ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
Սույն օրենքով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զորամասերի, ռազմաբժշկական, ռազմաուսումնական, ռազմագիտական, մշակութային եւ լրատվական բնույթի զինվորական հաստատությունների ստեղծման, գործունեության իրականացման, դրանց իրավական վիճակի հետ կապված հարաբերությունները:
ՀՈԴՎԱԾ 2. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Սույն օրենքում օգտագործվող հասկացություններն ունեն հետեւյալ իմաստը.
1) զորամաս` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պետական հիմնարկի կարգավիճակ ունեցող զինվորական մարմին` զորամիավորում, միավորում, առանձին զինվորական կառույց, որի գործունեության նպատակն է խաղաղ ժամանակ մարտական պատրաստականության եւ մարտական հերթապահության խնդիրների, մարտական պատրաստության, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման միջոցով երաշխավորել, իսկ պատերազմի ժամանակ մարտական կիրառման միջոցով ապահովել Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությունը,
2) զինվորական հաստատություն` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում ռազմաբժշկական, ռազմաուսումնական (ռազմագիտական) կամ մշակութային կամ լրատվական բնույթի գործունեություն իրականացնող պետական հիմնարկ, որոնց գործունեության նպատակն է ապահովել օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան խնդիրների եւ գործառույթների իրականացումը: Զինվորական հաստատությունների ռազմական բնույթն արտահայտվում է դրանցում զինվորական ծառայության կազմակերպմամբ, դրանց նկատմամբ օպերատիվ-մարտավարական խնդիրների առաջադրման հնարավորությամբ,
3) զորամասի իրական անվանում` զորամասի տեսակը եւ գործունեության բնույթը բնորոշող տեղեկություն,
4) զորամասի պայմանական համար` զորամասին տրվող թվերի հաջորդականություն:
ԳԼՈՒԽ 2.
ԶՈՐԱՄԱՍԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 3. ԶՈՐԱՄԱՍԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
1. Զորամասը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:
2. Զորամասի ստեղծման հրամանով հաստատվում է զորամասի.
1) իրական անվանումը եւ պայմանական համարը,
2) տեղաբաշխման վայրը,
3) գործունեության խնդիրները, նպատակները եւ գործառույթները,
4) կանոնադրությունը,
5) կառուցվածքը, թվաքանակը, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի եւ ռազմամթերքի կազմը, դրա օգտագործման կարգը.
6) գործունեության հետ կապված սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված այլ նորմեր:
3. Զորամասի ստեղծման վերաբերյալ տեղեկություններն օրենքով սահմանված կարգով կարող են համարվել պետական գաղտնիք:
ՀՈԴՎԱԾ 4. ԶՈՐԱՄԱՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Զորամասի գործունեության իրավական հիմքը կազմում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենքը եւ այլ օրենքները, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը եւ կարգադրությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանները:
2. Զորամասերում զինվորական կամ պետական այլ ծառայություն անցնելու, ինչպես նաեւ աշխատանքային հարաբերությունները սահմանվում են օրենքներով եւ այլ իրավական ակտերով:
3. Զորամասի գտնվելու վայրը նրա մշտական տեղաբաշխման վայրն է:
4. Զորամասն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով եւ զորամասի պայմանական համարով կլոր կնիք, կարող է ունենալ զորամասի պայմանական համարով ձեւաթղթեր, խորհրդանիշ եւ անհատականացման այլ միջոցներ: Զորամասն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
5. Զորամասի գույքը ձեւավորվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից զորամասին հանձնված (ամրացված) գույքից, որը հաշվառվում է զորամասի հաշվեկշռում:
6. Զորամասի կողմից իրեն հանձնված (ամրացված) գույքի նկատմամբ իրավունքը ներառում է գույքն ինքնուրույն օգտագործելու եւ տիրապետելու իրավունքը: Զորամասն իրավունք չունի իրեն հանձնված (ամրացված) գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարել, գրավ դնել, հանձնել վարձակալության կամ անհատույց օգտագործման կամ հավատարմագրային կառավարման: Սույն մասում նախատեսված գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու սահմանափակումը չի տարածվում օրենքով սահմանված զինծառայողների հանդերձանքի ապահովության վրա:
7. Զորամասին հանձնված (ամրացված) գույքին հասցված վնասի վերականգնման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով եւ <<Զինծառայողների նյութական պատասխանատվության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով:
8. Զորամասի պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներից: Զորամասի ֆինանսական գործառնություններն իրականացվում են <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, ֆինանսական կառավարման եւ հսկողության գործընթացը կարգավորող այլ օրենքներով ու իրավական ակտերով սահմանված կարգով:
9. Զորամասերի կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
10. Զորամասի պաշտոնատար անձանց իրավունքները եւ պարտականությունները սահմանվում են <<Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով եւ այլ օրենքներով, զորամասի կանոնադրությամբ:
11. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից վերապահված իրավասությունների սահմաններում զորամասը Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, զինվորական ծառայության կամ աշխատանքային իրավահարաբերություններում հանդես գալ կնքվող համապատասխան պայմանագրի կողմ:
ԳԼՈՒԽ 3.
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 5. ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունները (այսուհետ` ռազմաբժշկական հաստատություններ) ստեղծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
2. Ռազմաբժշկական հաստատություն ստեղծելու մասին որոշմամբ հաստատվում է ռազմաբժշկական հաստատության.
1) անվանումը,
2) գտնվելու վայրը,
3) գործունեության խնդիրները, նպատակները եւ գործառույթները,
4) կանոնադրությունը,
5) կառուցվածքը, թվաքանակը, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի եւ ռազմամթերքի կազմը, դրա օգտագործման կարգը.
6) գործունեության հետ կապված սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված այլ նորմեր:
3. Ռազմաբժշկական հաստատություն ստեղծելու մասին որոշմամբ ռազմաբժշկական հաստատության կանոնադրության, կառուցվածքի, թվաքանակի, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի եւ ռազմամթերքի կազմի, դրա օգտագործման կարգի հաստատման իրավունքը կարող է վերապահվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին: Ռազմաբժշկական հաստատությանը կարող է տրվել զորամասի պայմանական համար:
4. Ռազմաբժշկական հաստատությունների տեսակներն են` հոսպիտալները, առանձին բժշկական ջոկատները, առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատությունները, հիգիենիկ հակահամաճարակային անվտանգության ապահովման ծառայությունները:
5. Ռազմաբժշկական հաստատությունները բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնում են օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա: Ռազմաբժշկական հաստատությունները բժշկական օգնության եւ սպասարկման գործունեությունն իրականացնում են <<Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` բժշկական օգնության եւ սպասարկման հիմնական տեսակներին կազմակերպման ձեւերին համապատասխան:
6. Ռազմաբժշկական հաստատությունների գործունեության նկատմամբ տարածվում են սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված զորամասերի գործունեությանը ներկայացվող պահանջները: Ռազմաբժշկական հաստատությունների կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
7. Ռազմաբժշկական հաստատությունները կարող են իրականացնել նաեւ քաղաքացիների բժշկական օգնության եւ սպասարկման վճարովի ծառայությունների մատուցում, որի կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարների համատեղ նորմատիվ հրամանով:
ՀՈԴՎԱԾ 6. ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատությունները (այսուհետ` ռազմաուսումնական հաստատություններ) ստեղծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
2. Ռազմաուսումնական հաստատություն ստեղծելու մասին որոշմամբ հաստատվում է ռազմաուսումնական հաստատության.
1) անվանումը,
2) գտնվելու վայրը,
3) գործունեության խնդիրները, նպատակները եւ գործառույթները,
4) կանոնադրությունը,
5) կառուցվածքը, թվաքանակը, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի եւ ռազմամթերքի կազմը, դրա օգտագործման կարգը.
6) գործունեության հետ կապված սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված այլ նորմեր:
3. Ռազմաուսումնական հաստատություն ստեղծելու մասին որոշմամբ ռազմաուսումնական հաստատության կանոնադրության, կառուցվածքի, թվաքանակի, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի եւ ռազմամթերքի կազմի, դրա օգտագործման կարգի հաստատման իրավունքը կարող է վերապահվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին: Ռազմաուսումնական հաստատությանը կարող է տրվել զորամասի պայմանական համար:
4. Ռազմաուսումնական հաստատություններն իրականացնում են միջնակարգ, միջին մասնագիտական, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր` օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա: Ռազմաուսումնական հաստատությունների կողմից կրթության գործընթացը կազմակերպվում է <<Կրթության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` պետական կրթական չափորոշիչներին եւ կրթական ծրագրերին համապատասխան: Ռազմաուսումնական հաստատության գործունեության եւ կառավարման համակարգի առանձնահատկությունները սահմանվում են ռազմաուսումնական հաստատության կանոնադրությամբ:
5. Բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունները կարող են գործել բարձրագույն հրամանատարաշտաբային ակադեմիայի, համազորային կամ ռազմագիտական համալսարանի, ավիացիոն ինստիտուտի ձեւով:
6. Ռազմաուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ տարածվում են սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված զորամասերի գործունեությանը ներկայացվող պահանջները: Ռազմաուսումնական հաստատությունների կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
7. Ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության, ռազմաուսումնական հաստատություններում զինվորական ծառայության կազմակերպման, զինվորական կամ պետական այլ ծառայություն անցնելու, ինչպես նաեւ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով եւ ռազմաուսումնական հաստատության կանոնադրությամբ:
8. Սույն հոդվածի համաձայն ռազմաուսումնական հաստատությունների ստեղծմանը եւ գործունեությանը վերաբերող նորմերը տարածվում են նաեւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմագիտական բնույթի հաստատությունների ստեղծման եւ գործունեության իրականացման վրա:
9. Ռազմաուսումնական հաստատության կարգավիճակ կարող է տրվել նաեւ բարձրագույն ուսումնական հաստատության կառուցվածքային ստորաբաժանմանը, որի գործունեության առանձնահատկությունները սահմանվում են բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
ՀՈԴՎԱԾ 7. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մշակութային եւ լրատվական բնույթի զինվորական հաստատությունները (այսուհետ` զինվորական մշակութային եւ լրատվական հիմնարկներ) ստեղծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
2. Զինվորական մշակութային կամ լրատվական հիմնարկ ստեղծելու մասին որոշմամբ հաստատվում է հիմնարկի.
1) անվանումը,
2) գտնվելու վայրը,
3) գործունեության խնդիրները, նպատակները եւ գործառույթները,
4) կանոնադրությունը,
5) կառուցվածքը, թվաքանակը, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի եւ ռազմամթերքի կազմը, դրա օգտագործման կարգը.
6) գործունեության հետ կապված սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված այլ նորմեր:
3. Զինվորական մշակութային կամ լրատվական հիմնարկ ստեղծելու մասին որոշմամբ հիմնարկի կանոնադրության, կառուցվածքի, թվաքանակի, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի եւ ռազմամթերքի կազմի, դրա օգտագործման կարգի հաստատման իրավունքը կարող է վերապահվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին: Զինվորական մշակութային կամ լրատվական հիմնարկին կարող է տրվել զորամասի պայմանական համար:
4. Զինվորական մշակութային հիմնարկները կարող են գործել ռազմական թանգարանի, պանթեոնի կամ հուշահամալիրի, սպայի տան տեսքով:
5. Զինվորական լրատվական հիմնարկները կարող են գործել պաշտոնաթերթի, էլեկտրոնային լրատվամիջոցի, ռազմագիտական հանդեսի տեսքով, ինչպես նաեւ իրենց գործունեությունն իրականացնել հեռուստատեսային եւ ռադիո լրատվական ծրագրերի միջոցով:
6. Զինվորական մշակութային եւ լրատվական հիմնարկների ստեղծման եւ գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են <<Զանգվածային լրատվության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով եւ այլ օրենքներով ու իրավական ակտերով, հիմնարկի կանոնադրությամբ:
7. Զինվորական մշակութային եւ լրատվական հիմնարկների գործունեության նկատմամբ տարածվում են սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված զորամասերի գործունեությանը ներկայացվող պահանջները: Զինվորական մշակութային եւ լրատվական հիմնարկների կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
8. Զինվորական մշակութային եւ լրատվական հիմնարկներում զինվորական ծառայության կազմակերպման, զինվորական կամ պետական այլ ծառայություն անցնելու, ինչպես նաեւ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով, հիմնարկի կանոնադրությամբ:
ԳԼՈՒԽ 4.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 8. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքով սահմանված զորամասերի եւ զինվորական հաստատությունների ստեղծման ու գործունեության հետ կապված իրավական ակտերը ենթակա են ընդունման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Զորամասերի եւ զինվորական հաստատությունների մասին»> ՀՀ օրենքի նախագծի ընդունման
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերի եւ ռազմաբժշկական, ռազմաուսումնական, ինչպես նաեւ նախարարության համակարգում գործող մշակութային եւ լրատվական հաստատությունների գործունեության օրենսդրական կարգավորման անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
ՀՀ զինված ուժերի ստեղծման եւ գործունեության ողջ ժամանակահատվածում որեւէ իրավական ակտով չի սահմանվել ՀՀ ՊՆ զորամասերի, հոսպիտալային օղակի եւ գործող ռազմաուսումնական հաստատությունների, նախարարության ենթակայությամբ գործող զինվորական թանգարանների, <<Եռաբլուր>> պանթեոնի, լրատվական ծառայությունների գործունեության իրավական հիմքերը: Արդյունքում, առանց հստակ կազմակերպական-իրավական տեսակի սահմանման եւ, մի շարք դեպքերում` առանց օրենքով պարտադիր պայման հանդիսացող գործունեության լիցենզավորման, ՀՀ ՊՆ ստորաբաժանումներն իրականացնում են համապատասխան գործունեություն, ինչը հակասում է նշված ոլորտները կարգավորող ՀՀ օրենքներին: Միաժամանակ, զինված ուժերի բարեփոխումների արդի պահանջները պարտադրում են հստակեցնել եւ սահմանել զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակը, նրանց գործունեության իրավական հիմքերը:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է զորամասերի եւ զինվորական հաստատությունների իրավական կարգավիճակի հստակեցմանը, դրանց գործունեության թափանցիկության, կատարվող ծախսերի օպտիմալացման ապահովմանը: ՀՀ կառավարության 2013 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի եւ գերակա խնդիրների շրջանակներում գործընթացի իրականացումը ՀՀ պաշտպանության նախարարության համար ճանաչվել է գերակա խնդիր, իսկ օրենքի նախագծի մշակումը եւ ներկայացումը` միջոցառում:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Սահմանել զորամասերի եւ զինվորական հաստատությունների ստեղծման եւ գործունեության իրավական հիմքերը, դրանց կարգավիճակը, զինվորական բնույթից ելնելով գործունեության առանձնահատկությունները:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության իրավաբանական եւ պաշտպանական քաղաքականության վարչությունների աշխատակիցների կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Օրենքով սահմանել ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակը, ապահովել իրականացվող գործունեության համապատասխանեցումը ՀՀ օրենսդրության պահանջներին, այդ թվում նաեւ` հարկային քաղաքականությանը:
7. Այլ տեղեկություններ չկան:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Զորամասերի եւ զինվորական հաստատությունների մասին» ու «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
«Զորամասերի եւ զինվորական հաստատությունների մասին» ու «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
Եզրակացություն
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագիծը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) հստակեցվում են ռազմաուսումնական հաստատությունների կողմից իրականացվող կրթական ծրագրերը, ինչպես նաեւ ռազմաուսումնական հաստատությունների հիմնադրման հետ կապված իրավահարաբերությունները:
Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է հստակեցնել զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակը, ինչպես նաեւ ռազմաուսումնական հաստատությունների կողմից իրականացվող կրթական ծրագրերը:
Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է ռազմաուսումնական հաստատությունների կողմից իրականացվող կրթական ծրագրերի հստակեցմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի, ինչպես նաեւ ռազմաուսումնական հաստատությունների կողմից իրականացվող կրթական ծրագրերի հստակեցմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։
«Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) առաջարկվում է կարգավորել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զորամասերի, ռազմաբժշկական, ռազմաուսումնական, մշակութային եւ լրատվական բնույթի զինվորական հաստատությունների ստեղծման, գործունեության իրականացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ դրանց իրավական վիճակի առանձնահատկությունները: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ զորամասերը եւ զինվորական հաստատություններն ունեն հիմնարկի կարգավիճակ:
Հաշվի առնելով վերոգրյալը` մասնավորապես այն, որ զորամասերին եւ զինվորական հաստատություններին հիմնարկի կարգավիճակ շնորհելու արդյունքում կարող է նվազել եկամտային հարկի վճարման արդյունավետությունը՝ գտնում ենք, որ Նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել բացասական:
Միաժամանակ հայտնում ենք, որ Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ռազմաուսումնական հաստատությունների իրավական կարգավիճակի հստակեցման միջոցով ապահովել ՀՀ ռազմական կրթության զարգացումը, ոլորտին վերաբերող օրենսդրական ակտերի միասնականությունը:
Ելնելով վերոգրյալից` վերոհիշյալ նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: