Հոդված 1. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 3-րդ մասում «առանց աշխատանքի թույլտվության» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերը:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի «գ» կետը «բնագավառում» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից» բառերով:
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի`
1. 2-րդ մասի առաջին նախադասության «աշխատողին տրված» բառերը փոխարինել «աշխատողի համար տրամադրված» բառերով, իսկ երկրորդ նախադասության «Օտարերկրացիների աշխատանքի եւ զբաղվածության բնագավառում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման մարմինը» բառերը` «Լիազորված մարմինը» բառերով.
2. 3-րդ մասում «զբաղվածության հանրապետական ծառայությունների» բառերը փոխարինել «լիազորված մարմնի» բառերով, իսկ «դեպքում» բառը` «, ինչպես նաեւ առաջադրված թեկնածուին գործատուի կողմից մերժելու դեպքերում`» բառերով.
3. 4-րդ մասի «գործատուի կողմից իրեն տրված աշխատանքի թույլտվությունը փոխանցելու դեպքում» բառերը փոխարինել «լիազորված մարմնի կողմից օտարերկրացի աշխատողի համար գործատուին տրամադրված աշխատանքի թույլտվության հիման վրա» բառերով:
Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածը «ժբ» կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժգ» եւ «ժդ» կետերով.
«ժգ) Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիները.
ժդ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` առանձին մասնագիտություններով բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետները:»:
Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածի`
1. 2-րդ մասի առաջին նախադասության «Օտարերկրացուն» բառը փոխարինել «Օտարերկրացու համար» բառերով, իսկ երկրորդ նախադասության «Օտարերկրյա քաղաքացուն» բառերը` «Օտարերկրացու համար» բառերով.
2. 4-րդ մասից հանել «, ինչպես նաեւ պահանջվող թույլտվությունների ժամկետների երկարաձգման» բառերը:
Հոդված 6. Օրենքի 25-րդ հոդվածի «զ» կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 26-րդ հոդվածի`
1. 1-ին մասում «օտարերկրացուն» բառը փոխարինել «գործատուին» բառով.
2. 2-րդ մասում «Օտարերկրացին» բառը փոխարինել «Գործատուն» բառով:
Հոդված 8. Օրենքի 27-րդ հոդվածի՝
1. 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության» բառերից հետո նախատեսված «աշխատանքային» բառը հանել.
2. 2-րդ մասից հանել «օտարերկրացիների աշխատանքի եւ զբաղվածության բնագավառում» բառերը.
3. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Օտարերկրացու հետ աշխատանքային պայմանագիրը (ծառայությունների մատուցման պայմանագիրը) կնքելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, գործատուն դրա կրկնօրինակը ներկայացնում է լիազորված մարմին` առձեռն հանձնելու կամ փոստային կապի միջոցով, կամ էլեկտրոնային եղանակով` հաշվառման համար:»:
Հոդված 9. Օրենքի 28-րդ հոդվածի`
1. 1-ին մասի`
1) «ա» կետում «օտարերկրացին» բառը փոխարինել «գործատուն» բառով.
2) «բ» կետում «օտարերկրացին» բառը փոխարինել «գործատուն» բառով, իսկ «, կամ այլ աշխատանքի է անցել առանց թույլտվության» բառերը հանել.
2. 2-րդ մասից հանել «օտարերկրացիների աշխատանքի եւ զբաղվածության բնագավառում» բառերը.
3. 3-րդ մասում «5-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:
Հոդված 10. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Եթե գործատուն Հայաստանի Հանրապետություն օրինական մուտք գործած օտարերկրացի աշխատողին չի ապահովում այն աշխատանքով, որի համար գործատուին տրամադրվել է աշխատանքի թույլտվություն, ապա գործատուն հոգում է նրա, ինչպես նաեւ նրա ընտանիքի անդամների, որոնց թույլատրվել է ուղեկցել կամ միանալ նրան, ապրուստի, անձնական ունեցվածքի փոխադրման ծախսերը, ինչպես նաեւ վերադարձի ծախսերն իրենց ծագման պետություն կամ այն պետություն, որտեղից ժամանել են, բացառությամբ այն դեպքերի, երբ օտարերկրացի աշխատողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը լուծվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 12-րդ, 13-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված հիմքերով:
2. Օտարերկրացի աշխատողներին ճշգրիտ տեղեկություններ տրամադրելու նպատակով լիազորված մարմինն իրականացնում է անվճար օգնություն եւ ծառայություն, ապակողմնորոշիչ տեղեկատվության դեմ պայքարին ուղղված խորհրդատվություն: Լիազորված մարմինը պարտավոր է օտարերկրացուն անվճար խորհրդատվություն տալ նախքան իր` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը գործատուի եւ իր միջեւ կնքված աշխատանքային պայմանագրի դրույթների վերաբերյալ:»:
Հոդված 11. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 29.1-րդ հոդվածով.
«Հոդված 29.1 Աշխատանքի թույլտվությունը կանոնակարգող նորմերի իրականացման նկատմամբ պետական հսկողությունը եւ վերահսկողությունը
1. «Սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված աշխատանքի թույլտվությունը կանոնակարգող նորմերի իրականացման նկատմամբ պետական հսկողություն եւ վերահսկողություն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հսկողության եւ վերահսկողության արդյունքում հայտնաբերված՝ գործատուների կողմից առանց աշխատանքի թույլտվության օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու դեպքերի վերաբերյալ, ինչպես նաեւ ցանկացած այնպիսի կասկածի դեպքում, որ օտարերկրացին հնարավոր է ենթարկված լինի մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, այդ մասին տեղեկատվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին:
Հոդված 12. Օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 13. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետությունում աշխատող, «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված աշխատանքի թույլտվություն չունեցող օտարերկրացիների գործատուները, աշխատանքի թույլտվությանը վերաբերող՝ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտերի ուժի մեջ մտնելուց հետո` 60 օրվա ընթացքում օտարերկրացիների հետ որոշակի ժամկետով կնքած աշխատանքային պայմանագրերի (ծառայությունների մատուցման պայմանագրեր) կրկնօրինակները ներկայացնում են լիազորված մարմին՝ առձեռն հանձնելու կամ փոստային կապի միջոցով, կամ էլեկտրոնային եղանակով` հաշվառման համար:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո գործատուներն իրավունք ունեն օտարերկրացի աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր (ծառայությունների մատուցման պայմանագրեր) կնքելու եւ նրա աշխատանքն օգտագործելու՝ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրամադրված աշխատանքի թույլտվության հիման վրա:
ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
1. Անհրաժեշտությունը
««Oտարերկրացիների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին», ««Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքների նախագծերը (այսուհետ` Նախագծեր) մշակվել են օտարերկրացիների աշխատանքի թույլտվության (ՕԱԹ) իրավունքի ամբողջական իրացումը ապահովելու նպատակով:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Աշխատանքային միգրացիայի պետական կարգավորման շրջանակներում օրակարգային խնդիր է դարձել գործատուների կողմից օտարերկրյա աշխատուժի օգտագործման հետ կապված հարաբերությունների ամբողջական կանոնակարգումը եւ մասնավորապես` «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքից (այսուհետ` Օրենք) բխող` օտարերկրացիների աշխատանքի թույլտվության (ՕԱԹ) իրավունքի իրացման մեխանիզմների ներդրումը:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Օրենքի 4-րդ գլուխը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների աշխատանքի հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես, Օրենքի 22-րդ հոդվածով, օտարերկրացի աշխատողի հետ աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու եւ նրա աշխատանքն օգտագործելու համար որպես պարտադիր նախապայման է ամրագրված ՕԱԹ առկայությունը: Ընդ որում, Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, աշխատանքի թույլտվության տրամադրումը եւ մերժումն իրականացնում է լիազորված մարմինը` ՀՀ կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում: Օրենքն ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին եւ ուժի մեջ է մտել 2007 թվականի փետրվարի 3-ին: Սակայն Օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտերը դեռեւս ընդունված չեն եւ որոշված չէ օտարերկրացիների աշխատանքի եւ զբաղվածության բնագավառում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման մարմինը:
Մինչդեռ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, եթե իրավական ակտում նախատեսված նորմի պահանջի կատարում կարող է միայն իրականացվել այդ իրավական ակտով նախատեսված իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա իրավական ակտն այդ նորմի մասով գործում է համապատասխան իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից, հետեւաբար, Օրենքի դրույթները կարող են գործել անհրաժեշտ իրավական ակտերն ընդունվելուց հետո: Այսինքն, ներկայումս օտարերկրյա քաղաքացիները կարող են աշխատել Հայաստանի Հանրապետությունում առանց աշխատանքի թույլտվության, եթե ունեն կացության համապատասխան իրավունք:
Մյուս կողմից, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի համաձայն` որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրեր են կնքվում օտարերկրացիների հետ` աշխատանքի թույլտվության կամ կացության իրավունքի վավերականության ժամկետով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված է, որ գործատուների կողմից առանց համապատասխան կացության կարգավիճակի կամ աշխատանքի թույլտվության օտարերկրացիներին աշխատանքի ընդունելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչեւ 150-ապատիկի չափով:
ՕԱԹ օրենսդրական կարգավորման եւ այս բնագավառում իրականացվող քաղաքականության շրջանակներում հատկանշական է նաեւ, որ ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1593-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագրի 6.1.3 եւ 6.3.2 կետերով նախատեսված է նաեւ ՕԱԹ համակարգի նպատակահարմար մոդելի եւ դրա կիրառումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի նախագծերի մշակումը եւ ընդունումը` մինչեւ 2014 թվականի ավարտը:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
ՕԱԹ համակարգի լիարժեք ներդրումն ապահովելու նպատակով` Նախագծերով հստակեցվել է ՕԱԹ հետ կապված որոշ հարաբերությունների կանոնակարգումը:
Նախագծով հստակեցվել է ՕԱԹ տրամադրման ընթացակարգը, վերացվել են այս առնչությամբ Օրենքում տեղ գտած տարընթերցումները: Մասնավորապես, Օրենքում հստակ կարգավորված չեն ՕԱԹ համար լիազորված պետական կառավարման մարմին դիմելու եւ ստանալու հետ կապված հարաբերությունները: Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ օտարերկրացի աշխատողին է տրվում աշխատանքի թույլտվություն այն դեպքում, երբ 3-րդ մասով սահմանված է, որ գործատուն գտնում է իր պահանջներին համապատասխանող օտարերկրացու եւ դիմում է լիազորված պետական կառավարման մարմին` կոնկրետ օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվության տրամադրման համար: Նախագծով առաջարկվում է հստակեցնել նշված դրույթները եւ նախատեսել, որ գործատուն է դիմում լիազորված պետական կառավարման մարմին` օտարերկրացու համար աշխատանքի թույլտվություն ստանալու նպատակով:
Հստակեցվել եւ ամբողջականացվել են նաեւ գործատուի կողմից ՀՀ օրինական մուտք գործած եւ աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրացի աշխատողի եւ նրա ընտանիքի անդամների հետ վերադարձի հետ կապված ծախսերի փոխհատուցման պայմանները` գործատուի կողմից օտարերկրյա աշխատողին աշխատանքով չապահովելու դեպքում: Նախագծերով առաջարկվում են փոփոխություններ աշխատանքի թույլտվություն ստանալու բացառություններում` հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային միգրացիայի կարգավորման ներկա փուլի անհրաժեշտություններն ու մարտահրավերները:
Նախագծի անցումայն դրույթներով նախատեսվել է դրույթ, համաձայն որի՝ մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետությունում աշխատող, սակայն աշխատանքի թույլտվություն չունեցող օտարերկրացիների գործատուները, «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտերի ուժի մեջ մտնելուց հետո` 60 օրվա ընթացքում հաշվառման համար օտարերկրացիների հետ որոշակի ժամկետով կնքած աշխատանքային պայմանագրերի կրկնօրինակները պետք է ներկայացնեն լիազորված մարմին՝ հաշվառման համար: Նշված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո գործատուներն կարող են օտարերկրացի աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու եւ նրա աշխատանքն օգտագործելու՝ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրամադրված աշխատանքի թույլտվության հիման վրա:
Նախագծերով կատարված են նաեւ որոշ խմբագրական շտկումներ:
Մյուս կողմից, ՕԱԹ ամբողջական ներդրման, մասնավորապես` «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջի գործնական կիրառումն ապահովելու նպատակով Նախագծերի փաթեթով համապատասխան լրացում է առաջարկվել նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես, օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվություն ստանալու համար նախատեսվել է գործատուից գանձել պետական տուրք` բազային տուրքի 25-ապատիկի չափով կամ 25000ՀՀ դրամ, ինչն էլ առաջարկվել է՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Բելառուսի Հանրապետության հարկային օրենսդրությամբ համապատասխան պետական տուրք նախատեսված է բազային տուրքի 5-ապատիկի չափով (750000 բելառուսական ռուբլի կամ 28500 ՀՀ դրամ), իսկ Ռուսաստանի Դաշնությունում առանց վիզային ռեժիմի երկրների քաղաքացիների համար համապատասխան պետական տուրք սահմանված է 3500 ռուբլի կամ 36050 ՀՀ դրամ:
5. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն:
6. Ակնկալվող արդյունքը
Օրենքով ՕԱԹ իրավունքի իրացման հետ կապված հարաբերությունների լիարժեք կարգավորում: