Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-714-05.02.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2006թ. դեկտեմբերի 25-ի թիվ ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը շարադրել նոր խմբագրությամբ`

«դ) կառավարչին պարտավորեցնում է ոչ ուշ, քան համապատասխան դատական ակտերի ուժի մեջ մտնելու պահից` 5 օրվա ընթացքում, պարտապանին սնանկ ճանաչելու, կառավարիչ եւ պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին տեղեկությունները հրապարակել http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, փակցնել դատարանի շենքում հատուկ հատկացված տեղում եւ պարտապանի կողմից կառավարչին ներկայացված պարտատերերի ցուցակի հիման վրա այդ մասին պատշաճ ծանուցել պարտատերերին:

Պարտատերերին ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձեւակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով: »:

Հոդված 2. Օրենքի 90-րդ հոդվածում լրացնել նոր՝ 4.1-ին մաս հետեւյալ բովանդակությամբ.

«4.1. Առողջացած պարտապանը չի ազատվում այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջներն օրենքով սահմանված ժամկետում չեն ներկայացվել ավարտված սնանկության գործի շրջանակներում, եթե պարտատիրոջ միջնորդությամբ սահմանված ժամկետում պահանջները չներկայացնելը գործն ավարտելու վերաբերյալ վճիռ կայացրած դատարանի կողմից ճանաչվել է հարգելի:

Ավարտված սնանկության գործի շրջանակներում չներկայացված պահանջներն իրացվում են դատական կարգով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարվող փոփոխությունները պայմանավորված են ՀՀ սահմանադրական դատարանի 2015 թվականի հունվարի 27-ի ՍԴՈ-1189 որոշման պահանջների կատարման, դրանցում արտահայտված իրավական դիրքորոշումներն օրենքում իրացնելու անհրաժեշտությամբ:

ՀՀ սահմանադրական դատարանը ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի պահանջներին հակասող եւ անվավեր է ճանաչել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության « եւ այդ պարտատերերը զրկվում են հետագայում առողջացած անձի նկատմամբ պահանջներ ներկայացնելու իրավունքից, բացառությամբ սույն հոդվածի երրորդ եւ չորրորդ մասերով նախատեսված դեպքերի» դրույթը՝ համակարգային առումով փոխկապակցված նույն հոդվածի 4-րդ մասի հետ, այն մասով, որով դատարանի կողմից հարգելի ճանաչված դեպքերում բացառություն չի նախատեսում նաեւ ավարտված սնանկության գործի շրջանակներում պահանջ չներկայացրած պարտատերերի համար՝ նրանց նկատմամբ սահմանելով իրավունքի պաշտպանության ոչ համաչափ սահմանափակում:

Խնդիրը նրանում է, որ ըստ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի՝ ֆինանսապես առողջացած անձը, որը շարունակում է քաղաքացիական շրջանառությանն իր բնականոն մասնակցությունը, ազատվում է բոլոր այն պարտավորություններից, որոնք ժամանակին չեն ներկայացվել սնանկության գործի ընթացքում: Այս կանոնից օրենքը սահմանել է որոշ բացառություններ, որոնք սահմանված են «Սնանկության մասին» օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում: Սակայն օրենսդիրը նշված բացառությունների շարքում չի ներառել այն դեպքերը, երբ պահանջները սնանկության վարույթի ընթացքում չեն ներկայացվել պարտատիրոջ կամքից անկախ այնպիսի պատճառներով, որոնք պետք է դիտարկել որպես հարգելի եւ նշված պարտապանին դատական կարգով իր իրավունքների պաշտպանության հնարավորություն ընձեռել:

Խնդրի առաջացումը պայմանավորված է նաեւ «Սնանկության մասին» ՀՀ օրենքում պարտատերերին ծանուցման ոչ արդյունավետ եղանակի նախատեսմամբ: Բանն այն է, որ պարտերերը սնանկության վարույթի եւ պահանջների ներկայացման անհրաժեշտության մասին ծանուցվում են հրապարակայնորեն՝ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում նշված տեղեկությունները հրապարակելու միջոցով, որը հաճախ բավարար չի լինում պարտատերերի իրավունքների իրականացման տեսանկյունից:

Այս առումով Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային առեւտրային իրավունքի հանձնաժողովի կողմից ընդունված «Անվճարունակության մասին օրենսդրության հարցերով օրենսդիր մարմինների ուղեցույցում» (այսուհետ՝ Ուղեցույց, 2005թ.) ծանուցման կապակցությամբ պետություններին հորդորում է սնանկության վերաբերյալ օրենսդրությամբ հստակ սահմանել դրույթեր սնանկության վարույթի բացման մասին: Այն առանձնացնում է ծանուցման երկու տեսակ` ընդհանուր եւ պարտատերերին ուղարկվող ծանուցում: Ընդհանուր ծանուցումը պետք է լինի պատշաճ, որը հնարավորություն կտա ապահովել տեղեկատվության հասանելիությունը շահագրգիռ անձանց` նախատեսելով տեղեկատվության ուղարկման համար պատասխանատու անձին: Ընդհանուր ծանուցումը, որպես կանոն, հրապարակվում է լայն տարածում ունեցող թերթով կամ էլեկտրոնային միջոցներով կամ որեւէ հրապարակային ռեեստրում:

Սնանկության վարույթի բացման մասին ծանուցումը պարտատերերին, ըստ Ուղեցույցի, պետք է իրականացվի անհատական կարգով, բացառությամբ այն դեպքի, եթե դատարանը գտնի, որ տվյալ դեպքում առավել խելամիտ էր օգտվել ծանուցման այլ եղանակից: Պարտատերերի ցուցակի նախապատրաստումը, որի հիման վրա պետք է ուղարկվի ծանուցումը, դիտարկվում է պարտապանի եւ սնանկության գործերով կառավարչի պարտականությունների շրջանակներում:

ՀՀ սահմանադրական դատարանը նշված որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, ըստ որի՝ «շահագրգիռ սուբյեկտների կողմից սնանկության գործընթացի մասին պատշաճ ծանուցված լինելը՝ վերջիններիս իրավունքների պաշտպանության conditio sine qua non կարեւոր պայման է, առանց որի հնարավոր չէ երաշխավորել նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը: Նշված նպատակն իրագործելու համար օրենսդիրը պետք է նախատեսի պարտապանի արդյունավետ ծանուցման եւ պարտավորությունների գրանցման ընթացակարգ, որը գործնականում կբացառի սնանկության գործընթացի մասին շահագրգիռ անձանց օբյեկտիվորեն ոչ իրազեկված լինելու իրավիճակները»:

Նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում երաշխավորելու հարգելի պատճառներով սնանկության գործի շրջանակներում պահանջներ չներկայացրած պարտատերերի իրավունքների իրականացման հնարավորությունը՝ ապահովելով յուրաքանչյուրի դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը: