Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-750-21.12.2023-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-172-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել 11-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 11. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին իրականացվող անհատական ծանուցումը ինտերնետի միջոցով

1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի անհատական ծանուցումն իրականացվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված էլեկտրոնային ծանուցման եղանակով:

2. Իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը համարվում է պատշաճ ծանուցված Հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում տրամադրման ենթակա տեղեկատվությունը տեղադրելու օրվանից 3 աշխատանքային օր հետո, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, որը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից: Տեղեկատվության տեղադրման մասին տվյալ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը տեղեկացվում է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում լրացված էլեկտրոնային փոստի հասցեով: Անձը համարվում է պատշաճ ծանուցված սույն մասով սահմանված կարգով՝ անկախ սույն մասի երկրորդ նախադասությամբ նախատեսված տեղեկացումից:

3. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի անհատական ծանուցման նպատակով տրամադրման ենթակա տեղեկատվությունը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգում տեղադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող՝ Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգը Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում: