Հոդված 1. «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 04-ի թիվ ՀՕ-274 օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասից «Կտակը վերացնելու մասին դիմումի վրա եղած ստորագրությունը պետք է վավերացնի նոտարը:» նախադասությունը հանել:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է հետեւյալ հանգամանքների առկայությամբ.
համաձայն «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածի՝ ի թիվս այլ նոտարական գործողությունների, նոտարը՝
- վավերացնում է գործարքներ (պայմանագրեր, կտակներ, լիազորագրեր, համաձայնագրեր եւ այլն),
- վավերացնում է փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկությունը:
Օրենքը նախատեսում է հատուկ դրույթ կտակների վավերացման վերաբերյալ: Մասնավորապես, 56-րդ հոդվածի 1-ին մասի ուժով՝ նոտարը վավերացնում է գործունակ անձանց կտակները, ինչը նշանակում է, որ կտակը՝ որպես գործարք է վավերացվում նոտարի կողմից: 4-րդ մասով սահմանվում է, որ կտակի վերացումը կամ դրանում փոփոխություններն ու լրացումները վավերացնում է հիմնական կտակը վավերացրած նոտարը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ կտակը վերացնելու մասին դիմումի վրա եղած ստորագրությունը պետք է վավերացնի նոտարը, ինչը նշանակում է, որ կտակի վերացման գործարքը, որը ինչպես կտակը, անձանց համար իրավական հետեւանքներ առաջ բերող միակողմանի գործարք է, վավերացվում է ոչ թե այնպես, ինչպես գործարքը, այլ Օրենքի 67-րդ հոդվածի կարգով, մասնավորապես՝ գործարքի բնույթ չունեցող փաստաթղթերի վրա եղած՝ ֆիզիկական անձանց ստորագրությունների վավերացմանը համանման: Ըստ նույն հոդվածի 2-րդ մասի՝ այս դեպքում նոտարը չի հավաստում կամ հաստատում փաստաթղթում շարադրված փաստերը, այլ սոսկ հաստատում է, որ ստորագրությունը կատարել է որոշակի անձ: Այնինչ, կտակի վերացումն ինքնին միակողմանի գործարք է եւ, հետեւաբար, այն նոտարի կողմից պետք է վավերացվի գործարքների վավերացման կարգով, ինչը համահունչ է նաեւ Օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներին:
Տվյալ խնդրին մանրամասն անդրադարձել է նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն իր 2014թ. փետրվարի 25-ի ՍԴՈ-1140 որոշմամբ, որտեղ մասնավորապես նշվում է որ կտակների հետ կապված իրավահարաբերությունների առնչությամբ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի փաստացի կիրառումը եւ այդ երեւույթի նկատմամբ դատական պրակտիկայում առկա մոտեցումները, ինչպես նաեւ նույն օրենքի 56-րդ հոդվածի իրավակարգավորումների ոչ հստակությունը կարող են մարդկանց իրավունքների խախտման լուրջ պատճառ դառնալ:
Ներկայացված նախագծով վերոնշյալ խնդիրը կարգավորվում է: