Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-702-16.01.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի «Ցեղասպանության» բառը փոխարինել «Հայոց ցեղասպանության» բառով:

Հոդված 2. Օրենքը լրացնել նոր 15.1.-րդ հոդվածով.

«Հոդված 15.1. Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր՝  նշվում է դեկտեմբերի 9-ին:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 
«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է դեկտեմբերի 9-ը որպես ամբողջ աշխարհում ցեղասպանությունների դատապարտման եւ հիշատակման օր սահմանելու անհրաժեշտությամբ, ելնելով այն հանգամանքից, որ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին կոնվենցիան» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին: Այս կարեւորագույն փաստաթղթում տրված է ցեղասպանության, որպես մարդկության դեմ կատարվող միջազգային հանցագործության, ծավալուն սահմանումը: Կոնվենցիայում խոսվում է նաեւ ցեղասպանության հրահրման կամ գործադրման համար մեղավորի՝ լինի դա պետություն, առանձին պաշտոնյա կամ անձ, պատասխանատվության մասին, որի դատապարտումը չի կորցնում իր հրատապությունը եւ պայքարը այդ չարիքի դեմ:

Նախագծով հստակեցվում է նաեւ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա անվանումը: