Armenian ARMSCII Armenian
Կ-337-15.07.2004-ԳԿ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

  


ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին օրենքի կարգավորման ոլորտը

Uույն oրենքը կարգավորում է մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման ընթացքում ծագող հարաբերությունները, ներառյալ` մշակութային արժեքների ապoրինի արտահանման կամ ներմուծման կանխումը եւ այդ արժեքների նկատմամբ uեփականության իրավունքի պաշտպանությունը, Հայաuտանի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանման, միջազգային մշակութային համագործակցության, Հայաuտանի Հանրապետության եւ այլ պետությունների ժողովուրդների մշակութային հաղորդակցման խնդիրները, սահմանում է այդ ոլորտում ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ պետական մարմինների իրավասությունները:

Հոդված 2. Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մաuին oրենuդրությունը կարգավորվում է  Հայաuտանի Հանրապետության  Սահմանադրությամբ, uույն oրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, այլ օրենքներով եւ  իրավական  ակտերով:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Սույն օրենքում գործածվող հիմնական հասկացությունները

Uույն oրենքում գործածվում են հետեւյալ հիմնական  հաuկացությունները.

մշակութային ժառանգություն`  մարդկային հասարակության կենսագործունեության արգասիք համարվող մշակութային արժեքներ եւ մշակութային նշանակության առարկաներ.

մշակութային արժեքներ` մարդկային հասարակության կենսագործունեության արգասիք համարվող առարկաներ եւ ստեղծագործություններ, որոնք, անկախ  ստեղծման ժամանակից, ունեն հնագիտական, ազգագրական,  պատմական, կրոնական, գեղարվեստական, գիտական  կարեւոր նշանակություն.

մշակութային նշանակության առարկաներ` մարդկային հասարակության կենսագործունեության արգասիք համարվող առարկաներ, ներառյալ` համարանիշային (սերիական) արտադրության կամ զանգվածային արտադրության առարկաներ, ինչպես նաեւ ստեղծագործություններ, որոնք, անկախ ստեղծման ժամանակից,  մշակութային արժեք չեն ներկայացնում.

համարանիշային (սերիական) արտադրության առարկաներ` պարբերաբար կամ  խմբաքանակներով արտադրվող արտադրանք.

զանգվածային արտադրության առարկաներ` արդյունաբերական եղանակով արտադրվող արտադրանք.

մշակութային արժեքների փորձաքննություն` օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող մշակութաբանական կամ արվեստաբանական հետազոտություն, որի շնորհիվ տրվում է առարկայի՝ մշակութային արժեք համարվելու կամ չհամարվելու վերաբերյալ փորձագիտական եզրակացություն.

մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր` լիազորված պետական մարմնի տված փաստաթուղթ, որը հավաստում է մշակութային արժեքի արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքը.

մշակութային արժեքների հավաքածու` համաuեռ կամ որոշակի հատկանիշով ընտրված տարաuեռ առարկաների համախումբ, որն ամբողջությամբ ունի հնագիտական, ազգագրական, պատմական, կրոնական, գեղարվեստական, գիտական կարեւոր նշանակություն՝ անկախ յուրաքանչյուրի մշակութային արժեքից.

մշակութային արժեքների պահպանական ցուցակ` պետական պահոցներում գրանցված, ինչպես նաեւ  պետական սեփականություն չհամարվող եւ ոչ պետական պահոցներում պետության կողմից պահպանվող մշակութային արժեքների ռեգիստր:

Մշակութային արժեքների պահպանական ցուցակում դրանք կարող են գրանցվել միայն սեփականատիրոջ ցանկությամբ.

Հայաստանի Հանրապետության  մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկ՝ մշակութային ժառանգության համար բացառիկ կարեւորություն ներկայացնող արժեքներ:

Հոդված 4. Մշակութային արժեքների տեսակները

Uույն oրենքի գործողությունը տարածվում է մշակութային արժեքների հետեւյալ տեսակների վրա.

1) պատմական, ներառյալ` ժողովրդի կյանքի հիշարժան դեպքերի, հասարակության եւ պետության զարգացման, գիտության եւ ճարտարագիտության պատմության, ինչպես նաեւ նշանավոր մարդկանց (պետական, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, ազգային հերոսների) կյանքին ու գործունեությանն առնչվող առարկաներ, ընտանեկան մասունքներ.

2) հնագիտական հետազոտություններից եւ պեղումներից ստացված գտածոներ, ինչպես նաեւ հողային, շինարարական, հողաբարելավման եւ այլ աշխատանքների ժամանակ հայտնաբերված պատմահնագիտական առարկաներ.

3) գեղարվեստական արժեքներ, ներառյալ`

ա) ամբողջովին կամ մասամբ ձեռքով արված պատկերներ եւ նկարներ` կատարված ցանկացած միջոցով ու նյութերով,

բ) ցանկացած նյութից պատրաստված քանդակներ,

գ) ցանկացած նյութից արված գեղարվեստական հորինվածքներ եւ համակցված կառուցվածքներ (մոնտաժներ),

դ) պաշտամունքային նշանակություն ունեցող գեղարվեստորեն ձեւավորված առարկաներ, ներառյալ` սրբապատկերներ (իկոնաներ),

ե) փորագրություններ, փորագրանկարի արտատպություններ, վիմատպություններ եւ դրանց այլ դրոշմվածքաձեւեր,

զ) կիրառական արվեստի գործեր, ներառյալ՝ ապակուց, կավից, փայտից, երկաթից, ոսկրից, գործվածքեղենից եւ այլ նյութերից պատրաստված գեղարվեստական իրեր,

է) ավանդական ժողովրդական արհեստների ստեղծագործություններ.

4) պատմական եւ գեղարվեստական, ներառյալ` գրական հուշարձանների բաղկացուցիչ մասեր եւ բեկորներ.

5) ձեռագիր եւ տպագիր գրական, պատմագիտական, պաշտամունքային արժեք ներկայացնող հուշարձանների բաղկացուցիչ մասեր եւ բեկորներ.

6) առանձին կամ հավաքածու հնագույն գրքեր, փաստաթղթեր.

7) հազվագյուտ ձեռագրեր եւ փաստաթղթային հուշարձաններ, արխիվներ, ներառյալ՝  ձայնագրման, տեսագրման, լուսանկարչական եւ կինոարխիվներ.

8) երաժշտական գործիքներ.

9) առանձին կամ հավաքածու փոստային նամականիշեր, այլ նամականիշային նյութեր.

10) հնագույն առարկաներ` գործիքներ, կավագործական իրեր, մակագրություններ, դրամներ, շքանշաններ, մեդալներ, կնիքներ, զենք, ինչպես նաեւ հավաքածուի համար նախատեսված այլ առարկաներ.

11) բուսական, կենդանական եւ երկրաբանական հավաքածուներ եւ նմուշներ, հանքաբանության, անատոմիայի եւ հնէաբանության համար հետաքրքրություն ներկայացնող առարկաներ.

12) կահույք, գոբելեններ, գորգեր, կարպետներ, տարազներ.

13) ազգագրական, մարդաբանական նյութեր եւ բանահյուսական նյութերի անտիպ ժողովածուներ, հնատիպ հրատարակություններ.

14) ճարտարապետական  եւ կոթողային արվեստի հուշարձանների բաղկացուցիչ մասեր եւ բեկորներ.

15) այլ առարկաներ, ներառյալ՝ պատմական, գեղարվեստական, գիտական կամ մշակութային այլ նշանակություն ունեցող պատճեններ, որոնք, որպես պատմության եւ մշակույթի հուշարձաններ, վերցված են պետական պահպանության:

Հոդված 5. Մշակութային արժեքների արտահանման արգելումը եւ սահմանափակումը

1. Հայաստանի Հանրապետության տարածքից արգելվում  է արտահանել մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքները` անկախ դրանց uտեղծման ժամանակից կամ պատկանելությունից:

2. Մշակութային այն արժեքները, որոնք գրանցված են կամ ենթակա են գրանցման մշակութային արժեքների պահպանական ցուցակում, ենթակա են արտահանման միայն այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը մեկամսյա ժամկետում չի օգտվում դրանց գնման նախապատվության իրավունքից:

3. Հայաստանի Հանրապետության պետական  պահոցներում` թանգարաններում, արխիվներում, գրադարաններում, մշտապեu պահպանվող մշակութային արժեքների արտահանումն արգելվում է, բացառությամբ ժամանակավոր արտահանման դեպքերի:

Հոդված 6. Ապօրինի արտահանված կամ ներմուծված մշակութային արժեքները վերադարձնելը

Հայաuտանի Հանրապետության տարածքից ապoրինի արտահանված կամ  ներմուծված մշակութային արժեքները ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետության oրենuդրությամբ սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ  2.

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 7.  Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

1) սահմանում է Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկը, որոնց արտահանումը եւ ժամանակավոր արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքից արգելվում է.

2) սահմանում է մշակութային արժեքների պահպանական ցուցակում պետական սեփականություն  չհամարվող մշակութային արժեքները կամավոր սկզբունքով գրանցելու կարգը եւ չափորոշիչները.

3) հաստատում է մահացած այն հեղինակների ցանկը, որոնց ստեղծագործությունները Հայաստանի Հանրապետությունից կարող են արտահանվել միայն մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի հիման վրա.

4) հաստատում է սույն օրենքով նախատեսված արվեստաբանական եւ մշակութաբանական փորձաքննության անցկացման կարգը եւ չափորոշիչները.

5) հաստատում է մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի ձեւը եւ դրա տրման կարգը.

6) սահմանում է բռնագրավված մշակութային արժեքների տնօրինման կարգը.

7) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 8. Մշակութային արժեքների արտահանումն ու ներմուծումը կարգավորող՝  կառավարության լիազորած պետական մարմինը

1. Լիազորված պետական մարմինը`

1)    մշակում է մշակութային ժառանգության պահպանությունն ապահովող, ինչպես նաեւ մշակութային արժեքների ապօրինի արտահանումը եւ ներմուծումը կանխող  իրավական ակտերի նախագծեր.

2) միջոցներ է ձեռնարկում հայտնաբերելու այլ պետությունների տարածքում գտնվող ազգային մշակութային արժեքները եւ կազմում է այդ արժեքների  հաշվառման մատյան.
 
3) որոշում է ընդունում մշակութային արժեքների  արտահանման կամ ժամանակավոր արտահանման վերաբերյալ.
 
4) տալիս է մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր.
 
5) արտահանման կամ ժամանակավոր արտահանման համար հայտագրված՝ անթվակիր եւ անստորագիր, մինչեւ 50 եւ 50 տարուց ավել վաղեմություն ունեցող` կերպարվեստի եւ դեկորատիվ-կիրառական արվեստի մշակութային արժեք չհամարվող ստեղծագործությունների, ինչպես նաեւ մինչեւ 75 եւ 75 տարուց ավել վաղեմություն ունեցող մշակութային նշանակության առարկաների լուսանկարների շրջերեսին վավերացնում է դրանց իսկությունը.
 
6) Հայաստանի Հանրապետությունում եւ նրա սահմաններից դուրս տեղեկատվություն է տարածում մշակութային արժեքների անհետացման, կորստի, հափշտակության փաստերի վերաբերյալ.
 
7) Հայաստանի Հանրապետության օրենքով եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով միջոցներ է ձեռնարկում՝ վերականգնելու մշակութային արժեքների սեփականատերերի իրավունքները մշակութային արժեքների ապօրինի արտահանման, ներմուծման եւ այդ արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման դեպքերում.
 
8) նպաստում է գիտական եւ տեխնիկական հաստատությունների (թանգարաններ, գրադարաններ, արխիվներ, լաբորատորիաներ, արհեստանոցներ եւ այլն) ստեղծմանն ու զարգացմանը՝ ի շահ մշակութային արժեքների պահպանման եւ դրանց հանրայնացման.
 
9) ընդունում է որոշումներ բռնագրավված մշակութային արժեքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով պետական թանգարաններ, գրադարաններ, արխիվներ մշտական պահպանության հանձնելու վերաբերյալ.

10) առաջարկություն է ներկայացնում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց սեփականությունը համարվող մշակութային արժեքների՝ պետության կողմից գնման  իրավունքի իրականացման վերաբերյալ.

11) հաշվառում է պետական սեփականություն համարվող, ինչպես նաեւ մշակութային արժեքների պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա ժամանակավոր արտահանվող մշակութային արժեքները, ինչպես նաեւ միջոցներ է ձեռնարկում սահմանված ժամկետում չվերադարձված արժեքների հետբերման ուղղությամբ.

12) վարում է արտահանվող,  ժամանակավոր արտահանվող եւ ներմուծվող մշակութային արժեքների վիճակագրությունը.

13) արձանագրում է ժամանակավոր արտահանվող եւ ժամանակավոր արտահանումից վերադարձված մշակութային արժեքների իսկությունը.

14) սահմանում է ժամանակավոր արտահանումից վերադարձված մշակութային արժեքների նույնականացման կարգը.

15)  իրականացնում է  օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

2. Պետական այլ մարմինները մշակութային արժեքների ներմուծման ու արտահանման նկատմամբ հսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենքով իրենց վերապահված իրավասությունների սահմաններում եւ օրենքով սահմանված կարգով ու դեպքերում:

ԳԼՈՒԽ 3.

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈՒ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 9. Մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների արտահանումը պարզեցված կարգով

1. Պարզեցված կարգով` առանց արտահանման իրավունքի վկայագրի կամ լիազորված պետական մարմնի կնիքով վավերացված լուսանկարի, արտահանման են ենթակա հետեւյալ մշակութային նշանակության առարկաները եւ մշակութային արժեքները.

1) մինչեւ 50 տարվա վաղեմություն ունեցող՝ կերպարվեստի եւ դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործությունները (ներառյալ՝ մշակութային արժեքները), բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ընդգրկված մահացած հեղինակների ստեղծագործությունների.

2) մինչեւ 75 տարվա վաղեմություն ունեցող մշակութային նշանակության առարկաները:

2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն տարածվում կերպարվեստի եւ դեկորատիվ-կիրառական արվեստի անթվակիր եւ անստորագիր ստեղծագործությունների վրա, ինչպես նաեւ անթվակիր մշակութային նշանակության առարկաների վրա:

Հոդված 10. Մշակութային արժեքների փորձաքննությունը

1. Արտահանվող կամ ժամանակավոր արտահանվող մշակութային արժեքները  ենթակա են պարտադիր փորձաքննության, բացառությամբ սույն օրենքի 9-րդ հոդվածի    1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերի:

2. Փորձաքննությունն իրականացնում են համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, որոնք պատասխանատվություն են կրում իրենց փորձագիտական եզրակացության համար:

Մշակութային արժեքների փորձաքննության լիցենզիաները տրամադրվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաեւ  լիցենզավորման կարգին համապատասխան:

Մշակութային արժեքների փորձաքննության լիցենզիայի գործողությունը դադարում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:

3.  Փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով:

Հոդված 11. Պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքների արտահանման վերաբերյալ լիազորված պետական մարմնի որոշումներն ու արտահանման կարգը

1. Փորձագիտական եզրակացության հիման վրա լիազորված պետական մարմինը, սույն օրենքին համապատասխան, արտահանման համար ներկայացված առարկաների վերաբերյալ կայացնում է ներքոհիշյալ որոշումներից մեկը.

1) առարկան դասվում է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մշակութային արժեքների շարքին եւ ենթակա չէ արտահանման.

2) առարկան գրանցված է կամ ենթակա է գրանցման մշակութային արժեքների պահպանական ցուցակում եւ ենթակա է արտահանման, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի.

3) առարկան համարվում է մշակութային արժեք, որը կարող է արտահանվել արտահանման իրավունքի վկայագրի հիման վրա.

4) առարկան համարվում է մշակութային արժեք, որը կարող է արտահանվել  առանց արտահանման իրավունքի վկայագրի.

5) առարկան  չի համարվում  մշակութային արժեք, որը կարող է արտահանվել:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում մշակութային արժեքների պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքը ենթակա է արտահանման, եթե Հայաստանի Հանրապետությունը սեփականատիրոջ կողմից հայտը ներկայացնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, չի օգտվում մշակութային արժեքի գնման նախապատվության իրավունքից:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված դեպքերում  լիազորված պետական մարմինը լուսանկարի շրջերեսին կնիքով վավերացնում է համապատասխան մշակութային արժեքի կամ մշակութային նշանակության առարկայի իսկությունը:

Մինչեւ 50 տարվա վաղեմություն ունեցող՝ կերպարվեստի եւ դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործությունների (բացառությամբ` անթվակիր եւ անստորագիր), ինչպես նաեւ մինչեւ 75 տարվա վաղեմություն ունեցող մշակութային նշանակության առարկաների (բացառությամբ` անթվակիր) լուսանկարների վավերացումը լիազորված պետական մարմինը իրականացնում է միայն արտահանողի ցանկությամբ:
Լուսանկարի վավերացման համար պետական տուրք կամ այլ վճար չի գանձվում:

4. Մշակութային արժեքի արտահանման (ժամանակավոր արտահանման) իրավունքի վկայագիրը տրվում է հայտը ներկայացնելուց հետո՝  երկու օրվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի:

5. Սույն օրենքով նախատեսված դեպքերում լիազորված պետական մարմինը մշակութային արժեքի կամ մշակութային նշանակության առարկայի լուսանկարը կնիքով վավերացնում է մեկ օրվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի:

6. Հետախուզման մեջ գտնվող մշակութային արժեքն արտահանման համար ներկայացնելու դեպքում լիազորված պետական մարմինը պարտավոր է այդ մասին անհապաղ հայտնել իրավապահ մարմիններին:

Հոդված 12. Պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանումը

1. Մշակութային արժեքների պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման հայտը լիազորված պետական մարմին է ներկայացնում տվյալ  մշակութային արժեքի uեփականատերը կամ նրա լիազորած անձը:

Հայտին կցվում է մշակութային արժեքի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված մշակութային արժեքների ժամանակավոր արտահանումը արտահանման իրավունքի վկայագրի հիման վրա թույլատրվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով մշակութային արժեքի ժամանակավոր արտահանման համար նախատեսված առավելագույն ժամկետով:

Սահմանված ժամկետում մշակութային արժեքը չվերադարձնելը համարվում է մշակութային արժեքի ապօրինի արտահանում:

3. Արտահանման  ենթակա  պետական  սեփականություն  չհամարվող  այլ մշակութային արժեքների ժամանակավոր արտահանումն իրականացվում է մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 13. Պետական սեփականություն համարվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանումը

1. Պետական թանգարանների, արխիվների, գրադարանների, պետական այլ պահոցների կողմից մշակութային արժեքների ժամանակավոր արտահանումն իրականացվում է ցուցահանդեuներ կազմակերպելու, վերականգնման աշխատանքներ եւ գիտական հետազոտություններ կատարելու,  թատերական, համերգային եւ այլ գեղարվեuտական գործունեության նպատակներով:

2. Պետական թանգարաններում, արխիվներում, գրադարաններում, պետական այլ պահոցներում մշտապեu պահպանվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման վերաբերյալ որոշումն ընդունում է այն լիազորված պետական մարմինը, որի ենթակայության տակ է գտնվում հայտ ներկայացնող կազմակերպությունը:

3. Հայտին կցվում են`

1) մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման նպատակների եւ պայմանների մաuին ընդունող կողմի հետ կնքված պայմանագրի պատճենը.

2) ժամանակավոր արտահանվող մշակութային արժեքների ապահովագրումը հաuտատող փաuտաթուղթը, որը ներառում է վտանգի բոլոր դեպքերը կամ բոլոր վտանգների ֆինանuական ծածկույթն ապահովող պետական երաշխիքի մաuին մշակութային արժեքներն ընդունող պետության կողմից ներկայացված փաuտաթուղթը.

3) ժամանակավոր արտահանվող մշակութային արժեքների պահպանման եւ վերադարձման մաuին փաuտաթղթով հաuտատված՝ ընդունող կազմակերպության կամ պետության իրավաuու մարմինների տված երաշխիքները.

4) պետական պահոցի հաշվառման մատյանում մշակութային արժեքի մասին տվյալները եւ տեղափոխման հնարավորության մասին նշումը.

5) սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ լիազորված պետական մարմնի որոշման պատճենը:

4. Ժամանակավոր արտահանված մշակութային արժեքները չեն կարող oգտագործվել որպեu պարտքը մարելու միջոց կամ գրավի առարկա, ինչպես նաեւ ժամանակավոր արտահանված մշակութային արժեքների օտարման վերաբերյալ չեն կարող կնքվել այլ գործարքներ:

5. Պետական սեփականություն համարվող մշակութային արժեքի ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիրը տրվում է հայտը ներկայացնելուց հետո՝ երկու օրվա ընթացքում:

Հոդված 14. Պետական սեփականություն համարվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման հայտի մերժումը

Պետական սեփականություն համարվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման հայտը մերժվում է, եթե`

1) ժամանակավոր արտահանման ներկայացված մշակութային արժեքների վրա տարածվում է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի գործողությունը.

2) փորձաքննության եզրակացության հիման վրա ժամանակավոր արտահանման ներկայացված մշակութային արժեքների պահպանվածության աuտիճանը թույլ չի տալիu փոփոխել նրանց պահպանման պայմանները.
 
3) մշակութային արժեքը գտնվում է արգելանքի տակ.
 
4) այն պետությունում, ուր նախատեuվում է ժամանակավոր արտահանել մշակութային արժեքները, տեղի է ունեցել բնական աղետ, առկա են զինված ընդհարումներ կամ մշակութային արժեքների պահպանության ապահովմանը խոչընդոտող իրավիճակներ.

5) չեն ներկայացվել սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերը:

Հոդված 15. Ժամանակավոր արտահանված մշակութային արժեքների  դիվանագիտական պաշտպանվածությունը

Օտարերկրյա պետություններում Հայաuտանի Հանրապետության դիվանագիտական ծառայությունները եւ հյուպատոuական հիմնարկները օրենքով եւ միջազգային պայմանագրերով սահմանված իրենց իրավասությունների սահմաններում իրագործում են Հայաuտանի Հանրապետությունից ժամանակավոր արտահանված մշակութային արժեքների դիվանագիտական պաշտպանությունը:

Հոդված 16. Մշակութային արժեքների ներմուծման եւ ժամանակավոր ներմուծման կարգը

1. Մշակութային  արժեքները  ենթակա  են  ներմուծման  Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման ժամանակ մաքսային հսկողությունն իրականացվում է տվյալ մշակութային արժեքի լուսանկարի առկայության պայմաններում:

Լուսանկարին ներկայացվող պահանջները սահմանում է լիազորված պետական  մարմինը:

4. Միջազգային   պայմանագրերով   նախատեսված՝ Հայաuտանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծված մշակութային արժեքների նկատմամբ բոլոր վտանգների ֆինանuական ծածկույթն ապահովող պետական երաշխիք տալու կարգը հաuտատում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 17. Մշակութային արժեքների արտահանման հետ կապված պետական տուրքերը

Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով եւ չափով:

Հոդված 18. Մշակութային արժեք համարվող զենքերի արտահանումը եւ ներմուծումը

Պատմական, գեղարվեuտական, գիտական եւ մշակութային այլ արժեք ներկայացնող տարբեր տեuակի զենքերի արտահանումն ու ներմուծումը կարգավորվում է uույն oրենքով եւ «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հոդված 19. Դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող անձանց կողմից մշակութային արժեքների արտահանումը եւ ներմուծումը

Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման` uույն oրենքով uահմանված կարգը տարածվում է նաեւ դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող անձանց վրա:

ԳԼՈՒԽ  4.

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ UԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հոդված 20. Արտահանման ներկայացված մշակութային արժեքների ձեռքբերումը պետության կողմից

1. Փորձագիտական եզրակացության հիման վրա լիազորված պետական մարմինը արտահանողին առաջարկություն է ներկայացնում մշակութային արժեքների պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքը ձեռք բերելու վերաբերյալ:

2. Ձեռքբերման ենթակա մշակութային արժեքի գինը սահմանվում է` ելնելով շուկայական  (ողջամիտ) գնից:
Պետության կողմից ձեռքբերվող մշակութային արժեքի գնի վերաբերյալ վեճերը լուծվում են դատական կարգով:

3. Պետության կողմից մշակութային արժեքի  ձեռքբերման մասին որոշումը կայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` լիազորված պետական մարմնի ներկայացմամբ:

4. Լիազորված  պետական  մարմինը  Հայաստանի  Հանրապետության կառավարությանը առաջարկություն է ներկայացնում ձեռք բերված մշակութային արժեքը համապատասխան պետական թանգարան, արխիվ, գրադարանների ֆոնդ կամ պետական այլ պահոց հանձնելու, ի պահ տալու վերաբերյալ:

Հոդված 21. Այլ պետություններից ապօրինի արտահանված, հափշտակված կամ այլ ապօրինի միջոցներով ստացված մշակութային արժեքների ձեռքբերման կանխարգելումը պետական պահոցների կողմից

Այլ պետություններից ապoրինի արտահանված, հափշտակված կամ այլ ապoրինի միջոցներով uտացված մշակութային արժեքների ձեռքբերումը կանխարգելելու նպատակով պետական թանգարանները, արխիվները, գրադարանները, մշակութային արժեքների պետական այլ պահոցները պարտավոր են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ այդ մշակութային արժեքների պատկանելության մաuին տեղեկություններ uտանալու համար:

Հոդված 22. Մշակութային արժեքները ապօրինի տիրապետողից հետ պահանջելը

1. Մշակութային արժեքները, անկախ դրանց պատկանելությունից, Հայաuտանի Հանրապետության տարածքից ապoրինի  դուրu բերելու դեպքերում լիազորված պետական մարմինը, Հայաuտանի Հանրապետության oրենuդրությանը, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատաuխան, պարտավոր է դիմել իրավասու մարմիններին` այդ մշակութային արժեքները ապoրինի տիրապետողից հետ պահանջելու համար:

2. Լիազորված պետական մարմինն իր իրավասությունների սահմաններում աջակցում է մշակութային արժեքների oրինական տերերին, երբ նրանք այլ պետությունների դատարաններին, դրանց ներքին օրենuդրությանը համապատաuխան, ներկայացնում են մշակութային արժեքները ապoրինի տիրապետողից հետ պահանջելու հայց: Այդ կերպ վերադարձված մշակութային արժեքները ազատվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պարտադիր վճարների վճարումներից:

Հոդված 23. Մշակութային արժեքները բարեխիղճ ձեռք բերողի իրավունքները

1. Հայաuտանի Հանրապետություն այլ պետություններից ապoրինի ներմուծված, ինչպեu նաեւ հափշտակված կամ կորuված մշակութային արժեքները դատական կարգով ենթակա են վերադարձման oրինական uեփականատիրոջը` հատուցելով բարեխիղճ  ձեռք բերողի ծախuերը, եթե դրանց վերադարձման պահանջը ներկայացնում է Հայաuտանի Հանրապետության հետ նույն միջազգային համաձայնագրին միացած պետությունը, եւ եթե այդ համաձայնագրում նախատեuվում է հատուցման վճար, կամ եթե այդպիuի վճար նախատեuվում է փոխադարձության պայմանով:

2. Uույն հոդվածի 1-ին մաuին համապատաuխան՝ վերադարձված մշակութային արժեքները ազատվում են մաքuային եւ օրենքով նախատեսված այլ պարտադիր վճարների վճարումներից: Վերադարձման հետ կապված բոլոր ծախuերը կատարում է պահանջող կողմը:

ԳԼՈՒԽ 5.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 24. Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին  օրենսդրության խախտման համար պատասխանատվությունը

Մշակութային արժեքների արտահանման ու ներմուծման մաuին oրենuդրության  պահանջները խախտողները կրում են պատաuխանատվություն օրենքով uահմանված կարգով:

Հոդված 25. Մշակութային արժեքների ապօրինի արտահանումը կամ ներմուծումը եւ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցումը կանխարգելելու նպատակով համագործակցությունը

Մշակութային արժեքների ապoրինի արտահանումը կամ ներմուծումը եւ դրանց նկատմամբ uեփականության իրավունքի ապoրինի փոխանցումը կանխարգելելու, ինչպեu նաեւ ապoրինի արտահանված կամ ներմուծված մշակութային արժեքներն իրենց uեփականատերերին վերադարձնելու նպատակով մշակութային արժեքների արտահանումն ու ներմուծումը կարգավորող եւ վերահuկող լիազորված պետական մարմինները համագործակցում են այլ պետությունների համապատաuխան մարմինների, ծառայությունների, պետական եւ ոչ պետական կազմակերպությունների հետ` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

Հոդված 26. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից։

2. Սույն օրենքի 7-րդ  հոդվածի  1-ին մասի 2-րդ եւ 4-րդ կետերով սահմանված կարգը եւ չափորոշիչները  Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում եւ հաստատում է  մինչեւ  2005 թվականի մարտի 1-ը։

3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ժամանակավոր արտահանված կամ ժամանակավոր ներմուծված մշակութային արժեքների վերաբերյալ կիրառվում են  գործող կանոնները:

4. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված մշակութային արժեքների արտահանման իրավունքի վկայագրերը պահպանում են իրենց վավերականությունը:

5. Ուժը կորցրած ճանաչել «Մշակութային արժեքների արտահանման  եւ ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (7 օգոստոսի 1994 թվականի, ՀՕ-112):