Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3371-15.07.2004-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի /27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186/ 17-րդ հոդվածի 1-ին մասի ա/ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ`

ա/ մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիրը տալու համար` բազային տուրքի հնգապատիկի չափով.

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել 17-րդ հոդվածի 1-ին մասի բ/, գ/, դ/ եւ ե/ կետերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
օրենքների նախագծերի փաթեթի ընդունման մասին

«Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ գործող օրենքում բացակայում են կարեւոր հասկացություններ, որոշ հոդվածներ անկատար են, մի քանիսը տարընթերցումների տեղիք են տալիս, իսկ որոշ հոդվածներ անհիմն եւ անհարկի բարդություններ են ստեղծում քաղաքացիների համար, շատ դեպքերում հստակ կարգավորված չեն քաղաքացիների եւ պետության իրավասություններն ու փոխհարաբերությունները:

Մասնավորապես, բացակայում են են «մշակութային արժեք», «մշակութային նշանակության առարկա», «մշակութային ժառանգություն» հասկացությունները, որոնցից հատկապես առաջին երկուսի բացակայությունը գործող օրենքի կիրարկման առումով առաջացնում է լուրջ բարդություններ՝ տեղիք տալով սուբյեկտիվ մոտեցումների:

100-ից ավելի տարիք ունեցող մշակութային արժեքների արտահանման արգելումը քաղաքացիների մոտ առաջացնում է արդարացի բողոքներ, քանի որ դրանց արտահանման հարցը վճռում է մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման հարցերի պետական խորհուրդը, որը տարեկան միջին հաշվով գումարում է 5-6 նիստ: Բացի այդ, այս պարագայում պետխորհուրդը քննարկում է միայն Հայաստանի Հանրապետությունից մշտապես մեկնող ՀՀ քաղաքացիների դիմումները:

Ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման հարցը օրենքով հստակ կանոնակարգված չէ եւ տեղիք է տալիս օրենքի տարընթերցումների: Բացի այդ, ժամանակավոր արտահանման դեպքում սեփականատիրոջից պահանջվում է թողնել գրավ, այն դեպքում, երբ տվյալ մշակութային արժեքի մշտական արտահանման ժամանակ պետության պահանջը ոչ թե մշակութային արժեքի գնի չափով է, այլ պետական տուրքի: Հատկապես շատ են դժգոհությունները երաժիշտ-կատարողների կողմից, որոնք տարին մի քանի անգամ մեկնում են արտերկիր հյուրախաղերի կամ ուսումնառության, որի ժամկետը կարող է տեւել մինչեւ հինգ տարի: Մինչդեռ մաքսային օրենսգրքով ժամանակավոր արտահանման ժամկետը սահմանված է մինչեւ մեկ տարի: Նոր օրենքի նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել նաեւ մաքսային օրենսգրքում:

Արդարացի դժգոհությունների տեղիք է տալիս նաեւ մշակութային արժեքների ներմուծման եւ ժամանակավոր ներմուծման խնդիրը, քանի որ այն պահանջում է բավականին ժամանակ, փորձագետների ներգրավում եւ չպատճառաբանված անիմաստ թղթարարություն: Օրենքի նախագծում այս գործընթացն իրականացվելու է պարզեցված կարգով, միաժամանակ մաքսային օրենսգրքում կատարվելու է ժամանակավոր ներմուծման ժամկետների փոփոխություն:

Մշակութային արժեքների ներմուծման հետ կապված՝ խնդիրներ են առաջանում մուտք գործող արժեքների դիմաց գանձվող ավելացված արժեքի հարկի եւ մաքսատուրքերի վճարների հետ: Այն արգելք է հանդիսանում, որպեսզի պետական պահոցները արտերկրի նվիրատուների կողմից համալրվեն մշակութային արժեքներով եւ նվազագույնի է հասցնում մշակութային արժեքների ներկրումը երկիր ընդհանրապես: Ուստի, կատարվելու են փոփոխություններ մաքսային եւ ավելացված արժեքի հարկի մասին օրենքներում:

Մշակութային արժեքի արտահանման իրավունքի վկայագրի տրման համար գործող օրենքով նախատաեսված է պետական տուրքի վճար՝ կախված մշակութային արժեքի տարիքից՝ մինչեւ 50 տարին 5 %, 50-100 տարվա դեպքում՝ 15 %, իսկ 100 տարուց ավելի դեպքում՝ 50 %: Այն ոչնչով հիմնավորված չէ, խանգարում է մշակութային համագործակցությանը՝ սահմանափակելով քաղաքացիների իրավունքները եւ տեղիք տալով իրավացի դժգոհությունների: Նախագծում տուրքը հաստատագրվել է եւ կախված չէ մշակութային արժեքի գնից:

Հստակ կանոնակարգված չէ պետության կողմից մշակութային արժեքների ձեռքբերման հարցը:

Առաջարկվող նախագիծն անհամեմատ կազատականացնի մշակութային արժեքների եւ առարկաների արտահանումը եւ կհստակեցնի պետության ու քաղաքացիների փոխհարաբերությունները: Այն պայմանավորված է նաեւ ՀՀ օրենսդրական դաշտում կատարված փոփոխություններով, ինչպես նաեւ հիմնարկների եւ կազմակերպությունների անվանումների ճշգրտմամբ: