Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 33-րդ հոդվածի 1-ին մասում «20 տոկոս դրույքաչափով» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված դեպքերի)» բառերը:
Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածը 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին մասով.
«1.1 Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հարկ վճարողի (բացառությամբ հանքարդյունահանող եւ (կամ) հանքային հումքի վերամշակում իրականացնող ռեզիդենտ հարկ վճարողների) համար շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկվում է 2 տոկոս դրույքաչափով, եթե հարկ վճարողը միաժամանակ բավարարում է հետեւյալ բոլոր պայմաններին.
1) ունի Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագիր,
2) հաշվետու տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանել եւ (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ է տեղափոխել Հայաստանի Հանրապետությունում արտադրված՝ առնվազն 50 մլրդ. դրամի մաքսային արժեքով ապրանքներ,
3) հաշվետու տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկե-րում բացված բանկային հաշիվներին արտահանման ծրագրին վերաբերող գործունեությունից մուտքագրվել է առնվազն 50 մլրդ. դրամին համարժեք արտարժույթ,
4) հաշվետու տարվա ընթացքում չունի Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից կամ ծառայությունների մատուցումից ստացման ենթակա եկամուտներ:»:
Հոդված 3. Օրենքի 39.3-րդ հոդվածի 1-ին մասում «(բացառությամբ առեւտրի կամ ֆինանսական ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտի)» բառերը փոխարինել «(բացառությամբ առեւտրի կամ ֆինանսական ոլորտում գործունեություն իրականացնող, ինչպես նաեւ սույն օրենքի 33-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված շահութահարկի դրույքաչափ կիրառող ռեզիդենտի)» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2015 թվականի հաշվետու տարվա եւ հետագա հաշվետու տարիների վրա: