հոդված 5. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը եւ (կամ) ակցիզային հարկից ազատումը հիմնավորող փաստաթղթերի ներկայացման ժամկետները չպահպանելու դեպքում առաջացող հարկային պարտավորությունները

1. Սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում (բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի) արտահանված ապրանքների՝ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված մաքսային արժեքի նկատմամբ առաջադրվում է ԱԱՀ՝ 20 տոկոս դրույքաչափով եւ ակցիզային հարկ՝ համապատասխան ապրանքը Հայաստանի Հանրապետության տարածքում օտարելու համար «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դրույքաչափերով:

2. Արտահանողը սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում կարող է դիմել իր հաշվառման վայրի հարկային մարմին իր կողմից կատարված արտահանման գործարքների մասով ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի պարտավորություններ հաշվարկելու համար: Սույն մասով նախատեսված դեպքում՝

1) արտահանման գործարքների մասով ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի պարտավորությունները մարելուց հետո սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված տույժերի հետագա հաշվարկը դադարեցվում է,

2) արտահանողի կողմից հետագայում սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը ներկայացվելու դեպքում նրա նկատմամբ հաշվարկված տույժերի վերահաշվարկ չի կատարվում:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հարկային պարտավորության ծագման օր է համարվում ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից փաստացի արտահանելու (Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու) օրը:

4. Արտահանողը սույն հոդվածով սահմանված դրույքաչափերով հաշվարկված հարկի գումարներից կարող է «Ավելացված արժեքի հարկի մասին» եւ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով կատարել ԱԱՀ-ի եւ (կամ) ակցիզային հարկի գծով հաշվանցումներ (պակասեցումներ):

5. Սույն հոդվածին համապատասխան հաշվարկված՝ պետական բյուջե չվճարված (պակաս վճարված) հարկերի գումարների նկատմամբ հաշվարկվում են տույժեր՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

6. Սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո ներկայացնելու դեպքում արտահանված ապրանքների մասով՝

1) առաջադրված եւ դեռեւս չվճարված ԱԱՀ-ի եւ (կամ) ակցիզային հարկի գումարների գծով պարտավորությունը այդ փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող օրը դադարում է.

2) առաջադրված եւ վճարված ԱԱՀ-ի եւ (կամ) ակցիզային հարկի գումարները ենթակա են հաշվանցման սույն օրենքով սահմանված կարգով առաջացող՝ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց եւ (կամ) վերադարձման:

Սույն մասով նախատեսված դեպքերում սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված տույժերը վերահաշվարկման, հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա չեն:

ԳԼՈՒԽ 3. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱԱՀ-Ի ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 6. Ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի հարկման բազաները (հարկվող շրջանառությունները)

1. «Անուղղակի հարկերի մասին» արձանագրության 14-16-րդ կետերի կիրառության իմաստով, ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի հարկման բազաները որոշվում են այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներմուծելու (Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու) օրվա դրությամբ: Հարկման բազաները արտարժույթով արտահայտված լինելու դեպքում դրանք վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության դրամով՝ ելնելով ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներմուծելու օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից:

2. Հիմք ընդունելով «Անուղղակի հարկերի մասին» արձանագրության 18-րդ կետը՝ ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գծով հարկային պարտավորությունների հաշվարկման նպատակով, բացի «Անուղղակի հարկերի մասին» արձանագրության 14-րդ կետով նախատեսված՝ ներմուծվող ապրանքների ձեռք բերման արժեքից, ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի հարկման բազայում ներառվում են նաեւ՝

1) մինչեւ Հայաստանի Հանրապետության սահմանը ապրանքների տեղափոխման համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրման եւ համանման այլ ծախսերը.

2) մինչեւ Հայաստանի Հանրապետության սահմանը ապրանքների տեղափոխման համար կատարված կոմիսիոն եւ միջնորդային ծախսերը, բացառությամբ ապրանքների ձեռքբերման համար կատարված կոմիսիոն եւ միջնորդային ծախսերի.

3) մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արտադրության եւ մատակարարման նպատակով գնորդի կողմից մատակարարին անհատույց կամ մասնակի հատուցմամբ, ուղղակի կամ անուղղակի տրամադրված՝ ներմուծվող ապրանքներով համապատասխանաբար բաշխված`

ա. ապրանքների մեջ ներառված նյութերի, բաղադրամասերի եւ համանման այլ առարկաների արժեքը,

բ. ապրանքների արտադրության մեջ օգտագործվող գործիքների եւ համանման այլ առարկաների օգտագործման արժեքը,

գ. ապրանքների արտադրության մեջ սպառված նյութերի արժեքը,

դ. ապրանքների արտադրության համար անհրաժեշտ եւ ներմուծման երկրից բացի այլ երկրում իրականացված ճարտարագիտական, ձեւավորման, նախագծման եւ համանման այլ աշխատանքների արժեքը.

4)  գնորդի կողմից ապրանքների վաճառքի անհրաժեշտ պայման հանդիսացող ռոյալթիների եւ թույլտվությունների դիմաց մատակարարին ուղղակի կամ անուղղակի վճարված կամ վճարման ենթակա վճարները.

5)  տարայի, փաթեթի եւ փաթեթավորման աշխատանքների արժեքը.

6)  մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների հետագա վաճառքի, օգտագործման կամ տնօրինման դիմաց գնորդի կողմից մատակարարին վճարման ենթակա գումարները:

3.  Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով հաշվարկված՝ ներմուծվող ապրանքների՝ ԱԱՀ-ով եւ (կամ) ակցիզային հարկով հարկման բազաները փոքր են հարկային մարմնի տեղեկատվական բազայում ներմուծման հաշվետու ժամանակաշրջանում առկա՝ նույն ապրանքների ներմուծման հարկման բազայի 80 տոկոսից, ապա հարկային մարմնի կողմից ներկայացված գրավոր ծանուցագրի հիման վրա, մինչեւ այդ ծանուցագրի ներկայացման օրվան հաջորդող տասներորդ օրը ներառյալ, ներմուծողի կողմից վճարվում է ծանուցագրում նշված հարկման բազայի 80 տոկոսի եւ իր կողմից հաշվարկված հարկման բազայի տարբերությունից հաշվարկվող հարկերը: Սույն պարբերությամբ նախատեսված ծանուցագրի ձեւը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:

Սույն մասի առաջին պարբերությունում նախատեսված դեպքում ներմուծողը հարկի լրացուցիչ գումարների վճարման համար նախատեսված ժամկետում հարկային մարմին է ներկայացնում նաեւ ճշտված ներմուծման հարկային հայտարարագիր՝ անկախ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներից:

4.  Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի մասով ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով:

Հոդված 7. Ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գումարների վճարումը

1. «Անուղղակի հարկերի մասին» արձանագրության 19-րդ կետի կիրառության իմաստով, ներմուծվող ապրանքների հաշվառման օր է համարվում ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներմուծելու (Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու) օրը:

2. Ներմուծվող ապրանքների համար հաշվարկված ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գումարները (բացառությամբ ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար հաշվարկված ակցիզային հարկի գումարների) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչեւ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներմուծելու (Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու) օրը ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնի կողմից գանձվող գումարներ:

3. Ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ներմուծման համար հաշվարկված ակցիզային հարկի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում՝ որպես մաքսային մարմնի կողմից գանձվող գումարներ:

4. Ներմուծվող ապրանքների համար հաշվարկված ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գումարները սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված ժամկետներում չվճարելու դեպքում այդ գումարների նկատմամբ հաշվարկվում են տույժեր՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

5. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի լրացուցիչ գումարների նկատմամբ տույժերը հաշվարկվում են «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով՝ սկսած հարկային մարմնի կողմից ծանուցագրի ներկայացման օրվան հաջորդող տասնօրյա ժամանակահատվածին հաջորդող օրվանից:

Հոդված 8. Ապրանքների ներմուծման դեպքում հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերը

1.  «Անուղղակի հարկերի մասին» արձանագրության 20-րդ կետի կիրառության իմաստով, ապրանքների ներմուծման դեպքում հարկ վճարողը պարտավոր է սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներում իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել միայն հետեւյալ փաստաթղթերը.

1) ներմուծողի կողմից լրացված՝ ներմուծման հարկային հայտարարագիրը,

2) ապրանքների ներմուծման եւ անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի կողմից լրացված հայտարարությունը՝ թղթային կրիչով (չորս օրինակից) եւ էլեկտրոնային տարբերակով կամ ապրանքների ներմուծման եւ անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի կողմից լրացված հայտարարությունը՝ էլեկտրոնային տարբերակով՝ հարկ վճարողի էլեկտրոնային (թվային) ստորագրությամբ:

ԳԼՈՒԽ 4. ԱԱՀ-Ի ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁԸ, ԱՅԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՇՎԱՆՑՈՒՄԸ (ՊԱԿԱՍԵՑՈՒՄԸ)

Հոդված 9. Ապրանքների արտահանման գործարքների մասով ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գումարների հետ վերադարձը եւ (կամ) հաշվանցումը, ինչպես նաեւ ապրանքների ներմուծման գործարքների մասով վճարված ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գումարների հաշվանցումը (պակասեցումը)

1. Ապրանքների արտահանման գործարքների մասով ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գումարների հետ վերադարձը եւ (կամ) հաշվանցումը իրականացվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» եւ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված կարգով, դեպքերում եւ չափերով, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն օրենքով նախատեսված են առանձնահատկություններ, որի ժամանակ կիրառվում են սույն օրենքով նախատեսված առանձնահատկությունները:

2. Ապրանքների ներմուծման գործարքների մասով սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված եւ վճարված ԱԱՀ-ի ու ակցիզային հարկի գումարները, այդ թվում՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում՝ հարկի լրացուցիչ գումարները, «Ավելացված արժեքի հարկի մասին» եւ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում եւ չափերով ենթակա են համապատասխան հարկատեսակի գծով հարկային պարտավորությունից հաշվանցման (պակասեցման)՝ դրանց վճարման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկով:

ԳԼՈՒԽ 5. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱԱՀ-Ի ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Հոդված 10. Աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման վայրը

1. Աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման վայրը որոշվում է «Անուղղակի հարկերի մասին» արձանագրության 29-րդ կետով սահմանված կարգով:

2. Աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման դեպքում ԱԱՀ-ով հարկումն իրականացվում է այն պետությունում, որը համարվում է աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման վայր:

Հոդված 11. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը եւ տարածվում է այդ օրվանից հետո ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետությունից ԵՏՄ անդամ պետություններ ապրանքների արտահանման եւ Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) անձանց կողմից ԵՏՄ տարածքում այլ՝ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) անձանց (կամ հակառակը) ծառայությունների մատուցման գործարքների վրա: