Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵՏՄ) անդամ պետություններ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտահանման, ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք այդպիսի ապրանքների ներմուծման դեպքերում ակցիզային հարկի հաշվարկման եւ վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի անբաժանելի մաս համարվող՝ «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման եւ դրանց վճարման նկատմամբ վերահսկողության կարգի մասին» թիվ 18 հավելվածով ներկայացված արձանագրությամբ (այսուհետ՝ «Անուղղակի հարկերի մասին» արձանագրություն), եթե «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ «Անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք) առանձնահատկություններ նախատեսված չեն:»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի «ա» կետում ««ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով» բառերը փոխարինել ««Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով» բառերով,
2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մասով ակցիզային հարկով հարկման բազան ապրանքների արժեքն է, որը որոշվում է «Անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 3-րդ սյունակում բոլոր տեղերում «մաքսային արժեք» բառերից հետո լրացնել «իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում՝ ապրանքների արժեք» բառերը:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի՝
1) «ա» ենթակետում «ապրանքների» բառից հետո լրացնել «(բացառությամբ ԵՏՄ անդամ երկներ արտահանված ապրանքների)» բառերը,
2) «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«բ) «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգից տարբերվող` ԵՏՄ միասնական ու Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ձեւակերպված մաքսային ընթացակարգերով ներմուծվող եւ արտահանվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները.»,
3) «դ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«դ) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա այն ապրանքները, որոնց ներմուծումը «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, չի համարվում ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում.»:
Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի՝
1) 6-րդ մասում ««ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով» բառերը փոխարինել ««Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով» բառերով,
2) 7-րդ մասում «մաքսային ռեժիմով» բառերը փոխարինել «մաքսային ընթացակարգով» բառերով:
Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածի՝
1) 1-ին կետում «ապրանքների» բառից հետո լրացնել «(բացառությամբ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող՝ ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման ոչ ենթակա ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների)» բառերը եւ հոդվածը լրացնել հետրյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման ոչ ենթակա ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման գործարքների մասով ակցիզային հարկի վճարման ժամկետները սահմանվում են «Անուղղակի հարկերի մասին» արձանագրությամբ եւ «Անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»,
2) 5-րդ կետի «ա» պարբերությունում «կարգով եւ ժամկետներում» բառերից հետո լրացնել «, իսկ ԵՏՄ անդամ պետություններ արտահանման դեպքում՝ «Անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում» բառերը,
3) 6-րդ եւ 6.1-րդ կետերում «սույն օրենքին» բառերից հետո լրացնել «, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծված՝ ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց՝ «Անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին» բառերը:
Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «բ» պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«բ) մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով «Արտահանում», կամ «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգերով լրացված մաքսային հայտարարագրի պատճենը՝ «Բացթողումը թույլատրված է» նշումով (բացառությամբ ԵՏՄ անդամ պետություններ ապրանքների արտահանման դեպքերի):»:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը եւ տարածվում է այդ օրվանից հետո ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետությունից ԵՏՄ անդամ պետություններ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտահանման գործարքների վրա: